Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՂ ՊԼԱՆԸ



Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել են արտասահմանյան ագրեսիայի դեմ Իրանի և Սիրիայի համատեղ պայքարի պլանը, համաձայն որի հարվածներ պետք է հասցվեն Թուրքիային, Իսրայելին և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին:

Ըստ հրապարակումների ` կդառնան Իրանի և Սիրիայի դաշնակից քրդական խմբավորումները, զենք կստանան և տարբեր կողմերից կհարվածեն Թուրքիային: Կապստամբեն նաև Թուրքիայի հարավ-արևելքում ապրող քրդերը` թիրախ ընտրելով ամերիկյան ռազմաբազան:

Պատերազմ սկսվելու դեպքում պաղեստինյան Համաս շարժման անդամները իրանցի մասնագետների ղեկավարությամբ կապակայունացնեն իրավիճակը Սուեզի ջրանցքի տարածքում` խանգարելով ամերիկյան և եվրոպական զորքերի տեղաշարժին, ապա սիրիական զորքերի հետ կգրոհեն Իսրայելը:

Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերը կոչնչացնեն արևմուտքի առևտրային նավերը, հատկապես լցանավերը` այդպիսով կանխելով նավթամթերքների արտահանումը տվյալ շրջանից: Դրանից հետո նավթի գինը միջազգային շուկայում զգալիորեն կբարձրանա` մեծ վնաս հասցնելով ԱՄՆ և Եվրոպայի տնտեսություններին:

Պլանում նշվում է նաև այլ տարածքներում համատեղ գործողությունների մասին: Օրինակ` հավանական է համարվում Աֆղանստանում, Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմաբազաների դեմ իրանական հատուկ ծառայությունների հզոր գրոհների կազմակերպումը:

Այս և մի քանի այլ կետերի իրագործումը առաջին հայացքից անիրական է թվում: Շատ մասնագետներ ընդհանրապես կասկածում են, որ նման պլան իրականում գոյություն ունի: Նրանց կարծիքով Իրանը և Սիրիան պարզապես ցանկանում են ցույց տալ, որ պաշտպանվելու են բոլոր հնարավոր միջոցներով` պատերազմ վարելով մեծ տարածքներում:

Ոմանք էլ կարծում են, որ այս տեղեկատվությունը հակառակ նպատակ է հետապնդում` ձևավորել կարծիք, թե Իրանն ու Սիրիան իշխանության պահպանման համար պատրաստ են շրջակա տարածքներում կյանքը վերածել քաոսի:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


14/11/2011