ԻՆՉՈ՞Ւ է ԱՄՆ-Ը ԳՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ
Մեծ Բրիտանիան համաձայնվել է ԱՄՆ-ին վաճառել սպառազինությունից դուրս գրված BAE Harrier II GR9/A բոլոր 74 տախտակամածային ինքնաթիռ: Այժմ ստորագրման է պատրաստվում համապատասխան պայմանագիրը, որով ամերիկացիները կստանան նաև ինքնաթիռների շարժիչները, պահեստամասեր և հարակից սարքավորումներ:
Harrier-ները բրիտանական սպառազինությունից դուրս են գրվել այս տարվա մարտին: Հեռանկարում նրանց տեղը կզբաղեցնեն ամերիկյան F-35C Lightning II տախտակամածային կործանիչները:
Ներկայում ԱՄՆ ծովային հետևակը ունի 126 միավոր Harrier II AV-8B/+ կործանիչ: Թեև ԱՄՆ զինված ուժերի համար անսովոր երևույթ է այլ պետություններից օգտագործված ռազմական տեխնիկա գնելը, բայցեւայնպես երկրի ռազմածովային ուժերի հրամանատարությունը այս քայլը համարում է մարտական հզորության պահպանման համար անհրաժեշտ ինքնաթիռների և դրանց պահեստամասերի ձեռքբերման ամենապարզ և էժան միջոցը:
Ամերիկյան Harrier-ները իրենց տեխնիկական հագեցվածությամբ մոտ են բրիտանական ինքնաթիռներին, սակայն վերջիններն արդիականացման մի քանի ծրագիր են անցել, ունեն ավելի կատարյալ էլեկտրոնային սարքավորումներ և սպառազինության լայն տեսականի: Նրանց շարժիչները նույնպես ավելի հզոր են:
Բրիտանական օգտագործված կործանիչներ գնելով` ամերիկյան կողմը նախևառաջ ցանկանում է խուսափել կործանիչների դեֆիցիտից, որ կարող է առաջ գալ հեռանկարային F-35-ի սերիական արտադրությունը մշտապես հետաձգելու պատճառով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական