Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍԻՆ



ՄԻԱՍԻՆՀատկապես հայրենիքի համար դժնդակ օրերին մեր հոգևոր հայրերի ոգեղեն ներկայությունն ու մասնակցությունը միշտ ոգևորում, ուժ ու կորով է հաղորդում ժողովրդին: Սրա ականատեսը եղանք նաև հուլիս ամսին Տավուշում հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում: Եվ ինչպես ամեն անկեղծ ու Աստծուց եկող բան, այն սերը, ոգևորությունը, որ այդ օրերին փոխանցում էին հոգևոր հայրերը մեր զինվորականներին ու նրանց հետ հավասար մեր սահմանը պահող բնակիչներին, փոխադարձ է ու ամրանում է հատկապես նման ծանր օրերին:

Մեր զրույցը Տավուշի Մովսես սահմանապահ գյուղի և հարակից համայնքների հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ:

 

-Տեր Հայր, «Հայ զինվոր» հանդեսի շրջանակում միշտ խոսում ենք գնդերեցների կարևոր առաքելության մասին, բայց լինում են ծանր փորձության շրջաններ, երբ այդ գործը, առավել քան երբևէ, կարևոր է դառնում: Ձեզ համար` որպես սահմանապահ Մովսեսի և շրջակա համայնքների հոգևոր սպասավորի, ի՞նչ փորձություն էին Տավուշի սահմանին ծավալված վերջին մարտագործողությունները:

-Այդ օրերին այցելեցի հենակետում կանգնած մեր տղաներին: Մարտական դիրքերում կռված տղաները ինձ ընդառաջ էին գալիս ու կարոտով գիրկս էին ընկնում… Միայն նրանց հողաշաղախ կոպերի միջից թարթող աչքերն էի տեսնում… Այդժամ հասկանում էի, որ սրանք մարդիկ են, որոնք ինձնից ավելի նվիրված են և՛ Աստծուն, և՛ Սիրուն, և՛ Հայրենիքին, մարդիկ, որոնց մեջ ավելի խորն է ինքնազոհողությունը… Թվում է` գնում եմ մխիթարելու, բայց ինքս եմ մեծ մխիթարություն գտած ետ դառնում… Իրենք էլ չեն գիտակցում, թե որքան մեծ է իրենց արած գործը՝ այն պա~րզ խոնարհությունը, որով պատրաստ են իրենց կյանքը տալու հանուն այն սերունդների, որոնք դեռ պիտի ծնվեն, հանուն այն բանի, որ պիտի երջանիկ Հայաստան ունենանք: Հավատքի խորությունն ենք սովորում նրանցից…  Ասում եմ. «Տղե՛րք, եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ էդ հաշվարկները, էդ խոցումները, որ անում եք, Աստված է գործում ձեր ձեռքերով, որ դիմացից եկող չարության ալիքը կասեցնեք»:

Եթե պատերազմական ամբողջ թոհուբոհի մեջ մարդ հավատք չունեցավ, նրա մեջ կբարձրանա կենդանական վախը, ու նա դասալիք կդառնա: Պատկերացնո՞ւմ եք, այն նույն ժամանակ, երբ մեր տղերքը մարտական լուրջ խնդիրներ էին կատարում, մեկը մյուսի հետևից կարևոր թիրախներ խոցում, հակառակորդի բանակում նրանց նման երիտասարդ տղերք ոչ մի խնդիր չէին կարողանում լուծել: Այնպիսի տպավորություն էր, որ հակառակորդի բանակի զինծառայողները շլդիկ են: (Իրեն բնորոշ մանկական անկեղծ, զվարթ ծիծաղով է բռնկվում Տեր Հայրը):

-Ի թիվս այլ զինտեխնիկայի, «Elbit Hermes-900»-ը թիրախ դարձնող զինվորականները իրենց բանակին մի քանի տասնյակ միլիոնի վնաս հասցրին… Թեկուզ միայն այս պատկերն անչափ խոսուն է:

-Աստվածաշնչում շատ օրինակներ կան, երբ Աստված հակառակորդի բանակում այնպիսի սարսափ, տագնապ, կուրություն է մտցնում, որ  թշնամին գլխապատառ փախչում է: Եթե փախչող ադրբեջանցիներին հարցնեիր. «Ինչո՞ւ ես փախչում», չէր կարողանա բացատրել, քանի որ անբացատրելի ահն էր տիրել նրան: Մենք իրենց խաղաղ բնակչությանը երբևէ չենք թիրախավորել. սա թույլի գործ է: Իսկ իրենք թիրախավորեցին մեր Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր Այգեպար, Չինարի գյուղերը, Բերդ քաղաքը: Սա նույնպես սարսափի ռեակցիա է: Երբ այլևս ոչինչ չի մնում, անզեն մարդկանց սիրտն են փորձում ահ մտցնել և՝ էլի ապարդյուն…

-Այդ օրերին ի՞նչ վիճակ էր տիրում Մովսես գյուղում:

-Փաստ է, որ մարտական գործողություններն ամբողջությամբ ծավալվել էին Մովսես գյուղի շուրջ, բայց ոչ մի վնաս չեղավ. Մովսեսն այս անգամ չգնդակոծվեց, փա՜ռք Աստծու: Մենք այդ օրերին աղոթքի մեջ էինք: Այս ամենը տեղի էր ունենում Պայծառակերպության տոնին նախորդող պահքի օրերին: Եվ արդեն Պայծառակերպության կիրակի օրը` հուլիսի 19-ին, բոլոր մարտական գործողությունները դադարեցին: Եվ Հիսուս պայծառակերպվեց մեր այս սարերում… Ասածս այն է, որ երբ Քրիստոսը աշակերտների հետ բարձրացավ Թաբոր լեռը, նրանց ճանաչել տվեց, որ իրոք Ինքը մեր Տեր Աստվածն է: Եվ Տերն այդ օրերին ճանաչել տվեց իրեն, իր Աստված լինելը հաստատեց: Սա շատ մեծ ոգևորություն առաջ բերեց մեր զինվորականների, մեր ժողովրդի սրտերում: Արձագանքն այս շարունակվեց Մոսկվայում  «ծիրանի» շուրջ համախմբման հայտնի դեպքերով ու տարածվեց…

…Այսօրվա Պատարագից հետո մեր զոհված տղաների համար հոգեհանգստի արարողություն արեցինք: Ներկա էին նրանց մարտական ընկերները: Մեր Սոսի` Սոս Էլբակյանի զինակից ընկերները միացրին նրա վերջին՝ մահվանից ընդամենը հինգ րոպե առաջ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Մարտի ամենալուրջ խնդիրներից շատերը նրա ղեկավարմանն էին հանձնված…  Ո՜նց էր հավատում, որ ճիշտ գործի մեջ ենք: Որքա~ն բարձր էր նրա մարտական ոգին: Ի՞նչ ասեմ… Երեխայի պես հոնգուր-հոնգուր լաց եղա:

-Տե՛ր Հայր, մեր այս լուսեղեն տղաների կյանքին, տեսակին, ցավոք, հաճախ հետմահու ծանոթանալիս միշտ գալիս ես այն եզրակացության, որ նրանք իրենց տեսակով մարդու կատարելատիպ են: Արդյոք նրանք ընտրյալներ, որոշակի կարևոր առաքելություն ունեցողներ չե՞ն:

-Այո՛, իհարկե, նրանք առաքելությունով են աշխարհ գալիս ու կատարյալ են: Այլապես, Քրիստոսի պես իրենց չէին զոհաբերի հանուն մեզ: Տեսե՛ք, թե ի՜նչ մեծ ոգի առաջ բերեցին մեր տղերքը ամբողջ հայության մեջ: Եվ ի՜նչ հզոր ուժի վերածվեց այս ամենը: Աստված ասաց. «Ավելի երանելի բան չկա, քան եթե կյանքդ զոհես դիմացինի համար»:

-Ձեր ֆեյսբուքյան «Միասին» հարթակը շատերի ուշադրությունն է գրավում: Այստեղ հանդիպեցի Ձեր շատ գեղեցիկ կենդանի զրույցներից մեկին:  Սահմանապահ խաղաղ Մովսեսի Ձեր տան այգում ծղրիդների խաղաղաբեր երգի ներքո մատուցվող հոգեպարար զրույցի մասնակիցը դարձա, և ինչպես այսօր շատ շատերի, ինձ համար էլ Ձեր ամենօրյա զրույցները սպասված ու սիրված հոգևոր «ճաշի» ժամ դարձան: Միացյալ աղոթքն առ Աստված և Ձեր երեկոյան զրույցները մարդկանց բնականորեն ընդգրկում են «Միասինի» մեջ:

-Մի լավ ընկեր ունենք, որ ապրում է Շվեյցարիայում, շատ հոգևոր մարդ է, մեծ մարդասեր ու բարեգործ: Մի օր խոսակցության ընթացքում ասաց. «Տե՛ր Աբել ջան, բա առավոտները մի լավ աղոթք չանե՞նք միասին»: Ես էլ  էի արդեն մտմտում, որ այսպիսի մի բան է պետք անել, և որոշեցինք ստեղծել այս հարթակը. այնպիսի ժամ ընտրեցինք, որ Եվրոպայի, ԱՄՆ-ի մեր հայությանը ևս հնարավորություն տանք մասնակիցը դառնալու մեր միասնական աղոթքներին: Դա 2020 թ. սկզբներին էր: Աղոթքներով խնդրեցինք Աստծուն, որ հուշի ստեղծվելիք ֆեյսբուքյան էջի անվանումը: Եվ այն կոչվեց «Միասին»: Սկսեցինք ամեն առավոտ ժամը 9:15 միասնական աղոթք անել: Հետո հասկացանք, որ պետք է անպայման մեր ժողովրդին Աստծու խոսքի շուրջ նաև ամենօրյա զրույցներով «կերակրենք»: Եվ երբ հետադարձ հայացքով նայեցինք հուլիս ամսին Տավուշի մեր սահմանը ցնցած իրադարձություններին, հասկացանք, որ այս հարթակը հենց Աստծու կամոք էր ստեղծվել: «Միասինը» շատ բնականորեն ներգրավվել էր այդ օրերի իրադարձությունների մեջ, կարևոր կապ էր դարձել մեր հասարակության հետ:

-Մեր հոգևորականի` ժողովրդի հետ պարզ, անմիջական հոգևոր զրույցներ վարելու կարիքը, թերեւս, միշտ էլ զգացվել է: Արդյոք մտերմիկ, ոգեղեն զրույցների կարիքը արդեն իսկ չէ՞ր հասունացել մեր եկեղեցու կյանքում՝ հատկապես աղանդավորական հոգեորսության իրողության համապատկերում:

-Իհարկե: Մարդը միշտ ձգտել է դեպի եկեղեցուց եկող լույսն ու ճշմարտությունը: Եվ եկեղեցին միշտ համոզված է եղել, որ վաղ թե ուշ, Աստված ամեն մեկի մեջ պիտի արթնացնի այդ բնական ձգտումը: Բայց եկել են այնպիսի ժամանակներ, երբ տեղեկատվական հոսքերն այնքան շատ են, այնքան կեղծ լույսի առաջարկ կա, որ ժամանակի մեծ հրամայականն է` խոնարհվելու մեր ժողովրդի առաջ և պարզ, ջերմ ու մարդկային զրույցի միջոցով պարզելու Ավետարանի ճշմարտությունները, որ Աստծու խոսքով ջերմացած այդ սրտերը բնականորեն ձգվեն դեպի լույսը, դեպի եկեղեցին:

Անհավատության խորհրդային տարիները շատ մեծ հարված հասցրին եկեղեցուն, ու այն հիմա նոր-նոր ոտքի է կանգնում, ուշքի է գալիս, և բնականոն ճանապարհով ամեն ինչ իր տեղն է ընկնում:

ՄԻԱՍԻՆ-Ձեր խոսքը պարզ է հնչում, միաժամանակ` անչափ կարևոր ուղերձներ է պարունակում հայրենասիրության, աշխատասիրության, քրիստոնեական կյանքի կարևոր իրողությունների մասին:

-Նախապես երբեք չեմ ծրագրում, թե ինչ թեմաների շուրջ եմ խոսելու:  Ամբողջությամբ վստահում եմ Աստծուն:

-Դուք միշտ ասում եք. «Եթե քամիներ չլինեն, ծառերն իրենց արմատները չեն ամրացնի»: Երեկ մի հրաշալի առակ պատմեցիք այն մասին, որ պետք է ամեն պարագայում գոհություն հայտնենք Աստծուն, քանի որ ամեն վատ բանում մի լավ բան կա: Կարելի է զուգահեռներ անցկացնել թե՛ սահմանային մարտերում թրծվող մեր բանակի և թե՛ վերջերս ամբողջ աշխարհին պատուհասած COVID-19-ի հետ: Ի՞նչ դրական բան կա, ըստ Ձեզ, օրինակ, համավարակի պարագայում: 

-Ընդհանրապես, որևէ աղետի, համաճարակի, համընդհանուր տագնապների մեջ, անկախ ամեն ինչից, մարդկանց մեջ սեփական կյանքը գնահատելու, վերարժևորելու մտածելակերպ է առաջանում: Կորոնավիրուսի այս օրերը շատ մեծ առիթ են, որ բոլորը մտորեն այն մասին, որ իրենք մտածող էակներ են: Աշխարհն իր հորձանուտով մարդու միտքը դարձրել է մանր կենցաղային հարցեր լուծելու մի գործիք: Մինչդեռ մտածողությունը մեզ անհրաժեշտ է երազող լինելու, ապագայի մասին մտածելու, ստեղծագործելու, շատ ու շատ բաներ այլ կերպ տեսնելու համար:

-Սի՞րտն է առաջնային, թե՞ միտքը, Տե՛ր Հայր:

-Բոլոր մտքերը ծնվում են սրտում: Եվ սիրտը մտքեր արտադրող գործարանն է, այն կարևոր հանգրվանն է, որտեղ տարբերակվում են կյանքի կոչվելու արժանի Աստվածահաճո մտքերը և Աստծուն անհաճո մտքերը, որոնք պետք է դուրս գան մեր միջից: Եթե սիրտը մաքրելու այս ներքին աշխատանքը տևական է,  նրանում չարից եկող մտքեր չեն ծնվում: Սիրտը մաքրվում է: Մեզ միշտ թվում է, թե սիրտն ընդամենը մկանային հյուսվածք է, բայց իրականում այն շատ ավելի ընդգրկուն գոյություն է:

-Զրույցի ավարտին ի՞նչ կարևոր ուղերձ ունեք հայտնելու մեր ժողովրդին, մեր զինվորականներին:

-Ամենամեծ ու կարևոր ուղերձս այն է, որ մենք պետք է հեռու լինենք դրվագային հայրենասիրությունից և միասնական լինենք ոչ միայն դժվար պահերին, այլև խաղաղության մեջ և հանո՛ւն խաղաղության: Պետք է հետևողականորեն մեր գործերի միջոցով երկրի վրա իջեցնենք, նյութեղենացնենք այն Հոգին, որ դժվար պահերին միավորում է, սկսում է ապրել, ապրեցնել:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (1353) 19.08.2020 - 25.08.2020, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


20/08/2020