ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ. 100 ՏԱՐԻ ԱՆՑ
«ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ…»
Զրույց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ
-Պարոն Մելքոնյան, թե ինչպիսին էին լինելու Հայաստանի սահմանները, եթե Սևրի պայմանագիրը իրագործվեր, գիտենք բոլորս՝ Հայկական միացյալ պետություն՝ մոտ 160.000 քառ.կմ տարածքով, ընդ որում՝ Տրապիզոնի, Վանի, Բիթլիսի, Էրզրումի նահանգները, ելք դեպի ծով… Բայց պայմանագրի մեզ վերաբերող մասը այդպես էլ մնաց թղթի վրա, ի տարբերություն բազմաթիվ երկրների, որոնք Սևրի պայմանագրից հետո հայտնվեցին աշխարհի քարտեզին: Մենք գիտենք բոլշևիկյան Ռուսաստանի, քեմալական Թուրքիայի, արևմտյան երկրների մեղքի բաժինը, որ մենք զրկվեցինք իրավարար վճռով մեզ հասանելիք տարածքներից: Ես ուզում եմ Ձեզ հարցնել՝ իսկ որքա՞ն էր Հայաստանի իշխանությունների մեղքը: Իմ հարցը հետին թվով դատավճիռ կարդալու համար չէ, այլ անցյալի դեպքերը վերաիմաստավորելու:
-ԱՄՆ-ն համաձայնեց ստանձնել Հայաստանի մանդատը, և ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդը ուղեւորվեց Հայաստան ու Փոքր Ասիա՝ ուսումնասիրելու և պարզելու, թե ինչ ռեսուրսներ ու ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ Հայաստանի մանդատային կառավարման համար։ Սեբաստիայում նա հանդիպեց Մուստաֆա Քեմալին, որն սկսել էր ազգայնական Միլլի շարժումը՝ Թուրքիայի պառակտումը կանխելու նպատակով: Իմանալով, որ Հարբորդը գալիս է Երևան, Մուստաֆա Քեմալը գեներալին խնդրեց Հայաստանի իշխանություններին փոխանցել երկու երկրների սահմանների վերաբերյալ անմիջական երկխոսության իր առաջարկությունը: Սևրի դաշնագրի նախօրեին Հայաստանի իշխանությունները արդեն գիտեին, որ Առաջին աշխարհամարտում հաղթած մեծ տերությունները պատրաստակամ են լուծելու Հայկական հարցը, պաշտպանելու միացյալ Հայաստանի գաղափարը, իսկ ԱՄՆ-ն համաձայն է ստանձնելու Հայաստանի մանդատը: Ուստի, նրանք նախապատվությունը տվեցին ոչ թե պարտված Թուրքիային ավելի չափավոր պահանջներ ներկայացնելու և ուղիղ բանակցությունների միջոցով սահմանների հարցը լուծելու տարբերակին, այլ Անտանտի՝ հաղթած երկրների առավել գայթակղիչ առաջարկությանը:
-Հետագայում և՛ գեներալ Քյազիմ Կարաբեքիրն է խոսել այդ մասին, և՛ Մուստաֆա Քեմալը: Նրանք համոզված էին, որ հայ-թուրքական երկկողմ բանակցությունները հնարավորություն կտային հայերին ավելի նպաստավոր սահմաններ ունենալ: Եթե հղում անենք արդարությանը, ապա մենք ավելի ընդարձակ սահմաններ պիտի ունենայինք, քան նախատեսված էր Սևրի պայմանագրով: Խնդիրն այլ է՝ չարժե սպասել հրաշքի, մենք պիտի հասկանանք, որ օտարների բարեհաճությունը շատ երերուն հենարան է, ու մեր հավակնությունները պիտի լինեն մեր ուժերին համապատասխան: Այսինքն՝ միայն հզոր պետություն լինելու դեպքում կարող ենք մեծ հաջողություններ արձանագրել, ոչ թե հզոր դաշնակիցների հետ հույսեր կապել…
-Ձեր ասածի մեջ տրամաբանություն կա, բայց մենք Առաջին աշխարհամարտում հաղթած երկրների դաշնակիցն էինք, և այդ պահին ոչ մի պատճառ չկար հրաժարվելու այդ հաղթանակի պտուղներից: Հիմա հետին թվով հեշտ է գտնել ամենաճիշտ տարբերակը: Մենք ինչո՞ւ պիտի նախապատվությունը տայինք պարտված Թուրքիային և ոչ հաղթած Անտանտին: Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ քեմալական շարժումը ու դրան աջակցող բոլշևիզմը պիտի կարողանային կանգնել մեր համազգային ամենանվիրական երազանքների իրականացման ճանապարհին:
Թուրքիան պարտված երկիր էր, մնացել էր մենակ: Բայց ցարական Ռուսաստանը, դաշնակից լինելով Անտանտին, 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դուրս եկավ պատերազմից ու սեպարատ հաշտության պայմանագիր կնքեց նախկին թշնամիների՝ Գերմանիայի, Թուրքիայի և մյուսների հետ՝ հրաժարվելով հաղթանակի պտուղներից: Որքան էլ տարօրինակ է, Լենինը անհամեմատ կարևորում էր քաղաքական իշխանությունների խնդիրը ու տարածքների հարցը համարում էր երկրորդական: Բոլշևիկներն ընդառաջեցին Մուստաֆա Քեմալին և 1920 թ. ապրիլի վերջին պատասխանեցին նրա նամակին՝ աջակցության խոստումով: Այդ մերձեցումը սերտացավ 1920 թ. ապրիլի 28-ից հետո, երբ Մուստաֆա Քեմալը ճնշելով Ադրբեջանի մուսաֆաթական կառավարությանը, առանց պայքարի հասավ այդ տարածքի խորհրդայնացմանը: Այսինքն՝ Մուստաֆա Քեմալի շնորհիվ, առանց կռվի, 11-րդ կարմիր բանակը օկուպացրեց Ադրբեջանը և խորհրդայնացրեց: Սա ավելի մերձեցրեց Ռուսաստանին ու Թուրքիային:
-Ադրբեջանը, այդուհանդերձ, շահեց բոլշևիկացումից՝ Թուրքիայից և Ռուսաստանից նվեր ստանալով Ղարաբաղն ու Նախիջևանը:
-11-րդ կարմիր բանակի հայտնվելը տարածաշրջանում արմատապես փոխեց իրավիճակը: 1920 թ. սեպտեմբերի 1-ից 7-ը Բաքվում տեղի ունեցավ մուսուլման ժողովուրդների համագումարը, որին մասնակցում էին տարբեր մուսուլմանական երկրների առաջնորդներ, այդ թվում՝ երիտթուրքերի առաջնորդ Էնվեր փաշան, իսկ բոլշևիկյան Ռուսաստանից՝ կենտկոմի անդամ Զինովևը: Այս երկուսը գրկախառնվում էին ու որոշում անկախ Հայաստանի ճակատագիրը:
-Դա այն համագումա՞րն է, որտեղ Ադրբեջանը հռչակվեց պրոլետարիատի միջնաբերդ, իսկ Հայաստանը՝ միջազգային իմպերիալիզմի որջ:
-Այո՛: Եվ որոշվեց թուրքական զորքերի միջոցով խորհրդայնացնել Հայաստանը: Ռուսների սանկցիայով՝ 1920 թ. սեպտեմբերի 23-ին թուրքերը, Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, հարձակվեցին Հայաստանի վրա, սկսեցին թուրք-հայկական պատերազմը, որը Հայաստանի համար աղետալի հետևանք ունեցավ… Այդ ժամանակ հյուսիսից Կարմիր բանակի զորքերը հասել էին Հայաստանի սահմանին: Իսկ դիվանագետ Լեգրանը Երևանում պարտադրում էր Հայաստանի իշխանություններին խորհրդայնանալ: Դեկտեմբերի 1-ին, տեղի տալով ճնշումներին, մեր պառլամենտը որոշեց ընդունել խորհրդայնացման պահանջը, իսկ դեկտեմբերի 2-ին Երևանյան համաձայնագրով՝ Հայաստանի իշխանությունը հանձնվեց բոլշևիկներին: Փաստորեն, Հայաստանը բաժանվեց Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև: Իսկ 1921 թ. մարտի 16-ին կնքված չարաբաստիկ խորհրդա-թուրքական պայմանագիրը իրավաբանորեն ամրագրեց հայկական տարածքների անցումը Թուրքիային, խոսքը Կարսի մարզի մասին է, Սուրմալուի գավառի՝ Արարատ լեռնագագաթով հանդերձ, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում:
-Ինչո՞ւ դաշնակից Անտանտի երկրները չշարունակեցին աջակցել մեզ և ավարտին հասցնել Հայկական հարցի լուծումը, հետևողական չեղան, որ Սևրի պայմանագրի՝ Հայաստանին ու Քրդստանին վերաբերող դրույթները նույնպես իրագործվեն:
-Շատ տեղին հարց է: Բանն այն է, որ Անտանտի երկրներն արդեն իրենց գլխավոր նպատակին հասել էին՝ աշխարհը վերաբաժանել էին իրենց շահերին հարիր՝ լուծել էին խնդիրը և՛ Եվրոպայում, և՛ ասիական երկրներում, և՛ այլ տարածքներում: Ուստի, մտածեցին, որ ավերակված Հայաստանի համար չարժե ընդհարվել Թուրքիայի հետ:
-Այդուհանդերձ, անգլիացիները զինեցին հունական բանակը Թուրքիայի դեմ:
-Իսկ ի՞նչ եղավ հետո. բոլշևիկները գեներալ Ֆրունզեին ուղարկեցին այնտեղ, և Սաքարիայի ճակատամարտում թուրքերը ռուս գեներալների աջակցությամբ հաղթանակ տարան և դուրս մղեցին հույներին Փոքր Ասիայից: Ինչ վերաբերում է Անտանտի երկրների հետագա գործունեությանը, նրանք ջանում էին հայկական հոգսը հեռացնել իրենցից: Անգլիան ու Ֆրանսիան, նկատի ունենալով նախագահ Վուդրո Վիլսոնի հայասիրական մղումները, հորդորում էին Միացյալ Նահանգներին ստանձնելու Հայաստանի մանդատը: Ինչպես նշեցի զրույցի սկզբում, գեներալ Ջեյմս Հարբորդի ղեկավարած պատվիրակությունը եկավ Հայաստան և հասկացավ, որ ճանապարհազուրկ, աղքատ, օգտակար հանածոներով աչքի չընկնող Հայաստանը բեռ կլինի Միացյալ Նահանգների համար: Սենատում Ջեյմս Հարբորդը, զեկուցելով իր ուսումնասիրության արդյունքները, ասաց, որ կա 14 պատճառ Հայաստանի մանդատը ստանձնելու և 13 պատճառ՝ մերժելու համար:
-Փաստորեն, Հայաստանի մանդատը վերցնելու պատճառներն ավելի շատ էին:
-Այո՛, բայց դա ընդամենը Վուդրո Վիլսոնին հաճոյանալու դիվանագիտական քայլ էր: Սենատը հասկացավ տողատակը ու 52-ը 23-ի դեմ հարաբերակցությամբ մերժեց Հայաստանի մանդատը: Ամերիկացիները հաշվարկել էին, որ Սևրի պայմանագրի կիրարկումը ապահովելու համար Արևմտյան Հայաստանում անհրաժեշտ է տեղակայել 59000 հոգանոց բանակ: Մենք այդպիսի ուժեր չունենք՝ հայտարարեցին նրանք: Իսկ Ֆրանսիան ու Անգլիան այլևս պատերազմ չէին ուզում, այն էլ՝ հանուն Հայաստանի:
-Պարոն Մելքոնյան, այդուհանդերձ, եթե մենք անձնվիրաբար ու միասնական պայքարեինք մեր իրավունքների համար, հնարավո՞ր էր ավելի բարենպաստ սահմաններ ունենալ 1920 թվականին: Հայ-թուրքական պատերազմում առեղծվածային դրվագներ կան: Մասնավորապես՝ Կարսի անկումը: Կարսում մենք ունեինք 2500 հոգանոց կայազոր, բազմաթիվ թնդանոթներ, զինամթերք, բայց առանց պայքարի նահանջեցինք թուրքական զորքի առաջ: Մեր սպաները, այնուամենայնիվ, մի քանի փամփուշտ կրակեցին նահանջի ճանապարհին, որով թշնամու փոխարեն իրենք իրենց էին գնդակահարում:
-Այստեղ, իրոք, մեղքի մեր բաժինն անհերքելի է, երբ հիշում ենք, թե ինչպես էին հայ բոլշևիկները պառակտում բանակը, ասելով, որ քեմալական թուրքերը մեր հարազատ ռուս բոլշևիկների դաշնակիցներն են, և կարիք չկա պայքարելու նրանց դեմ: Բանակն այնքան բարոյալքվեց, որ մի քանի ստորաբաժանումներում նույնիսկ դասալքություն սկսվեց: Զինվորները լքում էին իրենց դիրքերը: Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը չէր ճանաչում իր զինվորներին: Սոցիալական նախարար Արտաշես Բադալյանը և Գարեգին Հովսեփյանը, որը հետագայում դարձավ Կիլիկիո կաթողիկոսը, իրենց հուշերում գրում են, որ Դանիել Բեկ-Փիրումյանը չէր կարողանում գտնել գեթ մեկ զինվորի, որը տեղեկություն կբերեր, թե որտեղ են տեղակայված թուրք զինյալները, և ինչու է այդքան շփոթահար հայկական զորքը: …Խուճապային տրամադրությունը իշխում էր ամենուր: Դեր խաղաց նաև երկու ճակատով կռվելու հանգամանքը: Կարմիր բանակը հասել էր Հայաստանի սահմաններին ու ամրացել Ղազախում, իսկ նոյեմբերի 29-ին ռուսական մի զորամաս մտավ Քարվանսարա ու Հայաստանը հայտարարեց խորհրդայնացած… Ինչպես բնորոշում է Սիմոն Վրացյանը՝ բոլշևիկյան սալի ու թուրքական մուրճի արանքում մնացած Հայաստանը չդիմացավ ճնշումներին: Զորքի ոգին կոտրվեց: Մի կողմից էլ շփոթ առաջացրեց զենքերի խնդիրը: 1918-19 թվականներին Հայաստանը ուներ միայն ռուսական զենքեր, բայց հետագայում հարավից մտնելով երկիր՝ Անգլիան իր հետ բերեց անգլիական արտադրության զինատեսակներ, որին մեր զինվորները չհասցրին տիրապետել մինչև հայտնի դեպքերը: Զինվորն ուներ զենք, բայց չէր կարողանում գործածել: Կամ ուներ ռուսական զենք ու անգլիական փամփուշտներ: Անելանելի կացություն էր ստեղծվել…
-Ավելի անելանելի, քան Սարդարապատո՞ւմ, երբ մեր հաղթելու հնարավորությունը գրեթե զրոյական էր: Երբ նույնիսկ կանոնավոր բանակ չունեինք, ի տարբերություն Կարսի, բայց զենքը վայր չդրեցինք: Ու հաղթեցինք:
-Սարդարապատում մենք այլընտրանք չունեինք՝ կա՛մ պիտի կռվեինք, կա՛մ մեռնեինք…Եվ մարտադաշտ նետեցինք մեր ամբողջ ներուժը, բայց 1920 թվականին մեզ խոստումներ էին տալիս Ռուսաստանը, Թուրքիան, նաև Անտանտի երկրներից օգնություն ստանալու ակնկալիք ունեինք:
-Այսինքն՝ Սարդարապատում մեր հույսը դրեցինք մեզ վրա, իսկ Կարսում՝ սպասում էինք օտարների աջակցությանը: Եվ այդ պատճառով էլ մեր պատմության մեջ գրվեց Կարսի անկման ամոթալի էջը: Պարոն Մելքոնյան, Սևրի պայմանագրին հաջորդած ու դրան հակասող պայմանագրերը իրավական ուժ ունե՞ն…
-Իրավական ուժ չունի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որովհետև այն կնքվել է պատերազմի պարտադրանքով, քեմալական Թուրքիայի ու խորհրդային Ռուսաստանի միջև այն ժամանակ, երբ քեմալական Թուրքիան միջազգային իրավունքի սուբյեկտ չէր. աշխարհը դեռ ճանաչում էր սուլթանական Թուրքիային: Իրավական ուժ չունի նաև 1921 թ. Մոսկվայում կնքված պայմանագիրը քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև, որովհետև երկու երկրներն էլ միջազգային իրավունքի սուբյեկտ չէին: Նույնը վերաբերում է 1921 թ. հոկտեմբերի 13-ին Խորհրդային Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված պայմանագրին:
-Սևրի պայմանագրի կնքումից 100 տարի անց ի՞նչ կարող է տալ մեզ այդ փաստաթուղթը: Ի՞նչ նախադրյալներ կարող է ստեղծել իրավական, քաղաքական, տնտեսական պահանջատիրության համար: Եվ ինչո՞ւ 100 տարվա վաղեմություն ունեցող պայմանագիրը մինչ օրս անհանգստացնում է Թուրքիային: Եթե չեմ սխալվում՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու համար Թուրքիայի առաջարկած նախապայմաններից մեկն էլ կապված էր Սևրի պայմանագրի հետ: Ինչո՞ւ է մինչ օրս կենսունակ «Սևրի սինդրոմը» Թուրքիայում:
-Տեսե՛ք, Սևրի պայմանագիրը ստորագրած մեկ ու կես տասնյակ պետություններից և ոչ մեկը պաշտոնապես չի հրաժարվել պայմանագրից:
-Բայց այն չի վավերացվել:
-Իրավարար վճիռը վավերացման կարիք չունի: Մեր երկրի սահմանները պիտի ընդլայնվեին իրավարար վճռով: Պայմանագրի 89-րդ դրույթը հստակ սահմանում է դա. Թուրքիան պարտավոր էր արագ ազատել պայմանագրում նշված հայկական տարածքները: Եվ ճանաչել Հայաստանի նոր սահմանները՝ հրաժարվելով բոլոր իրավունքներից այդ տարածքում: Այսինքն՝ Սևրի պայմանագիրը մի փաստաթուղթ է, որը մինչ օրս իրավական ուժ ունի:
-Լավ, այդ իրավական ուժը ի՞նչ գործնական-կիրառական արդյունք կարող է տալ այսօր:
-Թուրքիան կայսրություն է, իսկ յուրաքանչյուր կայսրություն դատապարտված է փլուզման: Աշխարհաքաղաքական իրավիճակի համապատասխան փոփոխությունների դեպքում Սևրի պայմանագիրը կարող է մտնել օրակարգ: Ահա թե ինչով է պայմանավորված «Սևրի սինդրոմը» Թուրքիայում: Թուրքիան խրախուսում է Ադրբեջանին Հայաստանի դեմ հակամարտությունը խորացնելու գործում, որպեսզի հնարավորինս թուլացնի Հայաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական ներուժը: Հզոր Հայաստանը մեծ վտանգ է մի երկրի համար, որը 100 տարի առաջ չի կատարել Սևրի պայմանագրի օրինական, իրավարար վճիռը, այսինքն՝ բռնազավթել է Հայաստանի Հանրապետության տարածքները: Թուրքիան ամեն պահի կարող է խարխլվել ներսից ու փլուզվել: Դա շատ կանխատեսելի է մի երկրում, որտեղ ապրող այլազգիներից միայն 20 միլիոնը քրդեր են, և որը թշնամական հարաբերություններ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ: Երբ Դիարբեքիրում քրդերը հակակառավարական ցույցեր են կազմակերպում, Թուրքիայի հիմքերը ցնցվում են: Պատկերացրեք՝ եթե հանկարծ 20 միլիոն մարդու մասնակցությամբ Թուրքիայում քաղաքացիական անհնազանդություն կազմակերպվի…Կամ քրդերը պայքարի ելնեն ոչ միայն Արևմտյան Հայաստանում, որտեղ 6 միլիոն քուրդ է ապրում, այլեւ ամբողջ Թուրքիայում: Թուրքիայի կենտրոնական տարածքներում, Կիլիկիայում, նույնիսկ Փոքր Ասիայի արևմտյան շրջաններում ու Ստամբուլում մեծ թվով քրդեր են բնակվում: 11 միլիոնանոց Ստամբուլում արդեն 2 միլիոն քուրդ կա: Շատ կարևոր է, որ մենք հստակեցնենք մեր հարաբերությունները քրդերի հետ, որովհետև կան ծայրահեղական քրդեր, որոնք հավակնություններ ունեն՝ կապված մեր Արագածի շրջանի հետ և այն համարում են ապագա Քրդստանի տարածք…
-Հղում անելով Սևրի պայմանագրին, որովհետև Սևրի պայմանագրով այդ տարածքը ինքնավար Քրդստանի մաս էր:
-Այո՛, բայց դա ամբողջովին ցնդաբանություն է: Վանի վիլայեթից դեպի հարավ ընկած տարածքների մասին է խոսքը: Մեր իշխանությունները պետք է լուրջ վերաբերվեն այս խնդրին: Պատկերացրեք, եթե հանկարծ համաքրդական ապստամբություն սկսվի Թուրքիայում (ինչը լինելու է վաղ թե ուշ), և Թուրքիան ճնշի այն զենքով, ինչ են անելու քրդերը…Նրանք կարող են ամեն վայրկյան հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ժողովրդագրական պայթյուն կլինի մեր երկրում դրանից հետո:
-Իսկ մենք ի՞նչ պիտի անենք այդ մարտահրավերներին դիմակայելու համար:
-Ամենակարևորը՝ պիտի ունենանք հզոր երկիր՝ միասնական, կայուն, տնտեսապես զարգացած, ռազմական մեծ ներուժով:…Նկատելով հնարավոր մարտահրավերները՝ մենք պարտավոր են ազգովի ներդնել բոլոր ուժերը՝ մարտունակ ու դիմակայուն երկիր կառուցելու համար: Որովհետև ուժեղ երկիրն է մեր պատմական երազանքների իրականացման միակ երաշխավորը:
-Պարոն Մելքոնյան, Սևրի պայմանագիրը հայ պատմագիտությունը համարում է հաղթանակ: Բայց ես որքան էլ փնտրեցի, ոչ մի ձևաչափով հաղթանակ չգտա այնտեղ: Նույնիսկ բարոյական հաղթանակ չկար: Անտանտի հաղթած երկրները որոշեցին իրականացնել հայերի համազգային դարավոր երազանքը, բայց հետևողական չեղան: Երբ պետք էր մի փոքր ճնշել Թուրքիային, հրաժարվեցին պայքարից, որովհետև ոչ մի շահ չունեին: Եվ դա օրինաչափ է: Աշխարհը կառավարել ու կառավարելու են շահերը: Սեփական դժբախտությունների համար ուրիշներին մեղադրելը անշնորհակալ գործ է, որովհետև ոչ ոք պարտավոր չէ լուծելու մեր խնդիրները, ոչ ոք մեզ հայրենիք նվիրելու առաքելություն չունի: Ըստ իս, Սևրի պայմանագիրը օտարներին ապավինելու մեր սին հույսերի, թղթե շերեփով բաժին պոկելու մեր հերթական սխալի խորհրդանիշ է: Ուզում եմ խնդրել, որ Դուք ցույց տաք Սևրի պայմանագրի հաղթական կողմը: Գուցե այն ապագայի՞ն է միտված:
-Պայմանագրի հաղթաթուղթն այն է, որ ժամանակի ուժեղներն ու հաղթողները մեզ Մեծ, Միացյալ հայրենիք ունենալու միջազգային իրավական փաստաթուղթ տվեցին, որը յուրաքանչյուր պահի կարող է մտնել օրակարգ…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #33 (1353) 19.08.2020 - 25.08.2020, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից