Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՌՍ ԱՐԴԵՆ ԶԻՆՎՈՐ Է



ԹՈՌՍ ԱՐԴԵՆ ԶԻՆՎՈՐ ԷԹոռս՝ Ժորա Ռուստամի  Բաղդասարյանը, օրերս զորակոչվեց բանակ: Ծառայելու է հերոսական կենսագրություն կերտած զորամասում, որ առավել հայտնի է «Եղնիկներ» անվամբ: Թոռնիկս իր ծնողների հետ մեկ տասնյակից ավելի բնակվում է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ ավարտել է միջնակարգն ու ընդունվել Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության» ազգային պետական համալսարանի ձյուդո և սամբո մարզաձևերի ֆակուլտետի հեռակա բաժին:

Անի համայնքի Ձորակապ գյուղից Սանկտ Պետերբուրգ տեղափոխված թոռնիկս ձյուդո մարզաձևով զբաղվել է 12 տարեկանից:  Մասնակցել է շուրջ երեք տասնյակ միջազգային մրցաշարերի՝ Հայաստանում, Վրաստանում և ՌԴ-ում: Պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով, այդ թվում՝ 14  ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալներով:

Սակայն նա ամենահիշարժանը համարում է 2016թ., 14 տարեկան հասակում 66կգ քաշային կարգում Հայաստանում ձյուդո մարզաձևի հիմնադրման 43-րդ տարեդարձին նվիրված մրցաշարում նվաճած ոսկե մեդալը: Նույն տարում գերազանց է հանդես եկել նաև Սանկտ Պետերբուրգում  15 քաղաքներից ժամանած մարզիկների մասնակցությամբ անցկացված մրցաշարում, որտեղ նվաճել է հերթական  ոսկե մեդալն ու պատվո պատվանդանին կանգնած հպարտորեն ծածանել մեր Եռագույնը:

…Երբ լրացավ զորակոչային տարիքը, թոռս իր հոժար կամքով Սանկտ Պետերբուրգից վերադարձավ ՝  հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու:

Համոզված եմ՝ Ժորան լավ կծառայի, պատվով կկատարի իր պարտքը: Կցանկանայի, որ ծառայությանը զուգընթաց, հնարավորության դեպքում, մարզավիճակը պահպանելու համար նաև մարզվեր, որպեսզի հետագայում ավելի հեղինակավոր մրցաշարերում՝ Եվրոպայի և աշխարհի  առաջնություններում նրա մրցելույթները հաղթանակով պսակվեն, և ի լուր աշխարհի կրկին հնչի Հայոց հիմնը և ծածանվի Եռագույնը…

 

ԼԵՆՎԵԼ ՄԵԼԻՔՅԱՆ

Խորագիր՝ #33 (1353) 19.08.2020 - 25.08.2020, Ազգային բանակ


20/08/2020