ՃԵՐՄԱԿ ՁԻԱՎՈՐԸ
Մանկությունից կամ պատանեկությունից յուրաքանչյուր մարդ իր հոգում փայփայում-պահում է երազանքի մի նշխար. կմեծանա՝ այս կամ այն մասնագետը կդառնա, այս կամ այն ծրագիրը կիրագործի։ Այս իմաստով Մուշեղ Մամիկոնյանի ապագան ինչ-որ տեղ կանխորոշված էր։ Ծնվելով ազնվականի, առավել եւս, հայոց զորքերի գերագույն հրամանատարի ընտանիքում՝ նրան դեռ մանկությունից ուսուցանել են ե՛ւ գիտություններ, ե՛ւ զինավարժություն, ե՛ւ ռազմարվեստ, մի խոսքով՝ ապագա զորավարի խստակյաց ուսում են տվել: Նա գիտի, որ ինքը հայոց աշխարհի ու պետության ողջակեզն է լինելու, հնարավոր է, որ զոհվի այդ ճանապարհին, բայց բոլոր դեպքերում փառքով է պսակելու ե՛ւ իր, ե՛ւ Մամիկոնյան տոհմի պատիվը։ Ահա թե ինչ է գրում Փավստոս Բուզանդն այդ մասին. «Հայոց քաջ զորավար եւ սպարապետ Մուշեղն ամբողջ իր կյանքում լի էր նախանձախնդրությամբ. նա հավատարմությամբ եւ արդար աշխատանքով, միշտ ջանասիրությամբ աշխատում էր հայոց աշխարհի եւ թագավորության համար։ Գիշեր ու ցերեկ նա աշխատանքի մեջ էր, նա ճիգ էր թափում, պատերազմներ էր մղում, թույլ չէր տալիս, որ թեկուզ մի կորու չափ գետին հայոց աշխարհի սահմաններից խլվի։ Մուշեղ զորավարը շարունակ արիական պատերազմներ էր վարում քաջության անվան համար, իր բնիկ տերերի, աշխարհի բնակիչների համար, քրիստոնեական հավատի, Աստծուն հավատացող եւ Քրիստոսի անունով մկրտված ժողովրդի համար, Աստծո ուխտի համար, քույրերի եւ եղբայրների, մերձավոր տոհմակիցների, մտերիմ բարեկամների համար։ Նա իր կյանքը դրել էր աշխարհի համար, իր կյանքը չէր խնայում, իր կյանքի բոլոր օրերում նա աշխատում էր իր բնիկ Արշակունի տերերի համար»։
Այս խտացումը եւս բնորոշ է ժողովրդական պատումին. վիպասքի հերոսը պետք է մարդկային առաքինության մարմնացում լինի, եւ, որ ամենակարեւորն է՝ անմնացորդ նվիրված հարազատ ժողովրդին ու թագավորին։ Այստեղ ինձ հետաքրքրում է նաեւ կարեւոր մի մանրուք, մի փոքրիկ տող-պատկեր, որ Մուշեղ Մամիկոնյանի վարքագծի ու գործունեության խորհրդանիշն է։ «Թույլ չի տալիս, որ թեկուզ մի կորու չափ գետին հայոց աշխարհի սահմաններից խլվի».- ընդգծում է Բուզանդը։
Մի կորու չափ գետին… Մուշեղը հավատացած է, որ թեկուզ մի հատիկի չափ հող զիջեց թշնամուն, ուրեմն՝ վերջ, նահանջը շարունակվելու է, մի չնչին խճաքարի կորուստ անգամ նպաստելու է պետության տաճարի քայքայմանը։ Դա պատմական դաս է, որ Մուշեղը քավել է նախնիներից եւ ինքն էլ իր հերթին կտակում է հետագա սերունդներին։ Այդ գիտակցումն է պատճառը, որ Ձիրավի ճակատամարտից հետո հետագա ողջ գործունեությամբ նա հայոց աշխարհի սահմանները բոլոր կողմերից հասցնում է նախկին վիճակին: Ամենուր հայրենանվեր բերդակալներ ու զորք է տեղադրում, որ աչալուրջ հսկեն սահմանները։ Այդ բոլորով հանդերձ՝ դեռեւս մի երազանք ունի, որին չի հասել, բայց որին ձգտում է ամբողջ էությամբ։ Պապ թագավորի չարանենգ սպանությունից հետո, ըստ վիպասքի, «Հայոց բոլոր մեծամեծ իշխանները ժողովվեցին միասին, ե՛ւ Մուշեղ սպարապետը, ե՛ւ Հայր Մարդպետը, ե՛ւ բոլոր իշխանները. «Ի՞նչ անենք, ի՞նչ գործենք,- ասում էին նրանք,- մեր թագավորի վրեժը պահանջե՞նք, թե՞ ոչ»։ Վերջը խորհրդի մեջ այս միտքն ընդունվեց. «Մենք չենք կարող հեթանոս պարսիկների ծառայության տակ մտնել եւ հունաց թագավորին թշնամացնել, ոչ էլ երկուսին եւս թշնամացնել, որովհետեւ առանց որեւէ մեկի թիկունքի չենք կարող ապրել»։
Այս հատվածում ժողովուրդը իր սիրած հերոսին ներկայացրել է նաեւ որպես հմուտ դիվանագետ, որը գործում է ոչ միայն սրով, այլեւ խելք ու միտք գործադրելով։ Նախարարների այդ խորհրդում, ի վերջո, որոշվում է՝ ոչ թե վրեժ լուծել կամ որեւէ մի բան անել, այլ լուռ տեղերում նստել եւ սպասել։ Մանավանդ, որ Մուշեղին հույների զորավոր աջակցությունը դեռեւս անհրաժեշտ է, որպեսզի, ի վերջո, իրագործի իր երազանքը, որ հայոց թագավորությունը հաստատուն մնա։ «Նա խորհրդակցում էր հունաց իշխանների հետ եւ նրանց միջոցով կայսեր հետ, թե հարկավոր է հայոց աշխարհում քաղաքներ շինել ամեն մի գավառում, որում՝ մի-մի քաղաք, որում՝ երկ-երկու, ամուր պարիսպներով պատած, որպեսզի զորանիստ տեղեր դառնան բոլոր հայոց աշխարհում, մինչեւ Գանձակ սահմանագլուխը, որ սահմանն էր Պարսկաստանի եւ Հայաստանի միջեւ։ Նույնպես խորհուրդ էին անում հայոց բոլոր ազնվականներին զինավորել կայսերական ծախսով, այնպես էլ հայոց աշխարհի զորքերը, որպեսզի այս կերպով ամեն զգուշություն ձեռք առնեն իրենց թշնամիների դեմ։ Եվ ռուսաց թագավորը մեծ ուրախությամբ հանձն էր առնում այս բաները կատարել, որպեսզի այս բոլոր միջոցներով աշխարհը հաստատ ու անշարժ կապվի իր հետ, եւ պարսից թագավորը չկարողանա հայոց աշխարհը իրեն գրավել»։
Զորատեղեր, անառիկ բերդեր ու պարսպապատ քաղաքներ բովանդակ հայոց աշխարհում… Մուշեղ Մամիկոնյանի այս երազանքը, որը դժբախտաբար չիրագործվեց այն ժամանակ, այսօր եւս, Հայաստանի Հանրապետության այս ծանր օրերին գծագրվում է իր ամբողջ հրամայականով եւ պահանջով։ Մուշեղը հավատացած էր, որ Բյուզանդական կայսրից այդ աջակցությունն ստանալով՝ երկիրը չի դնի Բյուզանդիայի տիրապետության տակ, ընդհակառակը, դիվանագիտորեն դրամական օգնություն ստանալով եւ դա բանակի կայունացման ու ամրապնդման, անառիկ բերդերի ու քաղաքների շինարարության վրա ծախսելով՝ հայոց հզոր ու անկախ պետության հիմքերը կհաստատի։ Այս իմաստով Մուշեղի այն խոսքը, թե հարկավոր է ոչ թե գրգռել, այլ զգուշությամբ վարվել երկու կողմերի՝ Բյուզանդիայի եւ Պարսկաստանի հետ, նրանցից երկրի համար հնարավոր շահն ակնկալելով, խորաթափանց ու իր ապրած ժամանակը ճշտորեն ըմբռնող զորավարի մտածողության արդյունք է, որը, եթե իրագործվեր, կարող էր բախտորոշ նշանակություն ունենալ հայ ժողովրդի ոչ միայն այդ, այլեւ հետագա դարերի պատմության հոլովույթում։ Բայց, ինչպես ասում են, այլ է երազանքը, այլ է այդ բոլորն իրագործելը, դա, հավանաբար, ինչքան էլ զորավոր ու նվիրյալ, այնուամենայնիվ, մի անհատի գործ չէր, մանավանդ, եթե հաշվի առնենք պատմական այն ծանր կացությունը, որում հայտնվել էր Հայաստանը։ Հարաբերական խաղաղության պահին անգամ թշնամական անսպասելի հարձակումների, հայոց թագավորին եւ դրանով նաեւ պետականությունն ու անկախությունը կորցնելու վտանգը եւ ապա՝ հայոց բաժան-բաժան, հաճախ միմյանց հետ թշնամական նախարարական տոհմերի կենտրոնախույս ձգտումները սովորական խճաքարեր չէին, այլ հիմնասյուներ՝ ամբողջականության տաճարը փլատակող։ Եվ ապա՝ մարդկային սովորական նախանձից ծնված թշնամանքն ու բամբասանքը, որ դեռ Պապի թագավորության օրերին շրջապատել էր հայրենասեր մարդկանց, այդ թվում նաեւ՝ Մուշեղին, այժմ՝ Պապին հաջորդած Վարազդատի թագավորության ժամանակ այլեւս չափ ու սահման չճանաչելով՝ անարգել ծավալվում էին ե՛ւ արքունիքում, ե՛ւ ժողովրդի մեջ, թե ահա Արշակունյաց թագավորության հնարավոր անկման պատճառը միայն Մամիկոնյան զորավարներն են եւ հատկապես՝ Մուշեղ Մամիկոնյանը։ Եթե առաջ Պապը իր իշխանությամբ սաստում էր նախանձողներին, ապա դյուրահավատ Վարազդատը ակամա կուլ է գնում բամբասանքին, հատկապես այն ժամանակ, երբ դա անում է Բատ Սահառունին՝ Վարազդատ արքայի դայակն ու ուսուցիչը, որին արքան անվերապահորեն հավատում էր։ «Իսկ Բատը,- գրում է Բուզանդը,- Սահառունյաց տոհմի նահապետը, որ Վարազդատ թագավորի դայակն ու ուսուցիչն էր, միտքը դրեց Մուշեղից հափշտակել զորավարության՝ սպարապետության գործը։ Այս պատճառով նա սկսեց քսություններ անել իր սանիկին՝ Վարազդատ թագավորին՝ ասելով, թե «Հնուց հետե, նախնյաց ժամանակներից ի վեր, Մամիկոնյաններն են կորստի մատնել ձեր Արշակունյաց տոհմը, որովհետեւ ի բնե ձեր հակառակորդներն են եղել, դրանք են կերել հայոց աշխարհը, մանավանդ Մուշեղը, որ չար ու նենգավոր մարդ էր։ Որովհետեւ նա սիրել է ձեր թշնամիներին եւ ատել է ձեր սիրելիներին, եւ միշտ ձեզ հետ վարվել է նենգությամբ, երկդիմությամբ ու չարամտությամբ։ Մի՞թե դա այն Մուշեղը չէ, որ Պապի թագավորության ժամանակ, պարսիկների հետ պատերազմելիս, մի քանի անգամ հնարավորություն ունեցավ պարսից Շապուհ թագավորին սպանելու, բայց չսպանեց, այլ թշնամուն ազատ արձակեց, մի անգամ էլ ձեռք գցեց Շապուհ թագավորի կանանց եւ խնամքով ու հոգատարությամբ, ժանվարներով ուղարկեց Շապուհի հետեւից։ Դա այն Մուշեղը չէ՞, որ Աղվանից Ուռնայր թագավորին ձեռք ձգեց, բայց սպանել չկամեցավ, այլ թշնամուն ազատ արձակեց։ Դա այն Մուշեղը չէ՞, որի հրամանով եւ որի խորհրդով հունաց զորավարները Պապ թագավորին սպանեցին, որովհետեւ դա էր, որ հունաց թագավորին թշնամացրեց ու գրգռեց Պապ թագավորի դեմ, մինչեւ որ սպանել տվեց։ Արդ՝ պետք է, որ նա քո ձեռքից մեռնի, նա չպետք է ապրի։ Եվ եթե դու չշտապես, արքա, նա մտածել է այժմ հայոց աշխարհը լցնել քաղաքներով, զորանիստներ դարձնել՝ հունաց զորքերն այնտեղ բնակեցնելու համար։ Եվ այնուհետեւ կամ հունաց թագավորը քեզանից կխլի հայոց թագավորությունը, կամ հենց այս Մուշեղը քեզ կսպանե եւ ինքը կթագավորե»։
Շրջապատի բամբասանքը, իբրեւ ամենօրյա ատամնացավ՝ անփորձ ու միամիտ արքային դողէրոցքի մեջ պահող։ Հերոսի գործին ու տարածվող փառքին նախանձող մարդը եւ պալատական խարդավանքը… Տեր Աստված, արար աշխարհում զորավոր թագավորներին անգամ գահընկեց են արել նրանք, քանի-քանիսի մահվան պատճառն են հանդիսացել։ Բամբասանքը եւ պալատական խարդավանքը… Մահկանացու մարդուց, թեկուզ նա լինի երկաթե կամքի տեր զորավոր, տարածուն ու հավերժական։ Դրանք Հայաստան աշխարհում եւս թագավորների կործանման ու սպանությունների, բովանդակ երկրի քայքայման եւ այդպիսով՝ հայ ժողովրդի անկախության կործանման կարեւոր ու դեռեւս գիտականորեն չմեկնաբանված պատճառներից մեկն են դարձել։
Միտքս այդ դժնի օրերից ակամա տեղափոխվում է հեռու. դեպի մեր ոչ հեռավոր անցյալը՝ 20-րդ դարասկիզբը. երկու անգամ է մահափորձ կատարվել Անդրանիկ զորավարի վրա, եւ երկու անգամ էլ հայի ձեռքով, հայի արձակած, բայց հրաշքով նպատակին չհասած գնդակով…
Ըստ վիպասքի՝ հայոց միամիտ ու անփորձ արքան հավատում է բամբասողների բազմությանը եւ մի կերուխումի ժամանակ սպանել է տալիս Մուշեղին։ «Եվ հանկարծ այն մարդիկ, որոնց հրաման էր տրվել, 12 մարդ միանգամից ետեւի կողմից Մուշեղին բռնեցին,- գրում է Փավստոս Բուզանդը,- վեց մարդ մի ձեռքից եւ վեց մարդ՝ մյուս ձեռքից։ Երբ թագավորը ոտքի կանգնեց, Մուշեղը նրան նայեց հարցական կերպով, թե՝ ինչի՞ց է այս, եւ թագավորը պատասխանեց ու ասաց. «Գնա Պապ թագավորի մոտ, հարցրու եւ կիմանաս, թե ինչից է»։ Այս ասելով՝ թագավորը դեպի դուռն ուղղվեց եւ դուրս եկավ։ Եվ Մուշեղն ասաց. «Իմ այնքան ծառայությունների, արյուն ու քրտինք թափելու, քրտինքս սլաքներով սրբելու վարձատրությունն ա՞յս եղավ։ Բայց այս մահը, երանի թե, ձիու վրա ինձ հասներ»։ Այսքանը միայն կարողացավ ասել, ավելի՝ ոչինչ։ Իսկույն Բատ Սահառունին, Վարազդատ թագավորի դայակը, ազդրից կախած նրանը հանելով՝ խրեցրեց Մուշեղ զորավարի շնչափողը եւ իսկույն գլուխը կտրեց։ Նրա մարմինը վերցրին ու տարան նրա գյուղը»։
Այստեղ է ահա, որ ժողովրդական վեպը ձեռք է բերում իր ամենից դինամիկ ընթացքը։ Ո՛չ Մուշեղի հայրենանվեր գործունեությունը, ո՛չ նրա ղեկավարած Ձիրավի հռչակավոր ճակատամարտը եւ ո՛չ էլ նրա չարանենգ սպանությունը չեն այս հրաշալի զրույցի լարվածության գագաթնակետը, թեկուզ դրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին այլ պարագայում կարող է բարձրակետ համարվել։ ժողովրդական այս բանաստեղծական պատումի բարձրակետը հենց վերջերգն է, որն ուզում եմ մեջբերել, ամբողջությամբ. «Երբ Մուշեղ սպարապետի մարմինը իր տունը, իր ընտանիքի մոտ տարան՝ ընտանիքը նրա մահվանը չէր հավատում, թեպետ տեսնում էր գլուխը մարմնից զատված։ Նրանք ասում էին. «Սա անթիվ անգամ կռիվների մեջ էր մտել, ոչ մի վերք չէր ստացել, ոչ մի նետ սրան չէր դիպել, եւ ոչ մի ուրիշ զենքով սա չէր խոցվել»։ Իսկ ոմանք էլ հույս ունեին, թե նա կկենդանանա, ուստի գլուխը կարելով՝ կցեցին իրանին եւ հանեցին, մի աշտարակի երդիկը դրին՝ ասելով. «Որովհետեւ քաջ մարդ էր, առլեզները կիջնեն ու սրան կկենդանացնեն»։ Պահապան դրին եւ սպասում էին նրա հարությանը»։ Հրաշալի զրույցի հրաշալի վերջաբանը՝ հերոսի անմահության հանդեպ ժողովրդի նախաքրիստոնեական հավատքի շաղախի մեջ։ Այդպես՝ հայերի հիշողության մեջ անմահ է Արա Գեղեցիկ Աստվածը եւ պատմական անձը, Սասնա Մհերը կամ լայն առումով՝ Սասնա արքաների դյուցազնական զարմը…
Ֆիզիկական մահը դյուցազնի հետագա անմահության ու կյանքի նախերգանքն է միայն։ Դար ու դարեր են անցել այդ օրից, ճերմակ ձիավորը, ասք ու լեգենդ, պատմավեպի ու բանաստեղծության հերոս, դեռ շարունակում է իր հավիտենական ճանապարհը հենց այնպես, ինչպես կար՝ ռազմավարական արվեստի, հաղթանակի եւ բարոյականության մեծագույն դասեր տալով թշնամուն, վեհանձնությամբ զարմացնելով հանդիպածին։ Նրա ճերմակ նժույգը թեւավոր է եւ հերոսի հետ շարունակում է ճանապարհը՝ հեծվորի փառքը տարածելու բովանդակ Հայաստանի երկնակամարում։
Անդրանիկ զորավարն էլ ճերմակ նժույգ ուներ։ Ինձ թվում է, թե դա նույնն էր, Մուշեղ Մամիկոնյանի սիրած նժույգն էր եւ հեծվորն էլ նույնն էր՝ դարերի հոլովույթում ժողովրդական ստուգաբանությամբ Մուշեղ Մամիկոնյանի անունը Անդրանիկ Զորավարի տառադարձված։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #33 (1353) 19.08.2020 - 25.08.2020, Պատմության էջերից