Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԸ



ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԸՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր խոսքում նշեց. «Վստահ եմ, որ թիմերը մրցելիս կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով:

«Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը կչափեն գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ», ռազմամարզական «Աթլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար»  մրցաձևերում:

Խորագիր՝ #34 (1354) 26.08.2020 - 1.09.2020, Նորություններ


24/08/2020