«ԴՈՒՔ ՄԵՐ ՈՒԺՆ ԵՔ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»
Վայոց Ձորի մարզը, որի վարչական տարածքի մեջ են մտնում Ջերմուկ քաղաքը, Եղեգնաձորի եւ Վայքի շրջանները, զորակոչի համար ամենադժվար ժամանակներում անգամ կատարել է իր առջեւ դրված առաջադրանքները։ Մեր այցի օրը զորակոչային եռուզեռ էր Վայքում, որն ավելի տոնական էր դարձրել զորամասից ժամանած նվագախումբը։ Զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար։ Բանակ զորակոչվող հայորդիներին ճանապարհելու էին եկել հարազատներ, ընկերներ, բարեկամներ։ Մայոր Կամո Հակոբջանյանը, ով, ի դեպ, վերջերս է նշանակվել Վայքի զինվորական կոմիսար, բարեմաղթանքի վերջին խոսքերն է հղում հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող վայքեցիներ Տիգրան Ենոքյանին, Պարույր Պողոսյանին, Բորիս Դավթյանին, հերհերցի Էդգար Գրիգորյանին, կարմրաշենցի Արման Ղամբարյանին, զառիթափցի Գեւորգ Նավասարդյանին, խնձորուտցի Արարատ Սարգսյանին, գումքցի Կառլեն Վարդանյանին, կեչուտցի Արմեն Մեսրոպյանին…
Մարտական ուղի անցած զինկոմի համար թեպետ այս զորակոչն առաջինն է, այնուհանդերձ նա վստահ է, որ զինկոմիսարիատն ի զորու է կատարել առաջադրանքը։
Բորիս Դավթյանին ճանապարհելու է եկել ողջ ազգուտակը պապի՝ Բորիսի գլխավորությամբ։
-Թոռնիկ ջան, զինվորական ծառայությունից մինչեւ առնականություն, հայրենասիրություն մեկ քայլ է։ Եվ դու այսօր անում ես այդ քայլը։ Հիշի՛ր, որ դու ու քո ընկերներն եք մեր ուժն ու հպարտությունը։ Բարով գնաք, բարով վերադառնաք,- մաղթում է պապը, եւ հուզմունքը զսպելով՝ փարվում թոռանը։
Հակոբ եւ Զոյա Հակոբյաններն էլ բանակ են ճանապարհում իրենց թոռանը՝ Երեւանի տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Արման Հակոբյանին։
-Հայրենիքի զինվոր, հայրենիքի պաշտպան դառնալը մարդկային ամենամեծ բարեբախտությունն է,- թոռանն է դիմում տիկին Զոյան եւ շարունակում,- աղոթք եմ հղում առ Աստված, որ նրանք բոլորն էլ ողջ-առողջ վերադառնան իրենց օջախները։
Արման Ղամբարյանին, Պարույր Պողոսյանին եւ Արման Հունանյանին բանակ ճանապարհելու են եկել համադասարանցիները դասղեկի՝ ֆիզիկայի ուսուցչուհի Արեւիկ Շահնազարյանի եւ նրա ամուսնու՝ Դավիթ Մխիթարյանի հետ, որը շրջանի տրանսպորտային կազմակերպության աշխատակից է։
-Տղաները ավարտել են Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Հավաք են, կարգապահ ու խելացի։ Վստահ եմ, որ իրենց սահմանադրական ու քաղաքացիական պարտքը պատվով կկատարեն,- ասում է ուսուցչուհին։
Տիգրան Ենոքյանը մասնագիտությամբ պարուսույց է։ Վերջին յոթ տարին ապրել է Սեւերոդոնեցկում։ Արմենչիկը, Տարիելը, Վիլենը, Միլենան եւ Արտակը եկել են իրենց եղբորը բանակ ճանապարհելու։
Զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից մշտապես տարվող բացատրական աշխատանքները, գյուղական համայնքների հետ սերտ համագործակցությունը շարունակում են տալ դրական արդյունքներ։
Տարեցտարի ավելանում է հայրենիք վերադարձող զորակոչային տարիքի պատանիների թիվը։ Ջերմուկցի Ստեփան Ստեփանյանն ու գլաձորցի Մանվել Մարգարյանը՝ Սանկտ Պետերբուրգից, Էդգար Գրիգորյանը՝ Օրենբուրգից, Տիգրան Ենոքյանը՝ Սեւերոդոնեցկից կամավոր վերադարձել են եւ զորակոչվել բանակ։
-Նրանք վերադառնում են իրենց հայրենիք, եւ այս առումով հայ պատանու մտածողությունը շրջադարձորեն փոխվել է,- իր լավատեսությունը չի թաքցնում մայոր Հակոբջանյանը։
Եթե նախորդ զորակոչին այս զինկոմիսարիատում գրանցվել էր զորակոչից խուսափելու մեկ դեպք (մարտիրոսցի Եսոնիկ Մազմանյանը չի ներկայացել զորակոչին, եւ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ), ապա այս զորակոչի ընթացքում ամեն ինչ ընթանում է հարթ, եւ զինկոմը համոզված է, որ խուսափելու դեպք չի արձանագրվի։
Զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը համալրված է փորձառու մասնագետներով։ Հանձնաժողովի նախագահ Հրաչ Մանուչարյանը վստահեցնում է, որ զինակոչիկները զորակոչի ընթացքում ենթարկվում են մանրազնին հետազոտության։
-Այնուհանդերձ, առանձին դեպքերում անհրաժեշտություն է առաջանում որոշ նորակոչիկների ուղարկել Երեւան՝ լրացուցիչ հետազոտման,- ասում է նա։
-Վայքեցի Հայկ Հարությունյանը եւ ջերմուկցի Սուրիկ Առաքելյանը առողջական խնդիրներ ունենալու պատճառով մեկ տարի գտնվել են տարկետման մեջ եւ բուժման կուրսն ավարտելուց հետո միայն օրերս զորակոչվեցին բանակ,- ասաց զորակոչային բաժանմունքի պետ կապիտան Գագիկ Մանուկյանը։
Այս զորակոչի ընթացքում կենտրոնական հավաքակայանից առողջական վիճակի հետ կապված հետ են վերադարձվել չորս զինակոչիկներ, որոնցից երեքը կրկնակի բուժհետազոտում անցնելուց հետո արդեն զորակոչվել են, իսկ մեկը դեռ բուժհետազոտման մեջ է։
Զորակոչի ավարտին մնացել է մեկ շաբաթ, եւ ընթացքը ցույց է տալիս, որ Վայքի զինկոմիսարիատն այն հաջող անցկացնելու առումով խնդիրներ չի ունենա։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ