ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Խաչիձեին կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հաշվի առնելով երկու երկրների անվտանգության ապահովման փոխկապակցվածությունը՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: