ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ԱՍՔԱՆԱԶ ԳԵՈՐԳԻԻ (ԳԵՎՈՐԳԻ) ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1899թ. դեկտեմբերի 20-ին Արազափ գյուղում (Հոկտեմբերյանի շրջան), գյուղացու ընտանիքում։
Ասքանազ Գեորգիի Կարապետյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գեներալ-մայոր։
1920թ. եղել է Կարմիր բանակի՝ Ա. Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցի կուրսանտական դասակի հրամանատարը։ 1929թ. Թբիլիսիում ավարտել է ռազմաքաղաքական, իսկ 1937թ.՝ «Վիստրել» դասընթացները։
1941թ. մասնակցել է Մեծ հայրենականին՝ սեպտեմբերից մինչև 1942թ. մարտի 1-ը լինելով 199-րդ հրաձգային դիվիզիայի 617-րդ հրաձգային գնդի հրամանատար։ Փոխգնդապետ Ա.Կարապետյանը 1942թ. մարտին գործուղվել է և մասնակցել Մ.Վ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային առընթեր հրամանատարական կազմի վերապատրաստման 6-ամսյա դասընթացներին։ 1943թ. սեպտեմբերի 16-ից հաջորդաբար զբաղեցրել է 4-րդ մեքենայացված կորպուսի 60-րդ մեքենայացված բրիգադի հրամանատարի և 315-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալի, հրամանատարի պաշտոնները։
315-րդ հրաձգային դիվիզիայի (51-րդ բանակ, Ուկրաինական 4-րդ ռազմաճակատ) հրամանատարի տեղակալ, գնդապետ Ասքանազ Կարապետյանը 1943թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 1-ը կազմակերպել է թշնամու պաշտպանության ճեղքումը Միուս գետով՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարինովկա, Ստեպանովկա գյուղերի մոտ և հակառակորդի հակահարձակումների հետմղումը։
1943թ. սեպտեմբերի 1-22-ը Դոնբասն ազատագրելիս գնդապետը հմտորեն է իրականացրել մարտական գործողությունները։
1943թ. հոկտեմբերի 12-22-ը Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքի համար մղված մարտերի ժամանակ նա ղեկավարել է գրոհային խմբերի գործողությունները, որոնց ընթացքում ոչնչացվել են գրեթե 1000 հիտլերականներ, ավելի քան 70 տանկ, հակառակորդի մեծաթիվ զինտեխնիկա։
1943թ. նոյեմբերի 1-ին գնդապետ Ասքանազ Գեորգիի Կարապետյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ։
Պարգևատրվել է նաև Կարմիր դրոշի 3, Սուվորովի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով։
1943թ. նոյեմբերից գնդապետ Ա.Գ.Կարապետյանը եղել է 315-րդ Մելիտոպոլյան կարմրադրոշ հրաձգային դիվիզիայի հրամանատարը։
1944թ. նոյեմբերի 2-ին գնդապետ Ա.Գ.Կարապետյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
Պատերազմից հետո շարունակել է ծառայությունը բանակում, ուսուցանել է Մ.Վ.Ֆրունզեի անվան և Կ.Ե.Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիաներում։
1954թ. գեներալ-մայոր Ա. Գ.Կարապետյանը արձակվել է պահեստազոր։
Ապրել է Երևանում, գործուն մասնակցություն ցուցաբերել հասարակական կյանքում, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։
Մահացել է 1978թ. նոյեմբերի 1-ին։
Հերոսի անունով փողոցներ են կոչվել ու հուշատախտակներ փակցվել Երևանում, Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սնեժնոյե քաղաքում։ Եղել է Սնեժնոյեի պատվավոր քաղաքացի։
Խորագիր՝ #34 (1354) 26.08.2020 - 1.09.2020, Պատմության էջերից