ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1918թ. մայիսի 2-ին Կողբ գյուղում (Նոյեմբերյանի շրջան, Հայաստան)։
Ջահան Սարգսի Կարախանյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, սակրավոր, սերժանտ։
7-ամյա կրթությունն ստացել է գյուղում։
1938թ. զորակոչվել է Կարմիր բանակ, որի շարքերում 1939թ. մասնակցել է Արևմտյան Ուկրաինայում և Արևմտյան Բելոռուսիայում խորհրդային զորքերի ազատագրական ռազմարշավին, իսկ հետագայում՝ Խորհրդա-ֆիննական պատերազմին։ Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո՝ 1940թ. արձակվել է պահեստազոր։ Վերադարձել է հայրենի գյուղ և անցել խաղաղ աշխատանքի։
1941թ. դեկտեմբերի 25-ին Ջ. Ս. Կարախանյանը կրկին զորակոչվել է Կարմիր բանակ։ 1942թ. օգոստոսից եղել է գործող բանակում։ Մալգոբեկի, Թերեքի, Ազովի և Սև ծովերի առափնյա մարտերի մասնակից է։
Մարտնչել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում։
Հյուսիսային Կովկասի պաշտպանության օրերին՝ որպես սակրավոր, քանիցս թափանցել է հակառակորդի առաջնագիծ, վնասազերծել է ականադաշտը, ճանապարհ բացել ու անցել թշնամու թիկունք։
Աչքի է ընկել Թամանի թերակղզու համար մղված մարտերում։ Հակառակորդի թիկունքում՝ Նովոռոսիյսկում, դեսանտն ափ հանելիս Ջ. Ս. Կարախանյանն իր սակրավոր ընկերների հետ առաջինն է ոտք դրել ցամաքին և հիտլերականներին քշել տարածքից: Նրա անձնական արիության ու խիզախության շնորհիվ փրկվել է քաղաքային կամուրջը, որը թշնամին ցանկացել է պայթեցնել։
Մարտական ծառայության ընթացքում Ջահան Կարախանյանը վնասազերծել է 4500 ական։ Գործուն մասնակցություն է ունեցել Կերչի մարտական գործողություններում։
Կազմակերպել է հակառակորդի ականադաշտերում անցուղիների բացումը, որով ապահովել է յուրային հրաձգային ստորաբաժանումների հաջող առաջխաղացումը։ Նահանջող թշնամուն հետապնդելիս ականազերծել է 6 կամուրջ՝ նպաստելով յուրայինների հետագա հարձակմանը։
Զոհվել է 1943թ. դեկտեմբերի 22-ին, Բելոգորսկի շրջանի (Ղրիմ) Մեժգորյե գյուղի մոտ։
Մարմինը նախապես հողին են հանձնել Բակսի գյուղում։ Ավելի ուշ քաջորդու աճյունն ամփոփվել է Գլազովկա գյուղի (Լենինյան շրջան, Ղրիմ) եղբայրական գերեզմանոցում:
1944թ. մայիսի 16-ին Ջահան Սարգսի Կարախանյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ)։
Պարգևատրվել է նաև Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով (1944թ.)։
Կողբ գյուղում տեղադրվել է հերոսի կիսանդրին, դպրոցը կոչվել է նրա անունով։ Գյուղի թանգարանում նույնպես դրված է հմուտ սակրավորի ու անվախ ռազմիկի կիսանդրին, և ստեղծվել է նրա մասին վավերանյութերի հավաքածու։
Ջահան Կարախանյանի անունն է կրում նաև Գլազովկա գյուղի մի փողոց։
Խորագիր՝ #34 (1354) 26.08.2020 - 1.09.2020, Պատմության էջերից