Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՀԱՆՆԵՐ



ՎԱՀԱՆՆԵՐՎահանը մարդկության պատմության մեջ ստեղծված առաջին զինատեսակներից է, որը կոչված է պաշտպանելու զինվորին հատող, հարվածող կամ սաոը զենքերից։ Հնագույն վահանները պատրաստվել են փայտից կամ հյուսվել ծառի դալար ճյուղերով, ապա դիմացկուն դարձնելու նպատակով՝ պատվել կաշվով։ Մետաղամշակության զարգացմանը զուգահեռ կաշվին փոխարինել են մետաղյա թիթեղները, գործածվել են ամբողջովին մետաղյա վահաններ։ Տարբեր ժողովուրդներ զանազան ժամանակներում գործածել են բազմաձեւ՝ կլոր, գլանաձեւ, ուղղանկյուն, ձվածիր, բազմանկյուն եւ այլ տարբեր չափերի վահաններ։

Պահպանված գրավոր աղբյուրներն ու հնագիտական պեղումների արդյունքները որոշակի պատկերացում են տալիս Հնագույն Հայաստանի զինատեսակների, մասնավորապես՝ վահանների մասին։ Փայտից պատրաստված ճյուղերով կամ ճյուղերով հյուսված վահաններ, հասկանալիորեն, մեզ չեն հասել։ Գրավոր հուշարձանների հաղորդումներից զատ պահպանվել են մետաղյա վահաններ եւ արվեստի զանազան գործեր՝ արձանիկներ, քանդակներ ու դրվագումներ տարբեր իրերի վրա, որոնց ուսումնասիրությունից հայտնի են դառնում Հայաստանում գործածված հնագույն վահանների տեսակները, ձեւերն ու չափերը։

Հայաստանում գործածված վահանների տեսակներից մեկի մասին պատկերացում են տալիս Ք.ա. 2-րդ հազարամյակով եւ 1-ին հազարամյակի սկզբով թվագրվող գոտիները՝ գտնված Ստեփանավանից ու Նոյեմբերյանից։ Դրանց վրա դրվագված ջոկատների կռվի ու մենամարտի տեսարաններում զինվորները ձախ ձեռքով կրում են երկար, կիսագլանաձեւ վահաններ։ Նման վահանով է ներկայացված զինվորը Պառավաքարից գտնված բրոնզե մի արձանիկում (Ք.ա. 9-8-րդ դարեր), որում վահանի երկարությունը մոտավորապես հավասար է զինվորի հասակի կեսին։ Քանի որ Հայաստանի հնագույն բնակիչների միջին հասակը եղել է շուրջ 170 սմ, ապա կարելի է եզրակացնել, որ հիշյալ կիսագլանաձեւ վահանների բարձրությունը եղել է մոտ 85 սմ (հաշվարկը, հրապարակման մեջ բերված հնագիտական տվյալները վերցված են Ս. Եսայանի «Հին Հայաստանի զենքը» գրքից, Երեւան, 1986, ռուսերեն)։

Պառավաքարից եւ Այրումից գտնված բրոնզե արձանիկներից մի քանիսում զինվորներն ունեն չափերով ավելի փոքր եւ կլոր վահաններ։ Նման վահաններն, ըստ համեմատական հաշվարկի, ունեցել են 30-35 սմ տրամագիծ, իսկ կենտրոնում՝ ներսի կողմից՝ մի բռնակ: Այդպիսի վահաններով են պատկերված Արարատյան թագավորության զինվորներն Ասորեստանի արքա Սալմանասար Գ-ի՝ դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած արշավանքի դրվագված տեսարաններում։ Ի տարբերություն արձանիկների վահանների, դրանք դրսի կենտրոնից ունեն ելուստներ, որոնցով կարելի էր հարվածել հակառակորդին։

Առանձնապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում Արարատյան թագավորության հնավայրերից (Թոփրախ-կալե, Կարմիր բլուր, Կայալի-դերե եւ այլն) հայտնաբերված վահանները, որոնց տրամագիծը տատանվում է 0,7-1 մետրի սահմանում։ Սովորաբար, դրանք ունեն դուրս ծալված եզրաշուրթեր եւ կոնաձեւ ելուստ կենտրոնում, ներսի կողմից՝ երեք բռնակներ, որոնցից մեկը զինվորը պետք է բռներ դաստակով, իսկ մյուս երկուսը միացնող կաշվա գոտին պետք է սեղմեր ձեռքը վահանին։ Որպես օրինաչափություն, այդ վահաններին դրոշմված են պատերազմի գաղափարին առնչվող կենդանիների (արծիվ, առյուծ, ցուլ) եւ առասպելական էակների պատկերները։ Վահանները հաճախ ունենում են սեպաձեւ գրություններ՝ պատկանելության նշումով։ Օրինակ՝ Կարմիր բլուրից գտնված 14 վահաններից վեցը կրում են Արգիշտի Ա-ի, չորսը՝ Սարդուր Բ-ի, մեկը՝ Ռուսա Ա-ի, իսկ մնացած երեքը գրություններ չեն կրում: Առավել մեծ չափի վահաններն, ուսումնասիրողների կարծիքով, եղել են ոչ թե մարտական, այլ դեկորատիվ, որոնցով զարդարվել են տաճարների ու պալատների պատերը, իսկ հանդիսությունների ժամանակ դրանք կրել են նշանավոր զորականները կամ գուցե քրմերը։ Մեկ այլ կարծիքի համաձայն՝ մեծածավալ վահաններին դրվագված են օրացույցներ, իսկ պատկերված կենդանիների քանակը կապվում է աստղագիտական երեւույթների հետ։ Ասորեստանի արքա Սարգոն Բ-ն (Ք.ա. 8-րդ դար) հաղորդում է, որ Արարատյան թագավորության հոգեւոր կենտրոն Մուսասիրի տաճարը գրավելուց հետո, մեծաքանակ ավարի շարքում հափշտակել է նաեւ վեց ոսկյա վահան, որոնք կախված էին տաճարում, ունեին «շլացուցիչ փայլ» եւ 6,5 կգ քաշ, 12 ծանր արծաթյա վահան։ Թանկարժեք մետաղներից պատրաստված մեծարժեք վահաններից բացի, Սարգոնը որպես ավար տարավ նաեւ 25212 ծանր ու թեթեւ վահան։

Մետաղաձույլ վահաններից զատ, Ք.ա. 1-ին հազարամյակի սկզբներին շարունակվում էին գործածվել փայտյա կաշեպատ վահանները, որոնք մեզ չեն հասել, բացի կոնաձեւ ելուստից, որը պատրաստվում էր մետաղից, եւ ամրացվում փայտյա վահանին։

Վահանի կենտրոնից դուրս ցցված այդ ելուստների նշանակությունը մեծ է եղել վահանամարտում, որը հին Հայաստանում գոյություն ունեցած զենքերով մենամարտի տեսակներից էր։ Փաստորեն, այդպիսի վահանը կատարել է ոչ միայն պաշտպանողական դեր, այլեւ ունեցել է հարձակողական նշանակություն։

Նյութերի ուսումնասիրության հիման վրա կարելի է եզրակացնել, որ Հնագույն Հայաստանում գործածվել է վահանների երկու հիմնական տեսակ՝ կիսակոնաձեւ եւ կլոր։ Կլոր վահաններն իրենց հերթին կարելի է բաժանել խմբերի՝ մեկ եւ երեք (գոտիավոր) բռնակ ունեցողների, դրսից ելուստ ունեցողների ու չունեցողների: Հայկական լեռնաշխարհի հնագույն վահանները հետաքրքիր զուգահեռներ ունեն հարեւան երկրներում: Վահանը, հնագույն ժամանակներից մարտիկի համար ունենալով կարեւոր նշանակություն, ձեռք է բերել նաեւ որոշ խորհրդանշական ու խորհրդապաշտական իմաստ։ Մարտի գնացող ռազմիկը երդվել է վահանի վրա, վիրավոր կամ զոհված զինվորին մարտադաշտից տարել են վահանի վրա, զոհված հերոսի դին ծածկել են վահանով։ Ու թեպետ հրազենի զարգացմանը զուգընթաց վահանը դուրս մղվեց կիրառվող զինատեսակների շարքից, սակայն պահպանեց իր խորհրդանշական իմաստը։ Այսօր էլ պատերազմ մեկնող մարտիկը խոստանում է վերադառնալ «վահանով կամ վահանի վրա»…

 

ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1354) 26.08.2020 - 1.09.2020, Պատմության էջերից


27/08/2020