ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՊԱՇՏՊԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Կուրսանտ Ինգա Եփրեմյանը զինվորական հանդերձանքի կրման կանոններն ու տարբերանշաններից յուրաքանչյուրի տեղն ու նշանակությունը հինգ մատի պես գիտի:
-Բացվածքը պետք է լինի 7 սմ, արյան կարգը՝ ձախ, իսկ բանակի տարբերանշանը՝ աջ կողմում,- ներկայացնում է Ինգան և ոգևորված շարունակում նոր ստացած համազգեստը կարգի բերելու աշխատանքը:
Զինվորական դառնալու ուղին է ընտրել նաև Ինգայի մանկության ընկերուհին՝ Ջուլիետա Առուստամյանը:
-Վստահ եմ, որ պատվով կկրեմ զինվորական համազգեստը եւ հաճելիորեն կզարմացնեմ ու կուրախացնեմ ծնողներիս: Իհարկե, դժվարություններ շատ կան ու կլինեն, բայց պետք է հաղթահարեմ: Ընտրել եմ այս ուղին, ուրեմն անտրտունջ էլ կհաղթահարեմ այն: Լավ պիտի սովորեմ, որ նաև գիտելիքների առումով կարողանամ արժանիորեն շարունակել հայրիկիս գործը,- մեզ հետ անկեղծանում է Ջուլիետան:
Արցախից Երևան, Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանից՝ ռազմական համալսարան: Ինգայի և Ջուլիետայի սերն ու հետաքրքրությունը ռազմական ոլորտի հանդեպ սկիզբ է առել դեռևս դպրոցական տարիներից և խորացել ռազմամարզական վարժարանում ուսանելու տարիներին: Աղջիկների զինվորական կյանքի նոր էջն էլ «բացվել է» ռազմական համալսարանում՝ հստակ ուրվագծված նպատակներով և հայրենիքի նվիրյալ պաշտպան դառնալու վճռականությամբ:
-Հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է, և այդ գործում կապ չունի սեռը: Առյուծը առյուծ է՝ էգ լինի թե որձ ….Ամենակարևորը՝ լինես լավ սպա և կոչմանդ արժանի,- զրույցը թեժացնում է Ինգան, իսկ Ջուլիետան էլ շարունակում է.
-Դժվարություններ, իհարկե, կան, և մենք դրանք կհաղթահարենք: Վճռական եմ տրամադրված: Պետք է լավ սովորեմ, գիտելիքների այնպիսի պաշար ձեռք բերեմ, որ զորքերում ծառայելիս խնդիրներ չունենամ գիտելիքի առումով: Վճռական եմ, որովհետև հանձն եմ առել շարունակելու հայրիկիս գործը: Ընտանեկան ավանդույթի ուժով՝ զինվորական համազգեստ կրելու պատիվը հայրիկիցս՝ եղբորս, եղբորիցս էլ ինձ է փոխանցվել:
Ինգայի դեպքում պատկերը բոլորովին այլ է: Ընտանիքում զինվորականներ չկան: Սպա դառնալու որոշումը ինքնուրույն է կայացրել, և այդ հարցում ստացել է ծնողների լիակատար աջակցությունը:
-Դժվարությունները միայն հաղթահարելու համար են, և կհաղթահարենք,- վստահեցնում է Ինգան, որի նպատակասլացության մասին նաև կրծքանշաններն են խոսում: Ռազմամարզական վարժարանում ուսանելու տարիներին գերազանց պատրաստության շնորհիվ խրախուսվել է «Բանակի գերազանցիկ» ու «Լավագույն մարզիկ» կրծքանշաններով: Հրաձգությունից հանրապետական փուլում գրավել է 1-ին տեղը՝ 50 միավորից հավաքելով 49 միավոր, իսկ բազկամարտից էլ իր քաշային կարգում եզրափակել է ուժեղագույն եռյակը:
Լսարանից՝ հրապարակ. կուրսանտներն առաջին քայլերն են անում: Մոտ օրերս նրանց զինվորական կյանքի առաջին ու կարևոր պատասխանատու իրադարձությունն է սպասվում՝ երդման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ, պետք է շտկել կեցվածքը, սովորել պատվի առնելու, հրամաններն ու շարային դարձումները ճիշտ կատարելու կարգն ու առանձնահատկությունները:
Առավոտյան ֆիզպատրաստության, շարային պատրաստության, մարտավարական պարապմունքների ժամանակ ոչ մի բանով հետ չեն մնում տղաներից…
-Սրտի թրթիռով ենք սպասում երդմանը,- ընկերուհիներին է միանում Մելանյա Խաչանեսյանը:
Մելանյան Տավուշի մարզից է: Ինչպես մեր գեղեցկուհին շեշտեց, նաև այդ հանգամանքով ոգևորված է ընտրել զինվորականի մասնագիտությունը:
-Սահմանում ապրելու հանգամանքով պայմանավորված որոշեցի զինվորական կրթություն ստանալ: Որոշումս ինքնուրույն եմ կայացրել ու չեմ փոշմանել: Չորս տարի հետո, երբ ավարտեմ ռազմական բուհն ու լեյտենանտի ուսադիրներ ստանալով համալրեմ սպայակազմի շարքերը, դա կլինի իմ կյանքի փոքրիկ ձեռքբերումը, երկար ու դժվարին ճանապարհի հաջող մեկնարկը, -ասաց Մելանյա Խաչանեսյանը:
…Ուսումնական առօրյան ընդհատվում է ճաշի ժամով: Աղջիկներն արդեն հասցրել են հարմարվել զինվորական օրակարգին ու կարգացուցակին: Ռազմական համալսարանի պայմանների մասին դրական են արտահայտվում, ճաշացանկի մասին՝ նույնպես:
Առջևում կուրսանտների երդման արարողությունն է, որից հետո կուրսանտները, խորությամբ ըմբռնելով զինվորական երդման խորհուրդը, պատվով ու պատասխանատվությամբ հավատարիմ կմնան իրենց առաքելությանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #34 (1354) 26.08.2020 - 1.09.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում