ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇ` ԶՈՐԱՄԱՍԻՆ
Մարտական դրոշը խորհրդանշում է զինվորական պատիվն ու միասնականությունը, բարձրացնում է զորքի բարոյական ոգին ու մարտունակությունը։ Մարտական դրոշը քաջության ու փառքի խորհրդանիշ լինելով հանդերձ, նաև ռազմական ավանդույթների մարմնացումն է։
…Փոխգնդապետ Բաբկեն Ղարիբյանի հրամանատարությամբ գործող ԶՈՒ հատուկ նշանակության զորամասին, որն ընդամենը երկու տարվա պատմություն ունի, օրերս հանդիսավորությամբ հանձնվեց մարտական դրոշ։ 5-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հանձնեց մարտական դրոշը, ապա ընթերցեց պաշտպանության նախարարի վկայագիրը։
– Զորամասը թեև նոր է կազմավորվել, սակայն կարճ ժամանակահատվածում հասցրել է բարեհաջող կատարել առաջադրված բոլոր խնդիրները: Զորամասը կայացած է, ինչի մասին վկայում է 2020 թ. առաջին կիսամյակի ստուգումների արդյունքում ստացած լավ գնահատականը,- մեզ հետ զրույցում նշեց գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը:
Փոխգնդապետ Ղարիբյանը վստահ է. հատուկ նշանակության այս ստորաբաժանման յուրաքանչյուր մարտիկի համար մարտական դրոշը այսուհետ հայրենիքի պաշտպանի կոչումը բարձր պահելու և մարտական խնդիրները պատվով կատարելու նոր խթան կլինի։
-Մարտական դրոշը ավելի է պարտավորեցնում: Մեր անձնակազմը, մեր զինվորական ընտանիքն այսուհետև էլ մեծ ջանքեր կգործադրի առաջադրված մարտական խնդիրները գերազանց ու պատվով կատարելու համար: Շնորհակալություն վստահության համար, – ասաց երիտասարդ հրամանատարը:
Զորամասը կազմավորվել է 2018 թ.։ Նույն թվականից էլ ակտիվորեն մասնակցել է զորամիավորման պաշտպանության գոտու տարածքների վերահսկողության գործողություններին։
Հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց գործողություններով անփոխարինելի են։ Նրանք տիրապետում են զինվորական գրեթե բոլոր մասնագիտությունների նրբություններին, հիմնականում նրանց գործողություններից են կախված մյուս ստորաբաժանումների հետագա քայլերն ու ընդհանուր գործի հաջող ելքը:
Մի բան հստակ է. հատուկ նշանակության այս զորամասի զինծառայողները փորձառու են, թրծված եւ պատրաստ ցանկացած պահի ու ցանկացած վայրում կատարելու ցանկացած մարտական առաջադրանք։
ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Խորագիր՝ #34 (1354) 26.08.2020 - 1.09.2020, Ազգային բանակ