ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԻՆՁ ԼԱՎ ՈՐԴԻ ԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
Զրույց ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյանի հետ
-Արտասովոր մարդկանց հետ զրուցելիս ես միշտ հարցնում եմ, թե ինչպիսի՞ն են եղել նրանք մանկության ու պատանեկության տարիներին: Մտածում եմ, որ նրանք նույնքան արտասովոր են եղել կյանքի տարբեր փուլերում…
-Երբեք ոչ ոք չի ասել, որ ես արտասովոր երեխա եմ եղել: Շատ երեխաներ են ինձ պես զենք սիրում, տաշտշում են փայտն ու զենքեր պատրաստում: Շարժման ժամանակ էլ ես միակը չէի, որ փախչում էի տնից ու ինքնաշեն հրացանով բարձրանում սարերը:
Ես խաղաղ, բարի տղա էի, ինչպես լինում են բոլոր սիրված երեխաները: Երեք քույրերիս կրտսեր եղբայրն էի՝ ծնողներիս միակ արու զավակը ու միշտ շրջապատված էի ջերմությամբ, հոգատարությամբ:
-Ձեր համադասարանցին ասում էր, որ Դուք լիդեր էիք: Որ Ձեր խոսքը վճռական դեր ուներ ընկերական շրջապատում:
-Անկեղծ ասած՝ ես չեմ հիշում, որ զատվել եմ մյուսներից: Մենք ընկերներով լսում էինք միմյանց կարծիքը, ինչ-որ մեկը չէր ղեկավարում, ու դա շատ լավ էր: Ես սիրում եմ ընկերություն անել, շատ ընկերներ ունեմ, մեծ շրջապատ: Ընկերություն անելը նուրբ արվեստ է:
-Ո՞ր հատկանիշներն են բնութագրում ընկերությունը:
-Նույն հատկանիշները, որոնք բնութագրում են մարդկային հարաբերությունները առհասարակ, ազնվությունը, միմյանց օգնելու պատրաստակամությունը, անշահախնդիր նվիրումը: Մարդը պետք է ջանա իր վրա վերցնել ուրիշի հոգսը, ոչ թե իր հոգսը գցի ուրիշի ուսերին:
-Ե՞րբ ծնվեց զինվորական դառնալու միտքը, ինչպե՞ս ծնվեց:
-Իմ հերոսը Համբարձում պապս էր: Ի՞նչ մանկություն առանց հերոսի: Իմը Անդրանիկի զինվորն էր, որի քաջագործությունների մասին մայրս ու քեռիս բազմաթիվ պատմություններ էին պատմում: Իմ մտքով չէր անցնում, որ մի օր պապիս պես կկռվեմ մեր դարավոր թշնամու դեմ: Բայց նրա կերպարը՝ զինվորական համազգեստով, անվախ, իր հայրենիքի ու իր հրամանատարի փոխարեն մեռնելու պատրաստ, միշտ ինձ հետ էր:
-Հրամանատարի փոխարե՞ն:
-Սովորական բան է զինվորականի համար, բայց ես փոքր ժամանակ, բնականաբար, չգիտեի այդ մասին: Երբ դու մարտական առաջադրանք ես կատարում, այն հաջողությամբ ավարտելուց հետո երկրորդ կարևոր խնդիրը զինակիցներիդ կյանքը պահպանելն է:
-Թե՞ քո սեփական կյանքը:
-Դուք չեք հասկանա, կմտածեք՝ ամպագոռգոռ բառեր եմ ասում:
-Ասե՛ք, կհասկանամ:
-Պիտի կատարես առաջադրանքը ու այնպես անես, որ բոլորդ ողջ մնաք: Սա լավագույն տարբերակն է, բայց եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը պիտի զոհվի, ավելի լավ է՝ դու զոհվես, քան զինակից ընկերդ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև, երբ դու զոհվում ես, հաղթած ես, երբ ընկերդ է զոհվում, մեղքի զգացումը քեզ հանգիստ չի տալիս: Պիտի գլխահակ կանգնես նրա մոր, երեխայի առաջ: Սարսափելի ծանր է: Ես առաջին անգամ այդ զգացողությունը ապրեցի, երբ ժամկետային զինծառայող էի: 1995 թվականին եմ զորակոչվել: Խնդրեցի, որ ինձ ընդգրկեն հետախուզական վաշտում: Հակառակորդը անընդհատ դիվերսիոն գործողություններ էր կազմակերպում: Զոհեր, զոհեր…Տղաները, որ քիչ առաջ ուրախ նստած էին կողքիդ, ապագայի մասին էին պատմում, վերադառնում էին տուն՝ եռագույն դրոշի մեջ փաթաթված… Իմ մեջ ինչ-որ նոր զգացում արթնացավ: Մի նոր ուժեղ բան:
-Անունը վրե՞ժ էր:
-Անկեղծ ասած՝ ավելի շատ թշնամու աչքը վախեցնելու ցանկություն էր, քան վրեժ: Ադրբեջանցուն զսպելու ուրիշ ձև չկա, պիտի հարվածին ավելի ուժեղ հարվածով պատասխանես: Պիտի վախեցնես: Ու իմ կյանքը դարձավ պատժիչ գործողություն, երբ ընդամենը 18-19 տարեկան էի: Զորացրվելուց հետո մտածում էի, որ երբեք այլևս բանակ չեմ վերադառնա: …Բայց քո կյանքում կա մի մայրուղի, որը սահմանված է ի վերուստ, և որից խուսափել չես կարող, որովհետև բոլոր ճանապարհներդ բերելու են նույն տեղը:
-Բանա՞կ…
-Հա: 2006-ին նորից զինվորական համազգեստ հագա: …Կյանքը երկու կողմ ունի: Դու ապրում ես խաղաղության մեջ ու չգիտես, որ կա մի ուրիշ կյանք՝ ապրել-մեռնելու սահմանագծին, որտեղ ուրիշ մարդիկ են ապրում, որտեղ ամեն ինչ ուրիշ է, նույնիսկ՝ ժամանակի վազքը:
-Ուրիշ՝ ինչպիսի՞ն:
-Նրանց կյանքը բաժանված է երկու մասի: Մի կեսը սահմանին է, մյուս կեսը՝ տանը: Եղել է՝ թշնամու հետ ձեռնամարտի եմ բռնվել, զգացել եմ նրա շունչը դեմքիս:
-Ձեզ ի՞նչն է պահում սահմանին:
-Ես շատ խաղաղասեր մարդ եմ, սիրում եմ ընտանիքս, սիրում եմ ընկերներիս, սիրում եմ կյանքը: Իմ տարերքը բնավ էլ սահմանին չէ: Բայց ինչ-որ մեկը պիտի պահի սահմանը: Ինչ-որ մեկը պիտի փակի թշնամու ճանապարհը: Սա ծանր, վտանգավոր գործ է: Ուրիշն ինչո՞վ է առավել ինձնից, որ ես այդ գործը թողնեմ նրան, ուրիշի արյունը իմից կարմի՞ր է:
-Դուք «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան ունեք, «Մարտական հերթապահության» 1-ին աստիճանի մեդալ, «Մարշալ Բաղրամյան» մեդալ…
-Երբ հակառակորդն սկսում է ակտիվանալ, դու մտածում ես, որ հերթական մեդալը կա՛մ կրծքիդ կկախեն, կա՛մ բարձիկի վրա:
-Փաստորեն, Ձեր տավուշյան սխրանքը ամենամեծն էր, ամենափառավորը:
-Մարտ եմ ղեկավարել: Առաջադրանքը կատարել ենք առավելագույն արդյունավետությամբ, նույնիսկ վիրավոր չունեինք: Պիտի խոստովանեմ՝ ծանր մարտ էր: Ու շատ կարևոր:
-Ի՞նչ էին խոսում գերագույն հրամանատարն ու սպան հաղթական մարտերից հետո:
-Հանդիպումը կարճ էր, բայց տպավորիչ: Անկեղծ ասած՝ երբեք մտքովս չէր անցնի, որ ինձ կներկայացնեն Ազգային հերոսի կոչման, որովհետև ես կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները, ինչպես միշտ, ներդրել եմ ամբողջ ուժերս, որ մարտական առաջադրանքը ավարտեմ առավելագույն ձեռքբերումներով: Սա իմ կյանքն է, իմ առօրյան:
-Դեռ երեկ Դուք բոլորից մեկն էիք, այսօր Ազգային հերոս եք… Ի՞նչ եք զգում:
-Պատասխանատվություն: Վախեցնող պատասխանատվություն: Երբ քեզ հետմահու են Ազգային հերոսի կոչում տվել, կարող ես հանգիստ ննջել. մարդիկ կհյուսեն կերպարդ ամենագեղեցիկ գծերով: Թերություններդ կմոռանան, նոր առաքինություններ կվերագրեն քեզ: Իսկ երբ ողջ ես, պիտի կարողանաս ժողովրդիդ հերոսը լինել ամեն պահի, ամեն տեղ: Այս ամենն այնքան մեծ պարտավորություն է, որ տեղ չի թողել ուրախանալու կամ հպարտանալու:
-Ձեր աղջկան հարցրի՝ շա՞տ ես հպարտանում, որ Ազգային հերոսի աղջիկ ես: Պատասխանեց՝ դեռ չեմ հասցրել ինչ-որ բան զգալ, ուղղակի շատ ուրախ եմ, որ հայրիկը տանն է: Հաճա՞խ եք բացակայում տնից:
-Այո՛: Երեխաներս ինձ շատ են կարոտում: Իսկ տղաս ի՞նչ պատասխանեց՝ հպարտանո՞ւմ է ինձնով:
-Արտյոմն ասաց, որ միշտ էլ հպարտացել է Ձեզնով: Բայց, ասաց՝ ծրագրավորողի մասնագիտությունն եմ ընտրել:
-Կարևորը՝ լավ մարդ դառնա: Սիրի իր ընտանիքն ու հայրենիքը: Սա կատարյալ բանաձև է, որովհետև հայրենիքի հանդեպ սերը ամենալավն է հղկում մեզ: Նա դեղ է, որը ոչնչացնում է բոլոր բացասական հատկանիշները քո հոգում:
-Որպես Ազգային հերոս՝ ի՞նչ կասեք ժողովրդին:
-Շնորհակալություն, որ ինձ լավ որդի եք համարում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #34 (1354) 26.08.2020 - 1.09.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում