Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՔԱՆԻ՞ ԶԻՆՎՈՐ Է ԿՈՐՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ



Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության՝ նոյեմբերի 4-ին հրապարակած տվյալների համաձայն՝ անցած ամիս ադրբեջանական բանակում զոհվել է 3 զինվոր, երկուսը վիրավորվել են: Ընդ որում, այդ կորուստները որակվում են որպես հայկական կողմից արձակված կրակի հետևանք: Սակայն ադրբեջանական բանակի կորուստները հաշվառում են նաև «voskanapat.info» կայքի աշխատակիցները: Նրանց տվյալները ներկայացնում ենք ընթերցողի ուշադրության:

Հոկտեմբերի 5 – Ադրբեջանցի դիպուկահարի կրակից զոհվում է ԼՂՀ ՊԲ զինծառայող Յուրի Սարգսյանը, վիրավորվում են զինծառայողներ Հենրիկ Խաչատրյանն ու Խաչատուր Սուքիասյանը: Հայկական կողմի պատասխան պատժիչ գործողությունների արդյունքում սպանվում են ադրբեջանցի դիպուկահարներ Նովրուզ Ալիևը և Սուլեյման Ասքերովը:

Հոկտեմբերի 6 – Իբր թե ընտանեկան վեճից հետո սեփական տանը կախվելու միջոցով ինքնասպան է լինում ադրբեջանցի զինծառայող Մադաթ Վելիևը: Նա ադրբեջանական բանակի այս տարվա «հոբելյանական»՝ 100-րդ զոհն էր:

Հոկտեմբերի 10 – Գյանջայի զինվորական հոսպիտալում Ադրբեջանում տարածված արյան հիվանդությունից մահանում է զինծառայող Անար Ռաջաբովը:

Հոկտեմբերի 11 – ԼՂՀ Ակնայի (Աղդամ) սահմանահատվածում հրազենային վերքից մահանում է ադրբեջանցի զինծառայող Մահմուդ Մարդալիևը:

Նույն օրը երեկոյան ավտովթարից մահանում է ադրբեջանցի 1 զինծառայող, 9 վիրավորվում են, երկուսի վիճակը խիստ ծանր է:

Հոկտեմբերի 13 – Զորամասում` նորոգման աշխատանքներ կատարելիս, իբրեւ թե անզգուշության պատճառով վայր է ընկնում ու մահանում շարքային Օրխան Սամեդլին:

Հոկտեմբերի 15 – Ավտոմեքենան ձորն ընկնելու հետևանքով մահանում է զինծառայող Ջավադ Ահմեդլին:

Հոկտեմբերի 27 – «Ռեզինի հարվածից» մահանում է զինծառայող Ջավիդ Ալիևը:

Հոկտեմբերի 28 – «Էլեկտրական հոսանքահարումից» մահանում է զինծառայող Թալեխ Հուսեյնբալազադեն: Նրա ծնողները հրաժարվում են հուղարկավորել որդուն, քանի որ դիակի արտաքին տեսքն ու վիթխարի կապտուկները ստիպում էին կասկածի տակ առնել պաշտոնական վարկածի ճշմարտացիությանը: Սակայն զինկոմիսարիատի աշխատակիցները բռնի ուժով հուղարկավորում են Թալեխին՝ ծնողներին խոստանալով, որ նրանց որդուն կտրվի շեհիդի կարգավիճակ, քանի որ նա, իբր, զոհվել է ընկերոջը փրկելիս: Թե ում և ինչպես է փրկել՝ չի ասվում:

Հոկտեմբերի 30 – Հիվանդանոց տանելու ճանապարհին մահանում է զինծառայող Ռաուլ Աղաևը: Նույն օրը Գյանջայի զորամասում` իբր հիվանդությունից մահանում է 26 օր ծառայած Ռուսլան Քերիմովը:

Այսպիսով, հոկտեմբեր ամսին ադրբեջանական բանակում մահացել է առնվազն 12 զինծառայող: Սա զոհերի իրական թիվը չէ, քանի որ, օրինակ, հոկտեմբերի սկզբին Նախիջևանի գործարաններից մեկում հրդեհ է եղել, և, «voskanapat.info»-ի տվյալներով, ողջ-ողջ այրվել է երկու զինծառայող, որոնք ներգրավված էին արտազորամասային աշխատանքներում: Բայց քանի որ նրանց անունները հայտնի չեն, վերոնշյալ ցուցակում չեն ներառվել:

Փաստորեն, 2011թ. 10 ամսվա ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 109 զինծառայող: Եթե այս միտումը պահպանվի (ամսական միջինում 11 զոհ), ապա կարելի է գնահատել ադրբեջանական բանակի մեկ տարվա զոհերի քանակը՝ 130:

Ա.Յ.

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Ռազմաքաղաքական


16/11/2011