ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային Ծառայության` Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության կենտրոնակայանում ամփոփվեցին անցնող տարում սահմանապահ վարչության գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Խլեվնյուկը, ՌԴ ԱԴԾ` Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանը, ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, ԱԱԾ շտաբի պետ գնդապետ Վալերի Աթալյանը եւ համագործակցող կառույցների այլ ներկայացուցիչներ:
Ծանրակշիռ են սահմանապահ վարչության օպերատիվ-ծառայողական գործունեության ցուցանիշները: Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանում սահմանապահ ջոկատների պատասխանատվության գոտիներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անցագրային կետերում պետական սահմանը խախտած ավելի քան 600 անձ է բռնվել, առգրավվել է ավելի քան 800 000 ռուբլի արժողությամբ մաքսանենգ ապրանք, շուրջ 7 կիլոգրամ թմրանյութ եւ հոգեմետ դեղամիջոցներ: Անցնող տարում հայ-թուրքական եւ հայ-իրանական ուղղություններում Հայաստանի Հանրապետության սահմանի հուսալի պահպանության խնդիրը կատարված է:
Խորհրդակցության ժամանակ սահմանապահ վարչության ղեկավարը նշեց, որ այն ամենը, ինչ 2010 թ. իրենց հաջողվեց անել պետական սահմանի պահպանության, կադրերի պատրաստման, կարգապահության եւ իրավակարգի ամրապնդման ոլորտներում, սպաների, վարչակազմի բաժինների ու ծառայությունների, զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարների, ի վերջո՝ սահմանապահ վարչության յուրաքանչյուր զինծառայողի վաստակն է:
Գեներալ-լեյտենանտ Վ. Վլասովը առանձնապես խոսեց այն օգնության մասին, որ իրենց ցուցաբերում են ՀՀ ԱԱԾ, ՊՆ, Ոստիկանության, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի մարզերի ղեկավարները, Արմավիրի քաղաքապետը, նաեւ նշեց սահմանի հուսալի պահպանության գործում տեղի բնակիչների վիթխարի ներդրումը, նրանց ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը «կանաչ գլխարկների» առաքելությանը, ինչը փաստվել է սահմանի եւ սահմանային ռեժիմի խախտողների վնասազերծման կոնկրետ օրինակներով:
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայություն
Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Ազգային բանակ, Նորություններ