ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ…
Ապարանով ռազմի դաշտ մեկնելիս Շիրակի Մանթաշի ջոկատների տղաները կանգնում էին, տեսնում Լյուդա մայրիկին, առնում նրա օրհնությունը եւ բռնում ռազմի ճամփան։ Մեքենան նստելիս նրանք գիտեին, որ Լյուդա մայրիկը դույլով ջուր պիտի շաղ տա իրենց հետեւից, որ անփորձանք հետ գան։ Ու տղաներն այդ հավատով մեկնում էին պատերազմ։ Այդպիսի զորեղ հավատով էին նրանք հանդիպում Լյուդա մայրիկին, հավատում այդ բարի կնոջ խոսքին, օրհնանքին։ Երբ Ապարանի ջոկատի տղաները (հրամանատարը որդին էր՝ Ռազմիկ Պետրոսյանը) մեկնում էին ռազմի դաշտ, հանկարծ ու Լյուդա մայրիկը ճանապարհողներից մեկնումեկին տեսներ լաց լինելիս կամ արցունքն աչքերին։ Այդ պահին այդ բարի, քչախոս կինը մեկեն փոխվում էր, սկսում էր հանդիմանել.
-Չտեսնեմ թաց աչքերով, արցունքով կռիվ ճամփեք։ Ով լացում է, թող վերցնի իր որդուն, իր ամուսնուն ու տուն տանի, հանկարծ լացով ճամփա չդնեք։ Լացը լաց է բերում, այդպե՞ս չէ մեր ողջ պատմությունը։ Լաց մի՛ եղեք, եթե ձերը մեկն է, իմը՝ չորսն են (Լյուդա մայրիկի երեք զավակների՝ Արամի, Ռազմիկի, Արսենի հետ ռազմի դաշտ էր մեկնում նաեւ աղջկա՝ Սուսաննայի ամուսինը՝ Վահագնը)։
Այսպես էր ամեն անգամ ռազմի դաշտ ճանապարհում ջոկատների տղաներին Լյուդա մայրիկը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր