Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Ւ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ «LAND WARRIOR» ԾՐԱԳԻՐԸ



1990-ականներից սկսած` մարտում զորքերի կառավարման համար սկսեցին կիրառվել բազմաթիվ համակարգչային տեխնոլոգիաներ: Հիմնական նպատակը զորքի արդյունավետ գործողության գործակիցը բարձրացնելն էր, ինչպես նաև հետևակի դերը մարտի դաշտում մեծացնելը:

Համակարգչային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում մեծացավ զինվորի կենսունակությունը մարտի դաշտում: Առավել հայտնի է «Land Warrior» համակարգչային ծրագիրը, որն առաջին անգամ կիրառվեց ԱՄՆ բանակում 2000թ, եւ որի հիմնական գործառույթը իրավիճակի լիակատար վերահսկումն է մարտի դաշտում, ինչպես նաև մանրակրկիտ տեղեկությունների փոխանցումը իրավիճակի փոփոխությունների մասին: «Land Warrior» ծրագրի գլխավոր առավելություններից է թվային քարտեզների արտաբերումը էկրանին:

Զինվորի զենքին ամրացվում է հատուկ սարք, որն իր մեջ ընգրկում է ջերմացուցիչ նշանոց, տեսախցիկ, թվային էկրան, լազերային հեռաչափիչ, համակարգչային կողմնացույց: Այն ունի նաև հավելյալ հնարավորություններ, բացի ձայնային հաղորդակցումից զինվորը կարող է ստանալ նաև մարտի դաշտի եռաչափ մոդելավորումը և տեղեկություններ հակառակորդի գտնվելու վայրի մասին: Ծրագիրը անխափան է գործում եղանակային ցանկացած պայմաններում: Անգամ տեսանելիության բացակայության դեպքում զինվորը կարող է մարտական առաջադրանք կատարել` նախապես տեղեկություններ ունենալով հակառակորդի գտնվելու վայրի մասին: Ղեկավարման կետից մարտի դաշտը հիշեցնում է համակարգչային խաղ: Ստորաբաժանումների հրամանատարները կարող են հետևել իրենց ենթակաների գործողություններին, հրահանգներ արձակել և վերահսկել իրադրությունը:

Ծրագրի փորձարկումները աննախադեպ արդյունքներ գրանցեցին: Սովորական սպառազինությամբ զինվորի համեմատ` «Land Warrior» սարքավորումներով զինված զինվորը մեծ առավելություն գրանցեց: Կրակային պատրաստության արդյունքները ցույց տվեցին դիպուկ կրակի վարման բարձր ցուցանիշներ:

Բայցեւայնպես, լայնամաշտաբ կիրառման ժամանակ առաջացան մի շարք խնդիրներ: Մասնավորապես` քարտեզի թարմացումը տեղի է ունենում շատ դանդաղ: Բազմաթիվ սարքերի միաժամանակյա օգտագործումը հանգեցնում է ընդհանուր ծրագրի դանդաղեցմանը, ինչը մարտում ճակատագրական է: Բացի այդ, տեխնոլոգիաների մեծ քանակությամբ կիրառման հետևանքով զգալիորեն մեծանում է նաև սարքավորման քաշը, իսկ ծրագրային և աշխատանքային ծանրաբեռնվածությունը հանգեցնում է մարտկոցների կենսունակության անկմանը:

Հաշվի առնելով բոլոր թերությունները` ծրագիրը դադարեցվեց: Սակայն վստահորեն կարելի է ասել, որ «Land Warrior» ծրագիրը մեծ խթան հանդիսացավ ռազմական նպատակներով համակարգչային ծրագրերի կիրառման ոլորտում: Ներկայումս «Land Warrior» ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվում անհատական ստորաբաժանումների համար: ԱՄՆ զինված ուժերը մտադիր են զարգացնել այս ծրագիրը մի քանի հատուկ ջոկատներում կիրառության համար:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Ռազմական


16/11/2011