ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսին:
Դավիթ Տոնոյանը ողջունել է դեսպանին պաշտպանության նախարարություն առաջին այցելության կապակցությամբ և շնորհավորել ռազմական կցորդին Հայաստանում առաքելությունն ստանձնելու առթիվ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համագործակցության միջոցառումների անհապաղ վերսկսումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների և քննարկումների իրականացումը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները: Դեսպան Տուրնակիսն իր հերթին անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող իրավիճակին։