Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՈՒԺԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ



Զինծառայողի անհատական առանձնահատկություններն ուսումնասիրելու վերաբերյալ շարունակում է պարզաբանումներ տալ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

– Պարոն Մարգարյան, մեր նախորդ զրույցում խոսեցինք անձնավորության հոգեկան հատկություններից մեկի` ուղղվածության մասին և խոստացանք անդրադառնալ նաև մյուսներին:

– Այո, հերթը խառնվածքինն է, որի դրսևորումներն առավել շուտ են աչքի զարնում: Դրանք են` զսպվածությունը կամ դյուրաբորբոքությունը, դանդաղաշարժությունը կամ արագաշարժությունը, համբերատարությունը կամ անհամբերատարությունը: Խառնվածքն արտաքուստ դրսևորվում է մարդու ուժի, արագության, շարժման ու մտածողության մեջ, ինչպես նաև նրա խոսքի, քայլվածքի, դիմաշարժության դինամիկայում:

– Ինչո՞վ է պայմանավորված խառնվածքը:

– Մարդու նյարդային համակարգի հատկություններով, ինչպիսիք են գրգռման և արգելակման պրոցեսների ուժը, հավասարակշռվածությունը և շարժունությունը:

– Իսկ ինչպե՞ս են դրանք դրսևորվում գործնականում:

– Ուժը` դիմացկունության, աշխատունակության, հոգնելիության, հավասարակշռվածությունը՝ համբերատարության, զսպվածության, նստաջանության, միալար տրամադրության, շարժունությունը` հակազդման արագության, զգացմունքների հեշտ փոփոխման, նոր հմտությունների ձևավորման արագության միջոցով:

– Խառնվածքների տեսակները երևի բոլորն էլ գիտեն` խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ: Հետաքրքիր է, նյարդային համակարգի ի՞նչ տեսակ է համապատասխանում դրանցից յուրաքանչյուրին:

– Խոլերիկ խառնվածքը ձևավորվում է ուժեղ, շարժուն, սակայն չհավասարակշռված տիպի նյարդային համակարգի հիմքի վրա` արգելակման պրոցեսի նկատմամբ գրգռման պրոցեսի գերակշռությամբ, այսպես ասած` «անզուսպ» տիպի բարձրագույն նյարդային գործունեություն` ԲՆԳ: Սանգվինիկ խառնվածքը ձևավորվում է ուժեղ, հավասարակշռված, շարժուն տիպի նյարդային համակարգի հիմքի վրա` «աշխույժ» տիպի ԲՆԳ: Ֆլեգմատիկ խառնվածքը ձևավորվում է ուժեղ, հավասարակշռված, սակավաշարժուն տիպի նյարդային համակարգի հիմքի վրա` «հանգիստ» տիպի ԲՆԳ: Եւ մելանխոլիկ խառնվածքը ձևավորվում է թույլ տիպի նյարդային համակարգի հիմքի վրա, որը բնութագրվում է նյարդային պրոցեսների թուլությամբ` «թույլ» տիպի ԲՆԳ:

– Մարդուն ճանաչելու համար բավարա՞ր է նրա խառնվածքը որոշելը:

– Իհարկե ո՛չ: Խառնվածքի առանձնահատկությունները բացահայտում են միայն մարդու վարքի դինամիկան, նրա հոգեկանի շարժուն կողմը, այսինքն` դրսևորման ձևը, և չեն կարող բնութագրել զինծառայողի անձի ամբողջ բովանդակությունը` նրա ուղղվածությունը, բնավորությունը:

– Իսկ կարելի՞ է ասել, որ, օրինակ, ֆլեգմատիկ խառնվածքով մարդն ավելի կարգապահ է, քան խոլերիկը: Նկատի ունեմ, որ մեկը հավասարակշռված նյարդային համակարգ ունի, մյուսը` ոչ:

– Ո՛չ: Գիտակից, կարգապահ կարող են լինել և՛ խոլերիկ, և՛ մելանխոլիկ, և՛ սանգվինիկ, և՛ ֆլեգմատիկ խառնվածքով զինծառայողները: Այլ հարց է, որ խառնվածքի առանձնահատկություններն էապես ազդում են զինծառայողի բնավորության այս կամ այն գծերի ձևավորման վրա: Օրինակ` զինծառայողի բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են տոկունությունը, համառությունը, կարելի է շատ ավելի հեշտ և արագ ձևավորել ֆլեգմատիկի, քան սանգվինիկի մեջ: Սանգվինիկի մեջ, ընդհակառակը, հեշտ է ձևավորել մարդամոտությունը, հետաքրքրասիրությունը, անկեղծությունը: Եռանդունությունը, նպատակամղվածությունը ավելի հեշտ են ձևավորվում խոլերիկի, քան այլ խառնվածքի անհատների մեջ: Մելանխոլիկի մեջ լավագույնս ձևավորվում են նրբազգացությունը, բարությունը, հարաբերություններում հաստատունությունը, վստահելիությունը:

– Փաստորեն, խառնվածքը բնածին է (քանի որ բնածին է նյարդային համակարգը), իսկ բնավորության գծերը` ձեռքբերովի՞:

-Այո՛. խառնվածքը` որպես անձնավորության բնածին հատկություն, ազդում է բնավորության գծերի ձևավորման ու դրսևորման ձևի վրա: Ի դեպ` զինծառայողների մեջ ձևավորվող կարևոր գծերից են աշխատասիրությունը և գործունությունը: Դրանք առավելապես դրսևորվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև այլ զինվորական գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևով:

– Ուրեմն չի կարելի պահանջել, որ բոլոր զինծառայողները նույն ժամանակում, նույն արագությամբ հարմարվեն բանակային կարգապահության պահանջներին:

-Անշուշտ: Սակայն զինծառայողի անձի կարևորագույն գծերից մեկը` կարգավարժությունը, կձևավորվի այնքան արագ և հիմնովին, որքան շուտ հրամանատարը օգնի նրան հասկանալ, որ բանակային ծառայությունը բարոյական ու ֆիզիկական ուժերի զգալի ճիգեր, ենթարկվելու կարողություն, կարգապահական նորմերի կատարում պահանջող ամենօրյա աշխատանք է:

– Իսկ ի՞նչն է նպաստում, որ զինծառայողն արագորեն «մերվի» բանակային կոլեկտիվին:

– Կոլեկտիվիզմը և ընկերասիրությունը բանակում դաստիարակվում են հետաքրքրությունների, հայացքների ընդհանրության հիմքի վրա և հիմնականում` ընդհանուր խնդիրների լուծման ժամանակ: Համատեղ գործունեության ընթացքում առաջանում են միանման զգացումներ, մեկը մյուսին նեցուկ լինելու և դժվարությունների դեմ պայքարում փոխադարձ օգնություն ցուցաբերելու ձգտում:

-Սովորաբար ինչքա՞ն ժամանակ է պահանջվում դրա համար:

-Ծառայության ընթացքում ընկերության զգացումը զինծառայողի մեջ ձևավորվում է աստիճանաբար` կոլեկտիվի և հրամանատարների պահանջների ազդեցության ներքո, երբ նա ձեռք է բերում կոլեկտիվում վարքի համապատասխան փորձ, և դրա համեմատ նվազում է նրա անհատապաշտության արտահայտվածությունը: Զինվորական կոլեկտիվի համախմբման առումով աշխատանքի արդյունքները նկատելի են դառնում միայն ծառայության առաջին կիսամյակի վերջում:

-Պարոն Մարգարյան, Դուք «բնավորություն» և «բնավորության գիծ» հասկացությունները կարծես թե օգտագործում եք որպես հոմանիշներ, այո՞:

-Խիստ ասած` դրանք տարբեր հասկացություններ են: Բնավորությունը անձնավորության հարաբերականորեն կայուն հոգեկան հատկությունների համակարգ է, որն իր կնիքն է դնում նրա բոլոր գործողությունների և այլ մարդկանց հետ ունեցած հարաբերությունների վրա: Բնավորությունը անձնավորության կենտրոնական, առանցքային հատկությունն է, որն իմանալով` հրամանատարը կարող է մեծ հավանականությամբ կանխատեսել զինծառայողի վարքը: Իսկ բնավորության գիծը բնավորության` որպես համակարգի տարրն է: Բնավորության հակոտնյա գծեր են` զինվորական պարտքի զգացում-անտարբերություն, սկզբունքայնություն-անսկզբունքայնություն, պատասխանատվության զգացում-անպատասխանատվություն, կարգապահություն-անկարգապահություն, ակտիվություն-պասիվություն, մարդամոտություն-ինքնամփոփություն, բացորոշություն (անկեղծություն, պարզություն)-ծածկամտություն և այլն: Սրանց ձևավորումը կախված է զինծառայողի նկատմամբ շրջապատի վերաբերմունքից ու ձևավորված հարաբերություններից:

– Իսկ ինչպե՞ս ճանաչել կամային անձնավորություններին:

– Բնավորության կամային գծերի շեշտվածության պարագայում զինծառայողի արարքները և գործերը համապատասխանում են նրա նպատակներին, տեսակետներին, համոզմունքներին: Սովորաբար նա աչքի է ընկնում իր նպատակամղվածությամբ և հաստատակամությամբ: Հակառակ դեպքում զինծառայողի գործն ու խոսքը չեն համընկնի: Նման անձանց բնորոշ են անհետևողականությունը, վճռի կայացման ժամանակ երկարատև վարանումները, մի ծայրահեղությունից մյուսն ընկնելը: Դա բացատրվում է նրանց չափազանց դյուրազգացությամբ և հուզականությամբ: Նման զինծառայողների մեջ հարկավոր է ձևավորել վճռականություն, ինքնուրույնություն, իր ուժերի նկատմամբ վստահություն:

– Փաստորեն, բնավորության կամային գծերը կապված են մյուսների` սկզբունքայնության, պատասխանատվության զգացումի, կարգապահության հետ:

– Իհարկե: Բնավորության գծերը միմյանց հետ մշտապես գտնվում են հարաբերության և փոխադարձ կապի մեջ: Եթե այդ գծերը դիտենք մեկը մյուսից անջատ, ապա հնարավոր չի լինի որոշել մարդու բնավորությունը: Սպան պետք է կարողանա որոշել զինվորի բնավորության հիմնական գծերը, որոնք, զուգակցվելով այլ գծերի հետ, մի անհատին տարբերում են մյուսից: Նման գծերից են աշխատասիրությունը, համեստությունը, կարգապահությունը, հաստատակամությունը և այլն:

– Եւ ոչ միայն կարողանա որոշել, այլև ձևավորել նոր գծեր: Սպան պետք է կարողանա մա՞րդ «կերտել»:

– Ինչո՞ւ եք զարմանում. անհատականությունը հանդես է գալիս բնավորության գերակշռող, գլխավոր գծերի միջոցով, սակայն վերն արդեն նշեցինք, որ մարդու բնավորությունը նրա բնածին և հաստատուն հատկությունը չէ, այլ ձևավորվում է սոցիալականացման, այն է` ամբողջ կյանքի ընթացքում, ընդսմին հնարավոր է դա անել նպատակաուղղված կերպով:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
փոխգնդապետ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


16/11/2011