Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՊԱՐՏՔԸ



Քսան տարին քիչ ժամանակ է պատերազմական վերքերը բուժելու համար։ Խոսքը, իհարկե, մարմնական վերքերի մասին չէ, այլ հոգու… Այս վերքերը երբեք չեն սպիանում, եւ մեր՝ յուրաքանչյուրիս պարտքն է գոնե ինչ-որ չափով սպեղանի դնել հայրենիքի համար զենք վերցրած ազատամարտիկների, նրանց ընտանիքի վերքերին։ Ահա հենց սա է մեր` ՀՀ «Ազատամարտի վետերանների միություն» հասարակական կազմակերպության խնդիրը, ի դեպ, նաեւ յուրաքանչյուր հայի։

Ես, որպես մեր կազմակերպության Սյունիքի մարզային կառույցի ղեկավար, շատ ավելի մոտիկից եմ ճանաչում մեր հերոսներին ու մեկ-մեկ գիտեմ, թե ինչպես են ապրում, շնչում նրանց ընտանիքի անդամները, եւ պետք է խոստովանեմ, որ մեր մեկնած օգնության ձեռքը, մեր արածը շատ չնչին է նրանց հսկայական վաստակի համեմատ։

Վերջերս մեր կազմակերպության մարզային կառույցը ամփոփեց իր մեկ տարվա գործունեությունը՝ ՀՀ «ԱՎՄ» ՀԿ նախագահ Հ. Գրիգորյանի եւ փոխնախագահ Բ. Մուրադյանի ներկայությամբ։ Ես հաշվետվության ընթացքում մանրամասն թվեր, տվյալներ ներկայացրի մեր մեկ տարվա աշխատանքների մասին։ Եվ թվարկում էի, թե քանի ազատամարտիկ վետերան է պարգեւատրվել ՀՀ ՊՆ մեդալներով, քանիսն են պարգեւատրվել «Մայրական երախտագիտություն» մեդալով, քանի ազատամարտիկ՝ «ԱՎՄ» մեդալով, քանիսն են արժանացել շնորհակալագրի, պարգեւների ու նվերների։ Մեկ-մեկ աչքիս առաջ անցնում էին այդ մարտիկները, նրանց ծնողները, երեխաները, տեսնում էի նրանց դեմքերը, նրանց տները, ապրուստը։ Ես այդ ժամանակ մեկ անգամ էլ պարզորոշ հասկացա, որ մենք, եթե անգամ տասնապատկենք մեր եռանդն ու ջանքերը, մեր ուշադրությունը, բազմապատկենք մեդալների քանակը, դարձյալ չնչին չափով վարձահատույց եղած կլինենք մեր ազատամարտի տղաներին։ Նրանց վաստակը ոչ մի օգնությամբ՝ մանավանդ ֆինանսական, չես փոխհատուցի ու գնահատի։ Սակայն ինձ ուրախացնում է մի ուրիշ հանգամանք. գնալով ավելանում է այն մարդկանց ու կազմակերպությունների թիվը, որոնք ուզում են եւ ցանկություն ունեն իրենց լուման ներդնելու ազատամարտի հայ վետերանների օգնության գործում։

Բոլորին չթվարկեմ, բայց ասեմ, որ միայն «Վոլդ Վիժն» կազմակերպության գրասենյակի օգնությամբ մենք կարողացանք Հայոց բանակի օրվա կապակցությամբ մեր կազմակերպության ավելի քան 100 անդամ նվերներով պարգեւատրել։ Այս տարվա ընթացքում մենք կարողացել ենք անվճար ուղեգրեր ձեռք բերել եւ մի շարք ազատամարտիկների ու նրանց ընտանիքի անդամների հանրապետության տարբեր առողջարաններ հանգստի ուղարկել, նույնիսկ մի քանիսին աշխատանքի տեղավորել։ Եվ ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն հիմնարկ-ձեռնարկություններին, անհատ ձեռներեցներին, որոնք անարձագանք չեն թողել մեր կազմակերպության դիմումները։

Մեր աշխատանքի լավագույն գնահատականը ինձ՝ որպես մարզային կառույցի ղեկավարի, Արցախյան գոյամարտին երկու զավակ նվիրաբերած Վաղարշակ Հայրապետյանի շնորհակալական խոսքն էր։ Դա իսկապես անկեղծ գնահատանք էր, որը մեզ շատ ոգեւորեց։

Հիշենք՝ մենք չենք օգնում վետերաններին, մենք նրանց ենք վերադարձնում մեր պարտքը։ Ահա սա է մեր հավատամքը։

Ռ. ՏՈՆՈՅԱՆ
ՀՀ «Ազատամարտի վետերանների
միություն» ՀԿ Սյունիքի
մարզային կառույցի նախագահ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Բանակ և հասարակություն


16/11/2011