ՈՐՈՇՎԵՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ»
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն՝ յուրաքանչյուր տարի «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում անցկացվում է զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը: Երրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր խոսքում նշեց.
-Վստահ եմ, որ թիմերը մրցելիս կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով:
Այս տարի մրցույթին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Թիմերի միջև լուրջ մրցակցություն ծավալվեց: Մրցումներն անցկացվեցին Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը չափեցին գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ», ռազմամարզական «Աթլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում: Մրցույթն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը։ Զինծառայողները ժամանումից անմիջապես հետո հանձնեցին COVID-19-ի թեստ, և բոլորի պատասխանները բացասական էին, ուստի, միջոցառման ժամանակ նրանց թույլատրված էր դիմակ չկրել։
Առաջին օրը մասնակիցները բացազատեցին ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվեցին մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ: Նույն օրն սկսվեց մրցութային ծրագիրը, և առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում հավաքական թիմերի ներկայացուցիչները ներկայացան ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով: Ժյուրիի գնահատականների համադրումից հետո տվյալ մրցափուլի հաղթող ճանաչվեց Հայաստանի թիմը:
Միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ հաջորդ օրը ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվեց ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Չորս պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարեցին տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Այստեղ արդեն առաջատարը Ռուսաստանի Դաշնության թիմն էր:
Օգոստոսի 26-ին «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլում մասնակիցներն իրականացրին պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերեցին առաջին բուժօգնություն: Այս փուլում առավել հաջող հանդես եկավ Բելառուսի թիմը՝ ստանալով անհատական վարպետության համար ամենաբարձր գնահատականներն ու ամենաքիչ տուգանային միավորները:
Օգոստոսի 27-ին մասնակիցներն ուժերը չափեցին «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում: Բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ նրանք հաղթահարեցին բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի առավ մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:
«Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում լավագույն արդյունք գրանցեց և հաղթող ճանաչվեց ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Անհատական հաշվարկով նույնպես հայ զինծառայողները լավագույնն էին՝ կանանց մրցապայքարում առաջին, տղամարդկանց մրցապայքարում` առաջին երեք մրցանակային տեղերը:
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում» «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո մրցաձևի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի Դաշնության թիմը: Երկրորդ տեղում` Բելառուսի, երրորդ տեղում` Հայաստանի թիմերն էին:
Չորս պետությունների զինծառայողները մրցում էին ոչ միայն ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 28-ին կայացավ ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվեց թեստավորման ձևաչափով` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Յուրաքանչյուր թեստում 12 հարց էր, որից երեքը միմյանց տվել էին մրցող թիմերը: Հարցերն առավելապես Հայրենական մեծ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ էին:
Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցեց Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հունաստանն էր: Հայկական թիմն այս մրցաձևում երրորդն էր:
Մրցաձևի ավարտին թիմերի անդամները շրջեցին «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացան Հայրենական մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:
«Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվեց ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը: Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերը չափեցին մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտեցին ելույթները տվյալ մրցափուլում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը լավագույն արդյունքը գրանցեց:
Երկրորդ օրը տղամարդիկ ուժերը չափեցին ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը՝ նրանք ԱԿ-74 ինքնաձիգով կատարեցին թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:
Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեց Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն էր, իսկ ՀՀ զինված ուժերի թիմը եզրափակեց ուժեղագույն եռյակը:
Օգոստոսի 31-ին անցկացվեց մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցեցին 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվեց հնգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ էին Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Բելառուսի, երրորդը՝ Հայաստանի Հանրապետության թիմի զինծառայողներն էին:
Միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-ին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:
Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշեց, որ այս տարի մրցույթն անցկացվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է առաջացրել թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար:
-Հայաստանի պաշտպանության նախարարությունն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մենք ըմբռնումով մոտեցանք այն փաստին, որ նախօրոք հայտագրված մի քանի պետություններ հրաժարվեցին թիմեր ուղարկել համավարակի սահմանափակումների հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած խիզախության և վճռականության համար: Ուրախալի է, որ երրորդ տարին անընդմեջ մրցույթին մասնակցում է Հունաստանի թիմը: «Էրուդիտ» մրցաձևում թիմը երկրորդ տեղն զբաղեցրեց՝ ցուցադրելով փայլուն գիտելիքներ Երկրորդ համաշխարհային պատերազմի և մարդասիրական իրավունքի ոլորտում: Պատրաստության և մասնագիտական վարպետության բարձր մակարդակ ունեցող բելառուսական հավաքականին այս տարի երևի թե մի փոքր բախտը չժպտաց: Հայկական զինծառայողներին գովելու հարցում ես միշտ զուսպ եմ, սակայն չեմ կարող առանձին չնշել ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանի ելույթը, որն անհատական հաշվարկում հաղթող է: Շնորհակալություն ծառայության համար: Դե, իսկ ռուսական հավաքականը վստահ և վաստակած հաղթանակ տարավ՝ գրանցելով պատրաստության ամենաբարձր մակարդակը: Բոլորիդ նոր ձեռքբերումներ եմ մաղթում,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովն իր խոսքում ասաց.
-Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան դժվար է եղել մրցույթի կազմակերպումը անվտանգության ապահովման լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում: ՌԴ պաշտպանության նախարարի անունից շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին՝ անկախ զբաղեցրած հորիզոնականից, չէ՞ որ մասնակցությունն այս մրցույթին արդեն հաղթանակ է:
Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ երրորդ տարին անընդմեջ լավագույնը ՀՀ զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երկրորդ տեղում ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է, երրորդը հույն սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է: Տղամարդկանց անհատական պայքարում մրցանակային բոլոր տեղերը Ռուսաստանի մասնակիցներինն են. առաջին տեղ՝ ենթասպա Սերգեյ Սմիրնով, երկրորդ տեղ՝ լեյտենանտ Գերման Դավիդով, երրորդ տեղ՝ ավագ լեյտենանտ Միխայիլ Իվանով:
Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2020» մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքական թիմը:
…Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:
«Խաղաղության մարտիկ-2020» մրցույթն արդեն պատմություն է: Վստահ ենք՝ մասնակիցները Հայաստանից հեռանում են վառ և անմոռանալի տպավորություններով ու զգացումներով: Իսկ մրցույթի յուրաքանչյուր օր փաստել է, որ ռազմամարզական միջոցառումները միշտ եղել են ընկերականության, գեղեցկության, ֆիզիկական կատարելագործման ձգտման յուրահատուկ խորհրդանիշ:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ
Խորագիր՝ #35 (1355) 2.09.2020 - 8.09.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում