ՄԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑԱՆ
Զրույց ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ
-Պարոն Ավթանդիլյան, այս զորակոչն ավարտվեց: Համավարակի հետ կապված դժվարություններին գումարվեցին Տավուշյան մարտական գործողությունները: Ձեր ղեկավարած զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունը կարողացա՞վ անհրաժեշտ քանակությամբ զինակոչիկների ճանապարհել բանակ այս իրավիճակում:
-Արդեն զորակոչն ավարտվել է, ու պիտի հպարտությամբ արձանագրենք, որ ունենք զորքերի համալրման բավականին բարձր ցուցանիշ, շատ ավելի բարձր, քան ապահովել ենք նախորդ տարիների համեմատաբար խաղաղ ու նպաստավոր պայմաններում իրականացրած զորակոչերի ժամանակ: Կարող է անհավանական թվալ, բայց առկա խնդիրներն առավել արդյունավետ լուծելու, սպասվող դժվարություններին դիմակայելու նպատակով մենք կենտրոնացրել էինք զգալի ներուժ:
-Իսկ հնարավոր եղա՞վ լիովին բացառել կորոնավիրուսով վարակված զինակոչիկների մուտքը զորքեր:
-Զորակոչի ընթացքում մենք հետևողականորեն իրականացրինք կորոնավիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
-Խոսքը ձեռքերի պարբերական ախտահանման, դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու մասի՞ն է:
-Ոչ միայն: Կորոնավիրուսով վարակված զինակոչիկների մուտքը զորքեր բացառելու համար կատարվեցին մի շարք հետազոտություններ, ընդհուպ հակամարմինների առկայության ստուգումը զինակոչիկների օրգանիզմում, և սահմանվեց 14-օրյա կարանտին՝ մինչև զորամաս մտնելը:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ներդրվեց մի նորամուծություն, որը շատ արդյունավետ էր: Խոսքը զորակոչիկների վիճակահանության ընթացքին հետևելու նոր կարգի մասին է: Նախկինում ծնողները զորահավաքակայանում էին հետևում ծառայության վայրը որոշելու վիճակահանությանը, այս զորակոչին ծնողները վիճակահանությունը դիտեցին զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային բաժիններում: Այս նորամուծությունը պայմանավորված էր մարդկանց շարժը համավարակի ժամանակ նվազեցնելու, Կենտրոնական հավաքակայանի մոտ մարդկանց կուտակումները բացառելու նպատակով: Բայց զուգահեռաբար լուծվեցին նաև մի շարք այլ խնդիրներ: Օրինակ՝ եթե նախկինում Մեղրիում բնակվող ծնողը կտրվում էր գործից, ահագին ճանապարհ էր կտրում, գումար էր ծախսում, որ հասներ Երևան ու տեսներ վիճակահանության ընթացքը, ապա այս զորակոչին նա հնարավորություն ունեցավ առանց բնակության վայրից հեռանալու հետևել վիճակահանությանը:
-Ենթադրվում է, որ այդ կարգը կպահպանվի նաև համավարակից հետո:
-Իհարկե, այսուհետև մեր հանրապետության տարբեր մարզերի բնակիչները զորակոչի օրերին ստիպված չեն լինի գալ մայրաքաղաք:
-Տավուշյան մարտական գործողությունները սկսվեցին զորակոչի ժամանակ: Դրանք որևէ կերպ ազդեցի՞ն զորակոչի ընթացքի, զինակոչիկների ու նրանց ծնողների տրամադրության վրա:
-Նրանք, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի հոգեկերտվածքին, գիտեն, թե մենք ինչպես ենք համախմբվում, երբ հայրենիքին վտանգ է սպառնում, ինչ նվիրումով ենք կատարում հարազատ հողը պաշտպանելու սրբազան պարտքը: Նույնը եղավ նաև Տավուշյան մարտական գործողություների ժամանակ: Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ բանակ ենք ճանապարհում հայրենասեր, տղամարդկային բարձր արժանապատվությամբ տոգորված, քաջ, հայրենիքի պաշտպանության գործին ամենաթանկը տալու պատրաստ զինվորների: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր ժողովուրդը՝ զորակոչիկների ծնողները, կամավոր, գիտակցված, վստահաբար ու խիզախորեն իրենց զավակներին են հանձնում հայրենիքի սահմանները անառիկ պահելու, իրենց հայրենակիցների անվտանգ կեցությունը ապահովելու պարտքը: Առհասարակ, այսօր ժողովրդի ոգին շատ բարձր է: Իր անվտանգությունը, իր այսօրն ու իր ապագան սեփական ձեռքերով կերտելու հասարակության ինքնավստահությունն ու կամքը ակնառու էր զորակոչի օրերին:
-«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը գործել է մինչեւ 2019 թ. տարեվերջ եւ ներառել է ժամկետային զինծառայությունից խուսափած այն զինակոչիկներին, որոնց զորակոչային սահմանային տարիքը՝ 27 տարեկանը, լրացել է մինչեւ 2019 թ. մարտի 1-ը: Այսինքն՝ զինծառայությունից խուսափած և զորակոչային տարիքը լրանալուն սպասող զինակոչիկների՝ գումարի փոխհատուցմամբ քրեական պատասխանատվությունից ազատվելու հույսը մարեց: Մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք կանխատեսում էիք, որ այս առնչությամբ կավելանա զինակոչիկների հոսքը արտերկրից: Կորոնավիրուսի առկայությունը չխանգարե՞ց, որ Ձեր սպասելիքները արդարանան:
-Պետք է նշեմ, որ արտաքին գործերի նախարարությունը գերազանց աշխատեց զորակոչի օերերին ու ամենայն արդյունավետությամբ ապահովեց զորակոչվելու նպատակով մեր քաղաքացիների տեղափոխությունը Հայաստան: Բոլոր դեսպանատները, հյուպատոսությունները մեծ պատրաստակամությամբ ու արագ կազմակերպեցին անհրաժեշտ ընթացակարգերը, և իրենց զինվորական պարտքը կատարել ցանկացող ՀՀ քաղաքացիները արտերկրից հատուկ չվերթներով եկան Հայաստան ու զորակոչվեցին: Մեր սպասելիքները արդարացան. համավարակի պայմաններում հայրենիք վերադարձած զորակոչիկների թիվը, իրոք, մեծ էր:
-Պարոն Ավթանդիլյան, մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը ղեկավարելու իրավունքը զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունից առողջապահության նախարարությանը փոխանցելը կբերի մի շարք դրական հետևանքներ, մասնավորապես՝ վերջնական որոշումները կլինեն ավելի ճիշտ և արդար: Այս զորակոչի ընթացքում նվազե՞լ են ծնողների բողոքները՝ կապված զինակոչիկների առողջական խնդիրներ հետ:
-Տրամաբանական է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը ղեկավարի մասնագետը, և բժշկական հետազոտություններ իրականացրած կառույցը ամբողջովին ստանձնի պատասխանատվությունը վերջնական որոշումների համար: Այստեղ խնդիրը դիմում-բողոքների նվազումը կամ աճը չէ, այլ դրանց որակական կողմը: Վստահաբար կարող եմ ասել, որ այս զորակոչի ընթացքում զորակոչիկների հետազոտություններն ու վերջնական որոշումները առավել ճշգրիտ էին ու արդարացի՝ անկախ բողոքների քանակից: Միշտ չէ, որ բողոքները պայմանավորված են բժշկական հանձնաժողովների աշխատանքով ու արդարացի են: Բայց եթե ծնողը կարիք ունի մեկ անգամ ևս համոզվելու, որ իր որդու վերաբերյալ ճիշտ որոշում է կայացվել, թող դիմի ու փարատի իր կասկածները: Խնդիրն այն է, որ մենք այս ոլորտում չբախվենք բացթողումների ու սխալների: Ու ձևավորենք վստահություն զորակոչային բժշկական հանձնաժողովների գործունեության նկատմամբ:
-Որևէ ասելիք ունե՞ք զինակոչիկներին:
-Հույս ունեմ, որ Տավուշյան կռվում խայտառակ պարտություն կրելուց ու մեծ մարդկային կորուստներ ունենալուց հետո Ադրբեջանի ժողովուրդը կհասկանա, որ յուրաքանչյուր առճակատում Հայկական բանակի հետ խլելու է իր զավակներին կյանքը, ողբով է լցնելու հասարակ ադրբեջանցիների տները: Ադրբեջանի ժողովուրդն իր ռազմաքաղաքական ղեկավարության ցնորամիտ արկածախնդրության պատճառով շատ ծանր գին է վճարում ու պիտի ամեն ինչ անի՝ զսպելու Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունն ու ադրբեջանական բանակի ոտնձգությունները մեր սահմաններին: Ես ուզում եմ, որ մեր զինվորները ծառայեն խաղաղության պայմաններում: Բայց եթե Ադրբեջանի բանակը նորից հայտնվի մեր տարածքներում, ապա զինվորներին կոչ եմ անում այնպիսի հակահարված տալ հակառակորդին, որ այլևս չկարողանան ոտքի կանգնել: Ջարդե՛ք մեր հողը մտած թշնամու ողնաշարը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #35 (1355) 2.09.2020 - 8.09.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում