ՔԱՐՎԱՃԱՌԻ ԱՐԾԻՎԸ
1964թ. փետրվարի 27-ին Սարիղամիշից գաղթած եւ Գյումրիում հաստատված Մինասյանների ընտանիքում ծնվում է երկրորդ զավակը: Ալեքսանդրն ու Լաուրան դեռ չէին որոշել, թե ինչպես են կոչելու իրենց որդուն. «Փոքրիկս նորածինների բաժնում էր, դեռ անուն չուներ, մեկ էլ ամուսնուս քույրը՝ Լիդան, երկտող է ուղարկում հիվանդասենյակ. «Շնորհավորում եմ Վահագնի ծնունդը»: Փետրվարի 27-ը, ըստ հայկական հին օրացույցի, Վահագն աստծո անունը ուներ: Այդպես էլ մեր որդուն կնքեցինք Վահագն»,-հիշում է մայրը՝ Լաուրան:
Արդեն երկու տարեկան էր Վահագնը, երբ ծնողների հետ հաստատվեց Երեւանում. պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտած հայրը բնակարան էր ստացել Աջափնյակ թաղամասում եւ աշխատանքի անցել Ֆիզիկայի ինստիտուտում. «Մեր թաղամասը փռված է Զանգվի ափին, սա դրախտային վայր է՝ ծառաշատ, միշտ զգում ես բնության շունչը: Այստեղ է որդիս մանկապարտեզ եւ դպրոց հաճախել, թենիս եւ բռնցքամարտ պարապել, մշակույթի տանը երաժշտության ու նկարչության դասերի հաճախել»,-պատմում է տիկին Լաուրան եւ մտովի տեղափոխվում իր կյանքի այն հատվածը, որտեղից ապրելու ներուժ է ստանում այսօր:
Վահագնը սիրում էր նկարել եւ արձանիկներ քանդակել: Այդ ձիրքը նրան փոխանցվել էր հորեղբայր Հովհաննես Մինասյանից՝ ճանաչված եւ գնահատված նկարիչ-մոնումենտալիստից: «Ահա Վահագնիս նկարները,-ցույց է տալիս մայրը,-միայն բարություն, մարդկային հոգատարություն է պատկերված մանկական երեւակայությունը արտահայտող այս պատկերներում»: Սակայն պետք է նշել, որ Վահագնը նույնչափ հետաքրքրված էր մարտարվեստով եւ զինվորական գործով, քանի որ Մարտիրոս պապն էլ զինավարժ էր եղել: Նրա մանկության ալբոմում բանակի տոնին նվիրված մանկապարտեզի հանդեսից մնացած հին ու բարի լուսանկարներն են, որտեղ փոքրիկը զինվորական համազգեստով, երկարաճիտ կոշիկներով, զինվորական գոտին կապած, աստղազարդ գլխարկ դրած, խրոխտ կանգնած է շարքում. հայացքում դրոշմված է նվիրումն ու հպարտությունը:
Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Վահագնը 1981թ. ընդունվում է Սումի քաղաքի Ֆրունզեի անվան հրետանային-հրամանատարական բարձրագույն ռազմական ուսումնարան, որը ավարտելով՝ ստացել է լեյտենանտի կոչում՝ «Մարտավարական-հրամանատարական հրետանի» մասնագիտությամբ: Այնուհետեւ ծառայությունը շարունակել է Հեռավոր Արեւելքում՝ Պրիմորսկում տեղակայված հրետանու զորքերում:
Վահագնը արդեն հմուտ էր եւ մասնագիտական գերազանց գիտելիքների համար արժանացել էր գնահատանքի, բայց որոշում է է՛լ ավելի կոփվել եւ զեկուցագրի համաձայն` մեկնում է Աֆղանստանի Ղանդահար քաղաք, որտեղ մասնակցում է մարտական գործողությունների: «Նա մեզ հավաստիացնում էր, թե Մոնղոլիայում է ծառայում, քարտեզից ինչ-որ քաղաքների անուններ էր գրում, որ հավատանք, չէր ուզում անհանգստանանք: Երբ վերադարձավ, միայն այդ ժամանակ իմացանք, որ դիմակայել է 70 աստիճան շոգը, ռմբահարումն ու գնդակոծությունները»,-ասում է տիկին Լաուրան, ապա ցույց տալիս որդուն գրված նամակները. որդու խնդրանքով մայրը հայկական երգերի բառերն էր ուղարկում՝ «Լեռներ հայրենի», «Կիլիկիա», «Որպես արծիվ սավառնում ես», որը հոր սիրած երգն էր. այդ մասին գիտեին նաեւ գյումրեցի հարեւանները եւ Ալեքսանդրին «արծիվ» էին ասում, իսկ Արցախյան պատերազմում արդեն Վահագնին կնքեցին Քարվաճառի արծիվ: Մայրն իր նամակներում պատմում էր նաեւ Հայաստանում տիրող ծանր իրավիճակի մասին՝ երկրաշարժ, շրջափակում, չհայտարարված պատերազմ: 1989թ Վահագնը գալիս է Հայաստան, չնայած նրան ուզում էին ուղարկել Նովոսիբիրսկի իրավաբանական ֆակուլտետում ուսումը շարունակելու եւ պետանվտանգության մարմիններում աշխատելու:
Նա զինակից աֆղանցիների հետ ստեղծում է «Ասպետ» կազմակերպությունը եւ դիմագրավում է խորհրդային զորքերի ներխուժմանը Երեւան՝ վիրավորվելով գլխից:
Վահագնը մշտական գրանցում է ստանում Հադրութի շրջանի Սպիտակաշեն գյուղում եւ մասնակցում ինքնապաշտպանական մարտերին, իսկ հայրը զենքեր էր նորոգում, կիրառելի դարձնում եւ ուղարկում ճակատ: Լինելով խորհրդային բանակի կադրային սպա՝ նա իր ծառայություններն է առաջարկում նորաստեղծ բանակին: 1992 թ ներկայանում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորաստեղծ հրետանու վարչության պետ գնդապետ Վլադիմիր Հայրապետյանին եւ գործնական առաջարկներ անում:
Որպես զորամասի դիվիզիոնի շտաբի պետ` մասնակցում է ՀՀ սահմանամերձ շրջանների եւ Արցախի համար մղվող մարտերին. «Որդուս մարտկոցը մարտերի ժամանակ ոչնչացրել է թշնամու երկու «Գրադ» կայանք եւ այլ տեխնիկա՝ պատճառելով զգալի կորուստներ: 1993թ. Օմարի լեռնանցքում մեր դիրքերը թուլացան, որդիս այդ ժամանակ եկել էր տուն՝ մեզ, կնոջն ու Սիրանույշ դստերը տեսնելու: Ամուսինս նրան ասաց՝ գնա, պարտության վտանգ կա: Որդիս մեկնեց Քարվաճառ»: Վահագնի նախանշած կետերում տեղադրեցին մարտական տեխնիկան, որը դիմադրում էր թշնամուն, սակայն 1994 թ. հունվարի 19-ին ուժերի անհավասարության պատճառով զոհվում են մարտընկերները, գնդացրորդներից մեկը: Վահագնը վերցնում է գնդացիրն ու շարունակում կռվել: Նա երկու գնդացիրների կրակահերթերով կասեցնում էր թշնամու առաջխաղացումը, որպեսզի տղաները կարողանան նահանջել: Ապահովելով ընկերների անկորուստ նահանջը` ընկավ Քարվաճառի արծիվը՝ մեզ պարգեւելով հաղթանակի վայելքը…
ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով Վահագն Ալեքսանդրի Հակոբյանին հետմահու շնորհվել է «կապիտան» զինվորական կոչումը: Ազատամարտիկը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ «Արիության» մեդալներով:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ