Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԿԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ



Ցրտաշունչ ձմեռ ու փոթորիկ է,
Տոկա՛, զինվոր, տոկա՛,
Տոկա՛, եղբայր իմ։

Թշնամին դաժան, թշնամին նենգ է,
Տոկա՛, զինվոր, տոկա՛,
Տոկա՛, եղբայր իմ։

Երբ մահվան քինոտ նետը քեզ գտավ,
Արդար ու կարմիր արևածագ էր։
Ցնծա՛, զինվոր, ցնծա՛,
Ցնծա՛, եղբայր իմ։

Կապույտ սարերն ու կանաչ դաշտերն են
Քո տունը, տեղը, քո գերեզմանը։
Վե՛ր կաց, վե՛ր, զինվոր,
Վեր կաց, եղբայր իմ։

Ա՜խ, ահասարսուռ, ահեղ ու ծանր է
Քո՛ լռությունը, քո՛ լռությունը։
Երգի՛ր, զինվոր, երգի՛ր,
Երգի՛ր, եղբայր իմ։

Դո՛ւ ես քո երկրի պատիվն ու խիղճը,
Գեղարդը, տեգը, սուրն ու վահանը։
Առա՛ջ, զինվոր, առա՛ջ,
Առա՛ջ, եղբայր իմ։

Բըռանդ մեջ է սուրը հատուցման,
Գոռ Բելը ահա ոտքերիդ տակ է։
Զարկի՛ր, զինվոր, զարկի՛ր,
Զարկի՛ր, եղբայր իմ։

Գիտցի՛ր, պաշտելի ու սուրբ անունդ
Քո ժողովրդի հոգում-սրտում է։
Գիտցի՛ր, զինվոր, գիտցի՛ր,
Գիտցի՛ր, եղբայր իմ։

Փռված է քո դեմ ճամփան հավերժի,
Մեր աչքը սակայն դռան շեմքին է։
Դոփի՛ր, զինվոր, դոփի՛ր,
Դոփի՛ր, եղբայր իմ։

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Հոգևոր-մշակութային


16/11/2011