ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻՆ
Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայյան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:
Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձևաչափով հանդիպում առաջինն է, և վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, իսկ նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը:
Դավիթ Տոնոյանը հանդես է եկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաև արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման վերաբերյալ համառոտ ելույթով:
Նիստի շրջանակում ստորագրվել են ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում մի շարք փաստաթղթեր: ՌԴ ՊՆ մասնագետները պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին ներկայացրել են կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութի մշակման և փորձարկման մանրամասներ:
Նիստի մասնակիցներն այցելել են նաև մերձմոսկովյան ՌԴ ԶՈւ գլխավոր տաճար և «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիր:
Դավիթ Տոնոյանը «Հիշողության ճանապարհ» համալիրի ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին տվյալներ:
«Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիրն ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով: Այժմ այն ներառում է 33 միլիոն գրառում և լուսանկար: