«ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԳՆԴԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ»
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է
Ռազմական հետախուզության կառույցը զինված ուժերի մյուս բոլոր օղակների հետ միասին զարգացում է ապրել և այսօր արդեն կայացած համակարգ է: Տարեցտարի պլանները կատարելագործվում են, և ղեկավարությունը նոր, ավելի խիստ պահանջներ է ներկայացնում բնագավառի պատասխանատուներին: Եթե մեր ստորաբաժանումների, ամբողջ բանակի մարտունակության աստիճանը տարեցտարի չբարձրանար, գտնում եմ, որ այս տարիների ընթացքում խաղաղությունը չէր պահպանվի: Հակառակորդը հասկացել է, որ մեզ հետ զենքով խոսելն անհնար է:
Աշխարհի շատ պետություններից մենք տարբերվում ենք նրանով, որ ունենք հետախուզության հարուստ պատմություն, ձևավորված ավանդույթներ: Բոլորին է հայտնի, թե ԽՍՀՄ արտաքին հետախուզության ծառայության ստեղծման ակունքներում ովքեր են կանգնած եղել, բոլորին են հայտնի Գևորգ և Գոհար Վարդանյան ամուսինները: Ռազմական հետախույզները գործում են ընդհատակում, և շատերի անունները մարդիկ իմանում են միայն նրանց մահից հետո, այն էլ վաղեմության ժամկետի ավարտին:
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՎԱԾ
Ռազմական հետախույզների համար արդիական սպառազինության և այլ միջոցների ձեռքբերումը մեր հրամանատարության մշտական ուշադրության կենտրոնում է: Այսօր մեր հետախույզները զինված են նորագույն սպառազինությամբ, կրում են համապատասխան հանդերձանք: Այս տարի հատուկ նշանակության խմբերի շարժունակությունը բարձրացնելու համար ձեռք են բերվել հատուկ ամենագնաց մեքենաներ:
Հետախույզի հանդերձանքը, պաշտպանության միջոցները տարբերվում են սովորական զինվորի հանդերձանքից: Նա գործում է թշնամու թիկունքում և կարիք ունի գերհամալրված հանդերձանքի: Այն տարբեր է լինում ըստ եղանակային և տեղանքային պայմանների, պաշտպանում է արտաքին ազդեցությունից, քողարկում է, նպաստում է, որ հետախույզը նվազագույն էներգիա ծախսի, ունենա գործելու մեծ հնարավորություններ: Ինքնաբավ ռեժիմով առաջադրանք կատարելիս կարևոր են նաև սնունդ հայթայթելու և օգտագործելու համար հանդերձանքի ընձեռած հնարավորությունները: Ինչպես հայտնի է, հետախույզներն իրենց հետ վերցնում են հիմնականում սպառազինություն և կապի միջոցներ, սնունդը և ջուրը տեղում են հայթայթում: Այս տարի մեր հետախույզները ստացել են նոր հանդերձանք, որն ունի վերը նշված բոլոր հնարավորությունները: Ընդ որում, այն հիմնականում հայրենական արտադրության է:
Ոլորտի համար հայրենական ռազմարդյունաբերության համալիրն ստեղծում է նաև ռադիոհետախուզության միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս մեծ հեռավորության վրա բացահայտելու հակառակորդի և՛ անձնակազմի, և՛ ռազմական տեխնիկայի տեղաշարժը:
ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է
Հատուկ նշանակության զինծառայողների ծանրաբեռնվածությունը գրեթե կրկնակի ավել է, քան այլ տիպի ստորաբաժանումների զինծառայողներինը, քանի որ նրանք պետք է գործեն ծայրահեղ (էքստրեմալ) պայմաններում, թշնամու թիկունքում, առաջադրանք ստանալուց հետո ինքնուրույն որոշում կայացնեն, կատարեն խնդիրը ինքնաբավ ռեժիմով` ձգտելով ողջ մնալ և վերադառնալ: Ունենք և՛ ժամկետային, և՛ պայմանագրային զինծառայողներ, որոնք հավասար բարդության խնդիրներ են կատարում և պատրաստ են ցանկացած պահի առաջնային գիծ մեկնելու:
Գաղտնիք չէ, որ հակառակորդը քանակով գերազանցում է մեզ, սակայն ՀՀ զինված ուժերում, մասնավորապես, մեր զորատեսակում բոլոր ստորաբաժանումները հակառակորդին գերազանցում են և՛ զինվորի անհատական որակներով, և՛ ստորաբաժանման ընդհանուր պատրաստվածությամբ: Սա ապացուցված է կոնկրետ փաստերով և գործողություններով:
Խաղաղ պայմաններում զինվորի մարտունակությունն ստուգվում է հրաձգարանում, սակայն եղել են նաև մարտական պայմաններում մեր մարտունակությունը հաստատելու առիթներ: Շատերը կհիշեն առավել աղմկահարույց դեպքերը, երբ ադրբեջանցիների հետախուզական-դիվերսիոն խմբերը փորձել են ներթափանցել մեր տարածք, բայց հայտնաբերվել և ոչնչացվել են: 1990-ականներին մի քանի այդպիսի դեպք տեղի ունեցավ, երբ այդ խմբերը ամբողջությամբ ոչնչացվեցին: 2008թ. Լևոնարխ գյուղի մոտ հակառակորդի զինվորները թողեցին իրենց սպանված հրամանատարին` հետախուզական վաշտի հրամանատարին և փախան: Ստորաբաժանման մարտունակությունը հենց նման դեպքերում է որոշվում, այլ ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններով:
ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության մասնագետները հետևում են տարածաշրջանում կատարվող բոլոր իրադարձություններին, վերլուծություններ են կատարում, մշակում համապատասխան զարգացումների սցենարներ և զեկուցում ղեկավարությանը: Մեր մասնագետների պատրաստած զեկույցները օգտագործելով` մեր հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշումներ է ընդունում որոշ հարցերում իրավիճակը մեղմացնելու համար:
ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ
Եթե թշնամու դիպուկահարները խոցում են մեր զինծառայողներին, ապա մեր պատասխան գործողությունների արդյունքում մեկի փոխարեն կրկնակի, եռակի ավելի կորուստներ են կրում, ընդ որում` հիմնականում սպայական կազմից: Օրինակ, վերջին օրերին նման պատժիչ գործողության արդյունքում ոչնչացվեց հակառակորդի դիպուկահար հետախուզական ստորաբաժանման սպա: Կարծում եմ, որ նրանք լավ են հասկացել` երբեք անպատիժ չեն մնա:
Մեր դիրքերի ուղղությամբ կրակում են հիմնականում հենց դիպուկահարները, ուստի մեր պատասխանն էլ տրվում է նախևառաջ նրանց: Ճիշտ է, ադրբեջանական կողմը խուսափում է այդ մասին խոսելուց: Մեր դիպուկահարները աշխատում են նրանց դիպուկահարների դեմ: Նրանց դիպուկահարները զինված են ադրբեջանական արտադրության «Իստիգլալ» և այլ դիպուկահար զենքերով, իսկ մեր ստորաբաժանումները, խնդրի կատարման բնույթից կախված, զինված են լինում տարբեր տրամաչափի և հեռահարության` այսօր աշխարհում կիրառվող տարբեր տրամաչափի նորագույն զենքերով և իրենց հնարավորություններով գերազանցում են հակառակորդ կողմի զինանոցում եղածներին:
ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Ամեն տարի անցկացվում են լավագույն հետախուզական խմբերի մրցույթներ, որոնցում ներգրավվում են տարբեր զորամասերի զինծառայողներ, այդ թվում` դիպուկահար զույգեր: Ավանդաբար այդ մրցույթներն անցկացվում են հետախույզի մասնագիտական տոնին ընդառաջ, որպեսզի լավագույնները խրախուսվեն, զուգահեռ բարձրացվեն մարտական պատրաստության ցուցանիշները:
Այս տարի նույնպես ստուգվեցին մրցույթի մասնակիցների ֆիզիկական, կրակային պատրաստվածությունը, տարբեր կլիմայական պայմաններում գոյատևելու, խնդիրներ ստանալու, որոշումներ ընդունելու և կատարելու կարողությունները և այլն: Եզրափակիչ փուլում մասնակիցներին առաջադրվեցին դիմացկունության որակները բացահայտող խնդիրներ. նրանք կատարեցին 30-50 կմ երթարշավ` սահմանված շրջանում պայմանական հակառակորդի օբյեկտը գտնելու և շարքից հանելու նպատակով: Խմբերը ոտքի ելան մարտական տագնապով, մրցույթի անցկացման վայրում գիշերը ստացան առաջադրանք, հրամանատարները որոշում կայացրին, և միջնորդների հետ միասին դուրս եկան նշված շրջան և պայմանական հակառակորդի օբյեկտը հայտնաբերելու գործողություններ իրականացրին: Մասնակից բոլոր խմբերը, կարճ ժամանակում տեղանքում կողմնորոշվելով, հայտնաբերեցին պայմանական հակառակորդի թիրախները և ոչնչացրին` ցուցադրելով մասնագիտական բարձր վարպետություն: Մասնակիցներին չխանգարեցին ո՛չ բարդ հանձնարարությունները, ո՛չ էլ եղանակային վատ պայմանները. ինչպես գիտեք, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեր հանրապետության բարձրլեռնային շրջաններում արդեն բավական ցուրտ է, շատ տեղերում ձյուն է, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում մասնակիցների համար:
Դիպուկահարները գործում են զույգերով. մեկը պետք է ուղղորդի, հաշվարկներ կատարի, թիրախը հայտնաբերի, տա նշանացույցի, իսկ մյուսը` կրակի: Դիպուկահարի հիմնական սկզբունքն է` մեկ կրակոց, մեկ խոցում: Նշված սկզբունքից շեղվելու դեպքում դիպուկահարը չի հասցնի խոցել, և հենց ինքն էլ կդառնա թիրախ: Լավ պատրաստված դիպուկահարների երկու-երեք, նույնիսկ մեկ զույգը մարտական գործողությունների ժամանակ կարող է փոխարինել համազորային մեկ ստորաբաժանման` դասակի, վաշտի և նույնիսկ գումարտակի: Դիպուկահարները հիմնականում վերացնում են հակառակորդի հրամանատարական կազմը: Եթե այդ զույգերը գումարտակի հարձակման ճակատում կարողանան վերացնել հակառակորդի հրամկազմին, ապա կռվող ու գրոհի նախապատրաստվող զինվորը հոգեբանական ուժեղ ճնշման կենթարկվի, նա այլևս չի կարողանա համարձակ առաջ գնալ` տեսնելով, որ իր հրամանատարները խփված են: Ոչ բոլոր զինվորներն ունեն այնպիսի հոգեբանական պատրաստվածություն, որ կարողանան այդ պայմաններում լիարժեք շարունակել մարտը:
Մարտական պատրաստության ծրագրով դիպուկահարների ուսուցումն իրականացնելիս հատուկ ընտրություն է կատարվում: Դիպուկահարները կատարելապես տիրապետում են զենքերի բալիստիկ տվյալներին, տեղանքում կողմնորոշվելու, ճիշտ կրակելու, քողարկվելու բոլոր եղանակներին: Այնքան լավ են պատրաստվում, որ հայտնաբերվելու դեպքում ինքնուրույն նահանջում են, գտնում խոցման գոտուց դուրս գալու ճանապարհը. նրանց ուսուցանվում են ոչ միայն դիպուկահար կրակի նրբությունները, այլև հետապնդումից խուսափելու ձևերը: Այն անձինք, ովքեր չեն կարողանում անցնել ուսումնառությունը, անցնում են այլ բնույթի ծառայության:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր