Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԽԱԼՄԱՄԲ ԷԻՆ ԶՈՐԱԿՈՉԵԼ



2010թ. նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի բնակիչ Կ. Դանիելյանը դիմել է ՊՆ առընթեր ՀԽ հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովին` հայտնելով, որ եղբայրը` Ն. Դանիելյանը, նոյեմբերի 18-ին զորակոչվել է ծառայության ՊՆ N զորամաս: Դիմումատուի համոզմամբ, եղբոր զորակոչն անօրինական է եղել, պահանջում էր չեղյալ համարել զորակոչման որոշումը:

Դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ն.Դանիելյանի ընտանիքի անդամներ են 2001 թվականից 2-րդ խմբի ցմահ հաշմանդամ ավագ եղբայրը, անչափահաս քույրը և 83 տարեկան տատը: Հայրը մահացել է 2007 թվականին, մայրը վաղուց անհայտ բացակայում է: Սակայն զինկոմիսարիատ չի ներկայացվել Ն.Դանիելյանի ավագ եղբոր 2-րդ խմբի ցմահ հաշմանդամ լինելու փաստը: Անիրազեկության պայմաններում զինկոմիսարիատը կազմակերպել է Ն. Դանիելյանի զորակոչը:

Հաշվի առնելով դիմումի հիմնավորվածությունը և այն հանգամանքը, որ Ն.Դանիելյանի ընտանեկան դրությունը համապատասխանում էր «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի ե ենթակետի պահանջներին, այն է` «պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ», ՀԽ-ի կողմից նոյեմբերի 24-ին միջնորդագիր է ներկայացվել պաշտպանության նախարարին` չեղյալ համարելու Ն.Դանիելյանի զորակոչման որոշումը:

Միջնորդագիրը բավարարվել է: Պաշտպանության նախարարի դեկտեմբերի 22-ի հրամանով Ն.Դանիելյանը զորացրվել է:

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Սոցիալ-իրավական


16/11/2011