«ԹԵՀՐԱՆ-43»-Ի ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ
«Հետախույզի կյանքում կարևորագույն նախապայման է դավաճանության զոհ չդառնալը»,- սա խոսքն է աշխարհի հարյուր լավագույն հետախույզների ցանկում գրանցված, կենդանության օրոք Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած միակ հետախույզ Գևորգ Անդրեյի Վարդանյանի: Նրա մասին է ակնարկ-հարցազրույցը:
… Տարիներ առաջ, գարնանային մի ամպամած օր, հեռախոսազանգն իմ աշխատավայրում հետաքրքիր հանդիպման ու ծանոթության սկիզբը դրեց։ Զանգողը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գնդապետ էր, խնդրում էր հավուր պատշաճի ընդունել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին և կազմակերպել նրա անվան փորագրումը «Հաղթանակ» զբոսայգու հերոսների ծառուղու համապատասխան հուշաքարի վրա։
Աշխատանքի բերումով ես, գոնե անուն-ազգանուններով, գիտեի Խորհրդային Միության բոլոր հայ հերոսներին, Գևորգ Վարդանյան անուն-ազգանունը հերոսների շարքում առաջին անգամ էի լսում։ Մինչ ուղեղիս հեռավոր անկյուններում որոնում էի՝ գտնելու նորահայտ հերոսին, գործընկերոջս ուղեկցությամբ ներս մտան անվտանգության ծառայության ինձ հեռաձայնած գնդապետն ու բարձրահասակ, կոկիկ հագնված, սպիտակահեր մի տղամարդ։
-Ծանոթացե՛ք, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը, նույն ինքը՝ Ամիր,- ներկայացրեց ԱԱԾ գնդապետը:- Դուք զրուցեք, իսկ ես կազմակերպչական հարցերով կզբաղվեմ,- ասաց ու դուրս եկավ։
Չնայած պիջակի օձիքի ձախակողմյան մասում փայլող հերոսի աստղին, այնուամենայնիվ, կասկածը չէր հեռանում միջիցս՝ ո՞վ է այս ինքնակոչ հերոսը։
-Կներեք, եթե գաղտնիք չէ, Դուք Մեծ հայրենականի ո՞ր ռազմաճակատում եք կռվել, ե՞րբ և ինչի՞ համար եք հերոսի կոչում ստացել,- խախտելով լռությունը, քննիչի նման հարցրի ես:
-Տարբեր ռազմաճակատներում, իսկ հերոսի կոչումն ստացել եմ դեռ նախորդ իշխանությունների օրոք, երևի ինչ-որ օգտակար բան արել եմ, չնայած այդ բարձր պարգևն ինձ համար էլ էր անակնկալ։ Ինչ վերաբերում է Ձեր տեղյակ լինելուն, այդ մասին Դուք չէիք կարող իմանալ, քանզի մեզ վերաբերող հրաման-հրամանագրերը գաղտնի են և հասու մարդկանց փոքր շրջանակի,- բազմանշանակ ժպտալով, գեղեցիկ հայերենով պատասխանեց նորածանոթս ու շարունակեց,– «Թեհրան- 43» ֆիլմը նայե՞լ եք։
-Այո՛, լավ, հետաքրքիր ֆիլմ է։
-Այդ ֆիլմում նկարագրված դեպքերի անանուն մասնակիցներից ենք ես և կինս՝ Գոհար Լևոնովնան։ Մենք այժմ արդեն իրավունք ունենք հանդես գալու սեփական անուններով։ Թույլ տվեք ներկայանալ, մենք հետախույզներ ենք։ Հետախույզ լինելը ոչ միայն կամ ոչ թե ռոմանտիկա է, այլ հայրենիքի պաշտպանության ամենաարդյունավետ ձևերից է։ Դա հավատավոր և ինքնազոհ մարդկանց մասնագիտությունն է…
-Իսկ կարելի՞ է Ձեզ հետ զրուցել և Ձեր անցած ուղին ներկայացնել լայն հանրությանը,- առիթը բաց չթողնելով՝ հարցրի խորհրդավոր նորածանոթիս:
-Լավ, երիտասարդ, երևում է՝ հետաքրքրասեր եք,- առանց ավելորդ ձևականությունների վրա բերեց Վարդանյանը:- Ձեր բախտը բերել է. մենք ընդամենը վերջերս ենք Իրանում կատարած ծառայությունների համար գաղտնազերծվել, և հնարավորինս կարճ կպատմեմ կյանքիս այդ շրջանի մասին, ինչ չհասցնեմ ասել, կլրացնի կինս՝ Գոհար Լևոնովնան, որի հիշողությունն իմից լավն է, բացի այդ, նա ավելի շատ բաներ գիտի։ Միայն, խնդրում եմ, թեմային չվերաբերող հարցեր չտաք. ճիշտ է, մենք այժմ ակտիվ աշխատանքի մեջ չենք, բայց, նախկին հետախույզներ չեն լինում, շատ բաներ մենք՝ հետախույզներս, այդպես էլ մեզ հետ գերեզման ենք տանում…
…Վարդանյանի հեռախոսազանգից մի քանի րոպե անց մեզ միացավ նաև նրա ավելի քան 60 տարվա մարտական ու նաև կյանքի ընկերուհին՝ «Անիտա» մականունով հայտնի Գոհար Լևոնովնան, և սուրճի սեղանի շուրջ ծավալվեց մեր խոսակցությունն անցած-գնացած օրերից։
-Ծնվել եմ հեռավոր 1924 թ., Դոնի Ռոստովում,- պատմությունն սկսեց Վարդանյանը: -Հայրս Ստեպնայա ստանիցայի ձեթի գործարանի տնօրենն էր, և, ինչպես ասում են, ձեռքի հետ էլ համագործակցում էր ԽՍՀՄ արտաքին հետախուզության հետ։ 1930 թ. նրան ընտանիքի հետ հետախուզական առաքելությամբ ուղարկեցին Իրան։ Այստեղ հորս քանիցս ձերբակալեցին ու բանտ նետեցին՝ ԽՍՀՄ հետախուզության հետ կապեր ունենալու մեջ կասկածվելու համար։ Քանի որ մուսուլմանական երկրներում ընդունված չէ, որ կինը միայնակ փողոց դուրս գա, հորս ուտելիք տանելու ժամանակ մորս ուղեկցում էի ես և նկատում էի, որ ուտելիքից բացի, մայրս ինչ-որ թղթեր է փոխանակում հորս հետ, թաքուն զրուցում։ Արդեն 12 տարեկանում ես հասկացա, որ հայրս հետախույզ է, և ինքս էլ որոշեցի գնալ նրա ճանապարհով։ Սովորելով տեղի դպրոցում՝ պարսկերենն ինձ համար դարձավ երկրորդ լեզու՝ ռուսերենից հետո, և, չեմ թաքցնում, համոթ ինձ, իմ մայրենի լեզուն ես սովորել եմ ավելի ուշ՝ հիսնական թվականներին՝ Երևանում ուսանելու տարիներին։
-Այդքան ուշ ու այդպես վա՞րժ եք խոսում։
-Բանն այն է, սիրելի՛ս, որ մեր մասնագիտությամբ աշխատելու կարևորագույն նախապայմաններից մեկն էլ լեզվաիմացությունն է, անհրաժեշտ լեզվով ազատ ու առանց առոգանության խոսելը։ Բացի այդ, գենետիկան հզոր գիտություն է. չէ՞ որ ես մաքուր հայ եմ, հետո ինչ, որ ճակատագրի բերումով օտար ափերում եմ ծնվել-մեծացել…
-Ուրիշ ի՞նչ լեզուներ գիտեք։
-Այ, դա արդեն ավելորդ հարցերի ճյուղին է պատկանում,- Վարդանյանը ժպտաց,- ես ասացի, որ գաղտնազերծված եմ միայն Իրանի մասով, լեզուների իմացության աշխարհագրությունն այլ հարթությունից է, ուրիշ ծառայությունների մասից, որոնց մասին խոսելն առայժմ շուտ է, մի 6-7 լեզու էլ հենց այնպես գիտեմ, հանուն հետաքրքրության…
-Ինչպե՞ս հանդիպեցիք Գոհար Լևոնովնային,- հարցրի:
-Աստծո կամոք: Գոհարը չլիներ, այսօր ես էլ չէի լինի, և, թող չափազանցություն չթվա, եթե ասեմ, որ 40-50-ական թվականների մեր երկրի պատմությունը երևի այլ կերպ դասավորվեր։ Կյանքում իմ ամենամեծ ձեռքբերումն ու աշխատանքային «հավաքագրումը» Գոհարն է՝ համարձակ ու ճկուն, վստահելի ու անդավաճան, ազնիվ ու աշխատասեր, մաքրասեր ու բծախնդիր՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ տանը։ Չզարմանաք, եթե ասեմ, որ ես տարբեր անուն-ազգանուններով երեք անգամ եմ ամուսնացել, բայց երեք անգամ էլ… Գոհարիս հետ։
-Ինչպե՞ս։
-Պատմեմ։ Երբ 1940 թ. Իրանում աշխատող մեր ժողովրդի տաղանդավոր զավակ, իմ ուսուցիչ Իվան Աղայանցից հանձնարարություն ստացա՝ հավաքել համախոհների խումբ և հետևել գերմանացիների օգտին աշխատող գործակալներին, մեր բազմազգ խմբում, ինձնից բացի, ծագումով գյումրեցի մի տղա էլ կար՝ Հովհաննեսը, որի քույրն է Գոհարը։ Շուտով նա ևս անդամագրվեց մեր խմբին։ Քանի որ մեր միակ փոխադրամիջոցը հեծանիվն էր, Աղայանցը մեր խմբին «Թեթև կավալերիա» մտերմիկ անունով էր կնքել։ Ահա այդ «Թեթև կավալերիայի» ամենափոքր, ամենաթեթև, ամենասիրուն, միևնույն ժամանակ, նաև ամենաճկուն ու կասկած չհարուցող միակ աղջիկ անդամն էլ դարձավ Գոհարը, որին, չնայած առաջին իսկ օրվանից ես համակրում էի, բայց դա չէր խանգարում, որ պատասխանատու շատ հանձնարարություններ նրան վստահեի։ Առանց դույզն-ինչ կասկած հարուցելու նա իրագործում էր ամենադժվարին ու առաջին հայացքից անիրագործելի թվացող հանձնարարությունները, իսկ ահա 1946-ին Թեհրանում, եկեղեցում, բոլոր արարողակարգերով մենք առաջին անգամ ամուսնացանք։
-1951 թ. մեզ թույլատրվեց վերադառնալ Երևան՝ սովորելու Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում,- ամուսնու խոսքը շարունակեց Գոհար Լևոնովնան,– և ահա, ծնողներիս պարտադրանքով մենք կրկին «ամուսնացանք» զագսում։ Երրորդը Եվրոպայում էր, այսպես կոչված՝ աշխատանքի բերումով, երբ մեզ պետք էր ապացուցել ամուսիններ լինելը. նորից մատանիների փոխանակում, ծաղիկներ, նվերներ, ինչպես… առաջին անգամ… Բայց, մեր ընտանիքի սկիզբը մենք համարում ենք առաջին ամուսնությունը…
-Հայտնի է, որ Թեհրանի կոնֆերանսի նախապատրաստման, մասնակիցների անվտանգության ապահովման գործում լուրջ դերակատարություն են ունեցել նաև Իվան Աղայանցն ու ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով): Դուք ի՞նչ կարող եք պատմել այդ կոնֆերանսի, ինչպես ասում են, հայկական հետքի մասին։
-Այնքանով, որքանով…,-ասաց նախկին հետախույզն ու հարմար տեղավորվելով բազկաթոռում, շարունակեց պատմությունը.
-Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին Հիտլերի պլաններում Իրանին կարևոր տեղ էր հատկացվում՝ նավթի, ռազմավարական և Խորհրդային Միությանը սահմանակից լինելու, այնտեղից դեպի Հնդկաստան ու Աֆղանստան հեշտությամբ թափանցելու նկատառումներով։ Այստեղ էին ուղարկվել շուրջ 20 հազար գերմանացի մասնագետներ՝ ռազմական տեսուչներ, բիզնեսմենների ու առևտրականների անվան տակ՝ հետախույզներ ու զանազան գործակալներ։
Քանի որ ԽՍՀՄ հետախուզության Իրանի պատասխանատու, մեր հայրենակից Իվան Աղայանցը քաջածանոթ էր մեր ընտանիքին, լիովին վստահում էր, 1940 թվականի փետրվարին, երբ նոր էր լրացել տասնվեցս, ինձ տվեց առաջին հանձնարարությունը. ես պետք է ինձ հասակակից տղաներից կազմեի գաղափարակիցների խումբ, որը պետք է հետևեր Թեհրանում ֆաշիստական հետախուզության գործողություններին։ Նախկին Խորհրդային Միությունից Իրան արտաքսված ընտանիքների երեխաներից բաղկացած 7 հոգանոց բազմազգ այդ խմբով մենք, առանց կասկած հարուցելու, ակնդետ հետևում էինք գերմանացի հայտնի հետախույզ Ֆրանց Մայերի ղեկավարությամբ գործող ռեզիդենտուրայի գործողություններին և տվյալները հասցնում Աղայանցին։ Մեկուկես տարում մեզ հաջողվեց գերմանական հետախուզության համար աշխատող շուրջ 400 իրանցիների գաղտնազերծել, որոնց մեջ կային նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, գեներալներ, ձեռնարկատերեր։ Նրանք հող էին նախապատրաստում գերմանացիների համար՝ Իրանի հարավից հարձակվելու ԽՍՀՄ վրա։ Եթե Ստալինգրադն ընկներ, դա անխուսափելի էր։ Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ. կանխազգալով Իրանի առաջնորդ Ռեզա Շահի ֆաշիստամետ դիրքորոշումը, գերմանացիների մտադրությունը, քննարկելով մեր հետախուզության, հատկապես Աղայանցի հաղորդած տվյալները՝ 1941 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ը Իրան մտցրեց մի քանի դիվիզիա՝ լենդ-լիզով Իրանի տարածքով անգլո-ամերիկյան մատակարարումները մեր երկրին անխափան տեղ հասցնելն ապահովելու պատճառաբանությամբ: Ավելի ուշ այստեղ հայտնվեցին անգլիական ու ամերիկյան զորքերը։ Բացահայտված ֆաշիստական գործակալների մեծ մասը ձերբակալվեց, մի մասն էլ մեր կողմից «վերապրոֆիլավորվեց»՝ աշխատելու ԽՍՀՄ և դաշնակից տերությունների օգտին։ Աղայանցը բազմաթիվ հանձնարարություններ տվեց մեզ և գոհ էր դրանք ճիշտ ու ժամանակին կատարելուց։ Բերեմ միայն մեկ օրինակ։
Մի անգամ Աղայանցն ասաց, որ մեր հավաքագրած պարսիկ գեներալներից մեկն ինչ-որ ճիշտ բաներ չի անում, նրա հաղորդած տվյալների մեծ մասը հերքվում է կամ էլ ընկնում գերմանացի գործակալների ձեռքը, անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ…Գեներալի տունը գտանք, բարձրացանք նրա առանձնատան դիմաց կառուցվող եռահարկ կիսակառույցի կտուրն ու հեռադիտակով նայում էինք, թե ինչպես է նա գրամեքենայի վրա դնում «խիստ գաղտնի» գրիֆով թուղթն ու սկսում մեքենագրել՝ հնարովի «լուրեր» ուղարկելով, նա, իր կարծիքով, ապահովում էր իր կայուն հոնորարը… Մենք ստիպված էինք այդ գեներալին ուղարկել ուր որ հարկն է…
… «Մեծ եռյակի»՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները որոշել էին 1943 թ. աշնանը Թեհրանում անցկացնել կոնֆերանս, որի մասին իմացել էր Գերմանիայի հետախուզությունն ու հայտնել Հիտլերին։ Վերջինս հանձնարարել էր, պատեհ առիթն օգտագործելով, վերացնել միանգամից երեք տերությունների ղեկավարներին և ավարտել պատերազմը, որի անցանկալի ավարտն իրենց համար արդեն նշմարելի էր։ Գործողության ծածկանունն էր «Մեծ թռիչք»։ Այդ նպատակով գերմանացիները նախօրոք Իրան էին ուղարկել փորձառու 6 հետախույզների, որոնք պետք է ռադիոկապ հաստատեին Բեռլինի հետ և նախապատրաստեին Հիտլերի ամենավստահելի մարդու՝ «Սպիավոր մարդ» մականունով հայտնի Օտտո Սկորցենիի ղեկավարությամբ Իրան իջեցվող դեսանտը։ Պլանավորված էր ահաբեկությունն իրականացնել նոյեմբերի 30-ին՝ Չերչիլի ծննդյան օրը, ԽՍՀՄ դեսպանատան հարևանությամբ գտնվող Անգլիայի դեսպանատանը։ Այստեղ կար խմելու ջրի աղբյուր, և այն սնող ջրանցքով, որն սկիզբ էր առնում հայկական գերեզմանոցից, կարելի էր թափանցել պահպանվող տարածք ու տեղադրել ռումբ։ Ահա, գերմանական այս առաջապահ հետախույզների նպատակներն ու Նադերի փողոցի վրա վարձած բնակարանի տեղն ու այլ մանրամասներ մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրեցինք, գաղտնազերծեցինք հեռախոսազրույցներն ու հանձնեցինք Աղայանցին։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր…։ Գերմանացիների պլանները, կարճ ասած, բացահայտվեցին։ Նրանց մտքով անգամ չէր անցնի, որ 15-16 տարեկան պատանիները կարող են հսկողության տակ պահել իրենց ու ձախողեն բոլոր պլաններն ու ծրագրերը։ Բայց նրանց ռադիստներից մեկին, այնուամենայնիվ, հաջողվել էր Բեռլին հասցնել բոթը՝ իրենց խումբը բացահայտված է և հսկողության տակ: Փաստորեն, դեռևս խանձարուրում, գերմանացիների պլանները դատապարտվեցին ձախողման, սակայն դա չէր նշանակում, որ նրանք լիովին հրաժարվել էին իրենց ծրագրերն իրագործելուց։ Անկանխատեսելի իրադարձությունները վնասազերծելու նպատակով մենք աշխատում էինք նույն լարվածությամբ ու ոգևորությամբ։
Կոնֆերանսը բացվեց նոյեմբերի 28-ին։ Ինչպես գիտեք, դրան մասնակցում էին ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարները։ Կոնֆերանսի նպատակների, ձեռք բերված համաձայնությունների մասին ես չեմ խոսի, քանզի դրանք միլիոնավոր տպաքանակներով հրատարակվել են, բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, կպատմեմ միայն մեր ձեռնարկած միջոցառումների, անվտանգության ապահովման մասին։ Ինչպես Իրանի իշխանությունները, այնպես էլ մասնակից տերությունները, մանավանդ մեր երկիրը, թե՛ կոնֆերանսի նախօրեին և թե՛ ընթացքում, անվտանգության ապահովման բացառիկ միջոցներ էին ձեռնարկել։ Արգելված էր լրագրողների ներկայությունը բանակցությունների վայրում, ցամաքում հսկում էին տանկերը, զրահամեքենաներն ու հետևակը, օդում՝ ռազմական ինքնաթիռները, նույնիսկ դիվանագետների ընտանիքների անդամները դուրս էին բերվել քաղաքից, անջատված էր հեռախոսը, ռադիոկապը, չէր գործում հեռագրակապը։
ԽՍՀՄ կողմից անվտանգության ապահովման գործողությունները ղեկավարում էր Լավրենտի Բերիան՝ իր ավելի քան 600 հոգանոց անձնակազմով։ Ի դեպ, նրա որդին՝ Մոսկվայի ռազմական ակադեմիայի կուրսանտ Սերգոն, իրականացնում էր Ռուզվելտի ու Չերչիլի խոսակցությունների գաղտնալսումներն ու ձայնագրությունները հանձնում Ստալինին։ Այսինքն՝ Ստալինը մինչև հանդիպումները, այդ ձայնագրությունների և հետախուզության հավաքած տվյալների շնորհիվ քաջածանոթ էր դաշնակիցների պլաններին ու ասելիքներին։ Պատահական չէ, որ նա ճիշտ ու ժամանակին էր գտնում անհրաժեշտ պատասխանները՝ զարմացնելով ու հիացնելով բանից անտեղյակ մարդկանց։ Նա տեղեկացված էր նաև գերմանացիների նախապատրաստած դավադրության, դրա՝ մեր կողմից բացահայտված լինելու մասին։ Դա էր պատճառը, որ Ստալինը Ռուզվելտին հրավիրեց օթևանելու մեր դեսպանատանը։
-Դա Ձե՞ր առաջարկությամբ արվեց։
-Բնականաբար։ Տեղանքին ու իրավիճակին մենք էինք քաջածանոթ, և մեզ լիովին վստահում ու մեր ասածները կատարում էին, և, բարեբախտաբար, չսխալվեցին։ Բանն այն է, որ այն ժամանակ ամայի վայրում գտնվող ԱՄՆ դեսպանատունը գրեթե անպաշտպան էր, իսկ ահա մեր դեսպանատան տեղանքն այնպիսին էր, որ հեշտ էր վերահսկել յուրաքանչյուր անկյուն: Բացի այդ, ԽՍՀՄ դեսպանատնից մինչև Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, ինչպես ռուսներն են ասում՝ ՀցՍՏռ տՏՊՈՑՖ: Երկու դեսպանատների՝ իրար հարող մասում պատերը քանդվեցին, ստեղծված տարածքում 6 մետր բարձրությամբ բրեզենտե տեսաքողարկված միջանցք պատրաստվեց, որի երկու կողմերում նստած էին մեր ու նրանց ավտոմատավորներն ու գնդացրորդները՝ պահպանելով ելումուտ անողների անվտանգությունը։ Ամեն ինչ, ինչպես գիտեք, հարթ ու խաղաղ անցավ, և ոչ մեկի մտքով անգամ չանցավ, թե այդ խաղաղությունն ու արգասաբեր աշխատանքն իրենց համար ովքեր էին ապահովել…
Այո՛, Թեհրանի կոնֆերանսի բնականոն ընթացքն ապահովելու գործում հայերը լուրջ դերակատարություն են ունեցել:
Չլիներ Իվան Աղայանցի օրնիբուն տքնաջան աշխատանքը, բնատուր խելքը, հայրենասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը, որով նա վարակում էր նաև մեզ ու իր շրջապատին, շատ բան այլ կերպ, համենայնդեպս, ոչ հօգուտ մեզ ու համայն մարդկության կդասավորվեր…
Մեծ էր նաև ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց-Սերգեյ Խուդյակովի ներդրումը:Նա հայազգի մարշալներից միակն է, որ այդ կոչմանն արժանացել է Հայրենական պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին, 42 տարեկանում։ Լայն մտահորիզոնի, համարձակության, գործիմացության ու հայրենասիրության համար վայելում էր ոչ միայն ծառայակից ընկերների, գերագույն հրամանատարության, այլ նաև Ստալինի համակրանքը, և պատահական չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարը հենց ավիացիայի՝ այդ ժամանակ գեներալ-գնդապետ, Արևմտյան ռազմաճակատի 1-ին ավիացիոն բանակի հրամանատար Խանփերյանցին էր վստահել իր գլխավորած պատվիրակության թռիչքը Թեհրան՝ ապահովելու պատասխանատու գործը, որը մեր հայրենակիցը փայլուն կերպով իրականացրեց։ Ավելի ուշ, նա խորհրդային պատվիրակությանը նաև Յալթա հասցրեց։ Ցավոք, մեր տաղանդավոր մարշալը ուժերի ծաղկման շրջանում Բերիայի խարդավանքների զոհը դարձավ։
-Թեհրանում Դուք Ստալինին հանդիպեցի՞ք։
-Եթե նույնիսկ անհրաժեշտ լիներ հանդիպել, չէինք կարող, որովհետև մենք ընդհատակում էինք գործում, իսկ այդպիսի հանդիպումն անկանխատեսելի հետևանքներով էր հղի… Բայց, Ստալինին ես տեսա 4-5 մետր հեռավորությունից, այն պահին, երբ նա Վորոշիլովի ու Մոլոտովի հետ Շահի պալատ էր գնում՝ շնորհակալություն հայտնելու Մուհամեդ Ռեզա Փեհլեվիին հյուրընկալության համար։
-Պարոն Վարդանյան, Դուք ընդամենը 16 տարեկան էիք, երբ ներգրավվեցիք հետախուզության բարդ ու վտանգավոր աշխատանքում։ Չէի՞ք վախենում. չէ՞ որ, ինչպես ասում են, սակրավորն ու հետախույզը մեկ անգամ են սխալվում։ Որտե՞ղ եք ձեռք բերել այդ հմտություններն ու համարձակությունը։
-Կփորձեմ հարցին հարցով պատասխանել։ Ձեր կարծիքով՝ ռուս Նիկոլայ Գաստելլոյին կամ մեր հայրենակիցներ Նելսոն Ստեփանյանին, Հունան Ավետիսյանին, նրանց նման տասնյակ հազարավորներին ի՞նչն էր ստիպում ստույգ մահվան գնալ, զոհել իրենց երիտասարդ կյանքը։
-Դե, իհարկե, հայրենասիրությունը։
-Շնորհակալություն, ես այլևս ասելիք չունեմ։ Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ եմ ձեռք բերել հետախույզի հմտությունները, կասեմ հետևյալը. իմ առաջին ուսուցիչը և անողոք քննադատը եղել է հայրս, հետո՝ Իվան Աղայանցը, որը հետախուզության իր ուրույն դպրոցն ստեղծեց, երրորդը, չզարմանաք, անգլիական հետախուզությունը…
-Այսի՞նքն։
-Պատմեմ։ Երբ մենք հայտնաբերեցինք ու վնասազերծեցինք գերմանացի հետախույզներին ու ահաբեկիչներին, այդ մասին հայտնեցինք մեզ դաշնակից անգլիացիներին։ Նրանք, երևի նախանձելով մեր հաջողությունները, կամ էլ իրենց տեղային շահերը վեր դասելով ընդհանուր շահերից, 1942 թ. Իրանում կազմակերպեցին իրենց հետախուզական դպրոցը՝ մասնագետներ պատրաստելու և ուղարկելու ԽՍՀՄ հանրապետություններ՝ քայքայիչ գործունեություն ծավալելու համար։ Չնայած խիստ գաղտնիությանը, մեր հետախուզությունն իմացավ այդ մասին և ինձ հանձնարարեց՝ ինչ գնով էլ լինի «համագործակցել» այդ դպրոցի հետ։ Շատ չանցած՝ իմ անունը հայտնվեց Կովկաս ու միջինասիական հանրապետություններ ուղարկվելիք հետախույզ-կուրսանտների ցուցակում։ Չնայած մարդկայնորեն սխալ էր անգլիացիների դիրքորոշումը դաշնակիցների նկատմամբ, էլ չեմ ասում, սովորական ստորություն, բայց, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի։ Վեցամսյա ուսումը անգլիական հետախուզական բարձրակարգ դպրոցում ինձ դարձրեց պրոֆեսիոնալ հետախույզ, և, չզարմանաք, դրա առաջին զոհերը հենց իրենք՝ անգլիացիներն էին։ Իրենք մեր դեմ էին աշխատում, մենք էլ համարժեք պատասխան տվեցինք և, իրենց համար շատ անհասկանալի կերպով, իսկ մերոնց համար միանգամայն բնականոն, «անգլիացի» հետախույզները մեկը մյուսի հետևից «վառվում» էին, շուտով բացահայտվեց նաև դպրոցի գոյությունն ու գործառույթները, որից հետո, ինչպես սովորաբար լինում է, «գրասենյակը» փակվեց։ Այստեղ են ասում՝ ինչ ցանես, այն էլ կհնձես…
-Ինչպես ասացիք, մինչև 1941 թ. Իրանում Դուք շփվում էիք նաև գերմանացիների հետ, այդ ժամանակ ԽՍՀՄ դեմ պատերազմ սկսելու գերմանացիների մտադրությունը չէ՞ր զգացվում։
-Դա արդեն Գոհարի գծով է, թող ինքը պատմի, ես մի քիչ հանգստանամ,- ժպտալով ասաց Վարդանյանը՝ խոսքը տալով տիկնոջը։
-Ոչ միայն զգացվում էր, այլև մեզ հաջողվեց ճշգրտել պատերազմն սկսելու օրն ու ժամը,- ասաց Գոհար Լևոնովնան ու շարունակեց,- աշխատանքի ընթացքում մենք ուզած-չուզած շփվում էինք նաև շատ օտարերկրացիների՝ դիվանագետների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հասկանալի է՝ ոչ մեր իսկական անուններով կամ մասնագիտությամբ։ Խոսում էինք դեսից-դենից, տարբեր թեմաներով։ Կարևորը՝ մարդկանց մեջ, ինչպես ասում են, համակրանք ստեղծելն է, հավատ ներշնչելը, ցույց չտալը, որ իրենց տեղեկությունը քեզ հետաքրքրում է։ Բարեբախտաբար, կան մարդիկ, որոնք սիրում են շատ խոսել, հենց այդպիսիք էլ մեզ անհրաժեշտ են։ Հանդիսավոր արարողություններից մեկի ժամանակ ես նստած էի մի բարձրաստիճան գերմանուհու կողքին, զրուցում էինք։ Քանի որ ես գերմաներեն խոսում եմ մայրենիի պես, հնարավորինս նաև ինձ գերմանուհու էի նմանեցնում, և նա ինձ հայրենակցուհու տեղ դրեց, որն էլ հենց պետք էր ինձ։ Իմ հարցին, թե՝ շուտ չէ՞ արդյոք Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելը, մերոնք (իբր՝ գերմանացիները) ճի՞շտ են հաշվարկել ժամկետները, նա ասաց. «Ասում են՝ հունիսի 22-ի վաղ առավոտը արդեն նշանակված ու հաստատված է, մեր մտահոգություններն ու միջամտություններն ավելորդ են»։ Մի քանի ժամ անց այս մասին գիտեր Աղայանցը, և, ուրեմն, ԽՍՀՄ պատկան բոլոր մարմինները։ Մինչև պատերազմի սկիզբը դեռևս մի քանի օր կար, և հնարավոր էր նախապատրաստվել հարվածի, սակայն, քանի որ Ստալինը հոգեբանորեն, իսկ բանակը՝ մարտականորեն պատրաստ չէին պատերազմի, ինչպես մեր, այնպես էլ Ռիխարդ Զորգեի ու մյուսների ահազանգերը բանի տեղ չանցան, որի պատճառով երկիրը մարդկային ու նյութական հսկայական անտեղի կորուստներ կրեց…
-Հայաստանում հաճա՞խ եք լինում:
-Գրեթե ամեն տարի, երբեմն էլ՝ տարին մի քանի անգամ. մինչև գաղտնազերծվելը՝ այլ անունով ու միայն մարդկանց որոշակի խմբին հասանելի, իսկ այժմ՝ ազատ։
-Որտե՞ղ և ինչպե՞ս իմացաք, որ հերոս եք դարձել։
-«Որտեղը» թողնենք հաջորդ սերունդներին պարզելու, սկսենք «ինչպեսից»։ Արևմտյան երկրներից մեկում էինք։ Գոհարն ընդունում ու ապակոդավորում էր ստացված նյութերը։ Եվ հանկարծ՝ կարճ հաղորդագրություն։ Այդպիսիք հետախույզն ստանում է կա՛մ այն դեպքում, երբ «վառվել» է, կա՛մ էլ, երբ տանը դժբախտություն է պատահել… Երկուսս էլ, մինչև ապակոդավորումը, սփրթնեցինք…Այնուամենայնիվ, վերցնում, կարդում եմ. «Ձեզ շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, Գոհար Լևոնովնային՝ «Կարմիր աստղի» շքանշան, շնորհավորում ենք և բարի ծառայություն մաղթում»։ Մենք, անկեղծ ասած, չէինք սպասում այդ պարգևներին և երեկոյան այդ առթիվ մի լավ «թրջեցինք» ռեստորանում։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք…
-Դասական երաժշտությունն իմ տարերքն է։ Հաճույքով Մոցարտ, Բեթհովեն, Ռախմանինով, Խաչատրյան, Կոմիտաս եմ լսում, հետն էլ, այսպես ասած, դնդնում եմ… Ժամանակին ես և Գոհարը թենիսի, լողի պարապմունքների էինք գնում, հիմա շատ քայլում եմ, փորձում եմ պահպանել ֆիզիկական ակտիվությունս, չծերանալ հոգով… Արդեն 90-ին եմ մոտենում, բայց, ինչպես տեսնում եք, դեռ ոչինչ։ Ինձ այսպես առույգ ու երիտասարդ պահողը մշտական լարվածությունն է ու պարապ չմնալը։ Պարապությունից ոչ միայն մետաղն է ժանգոտվում, այլ նաև մարդը…
-Եթե նորից ծնվեիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք,- հանդիպման ավարտին հարցրի Վարդանյան զույգին։
-Հետախույզի,- միաժամանակ պատասխանեցին ամուսինները։
…Նրանց մասին ծառայության տարիներին չեն խոսում ինչպես հարազատներն ու մտերիմները, այնպես էլ գործընկերներն ու պատկան մարմինները։ Նրանք կրում են իրենց ծննդյան վկայականների ու անձնագրերի հետ ոչ մի աղերս չունեցող անուն-ազգանուններ, ապրում են խորհրդավոր կյանքով, որն իրենցը չէ, ամբողջովին պատկանում է իրենց ծնած ու սնած հայրենիքին, պաշտելի ժողովրդին։ Նրանց անունը հետախույզ է։
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռազմական պատմաբան
Խորագիր՝ #36 (1356) 9.09.2020 - 15.09.2020, Պատմության էջերից