«…ԳԱԼՈՒ ԵՄ ՔՐՈՋՍ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՄ»
Խաչատուր Վարդանի Հարությունյանը ծնվել է 1996 թ. նոյեմբերի 25-ին Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր գյուղում: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալներով, բազում պատվոգրերով, շնորհակալագրերով:
…Խաչատուրը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գյումրիի Ժողինստիտուտի հաշվապահական բաժինը: 2015 թ. հունվարի 28-ին զորակոչվել է բանակ: ՊԲ զորամասում կրտսեր սերժանտ էր, այդուհետ՝ սերժանտ և ջոկի հրամանատար:
«Խիզախ էր, համարձակ, թշնամու հանդեպ՝ անզիջում: «Ոչ մի քայլ ետ»` Խաչատուրի սկզբունքն էր »,- պատմում է գումարտակի հրամանատար Արտյում Ֆիրդանյանը: -Շատ զինվորներ եմ ունեցել, շատ զինվորներ եմ կորցրել, բայց Խաչատուրից հետո չէի կարող նույն զորամասում մնալ»,- որոշել է գումարտակի հրամանատարն ու տեղափոխվել այլ զորամաս:
Երկրաչափությունն ու հանրահաշիվը Խաչատուրի սիրած առարկաներն էին.
«Թվերի մեջ խառնվել եմ սիրում, որ հաղթանակած դուրս գամ: Մա, հանրահաշվի շտեմարանն ուղարկիր, որ հարցեր տամ՝ տղաները չկարողանան պատասխանել»:
… Ջոկի հրամանատար Խաչատուր Հարությունյանը սրբորեն էր կատարում իր պարտականությունները, նույնն էլ պահանջում էր զինվորներից: Վայելում էր ամենքի սերն ու հարգանքը: Սաղավարտը գլխից չէր հանում, դրա համար էլ նրան Կասկա Խաչիկ էին ասում: Այնքան լավ բաներ էին խոսում նրա մասին, որ մյուս զորամասերից գալիս էին հատուկ Կասկա Խաչիկին տեսնելու, ծանոթանալու:
Շիրակավանցի Հովհաննեսը՝ բոլորին հայտնի Օհանը, մեքենայի լուսարձակները մարած, թշնամու մշտական դիտարկման տակ մեկնում էր դիրքեր, մատակարարում էր այն ամենը, ինչը խրամատներում անհրաժեշտ է զինվորներին: 2016 թ. ապրիլի 2-ին ևս բարձրացավ դիրքեր: «Քսան տարի զինվորական եմ եղել: Քառօրյայի ժամանակ մտածում էի, որ պետք է գնանք, հասնենք, մեր կռվող տղաների կողքին լինենք, ոգևորենք: Բայց այն, ինչին ականատես եղա, զարմացած մնացի, այդ նույն տասնութ-քսան տարեկան տղաները, որոնց անփորձ էի համարում, իրենք էին իրենց անկոտրում կամքով ու խիզախությամբ մեզ ոգևորում: Բոլորը կռվում էին քաջաբար, անզիջում: Ինձ հատկապես զարմացրեց Խաչատուրը, որ գնդացրով թշնամուն «հնձում էր», կարգադրություններ էր անում, որ ճիշտ վարեն մարտը, որ զոհեր չունենան: Բանակից առաջ էի ճանաչում Խաչատուրին, հանդարտ, խելացի երիտասարդ էր: Այստեղ արդեն մի ուրիշ Խաչատուրի հանդիպեցի. առյուծ էր կտրել: Հրաժեշտ տալիս գրկեցի, խաղաղություն մաղթեցի: «Ի՞նչ խաղաղություն, այս դիրքերը մեր տղաները մատներով են փորել, իրենց կյանքն են տվել, արյուն է հեղվել այս դիրքերի համար: Չենք թողնելու թշնամուն: Չեմ ուզում խաղաղություն այնքան ժամանակ, քանի դեռ ետ չենք վերցրել բոլոր դիրքերը»: Ես, որ այսքան տարի զինվորական կյանքով եմ ապրել և սխալ կարծիք ունեի նոր սերնդի մասին, հասկացա, որ այս սերունդն ավելին է, քան մենք՝ մարտական փորձ ունեցողներս»:
…Մայրը՝ Լիլիթը, հիվանդ պառկած էր, երբ լսեց Քառօրյայի մասին:
«Ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, մա՛ ջան, մեր ջոկատից զոհեր չկան: Մայիսի քսանհինգին գալու եմ քրոջս վերջին զանգին մասնակցեմ»:
«Բայց կրակոցի ձայներ եմ լսում»:
«Ոչ մի հարց չտաք, չեմ պատասխանի, տղաները ծիտ են որսում»:
Քառօրյան ավարտվեց, հրադադարի խախտումները՝ ոչ: Թշնամին անվերջ հրետակոծում էր մեր սահմանները: Մայիսի ութից սկսած՝ ուժեղ հեռահար մարտեր էին հարավարևմտյան ուղղությամբ: 115-116 դիրքերում մարտերին մասնակից էին նաև «Նիկոլ Դուման», «Սպանդարյան», «Ադանա» ջոկատի տղաները: Մայիսի տասնյոթին թեժ հրետակոծություններ էին մեր դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի շարժ էին նկատել: Պետք է մեկը բարձրանար թշնամու նշանակետի տակ գտնվող դիտակետից տեղեկացներ ազերիների տեղաշարժի մասին:
«Ե՛ս կգնամ»,- ասաց Խաչատուրն ու գնաց… Ամենքի մեջ ինքը խիզախեց,- պատմում է ծառայակից ընկերը՝ Զավենը:- Բարձրացավ դիտակետ, հասցրեց կարևոր տեղեկություններ հաղորդել, որի շնորհիվ կանխվեց թշնամու հերթական ներխուժումը: Ճշգրիտ տեղեկություններն օգնեցին հեշտությամբ ետ մղելու ազերիների գրոհը: Կարելի է ասել՝ Խաչատուրի անձնվիրությամբ փրկվեց բոլորիս կյանքը, և մեզ վստահված տարածքն աննվաճ մնաց…»:
…Բոթն արագ տեղ հասավ: Գյուղացիները մի ուրիշ հայացքով էին նայում Լիլիթին ու Վարդանին: Լիլիթը դեռ չգիտեր: Փորձեցին զբաղեցնել, կանչեցին սուրճ խմելու:
«Չէ՛, մինչև «Հորիզոնը» չնայեմ՝ չեմ գա»,- համառեց Լիլիթը:
«Սահմանին մեկ զոհ ունենք, Խաչատուր Վարդանի…». հաղորդավարի ձայնը խլացավ Լիլիթի ականջներում, շարունակությունը չկարողացավ լսել, ուշաթափվեց: Հետո չհավատաց:
«Սո՛ւտ է, ես ազգանունը չեմ լսել, հեռախոսը տվեք՝ զանգեմ, Խաչատուրս ինձ կպատասխանի…»:
…Չհիանալ, չսիրել, չգգվել քեզ՝ չի լինում, դու ոսկեշող հրաշամանուկ, վառվռուն աչքերով փոքրի՛կ, դու՝ մեծ ուրախություն, նաև՝ հույս, քո լույս աշխարհ գալը հենց այնպես չէ, այլ Աստծո պարգև: Քեզ Նարեկ անվանեցին ոչ պատահական: Ի վերուստ էր նախատեսված: Դեռ չէիր ծնվել, քույրդ երազ տեսավ. հիվանդասենյակում մայրիկդ էր, գրկին՝ դու:
«Արի՛, Անահիտ ջան, եղբորդ գրկիր, Նարեկն է»:
Անահիտն արթնացավ՝ «Նարեկ ենք ունենալու»:
Նարեկ Հարությունյան. Դիանա և Գևորգ Հարությունյանների հերոս որդուն՝ իր ավագ եղբորը շատ նման և՛ տեսքով, և՛ վարքագծով:
…Լուսաղբյուրի դպրոցի դուռը հենց բացվում է, Խաչատուրի ժպիտով նկարն է դիմավորում ներս մտնողին: Ռազմագիտության դասասենյակը կրում է Խաչատուր Հարությունյանի անունը: Գյուղի երիտասարդները՝ Մամիկոնը, Գեղամը, Վարդանը, հիմնահատակ ավերված եկեղեցու քարերը հողի տակից հանեցին և եկեղեցու տեղում մատուռ կառուցեցին՝ Սուրբ Խաչիկ անվամբ, որի զորությունն արդեն իսկ հայտնի է շատերին: Խաչատուրի հուշաքարը տեղադրվեց Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի մոտ:
Հայրը՝ Վարդանը, հենց այստեղ Խաչայգի հիմնեց, հուշաղբյուր տեղադրեց, եղևնիներով առանձնացրեց տարածքը:
Մի օր ծնողները թերթում էին Խաչատուրի նկարներն ու գծագրերը և զարմանքով տեսան, որ իրենց որդին Խաչայգու գծագիրը վաղուց է գծել նույն ճշգրտությամբ…
…Խաչատուրին հերթական այցի ժամանակ Վարդանը և Լիլիթը հուշաքարին դրված ծաղկեփնջերի մեջ տեսան մի մեծ, նրբահյուս սպիտակ թիթեռ՝ զարդարված փիրուզագույն քարերով: Հետները տուն բերեցին, որ անձրևներից չփչանա: Չիմացան ումից է, բայց… ենթադրեցին. մեկը թաքուն-թաքուն շա՜տ, անսահման շա՜տ է սիրել իրենց որդուն…
ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ք. Գյումրի
Խորագիր՝ #36 (1356) 9.09.2020 - 15.09.2020, Ճակատագրեր