Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՈՒՅԹՆԵՐ, ՄՏՔԵՐ, ԽՈՀԵՐ



ԱՍՈՒՅԹՆԵՐ, ՄՏՔԵՐ, ԽՈՀԵՐՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

 

♦  Կարեւորը կռվի նպատակն է, ոչ թե կռիվը, եւ ամենակուլ բռնության դեմ անպայման հաղթելու հավանականությամբ չէ, որ կռվում է հերոսը. Կռվում է իր բույնը եւ դեռեւս անթեւ ձագերը պաշտպանելու համար:

 

♦  Հեղհեղուկ է ռազմիկի բախտը, որը վստահ չէ, թե՝ վահանի վրա տուն կդառնա, թե՝ վահանի տակ, բայց գնում է կռվի, քանզի… զինվոր է:

 

♦  Հասարակ շարքային զինվորը անհրաժեշտ տարր է, առանց որի պատմության մի էջ չի կարող գրել աշխարհիս մեծագույն ստրատեգն անգամ:

 

♦  Միջոցը, որին դիմում է մարդը իր դահիճներին իրենց իսկ զենքով պատժելու համար, ոչ միայն դատական տեսակետով իրավացի է, այլեւ մարդկային ինքնապաշտպանության օրենքով սրբագործված:

 

♦  Արդարության համար սուր բարձրացնելը մեծ պատիվ է:

 

♦  Նա, որի միակ հենակետը իր սեփական անզորությունն է, աշխարհը երես է դարձնում նրանից:

 

♦  Հանցանքն է արշավի ձիուն արորի լծել…

 

♦  Մեր ազգային լեզուն, որ դարերից ի վեր պահել է իր մաքուր, անխարդախ հնչակությունն ու հարստությունը, պահել իբրեւ սրբազան ավանդ, մեր ազգի գոյության ու կենսունակության գերագույն փաստն է՝ հակառակ ահավոր փոթորիկների, որ եկել ու անցել են մեր երկրով:

 

♦  Լեզուն մի ժողովրդի հոգին է իր հնչեղ ձեւի մեջ: Նա շոշափելի չլինելով հանդերձ՝ շոշափելի է իր լսելիությամբ: …Լեզուն ինքը ժողովուրդն է, նրա կենդանի շունչը, եւ կյանք է շունչը:

 

♦  Կան օրեր, որոնք դարագլուխ են մարդկության պատմության մեջ:

 

♦  Այն, ինչ չկարողացավ լուծել մի վեհաժողով, լուծեց ժողովուրդն իր կամքով… մեր ժողովրդի հարցի լուծման արեւմտյան քաղաքականության «ճաշակին» համապատասխան չեղավ գուցե, բայց նրա ճաշակին հաճոյանալու համար չէ, որ ապրել է ցանկանում ժողովուրդը, կարող է լինեն եւ կգտնվեն այնպիսիք, որ լրիվ չհամարեն այդ լուծումը, բայց ժամանակը սկսածը լրացնել գիտե, եւ երբեք ժամանակը չի շեղվել այս սկզբունքից:

 

♦  Աշխարհակործան հողմերից ճյուղազուրկը ու տերեւաթափ, այրող սամումից ու անհամբույր անապատներից փչող  սպանիչ հողմերից լիզված, գրեթե լերկ ու մեռած  մեր ցեղի ծառը կենսունակ ու թարմ է մնացել միշտ, շնորհիվ իր խոր արմատների, եւ եթե դարերի ընթացքին հաճախ տերեւաթափ է եղել հանկարծակի կայծակների ենթակա նրա գագաթը, ապա ծառն այդ կարողացել է միշտ զարդարել եւ իմաստավորել իր հաղթ բունը նոր ու դալար ճյուղերով: Եվ հերիք է եղել մի փոքր  դադար դարերի փոթորիկի մեջ, կամ մի արշալույսի հույս  անարշալույս գիշերների հոլովումից հետո, որ ծառն այդ ապացուցի իր հավիտենական կենսունակությունը ի հեճուկս անիմաստ ժամանակների:

 

♦  Բարձր, բարձր պահիր քո սիրտը, իմ արի ու բարի ժողովուրդ… Սիրիր քո լեզուն, նրա մշակողներին, քո հեռավոր զավակներին մի անջատիր մերձավորներից, քո վաղեմի զինանշանիդ արծիվը հիշիր, նրա նման միշտ հեռուներին նայիր, որպեսզի տեսնես մոտերը: Սովորիր սիրել ինքդ քեզ, որ կարողանաս սիրել ուրիշներին, սիրիր մարդը քո մեջ, քո զավակների մեջ, որ կարողանաս սիրել մարդուն եւ սիրվես նրանից: Սիրիր այն փոքրիկ պարտեզը, որ պապերիդ ժառանգությունն է. նորը շինելիս հինը մի քանդիր, քանզի անթիվ են գերեզմանները քո հողի տակ, ոտքդ զգույշ դիր, որ չկոխրտես սուրբ նշխարները քնած պապերի:

Խորագիր՝ #36 (1356) 9.09.2020 - 15.09.2020, Հոգևոր-մշակութային


10/09/2020