Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԵՐԵՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԵՐԵՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸԱրցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար սփյուռքահայ հրամանատար Հովսեփ Հովսեփի Հովսեփյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական խաչ» I-ին աստիճանի շքանշանով:

 

Առաջին խոստովանություն

 

Արցախից առաջ

 

Փորձեմ, մի անգամ էլ ես փորձեմ պատմել իմ մասին…

Այս տարիքում իրականացավ իմ նվիրական, թերեւս, ամենանվիրական փափագը. կիլիկիացի տարագիրների ընտանիքում ծնված, Ֆրանսիայում մեծացած ու ուսում ստացած Հովսեփ Հովսեփյանը ամուսնացավ Դադիվանքում։ Ուշադրություն մի դարձրեք այն հանգամանքին, որ առանձնահատուկ առոգանությամբ եմ խոսում մայրենի լեզվով, էությամբ ես միշտ հայ եմ եղել.  մեծ հայրիկիս ու մեծ մայրիկիս հետ, որոնց գրկում եմ մեծացել, ամեն կիրակի հայկական եկեղեցի եմ հաճախել, ազգային սգահանդեսների ու տոնահանդեսների, դաշտահանդեսների մասնակցել։ Թերեւս հենց այդ պատճառով, երբ ավարտեցի Էքս-ան-Պրովանսի համալսարանն ու հասարակագետի որակավորում ստացա, գիտական թեզի թեմա Մարսելի հայ համայնքն ու ազգային բարքերի պահպանումն ընտրեցի։ Իմ ծննդավայրում, որը մոտ մեկ միլիոն բնակչություն ունի, ավելի քան հարյուր հազար հայ կա, այսինքն՝ ցանկացած փողոցի յուրաքանչյուր տասներորդ անցորդը անպայման հայ է։ Ցավոք, մինչեւ գաղտնի բանակների ստեղծումը, շատերը մոռացել էին իրենց ծագումը կամ հայկական արմատների մասին այնպես էին խոսում, կարծես իրենց հետ կապ, առնչություն չունեցող մանրամասն էին մտաբերում: Առանց չափազանցության պիտի ասեմ. հայ երիտասարդությանը թմբիրից արթնացնելը  մեր զինված գործունեության առաջնահերթ խնդիրներից էր: 1985 թվականին, երբ ֆրանսիական ոստիկանությունն ինձ առաջին անգամ ձերբակալեց, ես Մարսելում նոր ստեղծված ձայնասփյուռի կայանի գլխավոր խմբագրի տեղակալն էի։ Ինձ պաշտոնական մեղադրանք ներկայացվեց, ըստ որի՝ իբր մասնակցել էի օդանավակայանից կենտրոնական դրամատուն խոշոր գումար փոխադրող զրահամեքենայի առեւանգմանը։ Բազմաթիվ հարցաքննություններից հետո միայն պարզ դարձավ, որ իմ նկատմամբ անհամեմատ լուրջ կասկածներ կան։ Ի հայտ էին եկել փաստաթղթեր, որոնք անուղղակիորեն վկայում էին, որ ես Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում ղեկավարել եմ թուրք դեսպանների սպանություններն ու մասնակցել եմ տարբեր բռնարարքների։ Ճիշտ է, հետաքննությունը հանցանքս չկարողացավ հաստատել, բայց ես ընդմիշտ մնացի գաղտնի ոստիկանության հսկողության ներքո: ԱՍԱԼԱ-ի յուրաքանչյուր գործողությունից հետո ինձ հարցաքննության էին կանչում։ Այդպես, երեք իրավաբան վարեց իմ գործը, եւ երբ զգացի, որ փաստերն հետզհետե անողոք են դառնում, դատավարության ժամանակ չեմ կարողանալու ինքս ինձ արդարացնել, քննիչի սենյակից դուրս ելա ու փախա։ Սկսվեցին անվերջանալի թափառումները։ Նախ թաքնվում էի Ֆրանսիայում, հետո անցա Իտալիա, Հարավսլավիա, Հունաստան, Կիպրոս, երկու տարում մոտ երեսուն երկիր փոխեցի։ Հենց որ Մոնթե Մելքոնյանն ազատվեց բանտից, որոշեցինք միասին Հայաստան գալ։ Իհարկե, տարբեր ճանապարհներով։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես Մոսկվայից ինձ բերող գնացքը կանգ առավ առաջին հայկական կայարանում, ու չնայած գաղտնի էի հայրենիք մտնում, չդիմացա, նետվեցի ցած ու համբուրեցի հողը: Մեր սրբազան հողը, որն այնքան տարի ինձ համար խորհրդանիշ լինելուց հետո մի ակնթարթում հավատամք, պաշտամունք դարձավ:

Կյանքի նպատակ հաղորդեց:

Ճշգրտեց իմ գոյության իմաստն այս կյանքում:

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԵՐԵՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸԵրկրորդ խոստովանություն

 

Արցախում

 

Հայաստանում ինձ շատերն էին սպասում։ Ոմանք չէին համբերել, Մոսկվա՝ դիմավորելու էին եկել։ Ճիշտ է, որ ժամանակ չկորցնեմ, դեռեւս արտասահմանում, վստահելի ներկայացուցիչների միջոցով, պարզաբանել էի, թե սահմանամերձ շրջաններում, Արցախում կամավորական ինչ ջոկատներ են մարտնչում, ինչ նպատակներ են հետապնդում, բայց, այնուամենայնիվ, տեղ հասնելուց հետո հարկ համարեցի առանձին-առանձին հանդիպել հրամանատարների հետ, ծրագրերը որոշակիացնել։ Երեք շաբաթվա ընթացքում մենք միայն Լեոնիդ Ազգալդյանի հետ համաձայնության եկանք։ Ու 1990 թ. դեկտեմբերի երկրորդ կեսին առաջին անգամ միասին Արցախ գնացինք։ Մեր նպատակը ազգային-ազատագրական կամավորական բանակ ստեղծելն էր, այդ այցելությունը սոսկ կազմակերպչական բնույթ ուներ։ Մենք տեղի ազգաբնակչությանը հորդորում էինք անհապաղ զինվել, ինքնապաշտպանական խմբեր կազմել, մի խոսքով՝ նախապատրաստվել պայքարի։ Անշուշտ, մարտական փոքր խմբավորումներ կազմավորվել էին, կային, բայց հավատը վարչակարգի, գորբաչովյան վերակառուցման նկատմամբ դեռեւս զորավոր էր։ Շատերը անվստահությամբ էին մեզ լսում, սեփական ուժերին, հաղթանակին չէին հավատում:

Երկրորդ անգամ Լեոնիդն ու ես Շահումյան մտանք 1991 թ. հունվարին ու ձմեռային դաժան պայմաններում, անտառում ռազմական ճամբար հիմնեցինք։ Այն ամենից առաջ աչքի էր ընկնում բացառիկ կարգապահությամբ՝ ծխել, ոգելից խմիչք օգտագործել չէր թույլատրվում: Շատ կամավորներ չդիմացան անսովոր պայմաններին՝ թողեցին, հեռացան: Ու սկսեցին անհավատալի մանրամասներ պատմել մեր զինավարժությունների, մարզման առանձնահատկությունների մասին: Առասպելներ էին շրջում, մասնավորապես՝ Ֆրանսիայից եկած հրամանատարի մասին, այն էլ, ըստ երեւույթին, այն պատճառով, որ որեւէ մեկի հետ ուղղակի առնչվել, բացատրվել չէի կարողանում։ Ճիշտ է, Մարսելում այն մեկ տարում, որ բանտում անցկացրի, փորձեցի մայրենի լեզուս սովորել, բայց երբ Հայաստան, մանավանդ Արցախ հասա, բոլորովին այլ, գրեթե անհասկանալի հայերենի առնչվեցի։ Բոլոր դեպքերում, իմ օրինակը շատերի համար վարակիչ դարձավ…

Հետզհետե մեր կամավորական բանակի շարքերը համալրվում էին, մենք նոր ճամբարներ ստեղծեցինք Երեւանի շրջակայքում, Էջմիածնում, Վարդենիսում, այլուր։ Ամենաուրախալին այն էր, որ լեռներից իջավ, իր ջոկատով մեզ միացավ Վլադիմիր Բալայանը։ Ես նաև սփյուռքի իմ բարեկամներին խանդավառեցի, որոնք Հայաստան փութացին ու մեզ համազգեստ, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ նյութեր  հասցրին: Զենք ու զինամթերք մեր միջոցներով էինք հայթայթում։

…Առաջին անգամ մենք մարտադաշտ մտանք Գետաշենում, ու շատ շուտով մեր Ազատագրական բանակը Արցախի ամենամարտունակ միավորումը դարձավ. մասնակցեց Մարտունու, Հադրութի, Ստեփանակերտի, Մարտակերտի քսանյոթ բնակավայրերի ազատագրությանը։ Հենց որեւէ ճակատում իրադրությունը լարվում, օրհասական էր դառնում, մեր օգնությանն էին դիմում։ Ինքս էլ եմ զարմանում, թե ինչպես էինք կարողանում ամենուր լինել, բոլոր ջոկատներին զորակցել։ Հենց դա էլ, ըստ երեւույթին, ճակատագրական եղավ…

Կռվում էինք Հաթերքի շրջանում։ Նոր էինք Արդաբան գյուղն ազատագրել, ճամբար վերադարձել, որ մի փոքր հանգստանանք, հաղորդեցին, որ Մարաղայում կոտորած է։ Առանց ժամանակ կորցնելու տեղ հասանք, ահավոր դրության ականատես եղանք։ Ազերիները գնդակահարում էին թաքստոցներում մնացած հայ կանանց, անպաշտպան ծերունիներին ու մանուկներին։ Մենք, իհարկե, շատ արագ բնակավայրը հետ վերցրինք, սկսեցինք տուն առ տուն, փողոց առ փողոց թշնամուց մաքրել։ Ու ինքներս էլ չզգացինք, թե ինչպես շրջափակման մեջ ընկանք։ Ոսոխն, ըստ երեւույթին, համալրում էր ստացել, կրակե օղակը մեր շուրջը հետզհետե սեղմվում էր։ Անսպասելիորեն Լեոնիդը հետ շրջվեց ու ինձ նկատելով, հրամայեց իսկույն Մարտակերտ հասնել, նոր ուժեր խնդրել: Ես, այն է, ուզում էի նետվել դեպի գյուղի ծայրին, թփուտներում թաքցված լեռնային ինքնաշարժը, հասկացա նրա մտադրությունն ու կանգ առա։ Շրջկենտրոնում չկար այնպիսի ջոկատ, որ մեզ կարողանար օգնել, այդ ձեւով Ազգալդյանն ուզում էր իմ՝ միակ սփյուռքահայի կյանքը փրկել։ Երբ նա հրամանը կրկնեց, ինքնատիրապետումս կորցրի ու, քանի որ դեռ լավ չէի խոսում մայրենի լեզվով, գոռացի. «Ի՞նչ է, իմ կաշիս հայի կաշի չէ՞…»։ Այդ անհուսալի պահին բոլորը ծիծաղեցին, փաթաթվեցին ինձ ու միասին, ավելի մեծ կորովով շարունակեցինք դիմադրել։ Ցավոք, ցանկապատի վրայով մի պարտեզից մյուսը ցատկելիս հենց օդում գնդակը խոցեց ոտքս, մի տասնհինգ մետր հեռու Լեոնիդն ընկավ։ Նրա վերքն, ըստ երեւույթին, թեթեւ էր՝ արագ ոտքի ելավ, բայց ես շարժվել չէի կարողանում, զգում էի, որ արյուն եմ կորցնում։ Չեմ ուզում մանրամասն պատմել, թե ինչ դժվարությամբ ինձ Մարտակերտի հիվանդանոց  փոխադրեցին, որն, ըստ էության, խոնավ մի ներքնահարկ էր. երկու հոգի ամուր բռնել էին ոտքս, երրորդը վիրահատում էր, եւ ես լսում էի, թե ինչպես են փշրված ոսկորներս զնգոցով ընկնում արծնապատ տաշտակը։ Մարտակերտում վերքս չկարողացան բուժել, տարան Ստեփանակերտ, այնտեղից Երեւան։ Արդեն ամիս ու կես պառկել էի, տխուր հիվանդասենյակ մտավ Լեոնիդն ու հայտնեց, որ մեր Ազատագրական բանակի Արցախի ճակատի հրամանատարը՝ Վլադիմիր Բալայանը, զոհվել է… Միասին Արցախ գնացինք, մասնակցեցինք մեր անփոխարինելի մարտընկերոջ թաղմանը, հետո, քանի որ ոտքիս վիճակը լուրջ էր, ես Երեւան վերադարձա, իսկ Լեոնիդը մնաց… Ուղիղ տասնմեկ օր անց նրա զոհվելու բոթը հասավ:

Մոռացա վերքերս ու ցավերս, հասա Լաչին, դիմավորեցի մարտական, գաղափարական ամենամոտ ընկերոջս, բայց հողին հանձնելուն պես Արցախ փութացի, ստանձնեցի մեր բանակի հրամանատարությունը։ Դա հուլիսին էր։ Օգոստոսին, նույնպիսի տխուր առիթով, անզուգական Մանուկի՝ Մանչի հուղարկավորությանը մասնակցելու համար կարճ ժամանակով Հայաստան էի եկել, հանդիպեցի Աստվածատուր Պետրոսյանին։ Նա կարծես հենց ինձ էր սպասում, խնդրեց մի պահ առանձնանալ ու հանգամանորեն ներկայացնելով Ղարաբաղի հուսահատական վիճակը, բացատրեց, որ գործնական օգնության հասնելու համար անհրաժեշտ է կամավորական ջոկատները հենց Հայաստանում մարզել, մարտունակ դարձնել։ Նա տեղնուտեղն ինձ առաջարկեց բարձր մակարդակի ուսումնական կենտրոն ստեղծել, ստանձնել հրահանգչի պարտականությունները։ Ես, բնական է, մերժեցի, որովհետեւ չէի կարող բախտի քմահաճույքին թողնել Մարտակերտում մնացած իմ ջոկատը, բայց որքան հրաժարվում էի, Պետրոսյանն այնքան համառում էր։ Պատճառը միայն հաջորդ օրը հասկացա, երբ հեռատեսիլով տարածվեց Վազգեն Սարգսյանի կոչը…

Պատմական պահ էր… Չանցավ մի քանի ժամ, ու չորս հարյուրից ավելի ամենատարբեր մակարդակի, գաղափարի, խավի երիտասարդներ, շատ լավ իմանալով Արցախում ստեղծված անելանելի վիճակը, ցանկություն հայտնեցին կամավոր կռվել, ոչ միայն կռվել, այլեւ զոհվել լեռնաշխարհի ազատագրության համար։ Այդ օրը ես առաջին անգամ զգացի, թե ներքին ինչ ուժ, անսպառ հնարավորություններ ունի մեր ժողովուրդը, որոնք ի հայտ են գալիս, բացահայտվում ճակատագրական պահերին միայն։ Գիտակցո՞ւմ ենք մենք, արդյոք, մի՞շտ ենք գիտակցում, որ դա մեր ազգային դարավոր առանձնահատկությունն ու առավելությունն է։

…Հաջորդ առավոտ, լույսը չբացված, ես մայրաքաղաքային գնդում էի։ Ինձ հանձնարարեցին ամենաշատը տասը օրում մահապարտների գումարտակը վճռական մարտերի նախապատրաստել։ Դա, ճիշտն ասած, այնքան էլ հեշտ չէր, սկզբում բոլորը չէ, որ ուզում էին ենթարկվել իմ սահմանած կարգապահությանը։ Երբ որեւէ մեկին վազելուց խուսափելու համար ասենք պատժում, անգամ խիստ էի պատժում, ձեռքերը տարածում, տարակուսում էր.

-Ախպե՛ր ջան, ի՞նչ ես ուզում ինձնից, ես հո քո երեխան չեմ։ Ես կռվելու եմ եկել, վազքի մրցումի չեմ եկել։

Ալիկ Պետրոսյանը, որ գումարտակի համակարգողն էր, ինձ թույլ տվեց անհնազանդներին տեղնուտեղը հեռացնել, մարտական պատրաստականության հարցերում սկզբունքային, անզիջում լինել։

Իսկ մեկնելու նախորդ գիշերն ինձ առանձին  ասաց.

-Մենք պետք է հրամանատարի տեղակալներ ընտրենք։ Ի՞նչ ես կարծում՝ Սեյրան Աթանեսյանը կարդարացնի՞ իրեն։

-Անշուշտ։

-Վոլոդյա Ավետիսյա՞նը։

-Նույնպես։

-Գարիկ Շառոյա՞նը։

-Նա էլ։

Ես, իհարկե, անկեղծորեն էի իմ կարծիքը հայտնում, բայց եւ զարմանում էի, որ նման կարեւոր հարցն ինձ հետ է քննարկում։ Ընդհանուր ղեկավարն ի վերջո անակնկալը մատուցեց։ Լռեց մի պահ, ժպտաց.

-Եթե բոլոր տեղակալների հետ համաձայն ես, ընդունիր գումարտակը, հրամանատարը դու ես լինելու։

Ու, առանց պատասխանի սպասելու, սեղմեց ձեռքս, շնորհավորեց։ Բայց ես այդքան հեշտ չէի կարող համաձայնել, մոտեցա Մահապարտների գումարտակի ստեղծման՝ Արցախի կայծակնային փրկության գաղափարը հղացողին՝ Վազգեն Սարգսյանին և ասացի.

-Հրամանատարությունը կստանձնեմ, եթե, նախ Մարտակերտն ազատագրենք։ Ես այնտեղ մի ամբողջ ջոկատ եմ թողել, կորցրել եմ իմ լավագույն ընկերներին՝ Վլադիմիրին, Լեոնիդին, Մանչին, հոգեկան, բարոյական չհատուցված պարտքեր ունեմ:

Վազգեն Սարգսյանն ու Ալիկ Պետրոսյանը չպատասխանեցին։ Բազմիմաստ նայեցին իրար։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԵՐԵՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸՄենք նույն գիշերը «Եռաբլուրում» երդում տվեցինք  ու… հաջորդ առավոտ վաղ, Արարատի գոտեպնդող հայացքի ուղեկցությամբ, ճամփա ընկանք դեպի Արցախ։ Կարո՞ղ եք պատկերացնել իմ հուզումն ու ուրախությունը, երբ Ստեփանակերտում մի պահ կանգ առնելուց հետո կտրուկ թեքվեցինք դեպի Մարտակերտ: Գումարտակը տեղավորվեց Վանք գյուղի կահույքի արհեստանոցում, տղաները երկար, հոգեմաշ ճանապարհից հետո փորձեցին մի փոքր հանգստանալ, իսկ ես անտառ մտա, որ գտնեմ Արցախի ազատագրական բանակի մարտիկներին: Այսինքն՝ նրանց, ովքեր դեռ մնացել էին… Այդպես էլ կարծում էի։ Ավելին՝ համոզված էի. մեր ջոկատը Դրմբոնում էր: Քսան-քսանհինգ հոգի պաշտպանում էին Գանձասարից Սարսանգի ջրամբարն ընկած ռազմավարական կարեւորագույն տարածքը։ Պարզվեց, մենք ճիշտ ժամանակին ենք օգնության հասել: Նախորդ երեկո հակառակորդի հետախույզները հանգամանորեն տեղանքն ուսումնասիրելով ու համոզվելով, որ գյուղերը լքված են, շոշափելի ընդդիմադիր ուժեր գոյություն չունեն, հապճեպ հեռացել էին։ Ոչ մի կասկած չէր կարող լինել, որ լույսը բացվելուն պես նրանք գրոհելու էին, գրոհելու էին, որ գրավեն մարդաթափ բնակավայրերը։ Իսկույն հետ վերադարձա, Մահապարտներին  բացատրեցի, որ եթե չպաշտպանենք սարալանջի գյուղերը՝ Չլդրանը, Հարությունագոմերը, Վաղուհասը, թշնամին ճնշում կգործադրի Ասկերանի վրա, հետո Ստեփանակերտ կմտնի …Իմ գումարտակի մարտիկները, չնայած ուժասպառ էին, քնատ, մի մարդու պես ոտքի ելան: Մենք բահերով բեռնավորված նորից անտառ մտանք, Չլդրանի մատույցներում անաղմուկ խրամատներ փորեցինք ու դիրքավորվեցինք: Իմ մտավախությունը անհիմն չէր՝ լույսը բացվեց ոսոխի գրոհով։ Ո՛չ, չափազանցում եմ, ազերիները, վստահելով իրենց հետախուզության տվյալներին, զբոսնելու պես էին սարից իջնում։ Մեզ էլ հենց դա էր պետք: Թողեցինք, որ մոտենան ու հենց մեր դիրքերին հասան, հարյուր ինքնաձիգ միաժամանակ որոտացին. անտառի բացատը մսաղացի վերածվեց։ Նման անսպասելի հակագրոհից գազազած ոսոխը տասն օր անընդհատ զենքի բոլոր տեսակներով ռմբակոծում էր մեզ։

Յուրաքանչյուր րոպե խրամատների շրջակայքում արկ էր պայթում: Մեր փորած հողը ցրիվ եկավ, խոտն այրվեց, դարավոր կաղնիներ արմատախիլ եղան։ Ահա այդ օրհասական պահին պարզվեց, որ չնայած Մահապարտները քրիստոնեական նշանավոր սրբավայր են պաշտպանում, մեծ մասամբ մկրտված չեն։ Ճիշտ է, թշնամին ընդամենը չորս կիլոմետր էր հեռու, բայց հարմար պահը հասավ։ Մեր զինվորական շարասյունը Գանձասար բարձրացավ, խորանի առջեւ, մոմի բեկբեկ լույսի ներքո ծունկի չոքեց։ Կնքահայրը ես էի: Վարդանանց Եղիշեին հիշեցնող քահանան՝ Տեր Հովհաննեսը, որը ե՛ւ կրոնական էր, ե՛ւ զինվորական, մկրտեց մեզ, ինչպես մենք էինք կատակով ասում՝ «հեթանոսներիս», բոլորին օրհնեց։ Կամավորների վրա, ասես, լույս ու երկնային զորություն իջավ։ Դրանից հետո շատ դաժան ճակատամարտերի մասնակցեցինք, բազմաթիվ վիրավորներ, նույնիսկ զոհեր տվեցինք, բայց մի թիզ անգամ չնահանջեցինք մեր դիրքերից։ Թշնամու ոտնձգություններից պաշտպանեցինք Արցախը, նրա ազատությունը։ Անկախությունը…

Զոհերը թող հանգիստ քնեն «Եռաբլուրում»։ Մահապարտները պատվով կատարեցին իրենց, հիրավի, պատմական առաքելությունը։ Նրանք ոչ միայն Արցախի ազգային-ազատագրական պայքարում արմատական բեկում մտցրին, այլեւ համայն հայությանը հավատ ներշնչեցին սեփական ուժերի նկատմամբ։ Մենք ապացուցեցինք, որ հայն ի վիճակի է հաղթել, ի վիճակի է ազատագրել, պաշտպանել ազատագրված տարածքները։

 

Երրորդ խոստովանություն

 

Արցախից հետո

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԵՐԵՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

…Տարիներ առաջ, երբ Լեոնիդ Ազգալդյանի հետ ազատագրական բանակն էինք ստեղծում, հաճախ էինք գաղտնի Քարվաճառ գնում։ Մենք զմայլվում էինք չքնաղ լեռնաշխարհով: Եվ մտածում էինք՝ հողը, որի վրա դեռեւս վաղ միջնադարում հայկական եկեղեցի ու ամրոց է կառուցվել, չի կարող մերը չլինել։ Եթե մերն է, ուրեմն, մեզ՝ իր օրինական տիրոջը պիտի վերադարձվի։ Մեր երեւակայությունը նախ բորբոքվեց, հետո հետզհետե հանդուգն դարձավ՝ մանավանդ, երբ պատմական աղբյուրներ թերթեցինք ու իմացանք, որ թշնամին Քարվաճառի բերդը պաշարել է դարերով, բայց երբեք չի կարողացել նվաճել. հայ ռազմիկները միշտ անառիկ են պահել: Այդ ժամանակ շատ շատերը չհասկացան, թե ինչու մենք մեր առաջին ռազմական ճամբարներից մեկը Վարդենիսում հիմնեցինք: Քելբաջարի ազատագրությունը սոսկ զգացմունքային մղում չէր, ռազմավարական կարեւորագույն դրդապատճառներ ուներ, քանի որ, եթե Արցախը շրջափակվեր, Մռավի լեռներով, կարճ ճանապարհով Հայաստանին հաղորդակցվելու հնարավորություն պիտի ընձեռվեր… Բանը նրան հասավ, որ հանդիսավոր մի պահի ես հրապարակայնորեն երդվեցի ամուսնանալ Քելբաջարն ազատագրելուց հետո միայն և պսակադրության արարողությունը Դադիվանքում կատարել։ Հավանաբար այդ ժամանակ շատ շատերն ինձ խենթ, խելագար համարեցին, կարծեցին, որ հավիտյան ամուրի եմ մնալու..

Ես իմ մահապարտներով մոտ մի ամիս Գանձասարն էի պաշտպանում, բայց ուշքս-միտքս Դադիվանքի կողմն էր։ Ինքս ինձ մտածում էի, որ հենց Վաղուհասը ազատագրենք, կիջնենք Գետավան ու մոտ քսան կիլոմետր ձախ թեքվելով, Դադիվանք կմտնենք։ Մահապարտների նման կամավորներ ունեցողի համար այդ տարածությունն ի՞նչ էր որ…

Դրա համար էի զայրանում, երբ իմ մարտիկներն ինձ ասում էին.

-Պարոն Հովսեփ հեչ չմտածես, կզոհվենք, բայց Գանձասարը թշնամուն չենք տա…

-Խելք հավաքեք,- խրամատում անգամ չէի դիմանում, ձայնս բարձրացնում էի ես,- մենք Գանձասարը պիտի պաշտպանենք, բայց չպիտի զոհվենք, որ քսանհինգ կիլոմետր հեռվում գերի մնացած մի ուրիշ վանք էլ ազատագրենք։

Կամավորները գիտեին իմ երդման մասին՝ նկատում էի, քթների տակ խնդմնդում էին…

Հայտնի է, երբ հայ մարտիկները որեւէ բնակավայր են ազատագրում, ի նշանավորումն հաղթանակի՝ որոտում են համազարկերը։ Բայց երբ ի վերջո Դադիվանքի բացատը մտանք, ոչ մի կրակոց չլսվեց։ Իմ բոլոր զինվորները ուս ուսի տված սկսեցին շուրջբոլորս պարել, ու նրանց գոռգոռոցներին, ասես, լեռներն էլ արձագանքեցին.

-Հրամանատա՛ր, հարսն ո՞ւր է…

Վերջերս ես ամուսնացա Դադիվանքում: Իմ պսակադրությանը ներկա լինելու համար Մարսելից ժամանել էին մայրս՝ Մարին, ու հայրս՝ Կարապետը։ Այն մեկ տարվա ընթացքում, որ ես ֆրանսիական բանտում անցկացրի, նրանք ինձ չէին տեսել, փախստական դառնալուց հետո ընդհանրապես չգիտեին, թե որտեղ եմ։ Ապահովության նկատառումներով պետք էլ չէր, որ իմանային։ Զարմանալին այն է, որ ճիշտ իմ Արցախ մտնելու օրը գաղտնի ոստիկանության գործակալները գնացել էին մեր տուն, բառացիորեն ասել.

-Ձեր որդին այժմ Ղարաբաղում՝ Շահումյանում է։ Որքան ուզում է, թող այնտեղ մնա, բայց Ֆրանսիա վերադառնալ մտքով չանցնի…

Իմ հյուրը լինելու կարճ ժամանակամիջոցում ծնողներս Երեւանն այնքան սիրեցին, որ բնակարան գնեցին:  Այսուհետեւ նրանք վեց ամիս իմ, վեց ամիս՝ Ֆրանսիայում քրոջս ու եղբորս մոտ տարագրության մեջ պիտի մնան:  Ես այս երեւույթի մեջ խոր իմաստ եմ տեսնում, ավելի որոշակի, կարծում եմ, որ մեր պայքարն ավարտված չէ: Թերեւս այդպես մտածում եմ, որովհետեւ Ֆրանսիայում եմ կրթություն ստացել, ֆրանսիական հեղափոխության գաղափարներով դաստիարակվել:  Ինձ սովորեցրել են, որ ամեն ազգ իրավունք ունի ազատ, անկախ լինել, իր ազատության, անկախության համար պայքարել: Հիշում եմ, դեռեւս դպրոցում, մենք մեր համակրանքն էինք արտահայտում Չիլիի, Վիետնամի ժողովուրդների ազատասիրական շարժումների նկատմամբ: Նույնը կրկնվեց համալսարանական տարիներին։ Ուզում եմ ասել՝ ցանկացած ժողովրդի արդարացի իրավունք ի սկզբանե ինձ համար սրբություն է եղել։ Դրա համար էլ զարմանում էի, որ մեր ազգային իրավունքների մասին ոչ ոք չի խոսում, ոչ ոք պայքար չի մղում։ Ճիշտ է, սփյուռքահայերն ամեն տարի առանձնահատուկ սուգով նշում էին ապրիլի 24-ը, բայց մեր պահանջատիրության մասին խոսում էին կաշկանդվելով, միմյանց հանդուրժողականություն էին քարոզում։ Նույնիսկ այսպիսի երգ ունեին.

Համբերե, հոգի՛ս, համբերե…

Դրա համար, հենց որ մենք սկսեցինք մեր զինված պայքարը, այդ բառերը փոխեցինք։ Սկսեցինք այլ կերպ երգել.

Պայքարե, հոգի՛ս, պայքարե…

Կարծում եմ՝ իրավացի էինք։ Սփյուռքահայությունը, յոթանասուն տարի համակերպվելով, ինչի՞ էր հասել։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԵՐԵՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸՀասկանալի է՝ գաղտնի բանակի բուն նպատակը Արեւմտահայաստանի ազատագրությունն էր, թուրք դեսպանների բռնասպանությունը սոսկ քարոզչական նպատակ ուներ։ Գիտեինք, որ այդ ճանապարհով ոչ մի թիզ հող մերը չենք դարձնի, բայց ուզում էինք հայկական դատին միջազգային հնչեղություն հադորդել, արդարացիությունը բացահայտել։ Մենք զգում էինք ամբողջ հայության չարտահայտված, ներքին համակրանքը մեր նկատմամբ ու հետզհետե ավելի գործնական, նպատակամղված էինք դառնում… Նույնիսկ Արեւմտահայաստանում անդրանիկ ճամբարն ստեղծելու մասին էինք մտածում…

Եվ իրականությունն անակնկալ մատուցեց՝ խորհրդային կայսրությունը փլուզվեց, ու ի պատիվ մեր ժողովրդի, նրա ավերակների վրա առաջինը Արցախի անկախության դրոշը ծփաց։ Բնական է, մեր եղբայրների ու քույրերի ազատասիրական ձգտումները խանդավառեցին մեզ, մենք օգնության փութացինք ու մի անգամ եւս զգացինք, որ անկախ լեզվական, կենցաղային որոշ տարբերություններից, նույն հայն ենք, նույն ձգտումներն ու նպատակներն ունենք։ Արցախի ազատագրությունը բացառիկ դաս եղավ մեր ժողովրդի, մեր ապագայի համար։ Մենք համոզվեցինք, որ եթե որեւէ ազգ պատրաստ է լինում ամեն անակնկալի, հասնում է իր նպատակին։ Հենց դրա համար ես միշտ ու ամենուր պնդում եմ, որ մենք հզոր հանրապետություն, արդիական բանակ պիտի  ունենանք, որ բաց չթողնենք հաջորդ առիթը:

Առիթը, որ չեմ կասկածում, պատմությունը վաղ թե ուշ ընձեռելու է..

 

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

«Հայ զինվորի» արխիվից

Խորագիր՝ #36 (1356) 9.09.2020 - 15.09.2020, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


10/09/2020