«ԻՄ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է, ԽՐԱՄԱՏՈՒՄ, ԻՄ ՈՐԴՈՒ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ…»
Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերն սկսվեցին 1989 թվականին եւ ձգվեցին 3 տարի: Գեղարքունիքի մարզի արեւելյան հատվածում գտնվող Արծվաշենը անկլավ էր Ադրբեջանի Գետաբեկի շրջանում. երբեմնի հայկականից միակ հայկական մնացածը:
1990 թ. օգոստոսի 4-ից 3 օր շարունակ Վանաձորի մոտոհրաձգային գնդի զինվորներն անձնվիրաբար ապահովեցին խաղաղ բնակչության դուրսբերումը սաստկացող եւ հետզհետե նեղացող կրակե օղակից: Օգոստոսի 7-ին գնդի տղաները մնացին հակառակորդի շրջափակման մեջ:
1992 թ. օգոստոսի 8-ին Արծվաշենը վերջնականապես հայաթափվեց:
-Դավիթը, Աշոտը, Նովլեմն ու Օհանը միայն խրամատներից կարող են տեսնել իրենց ծննդավայրը՝ հույսը սրտներում, որ մի օր անպայման վերադառնալու են:
Չքնաղ, երբեմնի մեծ ու շեն Արծվաշենից տեղահանվեց 719 ընտանիք, որոնց մեծ մասը բնակություն հաստատեց Գեղարքունիքի մարզի բնակավայրերում: Արծվաշենից այսօր միայն երբեւէ գոցված դռների բանալիներն են մնացել, իբրեւ սուրբ մասունք, իբրեւ հետդարձի երաշխիք, իբրեւ սերնդեսերունդ փոխանցվող հիշողություն, այլեւս երբեք չսխալվելու խոստում, այլեւս երբեք չզիջելու վճռականություն:
-12 տարեկան էի, երբ հարկադրված հեռացանք Արծվաշենից: Եկել ու բնակվել ենք Ճամբարակում: Արծվաշենի դառը կորուստը սրտներումս էլի հզոր ու պինդ կանգնած ենք մեր հողի վրա: Եթե այսօր էլ մեզ թողնեն՝ հենց Արծվաշենի տղերքով մենք էլի մեր ծննդավայրը կազատենք գերությունից,- վստահեցնում է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Դավիթ Ղազարյանը:
Աշոտ Չիլինգարյանը, որ ծառայակից ընկերներից ամենաավագն է, հիշում է.
-Այդ օրը Արծվաշենից դուրս եկող մեր մեքենան վերջին անգամն էր անցնում գյուղը Ճամբարակին կապող մայրուղով: Վերցրել էինք այն, ինչ հասցրել էինք, ինչ կարողացել էինք վերցնել: Մնացածը, մնացածն ու… Արծվաշենը թողեցինք,- հիշում է նա:
Կոպերի շուրջ գծված ակոսներն ու տարիների հետ թանձրացող իմաստնությունը անցած ճանապարհի մասին են վկայում:
-Իմ տեղն այստեղ է՝ խրամատում, իմ որդու տեղն այստեղ է՝ Հայրենիքի սահմանին: Ու դեռ երկար ենք խրամատում մնալու, որովհետեւ ինչ-որ տեղ, ինչ-որ սխալ է եղել, եւ այդ սխալն ուղղել է պետք,- արծվաշենցուն բնորոշ վստահությամբ ու վճռականությամբ ասում է Աշոտը:
-1992 թ. ես 22 տարեկան էի: Թշնամին չորս կողմից կրակ էր թափում, ճնշում էր, ու ստիպված հեռացանք, չկարողացանք մեր գյուղը պահել: Եթե թողնեն՝ հենց հիմա էլ կվերցնենք Արծվաշենը,- ընկերոջ խոսքն է հաստատում Աշոտ Չիլինգարյանը:
Նովլեմն էլ մի ամբողջ կյանք խրամատում է անցկացրել: Ինքն այստեղ՝ Հայրենիքի հյուսիս-արեւելքում է սահմանին կանգնած, որդին՝ առաջնագծի մեկ այլ հատվածում:
-Այս պատերազմում մեր որդիներն էլ իրենց բաժին կռիվն ունեն: Ես իմ որդուն այս կերպ եմ դաստիարակել ու վստահ եմ, որ որդիս հաղթելու է,- ասում է Նովլեմը:
Այսօր Արծվաշեն տանող ճանապարհին տարեցտարի թանձրացող հիշողության փոշին է, անցյալի հետքերը, որ մեծ ու փոքր բլուրների վրա գալարվելով, հիմա արդեն դառնում են դատարկ անհայտություն միայն: Երբեմնի շեն ու ծաղկուն Արծվաշենում այսօր նույնիսկ քարը քարի վրա չի մնացել: Ծանոթ ձեռագիր է ՝ փորձելով ջնջել մեր հետքերն այդ տարածքներից:
-Շենք ու շինություն կարող են վերացնել, բայց մեր ոգին անսասան է,- ասում է պայմանագրային շարքային Օհան Օհանյանն ու վճռական հավելում.
-Ինչպես մեր նախարարը նշեց՝ եթե նոր պատերազմ, ուրեմն՝ նոր տարածքներ:
♦♦♦
-Երկու տարին քիչ չէ՝ հասկանալու համար, որ մենք այլընտրանք չունենք: Միմյանց հերթափոխելով՝ պիտի պաշտպանենք մեր երկրի պետական սահմանը, մինչեւ այն օրը, երբ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ հայ մարդն այլեւս ստիպված չլինի իր երկրում խաղաղ ապրելու իրավունքն ամեն օր զենքով վերահաստատել,- ասում է Մամիկոն Նիկողոսյանը, որը եղբոր հետ ծառայում է առաջնագծում՝ միմյանց հարեւան հենակետերում:
-Ժամկետային ծառայությունս վերջացրի 2014 թվականին եւ որոշ ժամանակ անց որոշեցի նորից անցնել ծառայության: Ժամկետային ծառայությունս նույնպես անցել է առաջնագծում: Այսօր էլ ուզում եմ իմ համեստ ներդրումն ունենալ հայրենիքիս պաշտպանության գործում,- մեզ հետ կիսվում է Մամիկոնը:
Առաջնագծում հուլիսյան մարտերը չէին կարող համարժեք արձագանք չունենալ նաեւ սահմանագծի այս հատվածում: Տղաները վստահեցնում են՝ իրենք իրենց անելիքը լավ գիտեն, և պետական սահմանի իրենց վստահված մարտական դիրքն ամուր ձեռքերում է:
-Հակառակորդը մի քանի անգամ փորձել է տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, վերադասին զեկուցելուց եւ համապատասխան հրահանգ ստանալուց հետո, համարժեք պատասխան ենք տվել: Այս պահի դրությամբ մեզ վստահված սահմանի հատվածում դրությունը լարված չէ,- զրույցին է միանում գումարտակի հրամանատար Հովսեփ Մինասյանը:
-Ամեն բան սկսվում է նվիրումից եւ ամեն քայլաչափ հողի համար սրտացավությունից,- ասում են մեր պաշտպանները:
…Ճանապարհի ոլորանները հետզհետե մեզ հեռացնում են առաջնագծից: Խրամատները վերեւում են մնում: Տղաների հետ խոսքուզրույցից հետո եւս մեկ անգամ համոզվում ենք. այնտեղ՝ առաջնագծում, նվիրումի ու սրտացավության կշիռն ու տարողությունը չափման որեւէ միավորով հնարավոր չէ նկարագրել: Հավանաբար հակառակորդն էլ հասկացել է՝ Արծվաշենի մասին այստեղ չեն մոռացել:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Խորագիր՝ #36 (1356) 9.09.2020 - 15.09.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում