Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ



Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ «Նրանք կերտեցին հաղթանակը» խորագրով հուշ-երեկո` նվիրված Հայաստանի անկախության և հայրենի հողի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած դյուցազուններին։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին ավիացիոն ինստիտուտի ամբողջ կուրսանտական եւ սպայական կազմը, հրավիրված էին պատվարժան հյուրեր` կանայք, որոնցից Արցախյան ազատամարտը խլեց ամենաթանկը՝ ամուսիններին ու զավակներին. ՀՀ «Արիության» մեդալի ասպետ Արամ Օհանջանյանի այրին՝ Մարիա (Զոյա) Մուրադյան, «Արիության» մեդալի ասպետ Արշակ Գոքորյանի մայրը՝ տիկին Հեղինե Բադալյան, «Արիության» մեդալի ասպետ Սամվել Շահինյանի մայրը՝ Վերա Շահինյան, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Գեւորգ Ղազարյանի մայրը՝ Լյուդմիլա Ղազարյան, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Ստեփանյան, ինչպես նաև ազատամարտիկ Հայրապետ Օհանյանը իր տիկնոջ՝ արձակագիր, մանկագիր Հայկուշ Օհանյանի հետ:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող տեսանյութեր, սպարապետ Վազգեն Սարգսյանի հեռուստաուղերձը` մահապարտների գումարտակի կազմավորման վերաբերյալ։ Կուրսանտները կատարեցին գրող, արձակագիր եւ երգահան, Ուկրաինայի գրողների միության անդամ Անահիտ Սարգսյանի երգերն ու արտասանեցին հայրենիքին նվիրված նրա բանաստեղծությունները:

Ելույթ ունեցան Շենգավիթ համայնքի «Զոհված ազատամարտիկների» կոմիտեի նախագահ Լյուդմիլա Ղազարյանը, Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Ստեփանյանը, արձակագիր, երգահան Անահիտ Սարգսյանը, հերոսապատում գրքերի հեղինակ Սամվել Եղիազարյանը, արձակագիր, մանկագիր Հ.Օհանյանը, որոնք իրենց հեղինակած գրքերն ընծայեցին ինստիտուտի գրադարանին։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ գնդապետ Զ.Հակոբջանյանը և հրամանատարության անունից պատվոգրեր հանձնեց ինստիտուտի կոորդինատոր Մարիետա Շահինյանին ու Հայկուշ Օհանյանին։

Միջոցառման ավարտին կուրսանտները «Մարտիկի երգի» մեղմ հնչյունների ներքո մեկիկ-մեկիկ մոտեցան հերոս մայրերին, համբուրեցին նրանց ձեռքը և լուռ դուրս եկան դահլիճից։

ՕՖԵԼՅԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Բանակ և հասարակություն


16/11/2011