Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ



Հարավային  Կորեա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԱրդեն հաջորդ տարի հարավկորեական զինված ուժերը կհամալրվեն սեփական արտադրության առաջին կործանիչներով: Համաձայն արտադրող ընկերության հայտարարության՝ առաջին նախատիպի պատրաստումը մոտենում է վերջնական փուլին։ Ըստ նախագծի հեղինակների՝ KF-X անվանումն ստացած ինքնաթիռը կգերազանցի իր մարտական հատկություններով 4-րդ սերնդի կործանիչներին, սակայն սպառազինված չի լինի 5-րդ սերնդին բնորոշ «Սթելս» համակարգերով։

Առաջին հերթին կպատրաստվեն ինքնաթիռի 6 նախատիպերը, որոնց փորձարկումների արդյունքում կշտկվեն ռազմական մեքենայի սկզբնակետային խնդիրները, որից հետո միայն KF-X-ը կանցնի սերիական արտադրության։ Նշվում  է, որ արտադրական առաջին սերնդին պատկանող այս օդանավերը «Երկինք-երկինք»  դասի հրթիռներից զատ, կկրեն նաև «Երկինք-երկիր» դասի սպառազինության մի քանի տարատեսակներ։ Ռազմական մեքենայի ամբողջ ներուժը կդրսևորվի արդեն արտադրական երկրորդ սերնդի ժամանակ, որի ընթացքում  ինքնաթիռի կազմում կներառվեն նոր մարտական և թռիչքային համակարգեր։

***

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՀարավային Կորեան լուրջ հաջողություններ է գրանցում նաև գերճշգրիտ հրթիռային սպառազինության ոլորտում։ Դրա վկայությունն են կորեական արտադրության KTSSM հրթիռները։

2018 թ. Հարավկորեական պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ կազմվում են նոր հրթիռահրետանային բրիգադներ, որոնց կազմում ներառվելու են ինչպես գերճշգրիտ KTSSM հրթիռները, այնպես էլ K239 Chunmoo ՀԿՌՀ-ները, նման ստորաբաժանումները հնարավորություն կտան ամրացնելու հեռավար հրետանու  դիրքերը Հյուսիսային Կորեայի հետ շփման գծի երկայնքով։

KTSSM-ն պինդ վառելանյութով միաստիճան  հրթիռ է: Համակարգի նշանառումը կատարվում է իներցիոն և արբանյակային համակարգերի շնորհիվ, հեռահարությունը կազմում է 120 կմ՝ ընդամենը շեղման 2 մ հավանականությամբ։ Ի սկզբանե համակարգը նախատեսվում էր կիրառել «Երկիր-երկիր» սկզբունքով, սակայն, ինչպես փաստում են վերջին փորձարկումները, հրթիռը ունակ է խոցելու նաև վերջրյա նշանակետերը։

 

 

Ռուսաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՄինչև  տարեվերջ երկինք կբարձրանա բազմաֆունկցիոնալ կործանիչ ՍՈւ-30 ՍՄ-ի  նոր փոփոխակը (մոդիֆիկացիան)։ Արդիականացման մեծ հնարավորությամբ  ինքնաթիռն ունի նոր ավիոնիկա, օպտիկական, ռադարային և դիտարկման սարքավորումներ։ Որոշակի փոփոխություններ առկա են նաև շարժիչի մեջ։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ պաշտպանական գերատեսչությունը նախատեսում է պայմանագիր կնքել 21 նման ինքնաթիռների արտադրության համար։

***

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՄոտ ապագայում ՌԴ ԶՈՒ-երը կհամալրվեն նորագույն նռնականետային-հրանետային համակարգով, որը ստացել է 6Ս20 « Смесь» անվանումը։ Այս սպառազինության աշխատանքները մոտենում են ավարտին, և շուտով առաջին տարբերակները կանցնեն դաշտային փորձարկումներ։

«Смесь» համալիրը իր մեջ ներառում է մի քանի հիմնական տարրեր՝ բազմաֆունկցիոնալ նշանոց, երկու տեսակի ռեակտիվ նռնակներ՝ միանգամյա օգտագործման տրանսպորտային արձակման բեռնարկղերում։

Հակատանկային նռնակի բնութագրերը դեռևս հայտնի չեն, սակայն առկա է տեղեկություն, որ այն ունակ կլինի խոցելու դինամիկ պաշտպանությամբ զրահապատ նշանակետեր, իսկ նռնակի հզորությունը հավասարազոր է 120 մմ արկի պայթյունին։

Սակայն առավել հետաքրքիրը այս համակարգում վերջինիս նշանոցն է։ Նշանառման այս համակարգը հնարավորություն է տալիս մարտ վարել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում, առկա է նաև լազերային հեռաչափ և բալիստիկ հաշվարկման համակարգ։

Ըստ նախագծի հեղինակների՝ «Смесь» համակարգի առավելությունը առաջին հերթին  տարաբնույթ խնդիրներ կատարելու ունակության մեջ է. այն հնարավորություն է տալիս արդյունավետ մարտ վարել ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի դեմ։

 

 

Չինաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԱրդեն մի քանի տարի է, ինչ Չինաստանում  աշխատանքներ են տարվում հեռավոր ռադիոտեղորոշիչ դիտարկման և կառավարման տախտակամածային ինքնաթիռի խոստումնալից նախագծի ուղղությամբ։ Մինչև վերջերս ստեղծվում էին ինքնաթիռի փորձնական նախատիպերը, և փորձարկումների վերջնական փուլ է անցել Xian KJ-600 անվանումն ստացած ինքնաթիռի լիարժեք նախատիպը։

Հայտնի է, որ նոր ինքնաթիռը կառուցվում է սերիական արտադրության տրանսպորտային Y-7 ինքնաթիռի հիման վրա։ Ձևափոխումների են ենթարկվել ինչպես բազային ինքնաթիռի ռադիոէլեկտրոնային համակարգերը, այնպես էլ ներմուծվել են մի շարք կառուցվածքային փոփոխություններ ավիակրի  վրա տեղակայելու համար։

Ինքնաթիռի թևերի բացվածքը կազմում է շուրջ 30 մետր, իսկ երկարությունը 25  մետր է։ Օդանավի քաշը 30 տոննա է։

Xian KJ-600 նախատեսված է ավիակրից  որոշակի հեռավորության վրա օդային և վերջրյա իրավիճակի հետախուզման, ինֆորմացիայի վերամշակման և համապատասխան կառավարման կենտրոնների փոխանցման համար։ Հավանական է նաև այս ինքնաթիռի միջոցով տախտակամածային ավիացիոն ուժերի կառավարման իրականացումը։

Նախատեսվում է նման ինքնաթիռների կիրառման միջոցով հակառակորդի ուժերի հայտնաբերման շառավիղը ավիակրից ավելացնել 500-600 կմ-ով։

Ըստ հեղինակների՝ նման 3 ինքնաթիռների կիրառության միջոցով հնարավոր կլինի կազմակերպել մշտական հերթապահություն, ինչը կապահովի անխափան դիտարկումը և հակառակորդի ուժերի հայտնաբերումը ճիշտ ժամանակին և մեծ հեռավորությունների վրա։

 

Պատրաստեց ԱՐՄԱՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ

Խորագիր՝ #37 (1357) 16.09.2020 - 22.09.2020, Ռազմական


17/09/2020