Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԴԱՐՁԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐ



ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԴԱՐՁԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԱմեն անգամ, երբ խոսում ենք պատերազմի մասին, աչքերիս առաջ պատկերանում է Գյումրիի զինկոմիսարիատը՝ սենյակներից մեկի դռան առջեւ խռնված աղջիկների բազմությունը… Կամավորներ են, դիմել են զինկոմիսարիատ՝ ռազմաճակատ գնալու խնդրանքով։ Աղջիկները մեկիկ-մեկիկ մտնում են ներս եւ դուրս գալիս… Ահա եւ իմ հերթն է… Ձեռքս դողում է, ոչ մի կերպ չեմ կարողանում պտտեցնել բռնակը… Դուռը վերջապես բացվում է, եւ ես զսպանակից նետվածի նման ուղղակի ներս եմ ընկնում ու մի կերպ հավասարակշռությունս պահպանելով, շփոթված կանգնում ընդարձակ ու լուսավոր սենյակի մեջտեղում։ Գրասեղանների մոտ նստած են զինվորական համազգեստով մարդիկ։ Իմ մուտքը ծիծաղեցնում է նրանց, իսկ ես ավելի ու ավելի եմ շփոթվում։ Զինվորականներից մեկը հարցնում է.

-Դո՞ւ էլ ես դիմում տվել։

Ես գլխով դրական նշան եմ անում։

-Հաաա՞… Դու, ի՞նչ է, կարծում ես՝ ռազմաճակատը մանկապարտե՞զ է։

Ես, իհարկե, շատ լավ գիտեմ, որ ռազմաճակատը մանկապարտեզ չէ, բայց չէ՞ որ ես մանկապարտեզի երեխա չեմ, այլ մեծ աղջիկ… Բոլորն են այդպես ասում՝ «Մեծ աղջիկ ես արդեն»։

…Ես… ես երեխա չեմ… տասնվեց տարեկան եմ… արդեն անձնագիր եմ ստացել։

Բոլորը լուրջ ու խիստ նայում են ինձ։ Ես քիչ է մնում լաց լինեմ։ Զինվորականներից մեկը, հավանաբար կարեկցելով ինձ, ժպտալով հարցնում է.

-Քո ոտքերը ո՞ր համարն են։

Ես տարակուսանքով նայում եմ նրան, նայում եմ ոտքերիս։

-Ե…րեսուն… երեսունչորս,- հազիվ կմկմում եմ ես, ապա սիրտ անելով, դպրոցական դարսավոր շրջազգեստս մի փոքր բարձրացնում եմ եւ ցույց տալիս ոտքս։ -Իմ կարծիքով՝ երեսունչորս համարը բավականին մեծ է, ոտքերս անցյալ տարի ընդամենը երեսուներկու համարն էին,- հաղթական նայում եմ շուրջս նստած զինվորականներին։ Մի քանիսը ժպտում են բարեհոգաբար, մի քանիսը՝ հեգնանքով։

-Երեսունչո՞րս… Չէ՜, չեղա՜վ։ Մենք երեսունչորս համարի սապոգներ չունենք։ Երբ ոտքերդ կդառնան երեսունվեց համարի, կգաս, կուղարկենք։

Իմ արցունքները, որ հազիվ էի պահում կոպերիս տակ, դավաճանորեն դուրս են ցայտում, եւ ես խայտառակ կերպով լաց եմ լինում՝ հոնգուր-հոնգուր՝ երեխավարի։

-Չէ՜… չէ՜… հիմա եմ ուզում գնալ… Սաթիկի, մյուսների հետ…- լացի միջից թոթովում եմ մի քանի անգամ։

-Ահա՜, մի՞թե կարելի է այսպիսի լացկան աղջկան ռազմաճակատ ուղարկել…

Եվ հրա՜շք, հրա՜շք կատարվեց։ Դուռը բացվեց, ու ներս մտավ մի ուրիշ զինվորական։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Բայց նորեկի ուշադրությունն անմիջապես գրավեցի ես՝ խստադեմ զինվորականներով շրջապատված մի փոքրամարմին, վտիտ, դպրոցական շրջազգեստով, երեխայի նման տզտզացող աղջիկ։

Բարձրահասակ զինվորականը խոնարհվեց իմ կողմը։

-Ի՞նչ է պատահել, աչի՛կ ջան։

Ես մատս ամուր սեղմեցի ատամներիս տակ, որ լացս զսպեմ։

-Ընկեր Թարխանյան, այս աչիկը…

Եվ նրան պատմեցին եղելությունը։ Ընկեր Թարխանյանը չծիծաղեց, ինչպես սպասում էի, այլ լրջորեն ասաց.

-Ինչպես հասկացա՝ քեզ ռազմաճակատ չեն ուզում ուղարկել։ Լավ, դու կգնաս Կարմիր խաչի բուժքույրական կուրսերում սովորելու։ Եթե լավ սովորես, ես քեզ ինձ հետ կտանեմ ռազմաճակատ։ Դե, հիմա սրբիր արցունքներդ,- եւ ինքը իր թաշկինակով սրբեց աչքերս։

Եվ այդպես՝ ինձ ուղարկեցին Կարմիր խաչի բուժքույրական կուրսերում սովորելու։ Հետո ոչ թե ռազմաճակատ (այդ ընթացքում իմ ոտքերը համառորեն մնացին երեսունչորսի վրա), այլ էվակոհոսպիտալ, որի գլխավոր բժիշկն էր Արտավազդ Թարխանյանը։ Հետո նա ուրիշ բուժքույրերի հետ մեկնեց ռազմաճակատ… Ա՜խ, նրանք բոլորն էլ զոհվեցին…

Հոսպիտա՜լ… Երբ հիշում եմ հոսպիտալը, ինձ ամենից շատ զարմացնում է այն, թե ինչպե՞ս էի կարողանում ռազմաճակատից եկած փորձառու եւ բավականին մարմնեղ բուժքույր Գլաշայի հետ ծանր վիրավորների պատգարակները բարձրացնել աստիճաններով՝ երկրորդ, նույնիսկ երրորդ հարկ։ Ես գնում էի առջեւից, իսկ Գլաշան՝ հետեւից։ Իհարկե, ամբողջ ծանրությունն ընկնում էր Գլաշայի վրա, նա իր ուժեղ բազուկներով պահում էր պատգարակը եւ մղում առաջ։ Որպեսզի պատգարակը պահեր հորիզոնական դիրքը, բռնակները դնում էին ուսերին, ես ամուր բռնում էի դրանք եւ բարձրացնում էի ոտքս՝ մեկ, երկու, երեք… Իմ ուսերին բշտիկներ էին առաջանում, եւ երբ դրանք պայթում էին, ճերմակ խալաթիս վրա կարմիր «մեխակներ» էին գոյանում։ Անքուն գիշերներ, վիրավորների հառաչանքներ, տնքոցներ, զառանցանքներ, ցավի ու վշտի ճիչեր… Որտե՞ղ է արդյոք Անդրեյ Իվանովիչ Իվանովը, որն իր երակներում իմ հայրական արյունը տարավ… Որտե՞ղ է սերժանտ Դադիկոն, եթե ողջ է, ապա իմ արյունն էլ է կենդանի նրա երակներում… Որտե՞ղ է զանգեզուրցի լեյտենանտ Խաչիկ Գրիգորյանը, որ երգում էր.

Թռչեի մտքով տուն,

ուր իմ մայրն է արթուն…

 

Է՜… Բավական է, որի՞ն հիշեմ…

Ես պետք է ասեմ, որ հոսպիտալն  էլ ռազմաճակատ էր, ուր իսկական ճակատամարտ էր մղվում մահվան դեմ։ Արյուն էր հոսում, մահեր էին լինում ինչպես ռազմաճակատում։ Զինվորական բժիշկները, զինվորական բուժքույրերը, սանիտարները նույնպես մարտիկներ էին, որոնցից շատ շատերը զոհվեցին վիրավոր մարտիկներին կյանք վերադարձնելու համար…

 

ՌՈԶԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #37 (1357) 16.09.2020 - 22.09.2020, Պատմության էջերից


17/09/2020