Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈւ ՌՔԿՊ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ՝ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ



ՀՀ ԶՈւ ՌՔԿՊ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ՝ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանը պատվով ու բարձր պատրաստվածությամբ  ներկայացավ արդեն վեցերորդ անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020»-ին:  Համաբանակային խաղերի «Անվտանգ միջավայր» մրցույթում  հայկական զինուժի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանումը, տպավորիչ  ռազմական  հմտություններ ցուցադրելով, գերազանցեց մի շարք երկրների ներկայացուցիչներին  եւ բրոնզե մեդալներով վերադարձավ Հայրենիք…

ՌԴ Կոստրոմա քաղաքի ՌՔԿՊ ակադեմիայի   զորադաշտում հայ զինծառայողները ելույթ ունեցան ինը հոգով: Հայկական ստորաբաժանումը մրցույթին պատրաստվել էր ընդամենը մեկ ամիս: Եվ չնայած սեղմ ժամկետին, հայ զինծառայողները կարողացան այսպիսի լավ արդյունք ցույց տալ:

ՀՀ ԶՈւ ՌՔԿՊ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ՝ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ-Հայ զինծառայողների հիմնական մրցակիցները Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի ու Բելառուսի ներկայացուցիչներն  էին: Եթե համավարակը չլիներ, եւ մրցումներին պատրաստվելու ավելի երկար ժամանակ ունենայինք,  վստահաբար  բոլորին կհաղթեինք: Սակայն, երրորդ տեղն էլ բավականին բարձր ցուցանիշ է,- ասաց փոխգնդապետ Արսեն Աբգարյանը:

«Անհատական մրցավազք», «Կրակային պատրաստություն» եւ «Էստաֆետ». մրցույթի այս երեք փուլերը մեր զինվորականներն անցել են գրեթե առանց տուգանային միավորների:

-Մեր թիմն ամենաօրինակելին ու կարգապահն էր,  կարող եմ ասել, որ  գործել ու մրցել ենք մրցույթի չափանիշներին համապատասխան եւ վրիպումներ շատ քիչ ենք թույլ տվել,-  վստահեցրեց «Անվտանգ միջավայր» մրցույթի հայ մրցավար, ՌՔԿՊ զորքերի վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վահագն Վարդանյանը:

11 կմ երթուղի՝ դարանակալ, թունավորված տարածքներով, հրդեհված միջանցքով եւ  ջրային արգելագոտիներով. բոլոր փորձությունները հայ ռազմիկները հաղթահարել են պատվով եւ նույնիսկ դիպուկ կրակ են արձակել այն դեպքում, երբ  կրակային փորձություններում անակնկալ նորություններ են եղել:

-Կրակային փուլը բավականին բարդացվել էր, շատ երկրների ներկայացուցիչներ անգամ չկարողացան անցնել այս փուլը: Մեր թիմի առաջին հաշվարկը գրավեց  երրորդ տեղը, ինչը նույնպես գոհացուցիչ արդյունք է,- նշեց փոխգնդապետ Ա. Աբգարյանը:

ՀՀ ԶՈւ ՌՔԿՊ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ՝ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՈչ միայն թիմային հաշվարկով, այլ նաև անհատապես են հայ զինծառայողները հաղթանակներ նվաճել: «Անվտանգ միջավայր-2020» մրցույթում լավագույն քիմիկոս-հետախույզ է ճանաչվել լեյտենանտ Հրաչյա Գևորգյանը, որը ամենաարագն է հայտնաբերել  ճառագայթման աղբյուրներն ու ռադիոակտիվ օբյեկտները:

-Երբ հայտարարեցին անունս, չէի հավատում, որ ես եմ զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այնքան էի ուրախացել, շփոթվել, որ նույնիսկ չէի կարողանում  մրցանակս վերցնելու համար ամբիոնին մոտենալ,- անկեղծացավ Հրաչյան:

Լեյտենանտ Հ. Գևորգյանը ուսանել է Կոստրոմայի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ակադեմիայում եւ հպարտություն է ապրում, որ տարիներ անց վերադառնալով հարազատ կրթօջախը, արդեն գործնականում է ցուցադրում իր ստացած գիտելիքները:

-Շատ կուզենայի հաջորդ տարի էլ  մասնակցել բանակային խաղերին եւ կրկին առաջին մրցանակ բերել  իմ  երկրին:

Կոստրոմայից հաղթական տրամադրությամբ ու լավ տպավորություններով է վերադարձել նաև սերժանտ Մորիս Ասատրյանը: Համաբանակային միջազգային խաղերին նա արդեն երկրորդ անգամ է մասնակցում:

ՀՀ ԶՈւ ՌՔԿՊ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ՝ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ-Մեզ շատ ջերմ ընդունեցին Ռուսաստանում: Մեր ռուս գործընկերներն ամեն  կերպ մեզ օգնում էին, աջակցում, ելույթների ժամանակ էլ ոգևորում ու քաջալերում էին: Իսկապես հիանալի էր: Երկրորդ անգամ եմ մասնակցում  բանակային խաղերին: Մի քանի օրերի ընթացքում մենք բավականին գիտելիքներ ու փորձառություն ձեռք բերեցինք, ավելի արհեստավարժ դարձանք,- իր տպավորությունները մեզ հետ կիսեց սերժանտ Ասատրյանը:

Թիմի հաղթանակը ՌՔԿՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանն է գնահատում.

-Մասնագիտական տոնին ընդառաջ, սա լավագույն ու խոստումնալից նվերն էր, յուրօրինակ մի ձեռքբերում, որը ճանապարհ է հարթում հետագա ավելի մեծ նվաճումների համար:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (1357) 16.09.2020 - 22.09.2020, Ազգային բանակ


17/09/2020