Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿԱՊ. ՕԴԻ ՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ»



«ԿԱՊ. ՕԴԻ ՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ»«Փոխգնդապետ Արա Աթարբեկյանը կապի համակարգի այն  խոստումնալից սպաներից է, որի հետ ի սկզբանե եմ մեծ հույսեր կապել: Նրա եռանդը, աշխատասիրությունն անսպառ են, հաճախ է հանդես գալիս նորարարական առաջարկներով:Նա ոչ միայն կապի ոլորտի լավագույն ծառայողներից է, այլև կապի ոլորտում նոր բնագավառի ստեղծողներից մեկն է լինելու:

Երբ տեսադիտարկման համակարգը ներմուծվեց կապի ասպարեզ, մեզ համար այն նոր, անծանոթ աշխարհ էր: Առաջին աշխատանքները հենց Արայի հետ սկսեցի, շատ կարճ ժամանակահատվածում, առաջին իսկ փորձերից արդյունքն արդեն տեսանելի էր, առանց վարանելու նրան նշանակեցինք տվյալ համակարգի պատասխանատու:

Արան կարողացել է նաեւ այնպիսի կուռ թիմ ստեղծել, որի շնորհիվ համակարգն օր օրի զարգանում է:

Մի խոսքով՝ իր գործին գերազանց տիրապետող զինվորական է, իր հայրիկի նման նվիրյալ»,- ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը այսպես է բնութագրում փոխգնդապետ Արա Աթարբեկյանին:

 

Արան Արցախյան պատերազմի լեգենդար կապավոր Սերգեյ Աթարբեկյանի (գաղտնանունը՝ Էռկա) որդին է, որը ազատամարտի օրերին կապի գծով Վազգեն Սարգսյանի լիազորված անձն էր:

«ԿԱՊ. ՕԴԻ ՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ»-Հայրս ավիացիայի աշխատող էր: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենի տեղակալն էր (մինչ այդ էլ Ստեփանավանի, Օձունի օդանավակայաններն էր ղեկավարել), անընդհատ մտմտում էր՝ ինչպես աջակցել  շարժմանը ու գտավ լուծումը՝ «սեփական զենքով»: Այդ ժամանակ կապի միասնական օղակ չկար, ու նա հստակ պատկերացնելով կապի վճռորոշ դերն ու նշանակությունը` ձեռնամուխ եղավ կարեւորագույն այդ խնդրի իրագործմանը:

Նախնական շրջանում Սերգեյ Աթարբեկյանը կամավոր էր գործում, այնուհետեւ արդեն համապատասխան հրահանգներով կապավորում էր խրամատները, շտաբները, սահմանամերձ գյուղերը, երկրապահների մեքենաները, նույնիսկ հակակարկտային կայանները: «Զվարթնոցում», Արզնու սպորտային օդանավակայանում, «Էրեբունիում», ավելի ուշ՝ մաքսատներում, կառավարական առանձնատներում, դպրոցներում, կամուրջների վրա նրա շնորհիվ կապ էր ստեղծվում: Խորհրդային բանակի հին, շարքից դուրս եկած տեխնիկան նրա ձեռքի տակ շնչավորվում էր, նոր կյանք ստանում, հորինում էր նաեւ կոդեր, գաղտնագրեր՝ ժամանակ առ ժամանակ դրանք փոփոխելով:

Աշխատանքը բավականին ծավալուն էր, աստիճանաբար ընտանիքի մյուս անդամներն էլ ներգրավվեցին. այդ բնագավառում վստահության խնդիր կա. նախընտրելի է հարազատներով աշխատել: Ու թե Սերգեյը մեկնում էր այս կամ այն հատվածում կապ ապահովելու, կինն ու զավակներն էին նրան փոխարինում: Կինը՝ Հռիփսիմեն՝ Բեֆը (կնոջ ծածկանունն էր), առաջին կարգի կապավոր է, զավակներն էլ յուրացրել էին մասնագիտության բոլոր նրբությունները:

«ԿԱՊ. ՕԴԻ ՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ»16-ամյա Արան անգամ Կապան ու Մեղրի հասավ՝ կայանքներ տեղադրելու և ծածկագրերը և հաճախականությունները բացատրելու: Տուրիստական ավտոբուսով հրապարակից հասել էր Մեղրի՝ տեղի ոստիկանության բաժանմունքում կապ հաստատելու, ծածկագրեր տրամադրելու: Հետո Նյուվադի, Նոյեմբերյան, Ոսկեպար… Ընտանիքի բոլոր անդամներն իրենց ծածկանունն ունեին, Արայինը սկզբում «Ռաբինա» էր, հետո՝ «ՈՒրագան»՝ փոթորկի պես սուրալով շտապում էր այս կամ այն առաջադրանքն իրականացնելու:

Արան ժպտալով մի դեպք է մտաբերում.

-Ջոկատների տղաները անսարք ռադիոկայան բերեցին, որպեսզի շտապ նորոգեմ՝ խրամատից կապ ապահովելու համար: Երկու սարքին ռադիոկայան կար, որոշեցի ստուգել դետալների տարբերությունը ՝ անսարք և սարքին կայանների միջև: Արդյունքում՝ բոլոր կայաններն էլ վնասվեցին, բայց փոխարենը գտա անսարքության պատճառը: Չգիտեի ինչ անել, հայրիկիս ոնց ասեի ձախողված փորձի մասին, քանի որ գիտակցում էի ինձ վրա դրված աշխատանքի ամբողջ լրջությունն ու պատասխանատվությունը: Վերջապես համարձակությունս «հավաքելով»՝ ասացի…

Հայրիկս հապճեպ կազմակերպեց, որ բերեն համապատասխան միկրոսխեմաները, և ես արագ անցա գործի՝ նորոգեցի բոլոր ռադիոկայանները… Ես ինձ անպատմելիորեն հպարտ էի զգում, քանի որ կարողացա արդարացնել բոլորի հույսերը և պատվով դուրս եկա ինձ վստահված գործից:

 

***

 

«ԿԱՊ. ՕԴԻ ՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ»Ամեն դժվարություն հաղթահարելով՝ կապն անխաթար էին պահում: Քուն, դադար չունեին. գերգաղտնի տեղեկություններ էին հայթայթում, գաղտնալսում ադրբեջանցիների խոսակցությունները, կապ էին պահպանում կռվող տղերքի եւ ղեկավարության միջեւ, տեղեկացնում թշնամու տեղաշարժերն ու մտադրությունները, երբեմն-երբեմն էլ ստահոդ տեղեկություններով ապակողմնորոշում էին հակառակորդին, որ թուլացնեին նրա զգոնությունը: Գաղտնալսում էին նաև պատերազմի դաշտում գործող խորհրդային զինվորական հրամանատարությանը, ինչի շնորհիվ կանխվեցին Հայաստանից նախկին խորհրդային բանակի սպառազինությունը դուրս հանելու փորձերը:

-Անդրկովկասյան օկրուգից խորհրդային բանակի գեներալը կապվել էր Արցախում գտնվող մեկ այլ գեներալի հետ, եւ պայմանավորվեցին, որ գիշերը զինվորական ամբողջ տեխնիկան պետք է գաղտնի տեղափոխել Վազիանիի ռազմակայան: Գեներալների այս խոսակցությունը հայրս շտապ հաղորդեց մեր ղեկավարությանը, վերջիններս էլ անմիջապես կապվեցին Մոսկվա: Որոշ ժամանակ անց գեներալների կարգադրությունը չեղյալ հայտարարվեց, եւ զինտեխնիկան մնաց Հայաստանում: Ավելի ուշ՝ Վազգեն Սարգսյանը հայրիկիս ծիծաղելով պատմում էր, որ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովը անչափ զարմացել էր հայկական կողմի օպերատիվ գործելուց. «Մենք դեռ խոսքը չենք վերջացրել, դուք արդեն եկել, բողոքում եք, որ զինվորական տեխնիկան տանում են»:

…Խորհրդային բանակի զինվորականները գլխի էին ընկել, որ իրենց կապը գաղտնալսվում է, ջանում էին ամեն կերպ բացահայտել գաղտնալսողներին, անգամ գլխագին էին սահմանել: Հետապնդումներից խուսափելու նպատակով հայր ու որդի տեղափոխվեցին Օձունի օդանավակայանի ծառայողական տուն:

-Մեզ մի վագոն տնակ հատկացրին, որտեղ տեղավորեցինք մեր կայանքները,- հիշում է Արան:- Մի օր էլ քիչ էր մնում հայտնաբերեին մեզ՝ գաղտնալսում էինք, թե ոնց են միմյանց ասում՝ ռադիոազդանշան է դուրս գալիս էս կետից, պետք է ստուգել աղբյուրը: Հայրս շտապ  զանգեց Ալավերդու ջոկատի տղաներին, մեքենա բերեցին, սարքավորումները բեռնեցինք մեքենայի մեջ ու գնացինք անտառ: Ուղղաթիռը եկավ, պտտվեց-պտտվեց երկնքում ու հեռացավ: Մենք մի երեք օր մնացինք անտառում, կապն էնտեղից էինք ապահովում, բայց հետո նորից հետ եկանք:

 

***

 

Հետո ամբողջ ընտանիքը Երեւանից տեղափոխվեց Օձուն. այսպես ավելի ապահով էր, կասկածի քիչ տեղիք կտային:

-Կապի կայանքի լարերը լվացքի պարանին զուգահեռ էին, երբ հարևան-ծանոթ էր գալիս, մայրս կայանքը թաց շորերով ծածկում էր, իբր՝ լվացք է փռում…

Նախկին խորհրդային զինվորականները այդպես էլ չկարողացան բացահայտել Աթարբեկյաններին: Լինելով պրոֆեսիոնալ կապավորներ՝ նրանք խստիվ պահպանում էին բոլոր կանոնները, եթերում հնարավորինս քիչ էին խոսում, միայն ուղղորդում ու համակարգում էին:

 

***

 

Ցուրտ վագոնում հեշտ չէր աշխատել, անլույս, անջուր, անհաց օրեր էին մթնեցնում: Ճքճքան սառնամանիքին ջուրը սառչում էր, բայց մատները շփելով, տաքացնելով աշխատում էին գիշեր ու ցերեկ, հաճախականություններն անընդհատ փոխելով, մեկի խոսքն արտագրելով, մյուսինը՝ ձայնագրելով, երրորդինը՝ ծածկագրելով, չորրորդինը՝ վերծանելով:

-Մեկ-մեկ էլ գեղարվեստական մասն էինք ապահովում ազատամարտիկների համար, երգ-երաժշտություն հնչեցնում,- ժպիտով վերհիշում է Արան,- մի օր վագոն տնակում հորաքրոջս տղան՝ Հովիկը, հայրենասիրական երգեր էր երգում, հայրս աննկատ միկրոֆոնի ընդունիչը միացրեց: Երբ երգն ավարտվեց, խրամատից գյումրեցի ազատամարտիկներից մեկը հետաքրքրվեց. «Ծո, ըդիկ ով է, ինչխ անուշ կը երգե…»:

Ուրախ-տխուր օրերով կյանքը լիուլի էր. շատ լուրեր առաջինը հենց իրենք էին իմանում.

-Այսօրվա պես պարզ ականջներումս արձագանքում է Գետաշենի կապավոր Լենայի ձայնը: Ասում էր, որ իր պատուհանից պարզ տեսնում է, թե ինչպես են ադրբեջանցիները երեխաներին խոշտանգում, Լենայի խոսքին զուգահեռ լսում էինք աղաղակներ, ողբի ձայներ…

Բոլոր ռադիոխոսակցությունները մեկիկ-մեկիկ ձայնագրում էին, մանրակրկիտ գրի առնում ամեն բառը, մատյաններում ընտանիքի բոլոր անդամների ձեռագրերը կան: Հաճախ գրվող տողին արցունք էր խառնվում. մերոնք ընկել են շրջափակման մեջ, ունենք այսքան գերի, այսքան զոհ…

-Քեռիս Օմարի լեռնանցքում է զոհվել, այդ օրը կայանքում մայրս էր լուրերն ընդունում… Ամեն զոհվածի լուրն առնելիս հայրիկիս նախաձեռնությամբ մոտակա դաշտում ծառ էինք տնկում՝ անվանական պտղատու ծառ՝ ի հիշատակ անմահության ուղին բռնած քաջի…Պատերազմ էր՝ ծառերը շատանում էին….

Պատերազմի գրեթե առաջին օրերից մինչև ավարտ ձայնագրվել և գրի են առնվել ռադիոկապով հաղորդվող գրեթե բոլոր խոսակցությունները՝ մարտադաշտի ամենաթեժ կետերից, երկրի բարձրագույն ղեկավարության առանձնասենյակներից, Կրեմլից… Օգնության կանչեր, հրահանգներ, հրամաններ…

Ռադիոխոսակցություններում կլսեք Շահեն Մեղրյանի, Վազգեն Սարգսյանի, ազատամարտիկների ձայները մարտի դաշտից, մատյան-վավերագրերում շուրջ 70000 տող կոդավորված ինֆորմացիա է…

Դրանք Արցախյան ազատամարտի հերոսական էջերի խոսուն վավերագրերն են՝ պատերազմի տարեգրությունը…

 

***

 

Կապի ձեւավորման ակունքներում կանգնած Արա Աթարբեկյանն այսօր էլ համազգեստով է շարունակում ծառայությունը իր նախասիրած ՝ կապի ոլորտում՝ տեսադիտարկման համակարգերի բաժանմունքի պետն է: Տեսադիտարկման համակարգերի բաժանմունքը ապահովում է զինված ուժերում առկա տեսադիտարկման սարքավորումների անխափան աշխատանքը, երիտասարդ կադրերի ուսուցումը, առաջարկում նոր արդիականացված լուծումներ:

Մարտական հենակետերում, դիտարկվող հատվածներում տեսախցիկներ տեղադրելը զերծ չէ վտանգներից, քանի անգամ են ընկել թշնամու գնդակոծությունների տարափի տակ, բայց հանձնարարությունը կատարել են անթերի եւ անկորուստ:

Իսկ սահմանին տեղադրվող տեսադիտարկման սարքավորումների թիվը գնալով աճում է, ինչի շնորհիվ  այսօր զգալիորեն փոխվել է իրավիճակը հակամարտության գոտում, ժամանակին բացահայտվում եւ կանխվում է թշնամու յուրաքանչյուր ոտնձգություն, անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույցներից մեկի ժամանակ բողոքել էր, թե հայերը տեսադիտարկման համակարգեր են տեղադրել Ադրբեջանի հետ շփման գծի երկայնքով…

-Այսօր կապի համակարգը թեւակոխել է նորացված-արդիականացված շրջափուլ. հագեցած է վերջին շնչի նորարարություններով: Երբեմն համեմատում եմ այն ժամանակվա սուղ միջոցներն ու ներկա հնարավորությունները. համեմատության եզրեր չկան… Երանի հայրս տեսներ այս ամենը, ուրախությունից սիրտը կփառավորվեր՝ հիմա հա՛մ հզոր բանակ ունենք, հա՛մ հզոր կապ,- անթաքույց հպարտությամբ շեշտում է փոխգնդապետ Արա Աթարբեկյանը:

Արան ինքն էլ իր հայրիկի պես պրպտուն միտք ունի, ամեն ասպարեզում կատարելության ձգտելու անհագ մղում, հաճախ է տարբեր նախագծերով, առաջարկներով հանդես գալիս:

-Ոլորտն անընդհատ զարգանում է, ժամանակակից միջոցներն ու նորագույն սարքավորումները կապն առավել հուսալի եւ արագ են դարձրել,- ասում է Արան ու հավելում:- Կապը օդի պես է. երբ այն կա, ոչ ոք չի հիշում, չի էլ նկատում, իսկ երբ չի լինում, ամեն ինչ ասես շնչահեղձ է լինում: Միայն կապով հնարավոր չէ կռվել, բայց առանց կապի էլ հնարավոր չէ հաղթել: Մասնագիտական տոնի առթիվ էլ մաղթանքս մեկն է՝ անխափան կապ ու խաղաղ երկինք:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

եւ ԱԹԱՐԲԵԿՅԱՆՆԵՐԻ անձնական արխիվից

Խորագիր՝ #37 (1357) 16.09.2020 - 22.09.2020, Ազգային բանակ


17/09/2020