«ՈՉ ՄԻ ԿԱԹԻԼ ՆԵՐՈՒԺ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»
Զրույց ՀՀ ԶՈԻ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանի հետ
-Պարոն Բաղդասարյան, Աշխարհազորի կազմավորման գաղափարը, որն այսօր ակտիվ քննարկման փուլում է, մեծապես հետաքրքրեց մեր ժողովրդին ու պատրաստակամությամբ ընդունվեց, սակայն որոշ մանրամասներ լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն: Ինչո՞վ էր պայմանավորված Աշխարհազորի կազմավորման անհրաժեշտությունը, կա կարծիք, որ այն վերահաս ու անխուսափելի պատերազմի նախերգանք է:
-Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հնարավորությունը ոչ ոք չի բացառել զինադադարի հաստատումից ի վեր: Այսինքն՝ ավելի քան 25 տարի պատերազմի ուրվականը շրջում է մեր տարածաշրջանում: Եվ մենք պատերազմի ճանապարհը փակել ենք՝ մշտապես մարելով զենքի, մարտական գործողությունների միջոցով Արցախը վերանվաճելու Ադրբեջանի հույսը: Պատերազմը կվերսկսվի այն պահին, երբ Ադրբեջանը վստահ լինի, որ իր բանակն ու ժողովուրդը կարող են հաղթել հայկական կողմին:
-Վերջին շրջանում պատերազմի հավանականությունն ավելի է մեծացել՝ եթե հիշենք ապրիլյան մարտական գործողությունները, տավուշյան առճակատումը:
-Եթե խնդիրը քննարկենք տրամաբանության և ողջախոհության տիրույթում, պետք է արձանագրենք, որ պատերազմի հավանականությունը նվազել է, որովհետև բոլորովին վերջերս Ադրբեջանը փորձեց իր ուժերը չափել հայկական կողմի հետ և պարտվեց խոշոր հաշվով: Ուստի, առնվազն մի քանի տարի պետք է ձեռնպահ մնա ագրեսիվ ու կոշտ հռետորաբանությունից ու Արցախյան հիմնահարցի կարգավորումը մարտադաշտ տեղափոխելու արկածախնդրությունից:
-Ինչո՞ւ մի քանի տարի, դա ի՞նչ ժամանակահատված է:
-Ես պայմանական ժամանակահատված նշեցի, այսինքն՝ այնքան ժամանակ, մինչև ուժերի հարաբերակցությունը կարողանա փոխել իր օգտին:
-Եթե կարողանա…
-Բնականաբար, չի կարողանալու, ինչպես չի կարողացել վերջին 25 տարում:
-Սակայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու տրամաբանությունը մղոններով հեռու են իրարից:
-Հենց դա էլ հաշվի առնելով՝ մենք պետք է այնպես անենք, որ մեր բանակն ու ժողովուրդը միշտ պատրաստ լինեն ուժեղ հակահարված տալու Ադրբեջանի յուրաքանչյուր ոտնձգությանը ու, առհասարակ, տարածաշրջանային բոլոր մարտահրավերներին: Պետք է հայրենիքի պաշտպանունակությունն ամրապնդելու գործում կենտրոնացնենք մեր ամբողջ ներուժը:
-Աշխարհազորը այդ ներուժի մի մա՞սն է:
-Այո՛: Եվ ես ուզում եմ շեշտադրել գաղափարի բարոյահոգեբանական հնչեղությունը: Աշխարհազորի կազմավորումը հուշում է, որ ամբողջ ազգը պետք է ներգրավված լինի հայրենիքի կառուցման, զորացման ու պաշտպանության գործում: Յուրաքանչյուր հայ, Հայաստանում, սփյուռքում և Արցախում, մեր համահավաք ուժի մի մասնիկն է: Յուրաքանչյուր հայ սեփական հաջողությունների, իր ընտանիքի ու հարազատների բարեկեցության համար ջանալիս պետք է հիշի, որ պետք է իր մասնակցությունն ունենա նաև մեր մեծ տան՝ Հայաստանի, նրա ծաղկման, սահմանների պաշտպանության ու նրա երաշխավորված ապագայի գործում:
-Գաղափարները հուշում են օրենքներով, իսկ որքան գիտեմ, Աշխարհազորում ներգրավվելը կամավոր է:
-Գաղափարները հուշում են նաև չգրված օրենքներով՝ մարդկանց մի խմբի վարքը օրինակ դարձնելով մյուսների համար և մեծացնելով առաջարկված գաղափարին հետևող մարդկանց շրջանակը: Մենք փոքր երկիր ենք՝ ծանր անցյալի բեռով, թշնամիներով շրջապատված ու մեր կենսական առաջին խնդիրը պաշտպանունակ երկիր ունենալն է:
-Երկրի պաշտպանունակությունը բնորոշվում է մի քանի ցուցիչով՝ տնտեսությունը, գիտությունը, հասարակության բարոյահոգեբանական վիճակը…Բանակի մարտունակությունն ու սպառազինության որակը պաշտպանունակության ցուցիչներից կարեւորագույնն են, բայց ոչ միակը:
-Այդ պատճառով էլ Աշխարհազորի կազմավորման միջոցով ընդգծվում է ազգի ամբողջ ներուժը հավաքագրելու գաղափարը ու այն կիրարկելու հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին:
-Մենք ունենք Երկրապահ կամավորականների միություն, պահեստազոր, Աշխարհազորը ի՞նչ նոր ուժեր է հավաքագրելու:
-Երկրապահ կամավորականների միությունը կազմված է մարտական գործողություններին մասնակցած կամավորականներից ու հասարակական կազմակերպություն է: Պահեստազորում կցագրված են զինված ուժերում ծառայության փորձ ունեցող քաղաքացիներ, որոնք տիրապետում են որևէ զինվորական մասնագիտության: Պահեստազորն ունի տարիքային սահմանափակման բավականին ցածր շեմ: Իսկ Աշխարհազորում կարող են ընդգրկվել մինչև 70 տարեկան քաղաքացիներ, ընդ որում՝ պահեստազորի չկցագրված հատվածը, մարդիկ, որոնք ժամկետային զինծառայություն չեն անցել, կանայք…
-70 տարեկան կանայք ու տղամարդիկ ո՞նց են հայրենիք պաշտպանելու:
-Հայրենիք պաշտպանելը միայն առաջնագծում և միայն զենքով չի լինում: Հայրենիքը պիտի պաշտպանել ամեն օր, աշխատելով անձնվիրաբար, օգնելով ոտքի կանգնել կողքի մարդուն՝ հայրենակցին, հայրենաշեն ձեռնարկումներով, հասկանալով, որ մենք՝ բոլորս, մի Տուն ունենք՝ Հայաստանը, ու ոչ ոք չի կարող լինել ամուր, հզոր և պաշտպանված երերուն, թույլ ու վտանգված երկրում: Ուստի, Աշխարհազորը միայն սահմանները պաշտպանելու համար չէ, այլ երկրին անհրաժեշտ այլ աշխատանքներում ներգրավվելու համար ևս: Օրինակ՝ հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանություն, փրկարարական, ամրաշինական աշխատանքներ և այլն:
-Կանանց համար սահմանափակումներ չկա՞ն:
-Ո՛չ: Ես վստահ եմ, որ կանանց հոսքը շատ մեծ է լինելու: Մեր պատմությունը վկայում է, որ հայ կինը կարող է տղամարդու կողքին լինել և՛ մարտադաշտում, և՛ թիկունքում: Առաջին հայացքից թույլ ու փխրուն կանայք իրականում շատ կենսունակ են ու ամուր, նրանք Աշխարհազոր են բերելու իրենց օրինակը և առավել քաջ, հզոր լինելու՝ տղամարդկանց ուղղված պատգամը: Հայ կանայք շատ հայրենասեր են, կարգապահ, համարձակ ու կազմակերպված:
-Ի՞նչ կառուցվածք է ունենալու Աշխարհազորը, ինչպիսի՞ համակարգ է ձևավորվելու:
-Ինչպես գիտեք՝ այսօր հստակ ուրվագծված է միայն գաղափարը, իսկ դրա կիրարկման մանրամասները ակտիվ քննարկման փուլում են: Ըստ նախնական ծրագրի՝ Աշխարհազորը կունենա մոտավորապես զորքի կառուցվածք, կլինեն դասակներ, վաշտեր, գումարտակներ՝ իրենց հրամանատարներով: Կառույցը կենթարկվի քաղաքի կամ մարզի ղեկավարությանը: Մարզպետները, քաղաքապետները կունենան տեղակալներ, որոնք միևնույն ժամանակ կլինեն տվյալ տարածքի Աշխարհազորի հրամանատարները: Սա առաջարկվող տարբերակն է, որը կիրարկումից առաջ պիտի արժանանա հասարակության հավանությանը:
-Խաղաղ ժամանակ Աշխարհազորը մասնակցելո՞ւ է սահմանների պաշտպանությանը:
– Միայն պատերազմի ժամանակ:
-Ասենք, ես ուզում եմ միանալ Աշխարհազորին, ի՞նչ պիտի անեմ:
-Ըստ նախագծում ներկայացված կարգի՝ պիտի դիմեք Ձեր տարածքի կառույցին, ներկայացնեք համապատասխան փաստաթղթեր, այնուհետև անցնեք համապատասխան հարցազրույց՝ մասնագետների մասնակցությամբ, որպեսզի որոշվի, թե Ձեր ուժերն ու ընդունակությունները որտեղ պիտի օգտագործվեն: Անհրաժեշտության դեպքում՝ կլինեն նաև ուսուցողական փուլեր, վարժանքներ և այլն:
-Իմ կարծիքով՝ 70 տարեկանը շատ բարձր շեմ է, եթե ձևավորվում է գործունակ կառույց՝ ուսուցողական ծրագրերով ու վարժանքներով…
-Աշխարհազորում ընդգրկվելը կամավոր է, և յուրաքանչյուրին առաջարկվելու է իր ֆիզիկական ու մտավոր ուժերին հարիր աշխատանք: Այս համատեքստում՝ 70 տարեկան քաղաքացին կարող է օգտակար լինել երկրին: Ես նորից ուզում եմ շեշտադրել Աշխարհազորի կազմավորման գաղափարը. մենք ոչ մի կաթիլ ներուժ կորցնելու իրավունք չունենք: Ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ պիտի իր լուման տա երկրի պաշտպանունակության գործին՝ լինի թիկունքում, թե առաջնագծում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #37 (1357) 16.09.2020 - 22.09.2020, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում