ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ԳԱՐՈՒՇ ՍԵՐԳԵՅԻ ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՎ (ԿՈՍՏԱՆԴՅԱՆ)
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1921 թ. Թիֆլիսում։
Գարուշ Սերգեյի Կոնստանտինովը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, հրետանավոր, գվարդիայի ավագ սերժանտ։
20-ական թվականների վերջին Կոնստանտինովները տեղափոխվել են Բաքու։ Այստեղ նա ավարտել է 91-րդ միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը, աշխատանքի անցել կարի ֆաբրիկայում։
1940 թ. աշնանը զորակոչվել է Կարմիր բանակ։ Գարուշ Կոնստանտինովը ծառայել է երկրի արևմտյան սահմանների հրետանային զորամասերում։ Իր գնդի կազմում մարտերով նահանջել է արևելք։ Ավելի ուշ զավթիչներին ջախջախել է սմոլենսկյան հողում, պաշտպանել է Մոսկվան, մասնակցել մերձմոսկովյան, սմոլենսկյան, բելոռուսական և լիտվական քաղաքների ու գյուղերի ազատագրմանը։ Հատկապես աչքի է ընկել Արևմտյան Պրուսիայի մարտերում։
…1944 թ. հոկտեմբերի վերջին Բելոռուսական 3-րդ ռազմաճակատի զորամասերը 1-ին գվարդիական առանձին կործանիչ-հակատանկային հրետանային բրիգադի կրակային աջակցությամբ մտան Գոլդապ (Լեհաստան) քաղաք։
Պահեստուժեր մոտեցնելով՝ թշնամին անցավ հակահարձակման, ձգտելով քաղաքից դուրս մղել խորհրդային զորամասերը։ Գվարդիայի ավագ սերժանտ Կարտաշովի հաշվարկը, որի նշանառուն Կոնստանտինովն էր, կրակադիրք էր զբաղեցրել քաղաքի արևմտյան ծայրամասում՝ կամրջից ոչ հեռու։
1944 թ. նոյեմբերի 4-ին հիտլերականները տանկերի աջակցությամբ անցան հարձակման։ Սկսված փոխհրաձգության ժամանակ, չնայած արկերի պայթյուններին, Կոնստանտինովն իր հրանոթով ճիշտ էր նշանառում նպատակակետերը։ Խփվեց 2 տանկ։ Շուտով նրանց հաշվարկը փոխադրվեց պահեստային դիրք։ Կոնստանտինովն արագորեն կողմնորոշվեց ու հրանոթը նշանառությամբ նպատակաուղղեց դեպի պաշտպանագիծը ճեղքած թշնամական տանկերը։ Խփվեց ևս 2 զրահամեքենա, և սպանվեցին ավելի քան 50 ֆաշիստ ավտոմատավորներ։ Կողքին պայթած արկի բեկորներից սպանվեց լիցքավորողը, և ծանր վիրավորվեց նշանառուն, սակայն հրանոթը չլռեց։ Նույն օրն էլ գվարդիայի ավագ սերժանտ Կոնստանտինովն ստացած վերքերից մահացավ։
1945 թ. մարտի 24-ին գվարդիայի ավագ սերժանտ Գարուշ Սերգեյի Կոնստանտինովին հետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ)։
Աճյունն ամփոփվել է Գելվայդեն (Լեհաստանի Գոլդապ քաղաքից 10 կմ արևելք) գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Ավելի ուշ վերահուղարկավորվել է Վրոնկի ավանի զինվորական գերեզմանոցում։
Հերոսի անունն է կրում մի ձկնորսանավ։
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1936 թ. դեկտեմբերի 9-ին Սվերդլովսկում (Եկատերինբուրգ, Ռուսաստան)։
Գուրգեն Ռուբենի Կարապետյանը ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու է, խորհրդային և ռուսաստանյան փորձարկող օդաչու, ավիացիայի ավագ լեյտենանտ։
Նրա հայրը եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 1943 թ. զոհվել է Կալինինյան ռազմաճակատում։ 10-րդ դասարանում ընդունվելով Սվերդլովսկի աերոակումբ և յուրացնելով իր առաջին՝ Պօ-2 օդանավի թռիչքային առանձնահատկությունները՝ Գ. Ռ. Կարապետյանը որոշել է դառնալ զինվորական օդաչու։ Իր հոր ծնողական հոգսերն ստանձնած հորեղբոր՝ «Ուրալմաշ» գործարանի ՓԿԲ-ի գլխավոր կոնստրուկտոր Գուրգեն Բեյբութի Կարապետյանի հորդորով տղան ընդունվել և 1961թ. ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ՄԱԻ) ինքնաթիռաշինության ֆակուլտետը։ Բարձրագույն կրթօջախի աերոակումբում զբաղվել է նաև պլաներային և ուղղաթիռային սպորտով։ 1961 թ. որպես առաջատար ինժեներ աշխատել է Մ. Ա. Միլի ՓԿԲ-ում։ 1962 թ. ավարտել է Փորձարկող օդաչուների դպրոցի ուղղաթիռային բաժանմունքը։
1962-1993 թթ. թռիչքափորձարարական աշխատանքի է եղել Մ. Լ. Միլի ՓԿ բյուրոյում (1974-1993 թթ.՝ ՓԿԲ-ի ավագ փորձարկող օդաչու)։ Երկինք է հանել և փորձարկել Մի-26 և Մի-28 ուղղաթիռները, իրականացրել է ավտոռոտացիոն ռեժիմում (անշարժիչ վայրէջք) Մի-14, Մի-24, Մի-26 և Մի-28 ուղղաթիռների փորձարկումները, մասնակցել է Մի-2, Մի-6, Մի-10, Մի-14 ուղղաթիռների և դրանց տարատեսակ-փոփոխակների փորձարկումներին։ 1992թ. երկրում առաջին անգամ Մի-28 մարտական ուղղաթիռով կատարել է Նեստերովի օղակ («մահվան» օղակ) ավիահնարքը։ 1962-1982 թթ. Մի-6, Մի-10Կ, Մի-24 և Մի-26 ուղղաթիռներով սահմանել է արագության և բեռնամբարձության համաշխարհային ավիացիոն 10 ռեկորդ (դրանցից 8-ը՝ որպես 2-րդ օդաչու)։
1986 թ. մայիսին մասնակցել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացմանը։
1991 թ. հունվարի 24-ին փորձարկող օդաչու Գուրգեն Ռուբենի Կարապետյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ։
Պարգևատրվել է նաև Հոկտեմբերյան հեղափոխության, ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշաններով, մեդալներով։
ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու է (1986 թ.), պահեստի ավագ լեյտենանտ։ Ապրում է Մոսկվայում, աշխատում Մ. Ա. Միլի անվան Մոսկվայի ուղղաթիռային գործարանում, ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալն է ռազմավարական զարգացման հարցերով։
Գ. Ռ. Կարապետյանը յուրացրել է 39 տիպի ուղղաթիռների, պլաներների ու ինքնաթիռների, դրանց տարափոխակներով հանդերձ՝ 100 նոր սավառնամիջոցի գործարկումն ու շահագործումը։ Ունի 5500 թռիչքաժամ, վարել է Միլի ֆիրմայի բոլոր տեսակի ուղղաթիռները։ Ստացել է 8 գյուտի հեղինակային իրավունք, մի շարք գիտական հողվածներ է հրապարակել հայրենական ու օտարերկրյա ամսագրերում։
Գուրգեն Կարապետյանի անունը գրանցված է Գինեսի գրքում՝ որպես արագության ու բարձրության համաշխարհային թռիչքառեկորդներ սահմանած օդանավորդի։ Նրանն են Մի-24 ուղղաթիռով 368,4 կմ/ժամ արագության (1978 թ.) և Մի-26 ուղղաթիռով 10 տոննա բեռով 6400մ բարձրության (1982թ.) ռեկորդները։