Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ



ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարությունը  իրականացրեց ցեղասպանություն՝ ոչնչացնելով  1,5 միլիոնից ավելի հայերի: Սակայն մի շարք բնակավայրերում հայերը դիմեցին ինքնապաշտպանության, որը հնարավորություն ընձեռեց փրկվելու, կամ էլ զենքը ձեռքին արժանապատվորեն մահն ընդունելու: Նման վայրերից էր Միջերկրականի ափին գտնվող կիլիկյան Սուետիայի գավառակը, որի բնակիչները թուրքերին և մահմեդական խառնամբոխին դիմագրավեցին Մուսա լեռան (Մովսեսի լեռ) վրա և փրկվեցին շնորհիվ դիմադրության և ֆրանսիական օգնության:

 

Մուսալեռցիները տարհանվեցին Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաք: Հայտնվելով անվտանգ վայրում, նրանք չցանկացան մնալ անտարբեր դիտորդի դերում և իրենց հատկացված ճամբարում սպասել մինչև պատերազմի ավարտը. բազմաթիվ դիմումներ հղեցին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարություններին՝ այդ երկրների զինված ուժերի կազմում թուրքերի դեմ մարտնչելու ցանկություն հայտնելով:

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑԱյս ընթացքում, սակայն, ի հայտ եկան բրիտանա-ֆրանսիական հակասությունները. նրանք միմյանց միջև դեռևս վերջնականապես չէին բաժանել Օսմանյան կայսրության նախկին գաղութները: Ի վերջո, երբ, այսպես կոչված, «բաժանումը» կատարվեց, և Ֆրանսիային բաժին հասավ Կիլիկիան, որոշվեց օգտագործել մուսալեռցիներին: Սակայն, պարզվեց, որ դեռևս 1915 թ. օգոստոսի 16-ին ընդունված օրենքը արգելում էր Ֆրանսիայի կամ նրա դաշնակիցների դեմ պատերազմող պետությունների հպատակներին ներգրավել արտասահմանյան լեգեոնի կազմում: Ինքնին հասկանալի էր՝ ֆրանսիական հրամանատարությունը չէր կարող ձեռքից բաց թողնել լեռնային պայմաններում զգալի մարտական փորձ ունեցող, տեղանքը գերազանց իմացող և թուրքերի դեմ մինչև վերջ մաքառելու ունակ մուսալեռցիներին: Բացի այդ, մարտական գործողությունների այդ շրջանում ֆրանսիացիները համեմատաբար սակավ ուժեր ունեին, ուստի, հայերը որոշ չափով կարող էին լրացնել մարդուժի պակասը: Ինչ-որ տեղ զանց առնելով ընդունված օրենքը՝ ֆրանսիացիները գաղտնաբար  մուսալեռցիներին ընդգրկեցին դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումներում:

1916 թ. հուլիսին ֆրանսիական բանակի սպա Տիրան Թեքեյանը մոտ քսան մուսալեռցիների հետ հաստատվում է Սելևկիայի (Կիլիկիայի ափամերձ շրջան) դիմաց գտնվող Տանա Ատասը անմարդաբնակ կղզում, որը Կիլիկիայից մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա էր: Կղզում պահպանվել էին Կիլիկիայի Հայոց արքա Լևոն Բ-ի՝ խաչակիրներին նվիրած ամրոցի ավերակները: Ամրոցը և նրա հետ կապված պատմական հիշողությունները ոգևորում էին հայ մարտիկներին:

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑՄուսալեռցիներին հանձնարարված էր հետևել հակառակորդի նավատորմի, հատկապես գերմանական սուզանավերի տեղաշարժին, անհրաժեշտության դեպքում նավակներով  անցնել հանդիպակաց ափ և հետախուզական բնույթի տեղեկություններ հայթայթել: Նրանք նաև իրականացնում էին դիվերսիոն գործողություններ: Հետախուզական ստորաբաժանումը տեղակայված էր կղզու քարայրներից մեկում, որտեղ գիշերը դհոլի նվագակցությամբ ազգային երգեր էին կատարում, ինչը վկայում էր նրանց մարտական բարձր ոգու մասին:

…Մուսալեռցիները պարզում են, որ Մերսինի նավահանգստում կա նավթամբար, որից վառելիք էին ստանում Միջերկրականում գործող գերմանական սուզանավերը: Ստանալով այդ մասին տեղեկություն՝ բրիտանական և ֆրանսիական հրամանատարությունը որոշում է ոչնչացնել հակառակորդի նավթի պաշարները: Հայկական ստորաբաժանումը նավից ափ է իջնում և հաջողությամբ կատարում մարտական առաջադրանքը:

Նման և այլ հաջող գործողությունները դրդում են ֆրանսիական հրամանատարությանը հայերից կազմելու ավելի մեծ մարտական ստորաբաժանում: Նրանք սկսում են Պորտ Սաիդի վրանաքաղաքում հայ տղամարդկանց (մոտ 350 հոգի) հետ անցկացնել մարտական պատրաստության դասընթացներ: Ֆրանսիացի բարձրաստիճան մի սպա խոստովանում է. «Մուսալեռցիները խելացի են, հրաշալի հրաձիգներ են, ուշիմ են, նրանց խորթ է դյուրաբորբոքությունը…»: Ֆրանսիացի սպաները նկատել էին, որ մուսալեռցիները շատ արագ են սովորում մարտական գործը, և նրանցից շատերն ի զորու են դառնալու դասակի հրամանատարներ: Եվ սա այն դեպքում, երբ դասակի հրամանատարը սովորաբար լինում է ռազմական ուսումնարան ավարտած սպան կամ երկարատև ծառայություն ունեցող սերժանտը:

…1916 թ. սեպտեմբերին անգլիացիները տալիս են իրենց համաձայնությունը ՝ Կիպրոսում հայ կամավորներից զորամաս կազմակերպելու: Ստորաբաժանման հիմքը կազմում են մուսալեռցիները և եգիպտահայերը: Արևելյան լեգեոնի կազմավորման պաշտոնական հրամանը Ֆրանսիայի ռազմական նախարարը արձակեց 1916 թ. նոյեմբերի 15-ին: Միաժամանակ, ֆրանսիական հրամանատարությունը որոշ սահմանափակումներ մտցրեց լեգեոնականների իրավական կացության մեջ: Այսպես, նրանք հանդիսանալու էին օժանդակ զինուժ, և մարտական ծառայության ժամանակ ստացած վերքերի կամ այլ հիվանդության դեպքում նրանց թոշակ չէր նշանակվելու: Լեգեոնի հրամանատարական կազմում լինելու էին բացառապես ֆրանսիացիներ: Լեգեոնում ընդգրկվելու էին նաև սիրիացիներ: Ստորաբաժանումները կազմվելու էին ըստ ազգային պատկանելության և կրոնի: Լեգեոնականներին տրվելու էր օրական 2 ֆրանկ աշխատավարձ, որը անբավարար էր, քանի որ պատերազմի հետևանքով ֆրանկը զգալիորեն արժեզրկվել էր: Ֆրանսիացի սպաները դիմեցին հրամանատարությանը՝ խնդրելով վերանայել պայմանները, իրենց զեկուցագրում ընդգծելով, որ բրիտանացիների համար օրավարձով աշխատող բանվորներն ավելի լավ պայմաններում են, քան լեգեոնականները, սակայն նրանց առաջարկներն անուշադրության մատնվեցին: Հայ գործիչները ևս քայլեր ձեռնարկեցին վերանայելու պայմանները, սակայն ապարդյուն: Ֆրանսիացիները սին խոստումներ էին տալիս, թե, իբր, ապագայում Կիլիկիան կդառնա ինքնավար՝ Ֆրանսիայի հովանավորության ներքո:

Արևելյան կամ Հայկական լեգեոնի գումարտակի հրամանատար նշանակվեց գնդապետ Լ. Ռոմիոն, որի խորհրդականն էր ծովային սպա Տ. Թեքեյանը: Նախատեսվում էր մուսալեռցիներից կազմել 2 վաշտ, եգիպտահայերից և ռազմագերի հայերից՝ 1 վաշտ, լիբանանցիներից՝ ևս 1-ը:

Տ. Թեքեյանն իր հուշերում վկայում է. «Հայ կամավորներին մարզելը, ինչ խոսք, չափազանց դժվար էր, մեր սպաներն ու ենթասպաները շատ դեպքերում մեծ զգուշավորություն, նրբանկատություն ի հայտ բերեցին, որպեսզի հաղթահարեն անխուսափելի թյուրիմացությունները, կարգ ու կանոն ապահովեն: Հարկ եմ համարում ավելացնել, որ այդ առումով նրանց օգնում էին նաև ազգային հանձնախմբերը և հայ կամավորականների ընտրախավը, որոնք ոչ մի ջանք չխնայեցին, որպեսզի Հայկական լեգեոնը միասնական ու կարգապահ միավորում դառնա: Թե՛ առաջինները, թե՛ վերջիննները համապատասխանաբար արժանի են իրենց հայրենիքի երախտագիտությանը»:

Լեգեոնի զինծառայողների կազմում կային զգալի թվով հայազգի սպաներ: Նրանցից ոմանք ռազմական կրթություն էին ստացել ամերիկյան, ֆրանսիական և թուրքական զինվորական հաստատություններում: Ֆրանսիական հրամանատարությունը աշխատում էր նրանց չնշանակել զինվորական բարձր պաշտոններում, նույնիսկ ավելի ցածր պաշտոններ էին տալիս: Այսպես. ամերիկյան բանակի կապիտաններ Գևորգ Թագագչյանը և Գարագյոզյանը լեգեոնում ստացել էին կապրալի զինվորական աստիճան: Ի տարբերություն ֆրանսիացի զինվորի, զորացրվելուց կամ վիրավորվելուց հետո լեգեոնականը փոխհատուցում կամ դադարման ռոճիկ չէր ստանում: Այնուամենայնիվ, հայ սպաները անուշադրության էին մատնում նման մոտեցումները, քանի որ իրենց առջև դրված էր վեհ նպատակ՝ մարտնչել դարավոր ոսոխի դեմ և ազատագրել Կիլիկիան:

Կամավորականներ սկսեցին ժամանել նաև ԱՄՆ-ից: Սակայն, ամերիկյան իշխանություններն այնքան էլ հակված չէին զինվորներ տրամադրելու Ֆրանսիային: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնն արդեն 1917 թ. ցանկանում էր սանձնել Հայաստանի հովանավորչությունը, ուստի տրամադրված չէր օգնելու դաշնակցին: Հայտնի է, որ դեռևս 19-րդ դարի կեսերից սկսած՝ ամերիկյան կառավարությունը հետաքրքրված էր Միջերկրականի նավահանգիստներով, այդ թվում նաև՝ Կիլիկիայով, և տարածաշրջան էր թափանցում զանազան բարեգործական և կրոնական (միսիոներական) կազմակերպությունների միջոցով՝ իրականացնելով, այսպես կոչված, «փափուկ դիվանագիտության» քաղաքականություն:

…Լեգեոնականների մարզումներն ընթանում էին ամեն օր: Դժվարին զինվորական ծառայություն էր, սակայն նրանք ձգտում էին հաղթահարել ամեն դժվարություն: Տողանցքի կամ շարային պարապմունքների ժամանակ հայ զինվորները կատարում էին ազգային երգեր՝ «Դարձյալ փայլեց», «Հեռավոր երկիր», «Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն», «Տալվորիկի զավակն եմ քաջ» և այլն:

Կիպրոսի հայ համայնքն իր ուժերի ներածին չափով աշխատում էր օգնել կամավորականներին, ոգևորել նրանց: Համայնքը նրանց ժամանակ առ ժամանակ նվերներ էր հանձնում: Եգիպտահայերը, նվերներ ուղարկելուց զատ, նամակագրական կապ էին պահպանում կամավորականների հետ, ոգևորում և ոգեշնչում էին նրանց: Լեգեոնի հաջող գործունեության, կարգապահության պահպանման գլխավոր երաշխիքը ապակուսակցական լինելն էր: Բոլորը, անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական ծագումից, լծվել էին մեկ գործի՝ Կիլիկիայի ազատագրմանը: 1917 թ. դրությամբ՝ Արևելյան լեգեոնը կազմված էր 6 հայկական վաշտից, յուրաքանչյուրը` 200 զինվորով, և 1 սիրիական վաշտից՝ 160 զինվորով:

 

***

 

…1918 թ. փետրվարի 24-ին մեծ հանդիսությամբ նշվեց Վարդանանց տոնը: Ներկա էին կամավորական երեք գումարտակ, հրամանատարությունը, Կիպրոսի բրիտանական զինվորական հրամանատարությունը և հայ համայնքի ներկայացուցիչները: Պատարագիչն էր Վաղարշ վարդապետ Արշարունին:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ՌԱԶՄԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ

 

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑՄարտի 23-ին ֆրանսիական հրամանատարությունը լեգեոնականներին հայտնեց, որ շուտով մեկնելու են ռազմաճակատ: Այդ լուրը մեծ ոգևորություն առաջացրեց կամավորների շրջանում: Նրանք նավերով տեղափոխվեցին Պորտ Սաիդ, ապա հաստատվեցին Սուեզի ջրանցքից 30 կմ հարավ գտնվող Իսմայիլայի մոտ՝ Էլ Թիհ անապատում, որտեղ շարունակեցին մարզումները: Որոշ ժամանակ անց լեգեոնն ուղղվեց Պաղեստինյան ռազմաճակատ: Նրանց տրվեցին 37 մմ տրամաչափի թնդանոթներ: Հայկական լեգեոնն իրեն փառքով պսակեց Արարայի (Պաղեստին) նշանավոր ճակատամարտում:

Ճակատամարտի նախօրյակին բրիտանական հրամանատարությունը ինքնաթիռից թռուցիկներ էր տարածել թշնամու զորքերի շրջանում, որոնցում գրված էր, որ իրենց դեմ մարտնչում է հայկական 60 հազարանոց բանակը: Ուշագրավն այն է, որ մեծ տերությունը հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու նոր ձև էր գտել՝ ոչ թե սարսափեցնում էր ինչ-որ նոր զինատեսակով կամ ահեղ զենքով, այլ հայ զինվորներով: Ինչևէ, բրիտանական հրամանատարության կիրառած խորամանկությունն իր գործն արեց: Ճակատամարտի ընթացքում գերված թուրք բարձրաստիճան սպան, տեսնելով լեգեոնականների իրական թվաքանակը, չի կարողանում թաքցնել իր զարմանքը: Նա խոստովանում է, որ իրենք կարծում էին, թե հայերը թվով իրենցից ավելի շատ են:

1918 թ. սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը սկսվում է Արարայի ճակատամարտը: Հրամանատարներ Ազանի, Ֆուրուտիեի և  Շիշմանյանի առաջնորդությամբ նախահարձակ է լինում երկրորդ գումարտակը: Հրետանային և մասամբ օդային ռմբակոծությանը հաջորդած սրընթաց գրոհը թուրքերը Արարայի բարձունքից փորձում են կասեցնել գնդացրային կրակով: Արհամարհելով մահը՝ հայ քաջորդիները աստիճանաբար մոտենում են թշնամու դիրքերին, նետվում սվինամարտի և գրավում Արարա լեռը: Մարտի են նետվում հայկական մյուս ստորաբաժանումները: Երեկոյան մարտն ավարտվում է թուրքերի լիակատար պարտությամբ: Սեպտեմբերի 20-ին ֆրանսիական և բրիտանական զորքերի թևային հարձակման հետևանքով թշնամու ուժերն ընկնում են շրջափակման մեջ և դժվարությամբ ճեղքելով օղակումը՝ գլխապատառ փախչում են՝ սկիզբ դնելով սիրիա-պաղեստինյան ռազմաճակատի քայքայմանը:

Արարայի ճակատամարտը  կործանիչ ուժի վերջին հարվածն էր, որ տրվեց Օսմանյան կայսրությանը: Հայ կամավորները շարունակեցին մարտական գործողությունները՝ կռիվներով անցնելով ավելի քան 250 կմ: Ֆրանսիական հրամանատարությունը 25 հայ մարտիկների պարգևատրեց «Մարտական խաչ» մեդալով: Հավելենք, որ սույն մեդալը տրվում էր Ֆրանսիայի պրեզիդենտի անունից, և այն իր նշանակությամբ երկրորդն է «Պատվո լեգեոն» շքանշանից հետո: Նշենք, որ սույն մեդալով դեռևս 1915 թ. պարգևատրվել է գեներալ Թովմաս Նազարբեկյանը:

Արարայի ճակատամարտում հայ լեգեոնականներն ունեցան 23 սպանված և 76 վիրավոր: Նրանք թաղվեցին թիվ 26-րդ դիրքում՝ եղբայրական գերեզմանում: 1925 թ. նրանց աճյունները տեղափոխվեցին Երուսաղեմ և վերաթաղվեցին Սիոն լեռան վրա՝ Ս. Փրկիչ եկեղեցու գերեզմանոցում:

Ֆրանսիական կառավարության որոշմամբ՝ Արևելյան լեգեոնը վերանվանվեց Հայկական լեգեոն: Ռազմական նախարարության հրամանով լեգեոնը Բեյրութից տեղափոխվեց Կիլիկիա՝ ազատագրելու երկրամասը: Բեյրութում կազմավորվելու էր ևս մեկ գումարտակ, որով հայ լեգեոնականների թիվը հասնելու էր հինգ հազարի:

Ֆրանսիական բանակի կազմում հայ կամավորներին բախտ է վիճակվում առաջինը մտնել Կիլիկիա և մասնակցել նրա ազատագրմանը:

…1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարով ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը Քառյակ միության երկրների պարտությամբ: Դա հնարավորություն է տալիս 150 հազար կիլիկիահայերի վերադառնալու հայրենի օջախներ: Ցավոք, Կիլիկիայի, այդ թվում՝ մուսալեռցիների ճակատագիրը բախտորոշեցին ֆրանս-թուրքական (քեմալական) տխրահռչակ համաձայնագրերը: Ֆրանսիան, մոռացության մատնելով հայերի օժանդակությունը, նախապատրաստում էր Կիլիկիայի հանձնումը քեմալական Թուրքիային՝ հետապնդելով իր քաղաքական և տնտեսական շահերը: Հայ հասարակական-քաղաքական գործիչները նույնիսկ նման պայմաններում ձգտում էին Կիլիկիայում ունենալ հայկական իշխանություն, և 1920 թ. օգոստոսի 4-ին Կիլիկիան հռչակվում է ինքնավար Ֆրանսիայի հովանավորության ներքո: Սակայն մեկ օր անց ֆրանսիական իշխանությունները լուծարում են հայկական իշխանությունը, և դա առիթ է դառնում թուրքերի համար, որպեսզի նոր բռնություններ սկսեն հայերի նկատմամբ:

Նման պայմաններում ֆրանսիացիների համար ձեռնտու չէր Հայկական լեգեոնի գոյությունը, քանի որ մարտական ստորաբաժանումը կարող էր «արգելքներ» հարուցել Կիլիկիան թուրքերին հանձնելու խնդրում, ուստի սկսվում է լեգեոնի անձնակազմի թվաքանակի կրճատումը, իսկ 1920 թ. օգոստոսի 19-ին ֆրանսիացիները կազմացրում են Հայկական լեգեոնը…

 

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #38 (1358) 23.09.2020 - 29.09.2020, Պատմության էջերից


24/09/2020