Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐՆ Է ՄԵԶ ՈՒԺ ՈՒ ՈԳԻ ՏԱԼԻՍ



ԶԻՆՎՈՐՆ Է ՄԵԶ ՈՒԺ ՈՒ ՈԳԻ ՏԱԼԻՍԶրույց ժողովրդական դերասան ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ

 

-Պարոն Մանուկյան, «Ծղրիդի երգը» ֆիլմում Դուք կերտել եք Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի հոր կերպարը, որի թոռը նույնպես հերոսացավ արդեն ապրիլյան պատերազմում: Ես հիշում եմ Ձեր անզուգական խաղը, երբ լսեցիք զինվորի սխրանքի մասին: Համակ վեհություն ու հպարտություն էիք: Տավուշյան օրերը մի նոր ու փառահեղ էջ գրեցին  մեր հաղթանակների պատմության մեջ: Չե՞ք կարծում, որ մեր արվեստում, այսպես ասած, զինվորական-հայրենասիրական գույնը պիտի ավելի ցայտուն լինի՝ համահունչ մեր ժամանակի ոգուն:

-Մեր բանակը միշտ էլ հերոս է եղել սահմանին, ու ես ուրախ եմ, որ նրա, այսպես ասած, խաղաղ կերպարը նույնպես բարձրացել է, դարձել առաքինի, բարոյական ու առինքնող: Սա պատերազմական հաջողություններին հավասար նվաճում է, որը պահանջում է տարիների տքնաջան աշխատանք; Իմ կարծիքով՝ նախկինում կային առանձին անուններ՝ Վազգեն Սպարապետ, Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, բայց հայ զինվորականի հավաքական կերպար չէր ձևավորվել: Այսօր այդ կերպարը կա ու կերտվել է այն բարոյական չափանիշներից, որոնք իրենց կյանքով ու արյամբ պատգամեցին Արցախի փրկության համար զոհված  հերոսները։ Մեր զինվորականը ոչ միայն պիտի սիրի իր հողը, պատրաստ լինի ցանկացած գին վճարելու հայրենիքի սահմանները անխախտ պահելու համար, այլև պիտի հավատարիմ մնա հայի ավանդական կերպարին՝ մարդասիրությանը, բարությանը, հանդուրժողականությանը։ Պիտի ազնվաբարո լինի, լայնախոհ, վեհանձն, արժանապատիվ։ Նա պիտի մեր ամենաբարձր որակների կրողը լինի, որովհետև մենք նրան բոլորից շատ ենք հավատում ու սիրում:

ԶԻՆՎՈՐՆ Է ՄԵԶ ՈՒԺ ՈՒ ՈԳԻ ՏԱԼԻՍ-Իսկ ի՞նչ դեր ունի արվեստագետը զինվորական խավի կերպարը բարձրացնելու, ու, առհասարակ, հասարակության բարոյական արժեհամակարգը կերտելու գործում:

-Ես դերասան եմ, ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ էլ բարոյախոս։ Ես կարող եմ բարձրարժեք ներկայացում նվիրել զինվորին, բեմ հանել նրա մտահոգությունները, նրա հոգսը, հասկացնելով, որ նրա ցավն իմ ցավն է, որ իմն են նրա ձախողումներն ու նվաճումները, նրա վրիպումներն ու հաջողությունները։ Որ նա իմ զինվորն է։ Ես պիտի զինվորի հետ խոսեմ իմ լեզվով՝ ներկայացման լեզվով, կերտած կերպարի միջոցով, թատրոնի բեմից։ Սա է իմ դաշտը, իմ տարածքը, որովհետև՝ որպես ուսուցիչ, որպես քարոզիչ կամ դասատու ես պիտանի չեմ պարզապես։ Ես զինվորի հանդեպ սիրո դրսևորման իմ կերպն ունեմ որպես դերասան։

Թատրոնը հանդիսատեսին ստիպում է մտածել։ Թատրոնը առաջադրում է հարցեր, ստիպում է տեսնել այն, ինչ կա իրական կյանքում քո կողքին, բայց հաճախ մնում է աննկատ։ Թատրոնը բեմ է հանում կյանքը խոշոր պլանով, արվեստի գույներով, արվեստի խտությամբ՝ գեղեցիկ, ցայտուն, տեսանելի, ազդեցիկ։ Ինչու ոչ՝ թատրոնը նաև պատասխաններ է հուշում, չափանիշներ, արժեքներ։ Մենք դեռ երկար կզգանք այն պարապը, որ անցումային շրջանի դժվարություններով էր պարտադրված։ Այն պարապը, որ լցվեց շոուներով ու էժան երգիծանքով, սին զվարճություններով ու անմիտ ծիծաղով։ Իսկական թատրոնի, բարձրարվեստ ներկայացման պահանջը հետին պլան մղվեց։ Ահա այդ հոգևոր պահանջը պիտի արթնացնենք այսօր, սերը թատրոնի ու որակյալ ներկայացման հանդեպ, որն իրոք ունակ է կրթելու մարդկային հույզերը, արթնացնելու առաքինություններ, գեղեցիկ ապրումներ, ազնիվ մտքեր: Մենք պիտի վերադառնանք ազգային թատրոնի ակունքին:

-Ինչի՞ց է երևում՝ ներկայացումը ազգային ակունքի՞ց է սնվել, թե՞ ոչ: Ազգայինը ձև՞ է, թեմա՞, բովանդակությո՞ւն, որա՞կ…

-Ազգայինը բնավ էլ գավառականը չէ, ազգայինը հայ ժողովրդի խնդիրները, նրա գաղափարները, մտահոգությունները վեր հանելու թատրոնն է։ Եթե թատրոնն ունի ասելիք, եթե ունի բարձրարվեստ ներկայացումներ բեմադրելու ներուժ, ուրեմն ազգային է։ Պարզապես դրամատուրգիայի և թատրոնի ասելիքը պիտի համահունչ լինի ժամանակի ոգուն, խնդիրներին։ Այսինքն՝ այդ ասելիքը պիտի պահանջված լինի։ Շատ հնարավոր է, որ թեման լինի զուտ հայկական, դերասանը բեմ դուրս գա տարազ-տրեխով, բայց ասելիքը լինի ժամանակավրեպ, ոչ մի կապ չունենա ազգային խնդիրների հետ։ Օրինակ՝ ես մտահոգված եմ, որ մեր դրամատուրգիան գրեթե չանդրադարձավ այնպիսի ոգեշունչ ու բախտորոշ իրադարձությունների, ինչպիսիք են Ազգային բանակի ծնունդը, Արցախյան ազատամարտը։ Ցավով պիտի զուգահեռ անցկացնեմ Հայրենական մեծ պատերազմի հետ ու հիշեմ, թե ֆաշիզմի դեմ հաղթանակը  ինչ ուժով ու տաղանդով արտացոլվեց արվեստում։ Ինքս բախտ եմ ունեցել խորհրդային շրջանում զինվորականների կերպարներ կերտել։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր դերասան իրեն բախտավոր կզգա, որ մարմնավորել է, ասենք, հաղթած հրամանատարի կամ շարքային զինվորի։ Մեր զավակները՝ երիտասարդները, պիտի դիտեն ներկայացումն ու ըմբռնեն մահ իմացյալի խորհուրդն ու գեղեցկությունը։ Մեր զինվորները պիտի տեսնեն իրենց բեմի վրա, տեսնեն մեր աչքերով ու հասկանան, թե ինչ ենք ակնկալում իրենցից։ Ես բախտ ունեցա պատերազմի ժամանակ գնալ առաջին գիծ և ելույթ ունենալ ազատամարտիկների ու զինվորների համար, բնականաբար, թեման հայրենասիրական էր, ու պիտի տեսնեիք, թե ինչ ոգևորություն էր տիրում դիրքերում, ինչ խանդավառություն, համոզված եմ՝ նրանք դրանից հետո ավելի քաջաբար էին կռվելու, ավելի անձնազոհ, ավելի ինքնավստահ։

ԶԻՆՎՈՐՆ Է ՄԵԶ ՈՒԺ ՈՒ ՈԳԻ ՏԱԼԻՍ-Խոսել ժողովրդական դերասան Գուժ Մանուկյանի՝ դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդու հետ ու չանդրադառնալ նրանց կյանքի հետաքրքիր դրվագներին, կնշանակի՝ դեմ գնալ ընթերցողի ցանկությանը: Ի՞նչ կպատմեք Ձեր մանկությունից, ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք:

-Ես դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի կրտսեր որդին եմ։ Հայրս բնիկ գյումրեցի էր, իսկ մայրս՝ դերասանուհի Վալյա Արաքսմանյանը, ծնվել էր 1915 թ. Վանում, կորցրել էր իր ողջ ընտանիքը, ընկել որբանոց և հետագայում բախտի անիվը նրան Գյումրի էր բերել։ Մենք տուն չունեինք, վարձով էինք ապրում Սլաբոդկա թաղամասում, Պլպլան ժամի մոտ (ռուսական եկեղեցի էր, փայլուն գմբեթով)։ Իմ մանկության մեջ երկու իրական ապրում կար՝ կարիքն ու ցանկությունը։ Հիշում եմ սայլերով քուսպ էին տեղափոխում, փոքրիկ կտորներով իրար վրա դարսած տանում էին, որ կերակրեին անասուններին։ Մենք երեխաներով կերել էինք քուսպը ու հավանել էինք (քաղցրահամ էր), վազում, աննկատ կպչում էինք սայլից ու հաջողացնում մի կտոր պոկել։ Բայց սելվորն, այնուամենայնիվ, նկատում էր մեզ ու սկսում էր ճիպոտով դաղել։ Բայց մենք հարվածների ցավին դիմանալով՝ այնքան էինք սայլին կպած մնում, մինչև մի կտոր քուսպ պոկեինք։

Մեր գնդակը մեր քուրջուփալաս լցրած գուլպան էր։ Մի օր էլ հորս հետ խանութի մոտով անցնելիս ցուցափեղկին գնդակի նման ինչ-որ բան նշմարեցի։ Պապա՛, թոփ կուզեմ՝ ասի։ Թոփ չէ, կլիզմա է՝ ասաց հայրս։ Կլիզմա կուզեմ՝ անմիջապես կողմնորոշվեցի ես։ Անեկդոտ էր դարձել։ Հիշում եմ սպիտակ հացի բուրմունքը, որ հազվադեպ հաճույք էր։ Մայրս տոն օրերին սպիտակ հաց էր դնում իմ և եղբորս բարձի տակ։ Դա անպատմելի ուրախություն էր։ Փոքրուց վառ երևակայություն ունեի, շատ հետաքրքրասեր էի։ Մեր թաղամասում տները միհարկանի էին, ցածրիկ, իրար կպած։ Լուսամուտները գետնից էին սկսվում։ Մեծ բակ ունեինք, ուր կանայք բուրդ էին չփխում։ Ամբողջ բակը ծածկված էր սպիտակ բրդով։ Մի օր էլ լուսամուտից դուրս նայեմ՝ ի՞նչ տեսնեմ, բրդյա սպիտակ զանգվածը մանրաքայլ շարժվում է առաջ։ Գոռացի՝ մա՛մ, դոշակները գնում են: Պարզվեց՝ փողոցով ոչխարի հոտ էր անցնում։ Ասելիք էր դարձել։ Ավետիք Իսահակյանը ամեն անգամ հորս տեսնելիս իմ մասին հարցնում էր՝ դոշակը ո՞նց է։

Հայրս ու մայրս երկուսն էլ թատրոնում էին աշխատում, որը գործում էր նաև պատերազմի տարիներին։ Ես մեծացա կուլիսներում, դերասանների ծնկներին, սակայն, անկեղծ ասած, այդ գեղեցիկ միջավայրը թատրոնի հանդեպ առանձնակի սեր չարթնացրեց իմ հոգում։ Իմ դաստիարակությամբ հիմնականում հորական տատս է զբաղվել։ Նա ավարտել էր ռուսական գիմնազիան։ Շատ զարգացած, խելացի կին էր և նույնիսկ ութսուն տարեկանում գլուխ էր հանում մաթեմատիկայի դպրոցական խնդիրներից։ Իսկ ես, ընդհակառակը, մաթեմատիկայից շատ թույլ էի, սովորում էի միայն իմ սիրած առարկաները և դպրոցում առանձնապես չէի փայլում իմ առաջադիմությամբ։

-Ինչո՞ւ են զավակները գնում ծնողների հետքերով, փորձում կրկնել նրանց անցած ճանապարհը, գենե՞րն են խոսում, թե՞ ծնողների ցանկությունն ու ուղղորդումը։

-Չեմ սիրում, երբ երեխաները հետևում են ծնողներին, ընտրում նույն մասնագիտությունը, փոքրուց էլ չեմ սիրել։ Երբ դպրոցում ծնողներիս պատվին ինձ դերասան էին անվանում, նյարդայնանում, վիրավորվում էի։ Ես ամեն ինչ արեցի, որ աղջիկներս այլ մասնագիտություն ընտրեն։ Մեծս բալետի պարուհի է, իսկ փոքրս՝ լեզուների մասնագետ։ Երբ դպրոցն ավարտեցի, չէի որոշել անելիքս։ Մտերիմ ընկերոջս հարցրի՝ որտե՞ղ է դիմելու, նա էլ թե՝ գյուղատնտեսական: Գնացինք, ես էլ գյուղատնտես կդառնամ՝ ասացի։ Որքան էլ ապշելու էր, հաջող հանձնեցի մաթեմատիկայի քննությունը ու ֆիզիկայից չորս ստացա, ինչը պարզապես աներևակայելի էր։ Բայց նախախնամության մատն էր խառը. երեք ստացա ռուսերենից, մինչդեռ հինգի ակնկալիք ունեի։ Եվ չընդունվեցի։ Այդ ժամանակ Աճեմյանը թատերականում կուրս էր հավաքում։ Հայրս խնդրեց նրան ինձ իր կուրս վերցնել։ «Տաղանդավոր ուսանողներ են հավաքված, երեխային հաշմանդամ մի՛ դարձրեք, գուցե ուրիշ բնագավառում կարողանա դրսևորել իրեն»,- ասաց Աճեմյանը։ Աճեմյանի այս բառերը վճռեցին ամեն ինչ։ Ես որոշեցի «վրեժխնդիր»  լինել, ապացուցել, որ կարող եմ։ Իրոք, կուրսը տաղանդավոր էր՝ Արմեն Ջիգարխանյան, Տիգրան Լևոնյան։ Նրանց կողքին երևալը այնքան էլ հեշտ չէր։ Սակայն ես էությամբ մանրախնդիր էի՝ բառի դրական իմաստով, եթե ինչ-որ բան անում եմ, պիտի անեմ բծախնդիր, մանրակրկիտ, որակով։ Ես այսօր չեմ խոսելու իմ դերերից, դրանք բոլորին են հայտնի, բայց պիտի հիշեմ իմ առաջին էտյուդը։ Երբ ես միացա Վարդան Աճեմյանի հավաքած կուրսին, մյուսներն արդեն մեկ ամիս սովորել էին։ Դասի ժամանակ հանձնարարվեց խաղալ էտյուդ «Մատանու քարը» վերնագրով։ Տղաները խաղում էին, ես բերանս բաց նայում էի։ Մեկ էլ Աճեմյանն ասաց՝ «Գո՛ւժ, հիմա էլ դու ցույց տուր»։ Անակնկալի եկա, ասես գլխիս եռման ջուր լցրեցին։ Ես սկսեցի խաղալ։ Այդպիսի պահերը դժվար է բացատրել։ Մի խոսքով, քսան րոպե խաղացի, քսան րոպե միայնակ պահեցի կուրսը։ Այդ մասին նույնիսկ թերթում գրեցին։ Այսպես մտա թատրոն…

-Սահմանին կանգնած զինվորը կբացի հանդեսը և կցանկանա կարդալ այս խորագրի համար ավանդական՝ արվեստագետի խոսքը զինվորին։

-Իմ հայ զինվորի ցավը տանեմ, թող միշտ քաջ ու կանգուն լինի։ Զինվորն է մեզ ուժ ու ոգի տալիս։ Միշտ երախտապարտ ենք զինվորին։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1358) 23.09.2020 - 29.09.2020, Հոգևոր-մշակութային


24/09/2020