Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԿայուն բնավորությունը, հաստատակամությունը, եռանդն ու վճռականությունը հատկապես անհրաժեշտ են զինվորին ու հրամանատարին։ Վճռական եւ հաստատակամ զորականը միշտ մնում է անպարտելի։ Դժվար կացություններում նա դառնում է ավելի եռանդուն ու վճռական եւ իր հետեւից տանում է հազարավորներին։ Այդպիսի զորավարներ էին Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Սուվորովը, Նապոլեոն Բոնապարտը, Տիգրան Մեծ արքան ու զորավարը, Մուշեղ, Վարդան եւ Մխիթար սպարապետները, Դավիթ Բեկը եւ ուրիշներ։ Դու նրանց մասին շատ ես կարդացել ու լսել, դիտել կինոնկարներ։ Գիտես նաեւ դարասկզբի մեր քաջ ֆիդայիների, իսկական ժողովրդական զորավարներ Անդրանիկի, Գեւորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Արաբոյի, Մախլուտոյի եւ շատ ու շատ ուրիշ անվեհերների մասին։ Նրանք օժտված էին ամուր կամքով, եռանդով ու վճռականությամբ։ Նրանց առաքինի բնավորությունը թրծվեց ազգային-ազատագրական կռիվների քուրայում, եւ նրանց տոկունությունն ու քաջությունը փոխանցվել են Արցախյան ազատագրական պատերազմի ազատամարտիկներին, Հայոց կանոնավոր բանակի հրամանատարին ու զինվորին։

Այո՛, ունեցել ենք անառիկ Զեյթուն, հերոսական Սասուն ու Մուշ, սակայն նաեւ տխուր նահանջ։ Գիտե՞ս արդյոք, թե ինչո՞ւ հայերս վերջին հաշվով պարտվեցինք Առաջին աշխարհամարտում։ Ըստ իս՝ պատասխանը կարճ է. թուլացել էր հայի, նրա զինվորի եւ զորականի կամքն ու վճռականությունը։ Այս միտքն է արտահայտում նաեւ մեծն Նժդեհը, երբ գրում է. «Մեր պարտությունները հոգեբանական էին, պարտվեցինք ոչ թե նրա համար, որ թվապես ու տեխնիկապես թույլ էինք, այլ որովհետեւ այդպիսին էինք հոգեպես»։ Օրինակներ ուզո՞ւմ ես, խնդրեմ։

1915-ին թուրքը Արեւմտյան Հայաստանում իրագործում էր անզեն ժողովրդի ցեղասպանությունը։ Սակայն այնտեղ, որտեղ դրսեւորվեց կամք եւ վճռականություն, մի բուռ մարդիկ զինված դիմադրություն ցույց տվին երիտթուրքական գիշատիչ պետությանն ու թալանչի զորքին։ Վանում, Շապին-Գարահիսարում, Ուրֆայում, Սասունում, Հաճնում, Մուսա լեռան վրա եւ այլուր հաղթեց հայերի գոյատեւելու կամքը, ապրելու վճռականությունը, լինելիության եռանդը, ըմբոստ բնավորությունը։

Անառիկ Կարս ամրոց-քաղաքն ընկավ, որովհետեւ ի թիվս բազմաթիվ պատճառների եւ բոլշեւիկա-քեմալական խարդավանքների, թուլացել եւ ընկել էր նաեւ հայ զինվորների կամքն ու վճռականությունը, եւ, որ առավել կարեւոր է, հայ զինվորը չատեց իր դարավոր թշնամուն։ Ատելությունդ վառ եւ մշտաբորբոք պահիր թշնամու հանդեպ։ Այն մարտիկի հզոր զենքերից է։ Բարեկամս, հիշիր ու մտապահիր…

Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում վերստին հառնեց հայ զինվորի ու ժողովրդի միասնական կամքն ու վճռականությունը, եւ նա հաղթեց ուժեղ թշնամուն։

Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ Զանգեզուրը, մնաց անառիկ զորավար Գարեգին Նժդեհի եւ հայ զինվորի, հայ շինականի անպարտելի կամքով:

Օրինակները համոզիչ են։ Անցնենք առաջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Հայոց երկրորդ հանրապետությունը կես միլիոնանոց բանակ հանեց ընդդեմ ֆաշիզմի եւ տարավ փառապանծ հաղթանակ։ Բացի խորհրդա-գերմանական բոլոր ռազմաճակատներում տասնյակ-հազարավոր հայերի ծառայությունից, առանձին հայկական զորամիավորումներ կազմակերպվեցին եւ ուղարկվեցին ռազմաճակատ։ Դրանք էին 408, 409, 390, 261, 89 հրաձգային ղիվիզիաները եւ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան։ Ընդհանուր հաղթանակը կռող-կոփողներից էին նաեւ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ծովակալ Հովհաննես Իսակովը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը (Խուդյակով), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը, բազմաթիվ գեներալներ։ Ավելի քան 70 հազար հայ մարտիկներ պարգեւատրվել են շքանշաններով, նրանցից 103 հոգի արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, երկուսը՝ կրկնակի, օդաչու Նելսոն Ստեփանյանը, զորավար Հովհաննես Բաղրամյանը։

Իսկ գիտե՞ս, արդյոք, ովքեր են եղել հայկական դիվիզիաների հրամանատարները։ Հետաքրքրվիր նաեւ այդ քաջակորով մարդկանց վարք ու բարքով եւ կտեսնես, որ նրանցից ընդօրինակելու շատ բան ունես։ Ավելին, կիմանաս, որ իմ ու քո զինվոր-հայրերի ու զինվոր-պապերի զինվոր-որդիներն ու զինվոր-թոռները, նույնիսկ զինվոր-ծոռներն այսօր Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմաններում շարունակում են նրանց ավանդույթը՝ հերոսաբար, արիակամ կռվում են թշնամու դեմ, պաշտպանում հայրենիքը:

Իսկ հիմա պատմեմ ընդամենը մի դրվագ 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի մարտական կենսագրությունից։

Սեւաստոպոլի մատույցներում, Սապուն Գարայի մոտ հարկավոր էր գրավել Գորնայա բարձունքը։ Առաջադրանքը կատարվեց կամքի դրսեւորման, բացառիկ վճռականության շնորհիվ:  3-րդ լեռնահրաձգային կորպուսի հրամանատար, բանակի գեներալ Ա. Լուչինսկին գրում է. «…Կորպուսի մարտաշարքի կենտրոնում հարձակվում էր 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան։ Չվերացված կրակակետերը շոշափելի կերպով խանգարում էին նրա առաջացմանը։ Քարե պատով սահմանագծված ֆրանսիական գերեզմանոցը գերմանացիների կողմից վերածվել էր ուժեղ պաշտպանության հենակետի։  Այնտեղ լավ տեղադրված գերմանական խոշոր տրամաչափի զենիթային մարտկոցը ուղիղ նշանառությամբ մահացու հարված էր հասցնում Գորնայա լեռան ստորոտին։ Եվ չնայած դրան, շնորհիվ հայկական դիվիզիայի զինվորների եւ հրամանատարների բացառիկ հերոսությունների, դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի համառության ու վճռականության, օրվա վերջում դիվիզիային հաջողվեց գրավել այդ անառիկ ամրությունը»։

Տեսնո՞ւմ ես, բարեկա՛մս, մարտում հաղթում են ոչ միայն առաջավոր զենքն ու տեխնիկան կամ ամուր եւ բարենպաստ դիրքը, այլև զորամիավորման, ստորաբաժանման անձնակազմի բարոյակամային որակները։

Ես բախտ եմ ունեցել ճանաչելու զորավար Նվեր Սաֆարյանին, եղել նրա համեստ բնակարանում։ Հրամանատարին սիրում  եւ հարգում էին իր մարտական ընկերներն ու ժողովուրդը։ Այդ բարձրահասակ, խստադեմ, սակավախոս եւ ժլատ ժպիտով, արտաքինից աչքի չընկնող սովորական հայ մարդը պատերազմի ծանր պայմաններում դրսեւորեց անընկճելի կամք, համառություն ու վճռականություն, դրանք փոխանցեց իր զինվորներին եւ հայկական զորագնդերը առաջ մղեց դեպի հաղթանակ, հասավ մինչեւ Բեռլին։

Այսպիսով, ուսումնասիրելով փաստերը, մենք քեզ հետ միասին, բարեկա՛մս, կարող ենք համաձայնել, որ Երկրորդ աշխարհամարտում ի հայտ եկան հայ ժողովրդի եւ նրա զորամիավորումների անպարտելի բարոյակամային որակները՝ թշնամուն ջախջախելու աննկուն կամքը, հաղթանակի հասնելու վճռականությունը, դեպի ապագան միտված լավատես բնավորությունը։

Հարգելի՛ս, փորձում եմ ավարտել զրույց-նամակս, սակայն փաստերն ու դեմքերը կանչում են ինձ… Պարույր Սեւակն ասում էր. «Ով պատմություն ունի, չի կարող ետ չնայել»։ Այո՛, մենք մեր պատմությանը պետք է նայենք ոչ միայն ուսումնասիրելու  համար, այլեւ այն պետք է դարձնենք պինդ հենարան դեպի հեռուն գնալու եւ ոստնելու համար, Հայոց հերոսական պատմությունն ընդունիր քեզ ուսուցիչ, եւ դու կատարյալ զինվոր ու մարդ կդառնաս։

Արդ ընդունենք, որ կատարվել է Գեւորգ Մարզպետունու, Խենթի, Գարեգին Նժդեհի ու նաեւ իմ եւ քո երազանքը։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր զինված ուժերը, որոնք հուսալիորեն պաշտպանում են անկախ պետության սահմանները: Արցախյան բանակը ռազմաճակատներում հաղթել է թշնամուն եւ աշխարհին զարմացնում է իր համառությամբ, աննկուն կամքով:

Արցախյան ազատամարտը  նույնպես կերտեց իր արիասիրտ եւ քաջակորով հերոսներին, որոնց մասին դու կարդում եւ լսում ես ամենուր։ Նրանցից շատերը քո հարեւանն են ու բարեկամը, քո դասընկերն ու ուսուցիչը, քո հրամանատարն ու զինակիցը։ Տե՛ս, թե ինչ կամքի, վճռականության ու ինչ վեհ բարոյականության տեր են այդ մարդիկ… Առասպելական Մոնթեի՝ զորավար Ավոյի կերպարը քեզ համար դարձրու իդեալ, սրբազան գաղափար, այն է՝ անձդ նվիրիր հայրենիքին։ Իսկ դրա համար հարկավոր է ունենալ կորով ու եռանդ, համառ աշխատասիրություն, անվարան վճռականություն, անսասան կամք:

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1358) 23.09.2020 - 29.09.2020, Բանակ և հասարակություն


24/09/2020