Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ



Հայր ու որդի Բաբայանները պաշտպանում են հայրենիքի սահմանները:

 

ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎՍամվել Բաբայան

 

Ամեն մարդ յուրովի է սահմանում հաղթանակի ու պարտության չափանիշները իր ճանապարհն ընտրելուց առաջ։ Մեկ էլ տեսնում ես, որ եկել-հայտնվել ես խաչմերուկում ու պիտի ընտրես: Երբ Արցախյան շարժումն սկսվեց, ես 14-15 տարեկան տղա էի։ Հզոր տղամարդիկ անմիջապես զատվեցին… մնացածներից։ Բարձրագոչ բառերը այլևս իմաստ չունեին, պետք է գործով ապացուցեիր ուժդ, հայրենասիրությունդ, արժանապատվությունդ։ Կարող էիր նստել տանը, լինել սիրելիներիդ կողքին: Կարող էիր չգնալ ճակատ ու չզոհվել։ Մնում էր հասկանալ, թե էս երկուսից որն էր պարտությունը, և որն էր հաղթանակը: Ամեն մեկն իր պատասխանն ուներ այս հարցին։ Ես՝ նույնպես։ Երբ 14 տարեկան տղա՝ ինքնաշեն զենքով բարձրանում էի սարերը, ես հաղթանակի ու պարտության իմ սահմանումն ունեի արդեն։ Հայրս ու պապս օգնեցին գտնելու պատասխանը։ Նրանք երկու կարևոր առաքինություն են ժառանգել ինձ՝ պատիվ ու բարություն։ Հայրս տրակտորիստ էր։ Նրա համար պատիվը վեր էր ամեն ինչից, պատվի համար կտար ամեն ինչ։ Դա նրա հաղթանակն էր։ Իսկ պապս ասում էր՝ հաց տուր մարդկանց, տուր ու մոռացիր։… Տարիների ընթացքում ես հասկացա, որ հոգիդ պիտի հենարան ունենա, իմ հենարանը հորս պատիվն էր ու պապիս բարությունը։

Ես ազգային բանակի առաջին զինվորներից եմ։ Ոչ թե բանակ գնացի, այլ՝ պատերազմ։ Իմ առաջ երկու ճանապարհ կար՝ հեռանալ երկրից կամ ուրիշ մի հնարով խուսափել բանակից, կամ զինվորանալ՝ ինքնակամ ուսերին առնելով անմարդկային դժվարությունները: Սովը, ցուրտը, ոջիլների խայթոցը նկատի չունեմ, այլ դաժան ճակատամարտերը, որի միջով անցա ժամկետային ծառայության ժամանակ:

…Հետո կրկին կար երկընտրանք. ամեն գնով ողջ մնալ ու ընտանիք վերադառնալ, կամ ինքնազոհ կռվել ու սեփական հողը թշնամուց պաշտպանել։ Ես վերջինն ընտրեցի, որովհետև հորս պատիվն ու պապիս բարությունն էդպես հուշեցին։ …Իմ ընկերները զոհվում էին ձեռքերիս վրա ու հաղթում էին…

Երբ տանկը խփեց, զգացի, որ վրաս ինչ-որ բան է լցվել ահավոր ծանրությամբ, հետո էլ ոչինչ չեմ հիշում։ Տղերքը պատմում են, որ մնացել եմ հողի հաստ շերտի տակ։ Երբ սկսել են հավաքել զոհվածների մարմինները, տեսել են, որ ես չկամ։ Հողը աջ ու ձախ նետելով` փնտրել են դիակս ու երբ մարմինս հանել են հողի տակից, զարմանքով նկատել են, որ շնչում եմ։ Ես մեկ շաբաթ գիտակցության չեկա հոսպիտալում։ Նոր էի աչքերս բացել, մեկ էլ հրամանատարս մտավ պալատ։  Նայեց ինձ ու ժպտաց։

-Մեղրի, ո՞ղջ ես։

Քանի որ Մեղրիից էի, բոլորն ինձ Մեղրի էին ասում։

-Ողջ եմ, հրամանատա՛ր,- ասացի։ Հետո հրամանատարս պատմեց, թե ոնց են ինձ արյունլվա հանել հողի տակից։ Որոշ ժամանակ հոսպիտալում բուժվելուց հետո վերադարձա ճակատ։ Ինչ ասես չեմ տեսել։ Երկրորդ անգամ բեկորային վիրավորում ստացա՝ ցնցակաթված։ Հիմա կակազում եմ հուզվելիս։ Հաղթե՞լ եմ, թե՞ պարտվել։ Իհարկե, հաղթել եմ։ Գուցե ինչ-որ մեկն ասի, որ նրանք են հաղթել, ովքեր պատերազմի ժամանակ թիկունքում սեփականաշնորհում էին ընկերներիս արյան գնով պաշտպանած հայրենիքը ու այսօր ապրում են դղյակներում։ Ինձ համար նրանք պարտվել են։ Իմ երկրի Հաղթանակը «Եռաբլուրում» պիտի փնտրել։

Ես դեռ սահմանին եմ՝ առաջնագծում: Ու Հաղթանակը 300 մետր բարձրության վրա է՝ իմ դիրքում. գլխիս վերև՝ կապույտ երկինք, ոտքերիս տակ՝ քուլա-քուլա ամպեր, դիմացս՝ թշնամին, թիկունքում՝ իմ ժողովուրդը: Ու ես ինձ հաղթանակի կոթող եմ զգում այդ բարձունքի վրա։

Իմ բանակը ոչ մի նմանություն չունի այսօրվա բանակի հետ: Ես հիմա էլ եմ բանակում, հիմա էլ եմ սահմանապահ, բայց սա իմ տղայի՝ Դավիթի բանակն է։ Այս պահին ես էլ եմ դիրքերում, տղաս էլ։ Ես՝ Մեղրիում, Դավիթը՝ Արցախում։ Բայց սա Դավիթի բանակն է, իմը մնաց պատերազմի դաշտում, որտեղ կորցրի ընկերներիս… …Պատերազմից հետո մի աղջկա սիրեցի։ Կարինեն ինձ ընտանիք պարգևեց և երկու տղա՝ Դավիթին ու Էդիկին։

Ես արդեն մի քանի տարի զորացրվել էի բանակից, երբ սկսվեց ապրիլյան կռիվը։ Մայրս, կինս ու երկու տղաներս քառաձայն լացում էին՝ թևերիցս կախված ու կրկնում՝ մի՛ գնա, կզոհվես, մի՛ գնա։ Կնոջս ու մորս ասելու բան չունեի, տղաների՛ս պատասխանեցի.

-Առաջնագծում ջահել զինվորները պաշտպանում են մեր հայրենիքը՝ քեզ, տատիկին, մայրիկին։ Ես ընտանիք ունեմ, երեխաներ ունեմ: Լավ, թե վատ՝ ապրել եմ կյանքս։ Էդ զինվորները շատ ջահել են ու չպիտի զոհվեն։

Տղաներս դադարեցին լացը։ Այտերի վրա, կոպերին արցունքներ էին փայլում, բայց նրանց հայացքում ինչ-որ նոր բան էր հայտնվել։ Ես չգիտեմ՝ կրթված, ուսյալ մարդիկ ինչպես են դաստիարակում իրենց երեխաներին, բայց, վստահ եմ, որ այդ մի քանի րոպեների ընթացքում ես իմ տղաներին ավելի շատ բան տվեցի, քան տարիների քարոզն ու խրատը։

Ապրիլի 2-ին մի քանի կամավորականների հետ մեկնեցի Արցախ։ Տեսա 19-20 տարեկան զինվորների հայրենիքի համար կռվելիս։ Ես ճիշտ նրանց տարիքին էի, երբ ընկերներիս հետ պաշտպանում էի Արցախը։ Դժվարանում եմ բառերով նկարագրել զգացածս։ Ես տեսա զինվորների, որոնք տարիքի բերումով կարող էին իմ որդին լինել։ Տեսա՝ ինչպես են անձնվիրաբար կռվում այն հողի համար, որտեղ իմ ընկերների արյունն է թափվել: Ու ես առաջին անգամ ասացի ընկերներիս.

-Խաղաղ ննջեք, տղե՛րք, թող ձեր խիզախ հոգին խաղաղվի. մենք վերջնականապես հաղթել ենք։

Այնքան կմնամ դիրքերում, մինչև տղաս վերադառնա ժամկետային զինծառայությունից։ Ուզում է պայմանագրային զինվորական դառնալ ինձ պես։ Դիրքս կհանձնեմ որդուս ու կիջնեմ սահմանից։ Տղայիս կտամ բարձունքի պայծառ լուսաբացներն ու գույնզգույն մայրամուտները: Եվ ամենակարևորը՝ իմ զինակից ընկերներին կնվիրեմ որդուս՝ որպես ամենաթանկ նվեր։

 

ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԴավիթ Բաբայան

 

Հայրս միշտ ինձ պատմել է իր ծառայության մասին։ Երբ արդեն մեծ էի ու ծառայած տղաներից լսում էի, թե ինչպիսին է կյանքը զորամասում, միևնույն է, ծառայություն ասելիս պատկերացնում էի հորս բանակը՝ ցուրտ, մի կտոր հացի կարոտ, վտանգներով լի։ Հայրս պատմում էր ու ավելացնում.

-Դժվարությունները տղամարդու համար են, բա հո կանայք չէի՞ն գնալու սահման պահեն։

Երբ արդեն զորամասում էի՝ հասկացա, որ նաև հորս ու նրա ընկերների շնորհիվ է մեր այսօրվա բանակը ուժեղ, սահմանները՝ ամուր։ Սա բոլորովին ուրիշ բանակ է ու ոչ մի կապ չունի հորս պատմածի հետ։ Երբ մեր բանակը նոր էր կազմավորվում, զարգացած երկրները բարեկեցիկ, ապահով, ժամանակակից զենքերով զինված բանակներ ունեին։ Բայց մենք առաջ գնացինք վազքով, թռիչքներով, հավասարվեցինք աշխարհի քայլքին։

Հայրս ինձ միշտ ասել է.

-Գտիր հաղթանակի քո բանաձևը և հաղթիր։

Ես առաջին անգամ դիրքեր բարձրացա դեկտեմբերի 27-ին։ Ադրբեջանցիները սովորական օրերին էին անընդհատ կրակում, ուր մնաց Նոր տարվա գիշերը չկրակեին։ Տղերքն ասում էին.

-Մեր Ամանորը հարամելու համար ադրբեջանցիները ամեն տարի ինչ-որ բան են հորինում։

Ես կանգնել էի պոստի՝ ականջներս սրած, ինքս ինձ ասում էի՝ հաղթի՛ր, հաղթի՛ր վախին, հաղթի՛ր ինքդ քեզ, հաղթի՛ր թշնամուն։ Իսկ ադրբեջանցիներն այդ ժամանակ կրակում էին իմ դիրքի վրա։ Դա իմ առաջին ռազմական մկրտությունն էր։

Հիմա դիրքի ավագն եմ՝ արդեն երկու հերթափոխ։ Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ է նշանակում պատասխանատվություն կրել դիրքի համար։ Դիրքը պիտի անառիկ մնա։ Փոխարենը ինչ ուզում ես տուր՝ առողջությունդ, երազանքներդ, կյանքդ։ Չկա ավելի մեծ հպարտություն, երբ դու ու հայրդ միասին կանգնած եք պոստի, պաշտպանում եք հայրենիքի սահմանները։

Բանակն ինձ շատ է փոխել։ Բանակն ինձ սովորեցրեց որոշումներ կայացնել ու պատասխան տալ այդ որոշումների համար։ Բանակում դու ամեն վայրկյան կանգնում ես ընտրության առաջ՝ մեծ կամ փոքր, կարևոր կամ անկարևոր։ Քո ընտրությունը ձևավորում է քո կերպարը, քո հեղինակությունը, քո ինքնությունը։ Բանակում խոսքեր չկան, կա գործ։ Իմ կյանքում մի Հավատամք ունեմ. ես հպարտանում եմ իմ հորով, զավակներս էլ ինձնով պիտի հպարտանան:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1358) 23.09.2020 - 29.09.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/09/2020