Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏԵՐԿՐԻՑ` ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ



Ասում են` հայրերի եւ որդիների հակամարտությունում առաջադեմը, ճշմարիտը միշտ որդիներն են։ Այս կարծիքը ես մտաբերեցի փոխգնդապետ Հ. Ավագյանի հրամանատարությամբ գործող զորամասում, երբ զրուցում էի զինվորական ծառայությունը կատարելու նպատակով հայրենիք վերադարձած զինվորների հետ։
-Ես շատ հանգիստ կարող էի ծառայել Ռուսաստանի Դաշնության բանակում, այն էլ՝ մեկ տարի, հայրս էլ դեմ չէր, բայց ես որոշեցի վերադառնալ Հայաստան եւ ծառայել մեր ազգային բանակում, որի մասին լավ բաներ շատ էի լսել։ Անկեղծորեն եմ ասում, իմ որոշման համար չեմ փոշմանել,- ասաց շարքային Արսեն Քերօղլյանը։
Երիտասարդ զինվորի հայրը մեկնել է Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ, իսկ ավելի ուշ, երբ գործերը կարգավորվել են, տարել է նաեւ կնոջն ու երեխաներին։
-Երբ մեկնեցի, արդեն տասը տարեկան էի, դժվարությամբ, բայց կարողացա հաղթահարել լեզվական խնդիրները, դպրոցն ավարտեցի բարձր գնահատականներով եւ ընդունվեցի իրավաբանական ինստիտուտ։ Տասնութս լրանալուց մեկ օր առաջ մորս ու քրոջս հետ վերադարձանք Երեւան։ Գնացի զինկոմիսարիատ ու ենթարկվեցի բուժզննման։ Ամեն ինչ կարգին էր, ու զորակոչվեցի։ Մայրս ու քույրս ինձ ճանապարհելուց հետո վերադարձան Սանկտ Պետերբուրգ։ Երբ ավարտեմ ծառայությունս, ես էլ կգնամ՝ շարունակելու ուսումս, բայց հենց ավարտեմ, հետ կգամ։ Մոսկվայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց են տալիս (խոսքը տեղացիների եւ կովկասցիների բախման մասին է), որ ամեն մարդ պետք է իր հայրենիքում ապրի։
Իսկ զինվորական ծառայության մասին Արսենն ասաց.
-Արդեն ծառայել եմ վեց ամիս, ամեն ինչ շատ լավ է։ Դասակի հետախույզ-հեռաչափող եմ։ Այս ամռանը մասնակցել եմ զորամասի անցկացրած զորավարժությանը, որի ժամանակ լավ արդյունք եմ ցույց տվել։ Իմ հաշվարկները ճիշտ էին, եւ արժանացա դիվիզիոնի հրամանատարի գովեստին։
***
Կրտսեր սերժանտ Գոռ Գրիգորյանը նույնպես կարող էր զինվորական ծառայությունը կատարել այլ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության բանակում, եթե չունենար հայրենիքի հանդեպ որդիական պարտքի ու պարտականության գիտակցությունը, մանավանդ որ նա չի էլ ծնվել Հայաստանում եւ այստեղ գրանցում էլ չի ունեցել։
-Ծնողներս գնացել են աշխատանք որոնելու, եւ ես լույս աշխարհ եմ եկել Ուկրաինայում՝ 1990թ.։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել ենք Մոսկվա, որտեղ էլ ավարտել եմ միջնակարգը եւ ընդունվել քոլեջ։ (Ասենք, որ Գոռն այնքան էլ լավ չի խոսում մայրենի լեզվով, ինչ էլ գիտի, սովորել է ծառայության ընթացքում)։
-2009թ. գարնանը՝ զորակոչից առաջ, վերադարձա ու ներկայացա զինկոմիսարիատ,- շարունակեց իր մասին պատմել Գոռը։ -Այնտեղ ուրախացան, որ ես, ծնված չլինելով Հայաստանում, ուզում եմ հայկական բանակում ծառայել։ Դիմում գրեցի, որ հայ եմ, ծնողներս էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, եւ ես ուզում եմ մեր ազգային բանակում ծառայել։ Անցավ մի քանի օր եւ ինձ զինկոմիսարիատից հայտնեցին, որ խնդրանքս բավարարվել է, ու պատվիրեցին նախապատրաստվել զորակոչվելու։ Արդեն ծառայել եմ մեկուկես տարի։ Մոտոհրաձգային վաշտում ՀՄՄ-1-ի հրամանատար եմ, ամեն ինչ շատ լավ է, ամռանը մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում մասնակցել եմ զորամասի անցկացրած մարտավարական զորավարժությանը եւ բարձր արդյունք ապահովել։ Այժմ էլ աշխատում եմ նորակոչիկների հետ, ինչը վկայում է, որ հրամանատարներն ինձ լիովին վստահում են։
Խոսելով ապագայի մասին՝ կրտսեր սերժանտ Գ. Գրիգորյանն ասաց.
-Ծնողներս այժմ էլ Մոսկվայում են։ Ծառայությունից հետո մեկնելու եմ այնտեղ, բայց չգիտեմ՝ սովորելուց հետո կմնա՞մ, թե՞ մշտական բնակության կվերադառնամ Հայաստան։ Տեսնեմ ծնողներս ինչ կասեն։ Եթե որոշողը միայն ես լինեի, այստեղից այլեւս ոչ մի տեղ չէի գնա։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Ազգային բանակ


24/12/2010