ԵՎ, ԻՀԱՐԿԵ, ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Առաջինը պետք է նշեմ այն մեծ խիզախությունը, որ մեր զինվորները, զինվորականները ցույց են տալիս և նույնիսկ իրենց կյանքը չեն խնայում այս օրերին մեր հայրենիքը պաշտպանելու համար ագրեսորից: Փառք, հավիտենական փառք մեր զինվորականներին: Ես ուղղակի խոնարհում եմ իմ գլուխը նրանց առջև:
Երկրորդը, որ պետք է նշել, հետևյալն է, որ այս ագրեսիան, որ իրականացրեց Ադրբեջանը, վաղուց էր նախապատրաստվում: Եվ դրա առանձնահատկությունն այն, է, որ այն պատրաստվում էր Թուրքիայի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ: Փաստերը բազմաթիվ են, որ այսպես էլ կա, և փաստորեն այս անգամ մեր զինվորը կռվում է թուրք-ազերիական ագրեսորի դեմ: Սա կռիվ է, սա գոյամարտ է, գոյապայքար՝ մեր հայրենի հողում մեր ապրելու իրավունքը վերահաստատելու համար: Դարեր շարունակ մեր գլխին կախված է եղել թուրքական վտանգը, և հիմա այդ վտանգը ի հայտ է գալիս այս թուրք-ազերիական տանդեմի տեսքով:
Երրորդ կարևոր հանգամանքը, որ ուզում եմ նշել, այս բախման աշխարհաքաղաքական առանձնահատկությունն է: Ես համոզված եմ, որ այս պայքարը, որ հիմա մղում ենք, ոչ միայն գոյապայքար է, որում մենք վերստին հաստատում ենք մեր հողում մեր ապրելու իրավունքը, այլև այսօր որոշվում է ամբողջ տարածաշրջանի ապագան: Եթե մի պահ պատկերացնենք, որ պարտություն կրենք, որը, հնարավոր չէ, փաստորեն, մենք ճանապարհ կբացենք Թուրքիայի համար տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատելու, Հարավային Կովկասը վերցնելու իր նկրտումներին:
Չորրորդ կարևոր հանգամանքն այն է, որ, ինչպես ցույց տվեցին հուլիսյան դեպքերը Տավուշում, մեր բանակը հասել է արհեստավարժության բարձր մակարդակի թե՛ գործողությունների նախապատրաստման և թե՛ իրականացման առումով: Թեև ցավալի զոհեր ենք ունենում, բայց տեսնում ենք, թե որքան արհեստավարժ է կռվում հայ զինվորականը: Եվ սա մեծ հույս է ներշնչում: Ես վստահ եմ, որ ոչ միայն հաղթանակի կհասնենք այս ազերաթուրքական ագրեսիան հետ մղելով, այլև հիմք կդնենք մեր ապագա հաղթանակների համար:
Սա պայքար է մեր ժողովրդի ապագայի համար: Փառք և պատիվ մեր զինվորներին, հավերժ հիշատակ մեր նահատակներին:
Թուրքիայից հնչող բարձր ազդակները վկայում են, որ Թուրքիան ի դեմս իր նախագահ Էրդողանի, արդեն անցնում է բոլոր «կարմիր գծերը»: Եվ Թուրքիան ոչ միայն իրեն հայտարարում է Ադրբեջանի դաշնակիցը, այլ նաև, որ ինքը մասնակցում է նրա գործողություններին առանց թաքցնելու: Թուրքիայից տեսնում ենք այնպիսի ազդակներ, որոնք վկայում են, որ այս սանձարձակ գործողությունները արդյունք են վերջին տարիների, երբ Էրդողանը ագրեսիվ գործողություններ է ծավալում տարածաշրջանի տարբեր հատվածներում, շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը: Եվ մեր զինվորները Թուրքիային ցույց են տալիս իր տեղը տարածաշրջանում: Ոչ միայն հարավային Կովկասում, այլ նաև Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, նաև Միջերկրական ծովի շրջանում:
Առաջին անգամ մեր բանակը հուժկու հարված կհասցնի Էրդողանյան այս ագրեսիվ քաղաքականությանը:
Ես էլի նշել եմ դա և պետք է նշեմ, որ իմ ընկալմամբ համաշխարհային հասարակությունը, պետությունները մինչև այժմ լիովին չեն գիտակցել թուրքական վտանգը. որ սա սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև եվրոպական տարբեր երկրների համար: Մանավանդ վերջին շրջանում Եվրոպայում կազմավորվեցին հատուկ ցանցային կազմակերպություններ, որոնք ներգրավված են եվրոպական երկրների տարբեր կառույցներում: «Գորշ գայլերի» միավորումներ կան, որ սպասում են Անկարայի հրամանին: Եվ այդ «գորշ գայլերը» գործում են տարբեր տեսակի մշակութային կենտրոնների անվան տակ, որոնք ձևականորեն կարող են ենթարկվել տվյալ կազմակերպությանը: Այդ կազմակերպությունները ենթարկվում են թուրքական հետախուզությանը: Թուրքիան «գորշ գայլերի» կազմակերպությունների միջոցով Եվրոպայում հիմնել է մի մեծ ցանց, որը վտանգ է հենց եվրոպական երկրների համար: Եվ որոշ երկրներում այդ վտանգը գիտակցում են: Մասնավորապես՝ Ավստրիայում, որտեղ, օրինակ, պաշտոնապես արգելված է «գորշ գայլերի» ողջույնի նշանը, որով նրանք միմյանց ճանաչում են: Եվ փաստորեն այդ «գորշ գայլերի» ցանցը, համոզված եմ, ամեն օր ավելի ու ավելի է ուժեղանում, որովհետև Եվրոպայում միլիոնավոր թուրքեր են ապրում, և նրանց շրջանում այդ կազմակերպություններն իրենց տարբեր անվանումներով են գործում: Այժմ արդեն թուրք մասնագետներն են նշում, որ աշխարհի 13 երկրներում առկա է թուրքական զինյալը, օրինակ՝ խաղաղապահ ուժերի տեսքով: Մտնելով Սիրիա, օրինակ, նրանք բացահայտ ագրեսիա են իրականացրել:
Սկզբում Նախիջևանում էր թուրքական ներկայությունը, այժմ արդեն, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում են թուրքական զինյալները և «գորշ գայլերը»: Թուրքական, քրդական, արաբական մամուլում նշվում է 17 ջիհադական կազմակերպությունների անվանում, որոնց ներկայացուցիչները, որպես վարձկաններ, այժմ կռվում են Ադրբեջանում, կռվում ու զոհեր են տալիս: Համոզված եմ, որ եթե ադրբեջանական կողմից զոհերի քանակը շատ մեծանա, և նրանք տեսնեն, որ իրենց ծրագրերը չեն իրականանում, Թուրքիան կուղարկի իր հատուկ նշանակության զորքերը: Արդեն դրա մասին խոսակցություններ կան, և նշվում է անգամ այդ ստորաբաժանումների անվանումը` քաջ հայտնի «Կոմանդոսը»: Այսինքն՝ մենք գործ ունենք մի շատ վտանգավոր երևույթի հետ և՛ տարածաշրջանի, և՛ Եվրոպայի առումով: Մի տեղ պարզապես այս ցանցային կազմակերպությունների ձևով, մյուս տեղում՝ բացահայտ ագրեսիաների տեսքով, մյուս տեղում՝ իրենց զինվորական ներկայությամբ: Եվ գնալով այս ամենն ընդլայնվում է: Մենք միշտ խոսել ենք թուրքական վտանգի գոյության մասին: Հիմա մենք տեսնում ենք, որ այս թուրքական սպառնալիքը, որ ժամանակին չկասեցվեց, այժմ գնալով ավելի ու ավելի մեծ ու վտանգավոր մասշտաբներ ու բնույթ է ստանում:
…Պետք է աշխարհի ամենատարբեր երկրներին տեղյակ պահել, թե ինչ է կատարվում իրականում: Սա շատ կարևոր է, քանի որ Թուրքիային հաջողվում է մանիպուլացնել, ապակողմնորոշել տարբեր երկրների մամուլը: Եվ այս բոլորը կանխարգելելու, այս քարոզչությանը դիմագրավելու և տարբեր երկրների ղեկավարությանը ճշմարիտ տեղեկատվություն փոխանցելու և ագրեսիան կանգնեցնելու գործում շատ կարևոր է մեր արտգործնախարարության, մեր դիվանագետների գործունեությունը, որ շատ բարձր եմ գնահատում այս օրերին:
Բացի Թուրքիայից, որն այսօր անշուշտ արդեն երրորդ կողմ էլ չի կարող համարվել, այլ անմիջական մասնակից է, այս օրերին ևս երկու երկիր հանդես են եկել հաջակցություն ագրեսորի՝ Աֆղանստանն ու Պակիստանը: Տվյալներ կան, որ ոչ միայն Սիրիայից, այլև Պակիստանից վարձկաններ են ուղարկվում Ադրբեջան: Ռուսաստանն, իհարկե, կարող է կարևոր դերակատարում ունենալ՝ որպես ռազմաքաղաքական և ռազմավարական դաշնակից: Իհարկե, Ռուսաստանն այս օրերին հնչեցնում է որոշակի կոչեր՝ մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանի ղեկավարության վրա ազդելու նրա լծակներն ավելին են:
Պետք է հստակ հասկանանք, թե ինչու հենց հիմա տեղի ունեցավ այս ագրեսիան: Թուրքական կողմը, և առաջին հերթին Թուրքիան, հաշվարկել էր, որ հիմա աշխարհում համավարակ է, որ ԱՄՆ-ում զբաղված են ընտրություններով, որ Ռուսաստանի դեմ ճնշումն աննախադեպ մեծ է Արևմուտքի կողմից՝ կապված հատկապես Բելառուսի հետ: Այս պահն ընտրված էր հատուկ, որպեսզի գերտերությունները զբաղված լինեն իրենց ներքին խնդիրներով ու չկարողանան համարժեք արձագանքել: Բայց, կարծում եմ, որ այս օրերին կգծվեն որոշակի կարմիր գծեր, քանի որ գերտերությունները հասկանում են, որ թուրք-ազերիական այս ագրեսիան ոչ միայն Հայաստանի ու Արցախի դեմ է ուղղված, այլև իրենց շահերի: Համոզված եմ, որ ուշացումով, բայց ավելի հստակ դիրքորոշումներ կլսենք հատկապես ռուսական կողմից:
Պետք է ընդգծել, որ ինչպես արդեն ասացի, մեր զինվորն այսօր ոչ միայն մեր հայրենիքն է պաշտպանում, այլև աշխարհաքաղաքական խնդիր է լուծում: Իսկ մենք այստեղ՝ թիկունքում, պետք է անենք հնարավորն ու անհնարինը՝ մեր զինվորներին օգնելու, աջակցելու համար: Եվ ես համոզված եմ, որ հաղթանակը մե՛րն է լինելու:
Գրի առավ ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #39 (1359) 30.09.2020 - 6.10.2020, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական