Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԵՆՔ, ՈՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ



ՀՊԱՐՏ ԵՆՔ, ՈՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆՀաղթահարելով քարքարոտ ճանապարհը՝ զինվորական «Ուազը» վստահ առաջ է սլանում սահմանը երիզող ոլորապտույտ ճանապարհով: Անտառապատ ճանապարհը վերջանում է հյուսիսարևելյան սահմանագոտու կարևորագույն տեղամասերից մեկը պաշտպանող մարտական դիրքերից մեկի մատույցներում:

-Պարո՛ն փոխգնդապետ, դիրքի ավագ, լեյտենանտ Ներսիսյան,- մեզ դիմավորելով՝ ներկայանում է Սուսաննա Ներսիսյանը և ուղեկցում վերջերս կառուցված մարտական հենակետ: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանն անձնակազմին է փոխանցում հրամանատարի և վերադաս հրամանատարության հորդորը՝ լինել ուշադիր և աչալուրջ, երբեք չթուլացնել զգոնությունն ու անհրաժեշտության դեպքում անվարան դիմել զսպող գործողությունների:

-Վստահաբար կարող եմ ասել, որ մեր զինծառայողները հոգեբանորեն պատրաստ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները,- ասում է  փոխգնդապետը: Վերջին շրջանում տեղի ունեցած գործողությունները ցույց տվեցին, որ մշտապես զգոն ծառայություն է իրականացվում, և մեր զինծառայողները պատրաստ են առաջադրված խնդիրները լավագույնս իրականացնելու իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում, կասեցնելու հակառակորդի բոլոր սադրանքները: Այս պահին մեր սահմանին հարաբերականորեն հանդարտ է, բայց ամեն պահի իրավիճակը կարող է փոփոխվել…

Մինչ զրուցում էինք փոխգնդապետի հետ, լրացավ հերթափոխի ժամանակը:

ՀՊԱՐՏ ԵՆՔ, ՈՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆԴիրքի ավագ, լեյտենանտ Սուսաննա Ներսիսյանն այն զինվորականներից է, որոնք վտանգի առջև չեն ընկրկում: Գերազանցությամբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը ավարտած Սուսաննան կարգի համաձայն իրավունք ուներ առանց վիճակահանության, իր ցանկությամբ հետագա ծառայավայրն ընտրելու: Հուլիսյան դեպքերից հետո, սակայն, նա անվարան վճռել է մարտական հերթապահություն իրականացնել հենց հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Եկավ, վաստակեց անձնակազմի հարգանքը, երկու ամիս անց էլ՝ մարտական հենակետի ավագը դառնալու իրավունքն ու պատիվը: Ձգտեց ու ի վերջո հասավ բաղձալի նպատակին. այժմ իր անձնակազմի հետ մարտական հերթապահություն է իրականացնում սահմանին.

-Ինչպես ասում են՝ «Հայրենիքը սահմանից է սկսվում»,- ասում է երիտասարդ սպան: -Ես էլ հայրենիքի մի մասն եմ: Ուրիշ կերպ չէի կարող. շատ էի ուզում ընդգրկվել հենց մարտական հերթապահության մեջ ու իմ ներդրումն ունենալ հայրենիքիս պաշտպանության գործում հատկապես հիմա, երբ հայրենիքը մեր կարիքն առանձնահատուկ է զգում:

Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք անձնակազմի ոգով ու դիրքի մարտական պատրաստականությամբ: Պատասխանը կարճ էր և կոնկրետ.

-Ցանկացած պահի պատրաստ ենք,- ասաց ու անսպասելի հրամայեց,- Դի՛րք, մարտի՛, հակառակորդի բացահայտ հարձակում: Անցնե՛լ շրջանաձև պաշտպանության:

Հրամանից վայրկյաններ անց անձնակազմը շտապեց զբաղեցնել շրջանաձև պաշտպանությունն ու զեկուցել մարտին պատրաստ լինելու մասին: Անակնկալ տագնապն ու դրան հետևած քայլերի հաջորդականությունը տպավորիչ էին ու խոսուն: Իսկ մենք, օգտվելով հնարավորությունից, ծանոթացանք նաև սահմանագոտու կարևորագույն այս հատվածի պաշտպանությունն իրականացնող տղաների հետ:

-Այստեղից մի քանի կիլոմետր ուղիղ գծով մեր գյուղն է, որն ամենամեծն է մեր շրջանում,- ձեռքով ցույց է տալիս պայմանագրային զինծառայող Լևոն Մելիքջանյանը:- Տասը տարի արտերկրում ապրած հաղթ զինվորականը շարունակում է,- կրկնակի հպարտություն է, որ, շնորհիվ պայմանագրային զինծառայության, հնարավորություն ունեմ թե՛ շենացնելու և թե՛ պաշտպանելու պապերիցս ինձ բաժին հասած հայրենի հողը: Թիկունքում ինձ սպասողներ ունեմ՝ ընտանիք, երեք երեխա: Բոլորս հպարտ ենք, որ կանգնած ենք սահմանին:

Լևոնի պես Կարենն էլ է ընտանիքի հայր: Ասում է՝ ծառայության ընթացքում անվերջ հիշում ու կարոտում է մանկահասակ երեխաներին: Ահա թե հատկապես ում և ինչի համար են սահմանին անցկացրած անքուն գիշերներն ու ուսին գցած զենքը:

ՀՊԱՐՏ ԵՆՔ, ՈՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ-Նույնիսկ հանգստի պահին, երբ աչքերս պիտի փակեմ, էլի հիշում եմ, որ երեխա ունեմ, ու կիսաբաց են մնում աչքերս: Ես իմ երեխաներին պետք է պաշտպանեմ: Մեր բոլոր երեխաների համար ենք այստեղ. զգոնությունը կորցնելն անթույլատրելի է:

Հուլիսյան դեպքերից անցել է երկու ամիս: Այսօր էլ հակառակորդը պարբերաբար կրակոցներով հիշեցնում է իր մասին սահմանի այս հատվածում: Այս օրերին Արցախում կենաց-մահու մարտեր են ընթանում… «Հակառակորդին ի՞նչ է սպասվում այս ուղղությամբ նոր սադրանքի փորձի դեպքում» հարցին միակ պատասխանն այս է.

-Ջա՛րդ, ուրիշ ոչինչ,- ասում է Լևոնը,- անխնա ջարդ, որովհետև սա մեր հողն է, սա մեր սահմանն է: Մենք ոչ մեկին թույլ չենք տա անգամ մի սանտիմետր առաջ գալ, ոտք դնել մեր հողին:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆ

Խորագիր՝ #39 (1359) 30.09.2020 - 6.10.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/10/2020