Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ



ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔՍեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ չհայտարարված պատերազմ սկսեց՝ մարտական գործողություններ ծավալելով երկու երկրների շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Թեև հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանքեր էր գործադրում խուսափելու առճակատումից,  պահպանելու խաղաղությունը, հանդես էր գալիս  բանակցությունները առանց նախապայմանների վերսկսելու կոչով և միջազգային հարթակներում Ադրբեջանին զսպելու հորդորով, այդուհանդերձ, ադրբեջանական կողմի ագրեսիան անսպասելի չէր։ Տրամաբանությունը հուշում էր, որ Տավուշում գեներալ, գնդապետ ու փոխգնդապետ, բազմաթիվ զինծառայողներ ու դիրքեր կորցնելուց հետո Ադրբեջանը պետք է գոնե միառժամանակ ձեռնպահ մնար հայկական կողմի հետ նոր ընդհարում հրահրելուց և փորձեր վերականգնել ուժերի հարաբերակցությունը։ Սակայն, մենք վաղուց գիտենք, որ Ալիևի վարչակազմի գործողությունները անհուսալիորեն դուրս են տրամաբանության շրջանակից, և հայկական կողմին զանազան շինծու մեղքեր վերագրելով՝ Ադրբեջանը աշխարհին և սեփական ժողովրդին նախապատրաստում էր վերահաս արցախա-ադրբեջանական պատերազմին ու հող էր ստեղծում իր արկածախնդրության ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու համար։ Ինչպես միշտ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ փնթի էր աշխատել ոչ միայն պատերազմի նախապատրաստական փուլում, այլև  բուն մարտական գործողությունների ժամանակ։ Ալիևի և Էրդողանի մերկապարանոց հայտարարությունները՝ Հայաստանին ագրեսոր հռչակելու ուղղությամբ Արցախի դեմ նոր պատերազմի պարզունակ ու բոլորին հասկանալի նախերգանք էին: Իսկ արդեն մարտական գործողությունների ժամանակ հայտարարելը, որ իրենք անցել են հակահարձակման հայկական կողմի ագրեսիան  զսպելու համար, ուղղակի զավեշտ էր։ Ոչ միայն Տավուշում դիրքեր կորցրած ու բազմաթիվ կորուստներով ետ շպրտված ադրբեջանական անփառունակ բանակը, այլև համեմատաբար կազմակերպված թուրքական զորքը չէին կարող հայերի անսպասելի հարձակմանը պատասխանել այդքան արագ ու ծրագրավորված հակահարձակմամբ։ Ի վերջո, թուրք լրագրողներին առաջնագիծ հասցնելու համար ժամանակ էր պետք, մինչդեռ Ադրբեջանի հարձակման առաջին պահից թուրք և ադրբեջանցի լրագրողները ուղիղ հեռարձակմամբ պատմում էին մարտական գործողությունների մասին: Այսինքն՝ նրանք վաղուց առաջնագծում էին:

Ի դեպ, թուրք ու ադրբեջանցի լրագրողները սկսած առաջին պատերազմական ռեպորտաժից պարզապես խաբում էին սեփական ժողովրդին ու աշխարհին՝ իրականության հետ ոչ մի կապ չունեցող հեքիաթներ մոգոնելով: Ադրբեջանի հերոսական մարտերթը նկարագրող այդ մտացածին պատմություններում, այնուամենայնիվ, մեկ ճշմարտություն կար՝ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ հանել էր իր գրեթե ամբողջ ռազմական զինանոցը: Սակայն  հեքիաթը  խաթարվում էր ադրբեջանական կողմի զոհերի ու ավերածությունների մասին լուրերով, որոնք արագ տարածվում էին համացանցում և, ի հեճուկս ադրբեջանական լրատվական կայքերի լավատեսության, պահ առ պահ ավելացնում խուճապը ու հուսալքությունը ադրբեջանական բանակի ու ժողովրդի շրջանում։ Ադրբեջանի ղեկավարությունը վիճակը փրկելու համար գնաց անհավանական քայլի՝ փակելով սոցցանցերի հասանելիությունը Ադրբեջանում, խլելով պատերազմի ժամանակ տեղեկություն ստանալու հասարակ ադրբեջանցու տարրական իրավունքը։ Այս լուրը աշխարհով մեկ տարածեց Haqqin.az-ը, իհարկե, առանց մեկնաբանության։ Սակայն, մեկնաբանությունն այնքան ենթադրելի  էր, որ դուրս էր եկել տողատակից.  Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր մեղմել խուճապն ու հուսալքումը սեփական երկրում ու զինված ուժերում՝ փակելով տեղեկատվական հոսքերը և սեփական ժողովրդին հրամցնելով իր լրատվամիջոցների հորինածը։ Սակայն, ամեն ինչ գլխիվայր շրջվեց այն պահից, երբ հայկական կողմը պատերազմի մասին պատմող Ադրբեջանի առասպելաբանությանը հակադրեց տեսանյութեր, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես են հայկական բանակի հարվածներից  օդ բարձրանում ադրբեջանական ռազմական հենակետերը, ինչպես են վառվում ադրբեջանական տանկերը, ընկնում անօդաչու  թռչող սարքերը։ Եվ ինչպես են ադրբեջանական իշխանությունների մեղքով սպանվում ադրբեջանցի հասարակ ժողովրդի զավակները՝ սեփական արյամբ ներկելով մարտադաշտը։ Ի պատասխան՝ ադրբեջանցի հակերները կոտրեցին հայկական մի շարք լրատվական կայքեր: Սակայն, խափանված հայկական լրատվական կայքերը  արագ վերականգնվեցին ու շարունակեցին տեսանյութեր տարածել ամբողջ աշխարհում, և դրանց հասանելիությունը Ադրբեջանի ժողովրդին սահմանափակելն այլևս անհնար էր։ Անհնար էր փոխել Հայաստանում ու Արցախում կատարվող իրադարձությունների իրական գնահատականը՝ ադրբեջանցի լրագրողների միտումնավոր մեկնաբանություններով։

…Իսկ ինչ էր կատարվում այդ ժամանակ Հայաստանում:

Սկսվել էր կամավորականների չդադարող հոսքը զինկոմիսարիատներ։ Երկրապահների, արցախյան պատերազմի վետերանների, ապրիլյան պատերազմի հերոսների կողքին հայրենապաշտ կամավորականների երիտասարդ սերունդն էր՝ հայրենիքի ազատության համար կյանքը չխնայելու պատրաստակամությամբ և թշնամուն ուժեղ հակահարված տալու անկոտրում կամքով։ Երկրով մեկ մեծ ու մանուկ բանակի, զինվորի համար  ռազմաճակատ էին   ուղարկում, ինչ կարող են, ինչ ունեն: Արյունաբանական կենտրոնի մոտ արյուն հանձնելու պատրաստ մարդկանց հերթը վկայում էր հայ ժողովրդի վճռականության ու համախմբվածության, թիկունքի ու ռազմաճակատի միասնականության և թշնամուն հուժկու հարված տալու համազգային պատրաստակամության մասին։ Եվ որքան էլ այս տեղեկությունը ադրբեջանական լրատվական կայքերում տարածվեր` «Հայ զինվորին արյուն է պետք» ողորմելի վերնագրով ու շեշտադրությամբ, որքան էլ ադրբեջանցի լրագրողները փորձեին սեփական ժողովրդի ընկալումը շեղել տրամաբանված եզրահանգումներից, միևնույն է, այն, ինչ կատարվում էր Հայաստանում իր ուղղակի անդրադարձն ուներ մարտական գործողությունների ընթացքի, իր հայրենիքը կյանքով պաշտպանող հայ զինվորի ոգու, ադրբեջանցի ժողովրդի  և միջազգային հանրության կարծիքի վրա։

Հայաստանը, Արցախը և հայկական սփյուռքը դարձան մի բռունցք, մի շունչ, մի կամք։ «Բոլորս պատրաստ ենք զոհվելու հանուն հայրենիքի և ոչ մի թիզ հող չենք զիջելու թշնամուն»՝ հենց պատերազմի առաջին օրը հայտարարեց Հայաստանի գերագույն հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց. «Մեր պատասխանն այս անգամ շատ ավելի կոշտ է լինելու»։ Երկրի ամբողջ քաղաքական էլիտան, մոռանալով բոլոր տարաձայնությունները, համախմբվեց՝ դիմակայելու ադրբեջանական ագրեսիային։ Ավելին՝ Ազգային ժողովում ընդդիմության թևի ներկայացուցիչները հորդորեցին երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը, չբավարարվել թշնամուն ետ շպրտելով և պատերազմը տեղափոխել Ադրբեջանի խոր թիկունք։

Ո՛չ զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան եկած և մեր սահմանների մատույցներում ամրացած թուրքական էլիտար ստորաբաժանումների առկայությունը, ո՛չ տեռորիստական փորձառությամբ արտերկրյա գրոհայինների մասնակցությունը պատերազմին, ո՛չ Արցախի խոր թիկունքում խաղաղ բնակչությանը ռմբահարելու  հակառակորդի նվաստ պահվածքը, ո՛չ մեր զոհերի և կորուստների մասին լուրերը բացարձակապես չընկճեցին հայ ժողովրդին։ Նույնիսկ ապաստարաններում պատսպարված ծերերն ու մանուկները վստահ էին, որ հաղթանակը չի ուշանալու, որ իրենք վերադառնալու են իրենց տները և շարունակելու են կյանքը ընդհատված կետից։

Հաղթելու ենք՝ հայտարարեց Հայաստանի գերագույն հրամանատարը։ Այն հնչեց իբրև երդում, իբրև խոստում, իբրև մարտակոչ և դարձավ յուրաքանչյուր հայի օրվա նշանաբանը։

Հաղթելու ենք, որովհետև պատրաստ ենք հաղթանակին տալու բառացիորեն ամեն ինչ։ Պատրաստ ենք ազգովի։ Վճռականորեն տեր ենք կանգնելու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» խոստմանը և մեր հող մտած թշնամու յուրաքանչյուր ոտնձգություն «նշանավորելու ենք» տարածքային նոր կորուստներ պարտադրելով նրան։ Օմարից Արաքս լայնածավալ պատերազմի մեկ օրվա ընթացքում Ադրբեջանը կորցրեց  բազմաթիվ ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ընդ որում՝ հարվածային,  տանկեր և հետևակի մարտական մեքենաներ,  ինժեներական զրահատեխնիկա, իսկ մարդկային զոհերի թիվը ավելանում է ժամ առ ժամ:

Սիրիայի «Մարդու իրավունքների կազմակերպությունը» իր տարածած հայտարարությամբ աշխարհին տեղեկացրեց, որ Արցախի դեմ կռվում են նաև, այսպես կոչված, «Սիրիայի ազգային բանակի» մի խումբ վարձկաններ։ Իսկ որոշ լրատվամիջոցներ նշել են, որ Արցախի դեմ կռվող 4000 սիրիացի վարձկաններից 81 գրոհայիններ զոհվել են պատերազմի առաջին օրվա մարտերում։ Համացանցում նշվեցին նաև այն թուրքամետ խմբերի անունները, որոնք Ադրբեջան էին գործուղել  սիրիացի վարձկաններին։ Այսպիսով, պարզ դարձավ, որ հայկական կողմը ադրբեջանա-թուրքական զորքերից բացի, ստիպված է նաև դիմակայել արտերկրյա վարձկաններին։ Ի հեճուկս Արցախի վրա հարձակված Ադրբեջանի, Թուրքիայի և արտերկրյա ահաբեկչական  խմբերի ցնորամիտ երազանքների, հայկական «Հաղթելու ենք» հաշթեգը տարածվեց աշխարհով մեկ, որին առաջադեմ մարդկությունը արձագանքեց #stopAliev հաշթեգով։ Հայաստանը դիմեց Մարդու իրավունքների միջազգային դատարան՝ ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության գնդակոծումը դադարեցնելու ակնկալիքով։ Աշխարհի տարբեր երկրներից, ամենատարբեր մակարդակներով Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ավարտելու կոչեր հնչեցին։ Սակայն այդ թոհուբոհում իշխող էր «հակամարտության երկու կողմերին» ուղղված` «կրակը դադարեցնելու» բալանսավորված հորդորը, ինչը միանգամայն կանխատեսելի էր։ Մենք վաղուց գիտենք, որ սեփական հայրենիքը աննվաճ պահելու դարավոր պատերազմի այս փուլում ևս պայքարի ամբողջ ծանրությունը մենք պիտի կրենք` պաշտպանելով մեր հողն ու ժողովրդին անհայրենիք ու ավարառու ադրբեջանա-թուրքական ոհմակից։ Մեր պատմությունը քանիցս ապացուցել է, որ հզորների օգնությամբ սեփական խնդիրները լուծելու մեր բոլոր հույսերը ավարտվել են պարտությամբ ու կորուստներով։ Մեզ ոչ ոք հզոր ու պաշտպանված հայրենիք չի նվիրելու և պարտավոր էլ չի։ Սեփական կենսատարածքը պաշտպանելու անընդունակ ազգերը հեռացել և հեռանում են աշխարհի քարտեզից։ Աշխարհն ապրում է իր օրենքներով, որը, անկախ մեր կամքից ու ցանկությունից,  գոյության իրավունք է տալիս միայն ուժեղներին։ Հուշելով, որ մեր համահավաք ուժի վերջին կաթիլը պիտի լինի հայրենիքի վտանգված սահմանին։ Որ բացվել է մեր  Հերոսամատյանը՝ փառավորելու հայ ժողովրդի անունը նոր դյուցազնապատումներով ու նոր Հաղթանակով…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #39 (1359) 30.09.2020 - 6.10.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/10/2020