Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆԱՑ-ՄԱՀՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ



ԿԵՆԱՑ-ՄԱՀՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ…Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ շրջանային զինկոմիսարիատի մոտ, դեռ շատերն են սպասում ու պատրաստ են առաջնագիծ հասնելու: Դժգոհում են կամավորականները, որ շուտ չեն մեկնում: Նույն կամավորականներն արդեն մի քանի անգամ եղել են սահմանում, պաշտպանել երկրի անվտանգությունը, եղել ժամկետային զինվորի աջակիցն ու ոգևորողը: Արցախի նախագահի կողմից երկրում հայտարարվել է ռազմական դրություն ու զորահավաք: Ճիշտ է՝ կա տարիքային սահմանափակում, սակայն ամբողջ հանրապետությունում կամավորականների հոսքը զինկոմիսարիատներ ու Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) կենտրոնական ու շրջանային միավորումներ մեծ է:

Տխուր ու մտահոգիչ է՝ առավոտյան արթնանում ես քնից ու լսում ամենավատ լուրը՝ պատերազմ է, թշնամին հարձակման է անցել Հայոց սահմանի ամբողջ երկայնքով, ռմբակոծել բնակավայրերը, բնակչության մեջ կան զոհեր ու վիրավորներ, ավերված բնակարաններ: Սակայն սա առաջին անգամ չէ, և արցախցին արդեն պատրաստ է նման լուրի: Պատրաստ է, քանզի ունի թշնամի հարևան, որն ամեն գնով փորձում է նորից տիրել Հայոց երկրին:

Կեսգիշերին այցելում եմ քաղաքի ապաստարաններից մեկը, որտեղ բերձորցի երեխաներ ու կանայք են: Օրվա ընթացքում մի քանի անգամ հնչեց օդային տագնապի շչակը: Բերձորի երկնքում խոցվեցին թշնամու անօդաչու թռչող սարքերը: Ապաստարանում ստեղծված են պայմաններ, իսկ նույն երեխաների հայրերն ու պապերը առաջնագիծ են գնում: Հերթական անգամ թշնամին փորձ է անում վերստին տիրանալու ազատագրված Հայոց Արցախին: Բայց հերթական անգամ հետ է շպրտվելու՝ մարտադաշտում թողնելով բազում դիակներ ու զրահատեխնիկա: Ցավ է, մեծ ցավ. թշնամուն հակահարված տալիս ունենք զոհեր: Իմացյալ մահով ընկան մեր հայրենիքի տարբեր տարածքների զավակները, ընկան հանուն Արցախի, որը Մայր հայրենիքի արևելյան դարպասն է…

…Բերձորի զինկոմիսարիատի մոտից պատրաստ են մեկնելու հերթական խմբի տղերքը: Շրջանային զինկոմիսարիատում շարունակվում է պահեստազորի ներկայացուցիչների և կամավորների զորահավաքը…

 

  ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #39 (1359) 30.09.2020 - 6.10.2020, Բանակ և հասարակություն


01/10/2020